ՀՅԴ կազմակերպությունը՝ ի պաշտպանություն Հրանտ Մարգարյանի
Posted on May 20, 2019, by admin, under Լուրեր.
Ամիսներ շարունակ Դաշնակցությունն ահազանգում էր, որ երկրում սերմանվող ու խրախուսվող քաղաքական անհանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է պառակտումների ու ատելության։ Ցավոք, դա այլևս իրողություն է։ Ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ լարելու, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների», յուրայինների ու թշնամիների բաժանելու իշխանությունների քաղաքականությունն արդեն գործնական դրսեւորումներ է ստանում։
ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատության հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։
Անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն։
Ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականքը գլուխ է բարձրացրել եւ փորձում է իր կամքն ու ստոր արժեքները պարտադրել։ Ամիսներ շարունակ լրատվամիջոցներով ու հանրային հարթակներում Դաշնակցության առանձին գործիչների ու կուսակցության դեմ իրականացվել է կազմակերպված, ուղղորդված ու հովանավորվող հակաքարոզչություն, սերմանվել է թշնամանք ու ատելություն։
Հրանտ Մարգարյանին ու Դաշնակցությանն ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը մենք գնահատում ենք որպես հստակ ուղղորդված գործողություն և ստոր քայլ Դաշնակցության համահայկական ողջ ընտանիքի դեմ։ Հանուն հասարակական համերաշխության շատ դեպքերում ենք լռել։ Թերևս մեր լռությունն ու համարժեք քայլերով չպատասխանելը ոմանց մոտ ստեղծել է անպատիժ մնալու թյուր մտայնություն։ Այլևս չենք հանդուրժելու, քանզի հայ մարդուն ոչ վայել վարքագծով ագրեսիվ փողոցային խուժանը հասարակություն չէ։
Պահանջում ենք երկրի իշխանություններից և իրավապահ մարմիններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին, օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին և ընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին։
ՀՅԴ Բյուրո
19 Մայիս, 2019 թ.
Սա ուղղորդվող վիրավորանք է Դաշնակցության ողջ ընտանիքին
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության և կալանքից ազատման հետ կապված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ցուցաբերել հասարակական համերաշխություն և միասնականություն: Ժամեր անց Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում հարձակում են գործել՝ որդու և թոռների հետ զբոսնող ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա: Դեպքի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՅԴ Բյուրոյի տարիների ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտում անուրանալի ներդրում ունեցած Հրանտ Մարգարյանն ու իր մանկահասակ թոռներն այսօր Ազատության հրապարակում հարձակման են ենթարկվել խուռներամ ու կույր ամբոխի կողմից։
Ատելության, անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։
Հրանտ Մարգարյանին ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը ուղղորդվող վիրավորանք է Դաշնակցության ողջ ընտանիքին։ Մենք սա չենք հանդուրժում և հայտարարում ենք, որ փողոցային խուժանն ու փողոցային արդարադատությունը խաթարում են մեր պետականության հիմքերն ու երկրի սահմանադրական կարգը։
Վարչապետ Փաշինյանը պարտավոր է երաշխավորել և ապահովել յուրաքանչյուր հայի և ողջ հասարակության անվտանգությունն ու անդորրը։
Հորդորում ենք իշխանություններին և իրավապահ մարմիններին ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին։
Հանուն հասարակական համերաշխության մենք շատ բան ենք հանդուրժել, բայց սա չենք կարող» …
18 ՄԱՅԻՍ 2019
ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի հայտարարությունը
Հայ Յեղափոխական Դաշնակցության Ռուսաստանի կառույցը խստորեն դատապարտում է այսօր Ազատության հրապարակում ցույցի մասնակցող մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանությունն ու ավազակաբարո վերաբերմունքը հայոց պետականաշինության մեջ անուրանալի ավանդ ունեցող, ազգային պետական գործիչ Հրանտ Մարգարյանի և նրա ուղեկիցների հանդեպ: Մանկահասակ թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանը հարձակման է ենթարկվել ատելությունից իր դեմքը կորցրած և հրոսակախմբի վերածված ամբոխի կողմից, որի համար խորթ և ատելի են ազգային արժեքներն ու բարոյականությունը:
Պահանջում ենք օրվա իշխանություններից սանձել բռնության և ատելության ցանկացած դրսևորում, տեղի ունեցած իրադարձություններին տալ իրավական գնահատական և խստագույնս պատժել ոչ միայն հրոսակախմբի անդամներին, այլև կազմակերպիչներին և սադրիչներին:
