Կարևոր օր է այսօր, քանի որ տարիների ստրկությունից հետո կարողացել ենք պետականություն ունենալ, և այդ պետականությունն ունեցանք, քանի որ ազգային ազատագրական պայքար ունեցանք. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նշենք, որ այսօր հարյուրավոր դաշնակցականներ այցելեցին Սարդարապատ՝ ավտոերթով, քայլերթով: Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ հատուկ այս օրվա առիթով բավական մեծ թվով դաշնակցականներ են եկել Հայաստան:
«Այս օրն իսկապես ժողովրդական օր է, և մենք ժողովրդի հետ պետք է տոնենք այս տոնը, պաշտոնականությունը մեզ անհրաժեշտ չէ: Ազգային ազատագրական պայքարի արդյունքում անկախ քաղաքական ղեկավարություն ենք ունեցել, և այս ամենի ձևավորման ակունքում ամենավատ, ողբերգական պայմանների մեջ կարողացել ենք ավերակների միջից ստեղծել անկախ պետականություն: Սա մեծ խորհուրդ ունի, այո, մենք նույնիսկ ամենադժվար պայմաններից կարող ենք դուրս գալ, եթե ինքնուրույն, անկախ պետականություն ունենանք: Ես հավատում եմ, որ այդ խորհուրդն իր դերակատարումն ունեցել է, իր հետևորդներին ստեղծել է, և մենք այսօր ժողովրդի մեջ ունենք այն կամքը, ուժը, որ, անկախ ցանկացած դասավորումից, մեր ժողովրդին վաղն առաջնորդելու են դեպի լուսավոր ապագա», -ասաց Մարգարյանը: (more…)