Պահանջում ենք նաև բացահայտել և վերացնել ներազգային թշնամանք և անհանդուրժողություն քարոզող և տարածող բոլոր օջախները՝ քանի դեռ ժողովուրդը ինքը չի ձեռնարկել այդ գործընթացը:
Բոլոր պատասխանատուները պետք է գիտակցեն՝ որ իրավիճակի նման զարգացումները կարող են տանել քաղաքացիական բախումների և ունենալ կործանիչ հետևանքներ: Եթե պատասխանատուները չպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, ապա հետագա սրացումների ողջ պատասխանատվությունը կընկնի գործող իշխանության և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:
Կոչ ենք անում ժողովրդին չտրվել սադրանքների, համախմբվելմեկ ազգ, մեկ հայրենիք գաղափարի շուրջ, մերժել ներազգային պառակտման տանող ցանկացած քայլ, սանձել Արցախի և Հայաստանի միջև թշնամության սերմանման ցանկացած փորձ:
Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը կդրսևորի անհրաժեշտ խոհեմություն և կմերժի ցանկացած ապազգային դրսևորում՝ ինչ դիմակի տակ էլ այն ներկայացվի:
ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու Մարմին
19 ՄԱՅԻՍ 2019
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի
18 ՄԱՅԻՍ 2019
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէն, Գանատայի ողջ կառոյցի անունով՝ խստի՛ւ կը դատապարտէ 18 Մայիսին, Ազատութեան հրապարակին վրայ տեղի ունեցած ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ եղած անարգ յարձակումը: Իր երկու մատղաշ թոռներուն ներկայութեամբ նմանօրինակ մոլեգին խժդժութիւնը, Դաշնակցական վաստակաւոր ղեկավարի ու Արցախեան ազատամարտի բոլորանուէր գործիչի հասցէին հնչած ատելութեան արտայայտութիւններն ու հակադաշնակցական լուտանքները՝ կը համարենք անընդունելի՛։ Անոնք ամէ՛ն մէկ Դաշնակցականի դէմ ուղղուած ոտնձգութիւն են:
Վերջին շրջանին, հանրապետութեան մէջ օրէ օր յաւելեալ թափ հաւաքող լարուածութեան ու անհանդուրժողականութեան մթնոլորտի ուղղակի արդիւնքն է այս պառակտիչ գրգռութիւնը: Սիրոյ եւ համերաշխութեան լոզունգային քողին տակ կարելի չէ’ պարտկել ալ բաժանարար գիծեր քաշելու այս վտանգաւոր միտումները:
Առ այդ, կոչ կ’ուղղենք իրաւապահ մարմիններուն՝ անմիջապէս հետաքննութեան ձեռնարկեն ու յայտնաբերեն այս արարքի ետին կանգնող անձիքը ու օրինական պատասխանատուութեան ենթարկեն։
Կոչ կ՚ուղղենք նաեւ հայրենի իշխանութիւններուն ու մանաւանդ՝ վարչապետ Փաշինեանին՝ յստակ քայլեր ձեռնարկելու այս կուտակուած լարուածութիւնը լիցքաթափելու, յանուն երկրի ու ազգի միասնութեան։ Դէպքերու այս բացասական ընթացքը ամէն գնով ու արմատապէ՛ս պէտք է սանձուի ՀՀ ղեկավարութեան կողմէ, այլապէս անոր պայթիւնավտանգ հետեւանքները պիտի իյնան իրենց ուսերուն։
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէ
19 ՄԱՅԻՍ 2019
Յայտարարութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն, Լիբանանի ամբողջ կառոյցին եւ համակիր զանգուածին անունով խստօրէն կը դատապարտէ Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոյի տասնըինը տարիներու նախկին ներկայացուցիչ, Արցախեան ազատագրական պայքարին մէջ իր անուրանալի ներդրումը բերած Հրանդ Մարգարեանի դէմ 18 մայիսին, Ազատութեան հրապարակին վրայ տեղի ունեցած յարձակումը։
Դաշնակցական նուիրեալ գործիչ ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ ուղղուած հակադաշնակցական լուտանքները, սոսկ անհատին դէմ ուղղուած չեն այլ՝ համահայկական մեր ամբողջ կազմակերպութեան եւ իբրեւ այդպիսին ատելութեան վատ դրսեւորում են՝ ուղղուած իւրաքանչիւր անհատ դաշնակցականի դէմ։ Վերջին շրջանին Հայաստանի Հանրապետութեան մէջ յամեցող անհանդուրժողականութեան եւ այլամերժութեան դատապարտելի մթնոլորտին հերթական արտայայտութիւնն է Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ դաշնակցական քաղաքական գործիչին դէմ կատարուած յարձակումը։
Արդ, արդարօրէն կը պահանջենք Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Պրն. Նիկոլ Փաշինեանէն եւ իրաւապահ մարմիններէն, որ ի խնդիր ազգային միասնակամութեան եւ համերաշխութեան, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան պահպանման, անյապաղ դատապարտեն արարքը, պատասխանատուութեան կանչեն յանցագործները եւ օրինական խստագոյն վերաբերումը ցուցաբերեն անոնց նկատմամբ։
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Պրն. Նիկոլ Փաշինեան, իր զբաղեցուցած պաշտօնին բերումով, հարկ է որ երաշխաւորէ հայրենիքի եւ իր ժողովուրդին կայունութիւնը,անդորութիւնը, անվտանգութիւնը եւ իւրաքանչիւր քաղաքացիի արժանապատուութիւնը։ Վերջապէս, կ՛ակնկալենք որ վարչապետ Նիկոլ Փաշինեան, որ տակաւին քանի մը օր առաջ հրապարակային ելոյթով յարգանք կ՛արտայայտէր Հ.Յ. Դաշնակցութեան նկամամբ, դատապարտէ պատահարը եւ գործնական թարգմանութիւն տայ իր վաւերական յայտարարութեան։
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ
19 ՄԱՅԻՍ 2019
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւելեան Միացեալ ՆահանգներուԿեդրոնական Կոմիտէի
Մայիս 18, 2019-ին, ՀՅԴ Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ եւ Արցախեան ազատամարտին մէջ իր պատկառելի ներդրումը ունեցած ընկ. Հրանդ Մարգարեան, իր մանկահասակ թոռնիկներուն հետ Երեւանի Ազատութեան հրապարակին մէջ զբօսնելու ժամանկ, յարձակման ենթարկուած է մարդկային ու ազգային նկարագիրէ զուրկ ամբոխի մը ։
Յարձակումը եւ անոր ընթացքին Դաշնակցութեան հասցէին հնչած անպատկառ ու անբարոյ արտայայտութիւններն ու սպառնալիքները կը վկայեն անոնց հեղինակներու ստորութեան մասին, եւ կ’արդարացնեն ամիսներ շարունակ հնչած այն նախազգուշացումները, որ կ’ահազանգէին մեր հայրենիքէն ներս սերմանուող ու քաջալերուող ատելութեան ու թշնամանքի հետեւանքներուն մասին:
ՀՅԴ Արեւելեան Միացեալ Նահանգներու Կեդրոնական Կոմիտէն վերոյիշեալ յարձակումը կը նկատէ երկրէն ներս ատլեութիւն ու թշնամութիւն սնուցանող ընդհանուր քաղաքակնութեան մը հետեւանք եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ողջ ընտանիքին դէմ շղթայազերծուած ու ակնյայտօրէն ուղղորդուած արարք:
Յանուն Հայաստանի ներքին համերաշխութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը շատ յաճախ համբերութեամբ արժանի պատասխանը չէ տուած իր հասցէին կատարուած անբարոյ ու ստոր արտայայտութիւններուն: Սակայն, թշնամութիւն ու ատելութիւն սերմանող իշխանական համատարած մթնոլորտը, այդ մթնոլորտէն խրախուսուած փողոցային խուժանը լեցուցած են Հ.Յ. Դաշնակցութեան համբերութեան բաժակը:
Իշխանութիւններէն կը պահանջենք անյապաղ գնահատական տալ կատարուածին և օրէնքի ողջ խստութեամբ պատժել մեղաւորներուն, եւ վերջ տալ ատելութիւնն ու պառակտումը խրախուսող ոճին:
Մայիս 18, 2019
ՀՅԴ Արեւելեան Միացեալ Նահանգներու
Կեդրոնական Կոմիտէ
Հաղորդագրութիւն ՀՅԴ Ֆրանսայի եւ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի
Այն ինչ տեղի ունեցաւ երէկ` Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ, ոչ թէ հանդուրժողականութիւն է, զոր ամէն քայլափոխի բռնազբօսիկ ձեւով կը քարոզուի տարիէ մը ի վեր Հայաստանի մէջ, այլ` պարզապէս խուժանութիւն է եւ ատելութեան յստակ դրսեւորում:
ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած փողոցային արարքը ոչ միայն կը դատապարտենք խստիւ, այլեւ կը պահանջենք իշխանութենէն` միջադէպին անմիջապէս տալ իրաւական գնահատական, եւ իբրեւ թէ պատահական թուացող արարքին ետին կանգնող կազմակերպիչները բացայայտել ու պատժել ըստ օրինի: Այլապէս, հետագայ որեւէ զարգացումի ամբողջ պատասխանատուութիւնը կը կրէ գործող իշխանութիւնը:
Ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ ուղղուած այս արարքը ուղղուած է Դաշնակցութեան աշխարհասփիւռ բովանդակ ընտանիքին դէմ: Վերջին ամիսներուն ու մինչ օրս, յանուն ազգային միասնականութեան` անտեսած ենք մեզի դէմ տարուող կազմակերպուած քարոզչական անբարոյ արշաւը, ինչպէս նաեւ` փողոցային աժան նկրտումները, սակայն արդէն անցած է ամէն չափ ու սահման, առ այդ այսուհետեւ պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ:
ՀՅԴ Ֆրանսայի եւ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ
19 ՄԱՅԻՍ 2019
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրաքի Կոմիտէի
Հ.Յ.Դ. Իրաքի Առանձնակի Կոմիտէի, ընկերներու և համակիրներու անունով կը դատապարտենք ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած յարձակումը ամսոյս 18-ին, Ազատութեան հրապարակին մէջ, ցոյցի մասնակցող խումբ մը անձերու կողմէ, երբ ան կ’զբօսեր իր թոռերուն հետ միասին:
Արցախեան ինքնապաշտպանութեան կարեւոր կազմակերպողներէն և յաղթանակը կերտողներէն մէկու դէմ նման արարք՝ ոչ միայն անընդունելի այլեւ ստոր է և անշուշտ դատապարտելի:
Նման դէպք ու հոն հնչեցուած վիրաւորանքները ընկերին և կուսակցութեան նկատմամբ իսկապէս մտահոգիչ են, չեն կարող ըլլալ պատահականօրէն, այդ արդիւնքն է մէկ տարուայ ատելութեան, «սեւերու» և «սպիտակներու», «յեղափոխականներու» և «հակայեղափոխականներու» ազգավնաս քարոզչութեան:
Կը պահանջենք ՀՀ իշխանութիւններէն՝ օրենքի ուժով անմիջապէս դատապարտել կատարուածը, խիստ պատժել հանցագործները և վերջ տալ այս ատելութեան հոսանքին:
Հ.Յ.Դ. Իրաքի Կոմիտէի
19 Մայիս 2019
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի
Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէն, Յունաստանի ամբողջ Դաշնակցական կառոյցի եւ իրեն համակիր զանգուածներու անունով՝ խստօրէն կը դատապարտէ Հ.Յ.Դ. Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ, Արցախեան ազատամարտի կազմակերպիչներէն Հրանդ Մարգարեանի դէմ յարձակման փորձն ու շանթաժը, իր ընտանիքի անդամներու եւ փոքրիկ թոռներուն հետ պտոյտի ընթացքին։ Դաշնակցական գործիչի մը դէմ ուղղուած մարմնային թէ լոզունգային յարձակումն ու հայհոյանքները եւ ահարկութեան մթնոլորտի սադրիչ ստեղծումը, անընդունելի կը համարենք եւ կտրուկ կը մերժենք։
Կը հաւատանք, թէ դէպքի դատապարտումը եւ մեղաւորներու բացայայտումն ու արարքի ետին կանգնած անձերու օրինական պատասխանատուութեան պարտադրումը՝ ժողովրդավարական երկրի եւ ժողովրդավար իւրաքանչիւր քաղաքացիի պարտքն է։ Այդ պատճառով է, որ անհասկնալի կը գտնենք, պետական պաշտօնական դատապարտման բացակայութիւնը, մինչեւ այս պահուն։
Խոր մտահոգութեամբ կ’արձանագրենք, մեր երկրէն ներս ատելութեան ու թշնամութեան սնուցանիչ ընդհանուր քաղաքականութեան մը հետեւանքը, որ «համացանցային խուլիկանութենէն» անցնելով, փողոց կ’իջնէ, յարձակողական կոչերով ու ատելութեան խօսքերով, բաժանարար մթնոլորտ պարտադրելով մեր ժողովուրդին։
Կ’ուզենք հաւատալ, թէ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ պրն. Նիկոլ Փաշինեան, լրջօրէն գիտակցելով հայրենիքի եւ ժողովուրդի միասնականութեան ամրապնդման կարեւորութեան, անյապաղ պիտի նախաձեռնէ լարուած մթնոլորտը լիցքաթափելու յստակ քայլերու, պատահարը դատապարտելով եւ օրինական պատասխանատուութիւնը պարտադրելով, մեր երկրի ներքին անդորրն ու համերաշխութիւնը երաշխաւորելով։
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Յունաստանի Կեդրոնական Կոմիտէ
Աթէնք, 19 Մայիս 2019
Յայտարարութիւն ՀՅԴ Շուէտի Կոմիտէի
ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած խուժանավայել արարքը կը դատապարտենք ըստ էութեան եւ Հայաստանի իշխանութիւններէն կը պահանջենք բացայայտել ու պատժել ենթակաները, որոնց վարքն ու բարքը ծանօթ է արդէն բոլորիս` ատենէ մը ի վեր …
Հակառակ պարագային` պատասխանատուութիւնը բնականաբար կ‘իյնայ ներկայ կառավարութեան ու վարչապետին ուսերուն:
Ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ ուղղուած այս ցածոգի աքթը ուղղուած է իւրաքանչիւր դաշնակցականի դէմ, աշխարհի չորս ծագերուն:
Ներքին միասնութեան սիրոյն աչք փակած ենք յաճախ մեզի դէմ տարուող արշաւին, որուն ետին կը կանգնին միեւնոյն մանկլաւիկները, որոնց «թաքուն» հովանաւորը ծանօթ է մեզի` երբեմնի իր կեղտոտ ու ապազգային գործելաոճով …
Հետեւաբար, կա՛մ կը դադրեցուի այս հոլովոյթը, կա՛մ խնդրոյ առարկայ իւրաքանչիւր կողմ կը կրէ իր պատասխանատուութիւնը:
ՀՅԴ Շուէտի Կոմիտէ
19 ՄԱՅԻՍ 2019
Յայտարարութիւն ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի
Մայիսի 18-ին Երեւանի Ազատութեան հրապարակում, իր թոռների հետ զբօսնող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի դէմ յարձակումը ոչ այլ ինչ էր, քան ամիսներ շարունակ Հայաստանում ծրագրաւորւած բնոյթ կրող քաղաքական անհանդուրժողականութեան, ատելութեան մթնոլորտի, հասարակութեանը թշնամի ճամբարների բաժանելու, քաղաքական գործընթացները փողոց տեղափոխելու արգասիքը:
Առողջ բանականութեան սահմաններում ոչ մի կերպ չտեղաւորւող այս արարքն ուղղւած էր ոչ միայն Արցախեան ազտամարտում իր հսկայական աւանդն ունեցած Հրանտ Մարգարեանի, այլեւ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքի դէմ:
Վտանգաւորութեան բարձր մակարդակի կարմիր գիծը վաղուց հատած, քաղաքական անհանդուրժողականութեան, կոյր ատելութեան ու թշնամանքի խեղւած այս մթնոլորտի ձեւաւորման գործում անմիջական պատասխանատւութիւնը կրում են ՀՀ գործող իշխանութիւնները:
Կոչ ենք անում նոյն այդ իշխանութիւններին օր առաջ գնհատական տալ կատարւածին, օրէնքի ողջ խստութեամբ պատժել դրա հեղիակներին, քայլեր ձեռնարկել ցանկացած անձի եւ կուսակցութեան նկատմամբ, ապագայում նման անընդունելի արարքները բացառելու, ազգային միասնականութիւնը պահպանելու, ներհասարակական հանդուրժողականութիւնը, բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտը վերականգնելու համար:
Դա անհրաժեշտ է ներքին ու արտաքին մարտահրաւէրները դիմակայելու, համազգային անվտանգութեան խնդիրները լուծելու համար: Այլապէս առկայ մթնոլորտի եւ գործելաոճի հետեւանքները կարող են անդառնալի լինել բոլորի համար:
ՀՅԴ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
19.05.2019 թ.
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Քուէյթի
Հ.Յ.Դ. Քուէյթի ողջ ընտանիքը կը դատապարտէ 18 Մայիս 2019-ին Ազատութեան Հրապարակին մէջ Հ.Յ.Դ. բազմամեայ ներկայացուցիչ, Արցախեան ազատագրական պայգարի կազմակերպիչներէն՝ ընկ. Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած սադրանքը:
Այս անընդունելի արարքը ուղղուած չէ միայն ընկ. Հրանդ Մարգարեանի դէմ, այլ հակադաշնակցական մօտեցում է:
Դաշնակցութեան պատմութեան սխրգործութիւններուն եւ բիւրաւոր նահատակներուն նկատմամբ անընդունելի երեւոյթ է սա:
Կը հաստատենք, որ վերջին շրջանին խրախուսուող անհանդուրժողականութիւնն ու ատելութիւնը, ազգը շերտերու բաժնելու փորձը հասցուցին այս անընդունելի արդիւնքին, որմէ կրնան օգտուիլ միայն հայ ազգի թշնամիները:
Ուստի կոչ կ՚ուղղենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններուն, անմիջապէս ձեռնարկել անհրաժեշտ քայլերու կասեցնելու համար դէպքերու վատ ընթացքը, երաշխաւորելով բոլոր քաղաքացիներուն վարկն ու անվտանգութիւնը:
Պատահած դէպքը երբէք չի արտացոլացնէր սիրոյ եւ հանդուրժողականութեան լոզունքները որոնցմով առաջնորդուեցաւ հայ ժողովուրդը, ժողովրդային շարժումի օրին, մօտ մէկ տարի առաջ:
Հ.Յ.Դ.ն էր, է եւ պիտի շարունակէ մնալ հաւատարիմ ազգին եւ հայրենիքին ծառայելու սուրբ գործին:
Հ.Յ.Դ. Քուէյթ
19 ՄԱՅԻՍ 2019
Յայտարաութիւն Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախմբի
Հայաստանում ժողովրդական արդար պահանջատիրութեան ալիքի վրայ, «սիրոյ եւ համերաշխութեան» նշանաբանով իշխանութեան անցած քաղաքական ուժի եւ նրա հետեւորդների կողմից հայրենի երկրում սերմանւող ու խրախուսւող քաղաքական անհանդուրժողականութիւնը, արդէն խիստ մտահոգիչ հետեւանքներ է ունեցել:
Այս կործանարար վարքագծին են միացել Հայաստանի վերանկախումից անմիջապէս յետոյ հայրենի մեր ժողովրդին անդունդի եզրին հասցրած, քաղաքականապէս սնանկացած ու մերժւած, բայց եւ վերջին ամիսներին կրկին գլուխ բարձրացրած, ապազգային մօտեցումներով պետական համակարգը եւ հայկական քաղաքական դաշտը թունաւորող ուժեր եւ պարագլուխներ, որոնք ձգտում են ժողովրդի մէջ խորացնել պառակտումն ու ատելութիւնը:
Պառակտում, որն սկսել է ոչ մի սահման չճանաչել, իրար դէմ հանել «ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ «ԱրցախՑԻՆԵՐԻՆ», «ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ հայրենադարձներին,«ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ սփիւռքահայերին, «իւրայիններին» եւ «թշնամիներին»: Ատելութիւն, որ ամբոխի է վերածել ժողովրդին, կուրացրել ու թունաւորել է մարդկանց:
Մայիսի 18-ին մի խումբ մոլագարների կողմից այսպիսի կոյր ատելութեան թիրախ է դարձել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Դէպի Երկիր» կոչը սեփական գործով կեանքի վերածաց, Արցախեան ազատամարտի առաջին իսկ օրերից ընտանեօք հայրենադարձւած եւ այդ պայքարում խոշոր ներդրում եւ մասնակցութիւն ունեցած, ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, որը Երեւանի Ազատութեան հրապարակում զբօսնելիս է եղել իր մանկահասակ թոռների հետ:
Նոր Ջուղայի հարազատ զաւակ Հրանտ Մարգարեանին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, Դաշնակցութեան անցած ուղին եւ ազգանւէր գործունէութիւնը նւաստացնող եւ խեղաթիւրող յերիւրանքներն ու սպառնալիքները նախապէս ծրագրւած, թելադրւած եւ հրահրւած քայլեր են Դաշնակցութեան հայրենի թէ սփիւռքեան ամբողջ ընտանիքի դէմ: Դրանք հետեւանք են վերջին ամիսներին ե°ւ պաշտօնական լրատւամիջոցներով, ե°ւ տարբեր հարթակներում ՀՅԴ-ի դէմ ուղղակի կամ քողարկւած քարոզչական սեւ արշաւի, որը թիրախաւորել է Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը, ազգային գաղափարախօսութիւնը եւ նպատակները` իբր ՙնոր եւ առաջադիմական՚ քաղաքական մշակոյթ, հասարակութիւն եւ երկիր կերտելու համար:
Համոզւած ենք, որ փողոցային որակներով եւ անպատժելիութեամբ արբեցած խուժանն ընդունակ չէ` ոչ երկիր կառուցել, ոչ երկիր շենացնել, ոչ ժողովրդավարութիւն եւ արդարութիւն հաստատել եւ ոչ, առաւել եւս, երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց:
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից, յատկապէս վարչապետ Նիկոլ Փաշինեանից եւ իրաւապահ մարմիններից` կանխել վերը նշւած ազգավնաս եւ սադրիչ գործողութիւնները եւ գործելաոճը, համապատասխան քաղաքական եւ իրաւական գնահատական տալ կատարւածին եւ պատասխանատւութեան ենթարկել օրինազանցներին:
Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախումբ
19 Մայիս 2019 թ․
Յայտարարութիւն ՀՅ Դաշնակցութեան Կիպրոսի Կոմիտէի
ՀՅ Դաշնակցութեան Կիպրոսի Կոմիտէն խիստ կերպով կը դատապարտէ Արցախի ազատամարտիկ եւ երկու տասնամեակներ Բիւրոյի ներկայացուցիչի պաշտօնը վարող ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ արարքը որ տեղի ունեցաւ Ազատութեան հրապարակի վրայ երէկ:
Այս դէպքը ցայտուն արտայայտութիւնն է տարիներու վրայ շարուակուող ու զարգացող քաղաքական մթնոլորտին, որ արդէն իսկ ապականած է Հայաստանի քաղաքական կեանքը:
Ժողովուրդի այլամերժութիւնն ու ատելութիւնը գուցէ պէտք է փնտրել իր ամէնօրեայ խնդիրներու լուծման բացակայութեան, իր սպասումներու, երազներու ու թավշեայ յեղափոխութեան խոստումներու ոչնչացման մէջ:
Այս առումով ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ յարձակումը սպասելի կրնայ նկատուիլ:
Ուժգի եկէք Հայաստանի կառավարութիւն:
Ձեզմէ պատասխան կը սպասէ համայն հայութիւնը թէ մինչեւ երբ եւ որքան պիտի շարունակուի այս թշնամական վերաբերմունքը, որու միջավայրի ստեղծման համար, պատասխանատուներուն պատմութիւնը ներելու չէ:
Դադրեցուցէք ատելութեան վրայ հիմնուած ձեր ուղին, որու մութ ճամբուն վրայ կը կորսուի մեր ժողովուրդի միասնականութիւնը:
ՀՅ Դաշնակցութեան Կիպրոսի Կոմիտէ
Կիրակի 19 Մայիս 2019
Յայտարարութիւն ՀՅԴ Եգիպտոսի
Արդէն տարի մըն է որ, կը հետեւինք հայաստանի մէջ կատարուած ժողովրդային շարժումին ու անոր ունեցած դրական և բացասական փոփոխութիւններուն, որուն նմանուող դէպքերու եւ իրադարձութիւններու ականատեսը եղած ենք մենք 2011-էն իվեր Եգիպտոսի մէջ։
Հետեւեցանք օրէ օր սերմանուող ու խրախուսուող քաղաքական անհանդուրժողականութեան, հասարակութիւնը սեւ ու սպիտակի բաժնելու քաղաքականութեան քայլերուն, Ժողովուրդի տարբեր հատուածներուն իրար դեմ լարելու, որ անխուսափելիօրէն հանգեցնելու էր պառակտումներու ու ատելութեան հոգեբանութեան զարգացման, ինչպէս մեր մորթին վրայ զգացած էինք 2011-2014 թուականներուն, և բազմիցս զգուշացուցած, որ այս ընթացքը քաղաքական եւ հասարակական կեանքը հասցնելու է դէպի անդունդ ։
Ամիսներ շարունակ, լրատուամիջոցներով Դաշնակցության առանձին գործիչներու հանդէպ եւ կուսակցության դէմ իրականացուեցաւ կազմակերպուած, ուղղորդուած ու հովանաւորուող հակաքարոզչութիւն, որը սերմանեց թշնամանք ու ատելութիւն։
Ցավոք, դա այլևս իրողութիւն դարձաւ երբ Դաշնակցական Ընկերոջ հանդէպ կատարուեցաւ հարձակում, օր ցերեկով եւ հնչեց անբարո թշնամական հայտարարություններ եւ սպառնալիքներ։ Այս հարձակումը մենք կը գնահատենք որպես հստակ ուղղորդուած գործողութիւն և ստոր քայլ Դաշնակցութեան համահայկական ողջ ընտանիքի դէմ։
Հանուն հասարակական համերաշխութեան եւ երկրի անվտանգութեան սիրոյն շատ դեպքերու լռել ենք։ Թերևս մեր լռութիւնն ու համարժեք քայլերով չպատասխանելը ոմանց մոտ ստեղծած է անպատիժ մնալու թիւր մտայնութիւն։
Կը Պահանջենք երկրի իշխանություններէն և իրավապահ մարմիններէն ամենակարճ ժամկետի մէջ գնահատական տալ կատարուածին, օրենքի ողջ խստութեամբ պատժել մեղավորները և ընդմիշտ վերջ տալ նման պառակտող գործելաոճին։
ՀՅԴ Եգիպտոս
19 Մայիս 2019
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն կը դատապարտէ ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած յարձակումը՝ ցուցարարներու կողմէ:
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն հետեւողականօրէն ջատագոված ու պաշտպանած է քաղաքացիներու ազատ խօսքի եւ հաւաքներու իրաւունքը: Այսուհանդերձ, երբ հնչող արտայայտութիւնները թշնամական բմոյթ կ՝ունենան ու կը վտանգեն քաղաքացիներու ապահովութիւնը, պէտք է դատապարտուին:
Մենք կը բաժնենք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի հրապարակած մտահոգութիւնները, որոնք կը զգուշացնեն հայկական երկու պետութիւններու միջեւ պառակտումի հաւանական վտանգի մասին, որ ծանրագույն հետեւանքներ կ՝ունենայ մեր ամբողջ ազգի համար:
Հայաստանի իշխանութիւնները պարտին տէր կանգնիլ իրենց պատասխանատուութեան, թոյլ չտան պառակտումի յառաջացումը եւ համերաշխութեան մթնոլորտ ստեղծեն երկրի մէջ, զսպելով կիրքերը եւ կանխարգիլելով հասարակութեան մէջ բախումներու հաւանականութիւնը:
ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
Յայտարարութիւն ՀՅԴ Բուլղարիայի պատասխանատու մարմնի
ՀՅԴ Բուլղարիայի համայն դաշնակցական ընտանիքը խիստ մտահոգ է Երեւանի Օպերայի հրապարակում պատահած դեպքով, ուր ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր թոռների հետ զբոսնելիս հարձակման է ենթարկվել
մոլագար ամբոխի կողմից։
Երկրի իշխանութիւնները անհապաղ պետք է ձեռնարկեն մեղաւորները կասեցնելու եւ պատժելու գործին, ապա թե ոչ՝ լռությունն ու անտարբերությունը կրնան յանգիլ ներքին վտանգաւոր անցանկալի անկայունութեան։
ՀՅԴ Բուլղարիայի ընտանիքը խստորեն դատարպարտում է իշանության ցարդ ցուցաբերած անտարբերությունը կատարվածի վերաբերյալ և պահանջում է համապատասխան գնահատական տալ։ Քաղաքական անհանդուրժողականությունը թույլ կտա հետագայում պառակտումների և ատելության մթնոլորտի յաւելեալ սրման:
Այսու յայտարարում ենք, որ այսուհետ լռելու չենք նման արարքների դիմաց:
Մայիս, 19 2019
Սոֆիա
Յայտարարութիւն ՀՅԴ Անգլիայի
ՀՅԴ Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ, Արցախեան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատութեան հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։
Անհանդուրժողականութեան ու թշնամանք տարածելու` իշխանութեան անպատասխանատու կոչերն ու ատելութեան խօսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանութիւնների կարգախօսները դարձրել է իր վարքի կանոն:
Ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած այս անվայել ամբոխավարական կերպար կրող արարքը և անւանակոչումները նաև ուղղուած է Դաշնակցութեան ամբողջ ընտանիքին: Նմանօրինակ ամբոխային վարքագիծ ունեցող պոռթկումները նաև հարուած են ժողովրդավարական սկզբունքներին, նաև մեր ազգային արժէքներին:
Ժամանակն է որ Հայաստանի իշխանութիւնները սթափւեն և զուսպ գտնւեն իրենց արտայայտութիւնների մէջ, զերծ մնալով թշնամական մթնոլորտի սերմանումից:
Պահանջում ենք անյապաղ պատասխանատւութեան կանչել այս արարքների դերակատարներին ու հորդորող անձնաւորութիւններին, եւ զանոնք պատժել օրէքի համապատասխան յօդուածով:
19 Մայիս, 2019 թ.
Լոնտոն
Յայտարարութիւն ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէի
Յարգելի՛ հայրենակիցներ,
ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէն խոր մտահոգութեամբ կը հետեւի վերջին շրջանին ու յատկապէս վերջին քանի մը օրերու ընթացքին հայրենիքէն ներս տեղի ունեցող լուրջ մտահոգիչ իրադարձութիւններուն, որոնց լոյսին տակ կու գայ յայտարարելու հետեւեալները.-
Մենք մեծ յոյս ունէինք որ Դեկտեմբերի կատարուած ընտրութիւններէն ետք, հայ ժողովուրդի մեծամասնութեան վստահութիւնը վայելող Հայաստանի ներկայ իշխանութիւնը իր առաւելագոյն ճիգը պիտի թափէր կատարելու հարկ եղածը յանուն ժողովուրդի իղձերուն եւ յանուն արդար ու պայծառ Հայաստանի, սակայն սիրով ու համերաշխութեամբ առաջնորդուելու փոխարէն, հետզհետէ զարգացող ու բեւեռներ ստեղծող ճերմակի ու սեւի աշխատելաոճը եկաւ բազմացնելու մեր մտահոգութիւնները:
Ճիշդ է որ Դաշնակցական տարիներու ղեկավար եւ Արցախեան ազատամարտին նուիրուած ընկեր Հրանդ Մարգարեանի եւ անոր ընտանիքի անդամներուն դէմ կատարուած տմարդի վերաբերմունքը կը վրդովեցնէ մեզ, սակայն անկէ աւելին, մեզի կը վրդովեցնէ հայրենիքէն ներս տիրող անհանդուրժողական մթնոլորտը որ իր գագաթնակէտին հասած է եւ կրնայ առաջնորդել անցանկալի հետեւանքներու:
Եթէ մենք՝ որպէս առողջ հասարակութիւն կը ջանանք իրապէս ժողովրդրավարացնել մեր երկիրը, առաջինը որպէս երկրի ղեկավարութիւն ընդունելու ենք թէ մեր տեսակէտներէն զատ այլ առողջ տեսակէտներ կրնան գոյութիւն ունենալ եւ պէտք է վարուիլ անոնց հետ յաւելեալ լրջութեամբ եւ յարգանքով:
Ճիշդ է որ փտածութեան դէմ պայքարը կարեւոր ու առողջ հարց է, սակայն ան պէտք չէ ըլլայ մեր միակ առաջնահերթութիւնը, որովհետեւ որպէս պատերազմի մէջ գտնուող երկիր ունինք նոյնքան էական ու հրատապ հարցեր, ինչպէս Հայաստանի անվտանգութեան ու սահմանամերձ շրջաններու պաշտպանութիւն, ժողովրդավարութեան ամրապնդում, ղեկավարման օրէնսդիր, գործադիր ու դատական մարմիններու կատարեալ տարանջատում, ժողովուրդի ընկերային հարցերու լուծումներ, եւայլն:
Առ այդ, ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէն խստօրէն կը դատապարտէ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նկատմամբ տեղի ունեցած արարքներն ու ցեխարցակումը եւ կոչ կ’ուղղէ Հայաստանի իշխանութիւններուն, որպէս գործադիր մարմին առաջքը առնեն նման մոլեգին արարքներուն, որոնք միայն կը ծառայեն մեր ազգի պառակտման եւ մեր ազգն ու հայրենիքը անորոշութեան առաջնորդելու, միաժամանակ մենք բացարձակապէս անընդունելի կը նկատենք գործադիր իշխանութեան մխրճուիլը դատական իշխանութեան աշխատանքներուն եւ կոչ կ’ուղղենք հայրենի իշխանութեան, որ որպէս երկրի կառավարող բարձրագոյն մարմին, ըլլան զգաստ եւ օրէնքը ու երկրի սահմանադրութիւնը գերադասեն ընդհանրական հարցերէն ու առաջնորդեն մեր երկիրը դէպի յաւելեալ զարգացում, բարգաւաճում եւ իսկական ժողովրդավարութիւն:
ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէ
20 ՄԱՅԻՍ 2019
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի
Հ.Յ.Դ. Հարաւային Ամերկայի Կեդրոնական Կոմիտէն, յանուն Արժանթինի, Ուրուկուայի և Պրազիլի շարքային ընկերներուն և ընկերուհիներուն և համակիր զանգուածին, այսու կու գայ խստօրէն դատապարտելու Հ.Յ.Դ. Բիւրոյի նախկին ներկայացուցիչ և Արցախեան ազատամարտի գործօն մասնակից Հրանդ Մարգարեանի դէմ յարձակման փորձը, որ տեղի ունեցաւ երբ պտոյտի ելած էր ընտանիքի անդամներուն եւ թոռներուն հետ։ Անընդունելի է Դաշնակցական գործիչի մը դէմ եղած այս փողոցային արարքը, որուն ընթացքին փորձ եղած է մարմնային յարձակումի և աղտոտ լուտանգներ տեղացած են իր անձին և Հ. Յ. Դաշնակցութեան դէմ:
Անհասկնալի կը գտնենք պատահած փողոցային արարքին պետական դատապարտման բացակայութիւնը և հրապարակային յանձնառութիւնը՝ բացառելու նման լկտիութիւն:
Եթէ նման խուլիգանութիւն, որ արդէն առկայ է ընկերային ցանցերով տարածուած հակադաշնակցական ատելութեան արշաւով, շարունակուի հետևանքը շատ վտանգաւոր պիտի ըլլայ՝ ներազգային պառակտում առաջացնելու իմաստով: Նմանատիպ մթնոլորտ անցեալին ապրած է հայութիւնը ի դէմս պոլշևիկեան հակադաշնակցական մոլուցքին և ՀՀՇական իշխանութիւններու հալածանքին:
Ներկայ իշխանութիւնները ազգային համերաշխութեան և համահայկական գործընթացի հրապարակային յանձնառութիւն վերցուցած են: Նման դէպքերու դատապարտումի բացակայութիւնը հարցականի տակ կը դնէ իրենց անկեղծութիւնը: Կը սպասենք որ նման փողոցային արարքներու կտրուկ բացառման համապատասխան քայլեր առնուին անմիջական կերպով:
20 ՄԱՅԻՍ 2019
Հաղորդակցութիւն. Սուրիա ՀՅԴ կազմակերպութիւն
Հ.Յ.Դ. Բիւրոյի վաստակաշատ անդամ եւ Արցախեան ազատամարտի ռահվիրայ՝ ընկ.Հրանդ Մարգարեանի դէմ՝ 18 Մայիս 2019 ին գործուած արարքը, ողջ հայութեան քաղաքակրթուածութեան անյարիր վերաբերմունք է, որուն համար պէտք է մտահոգուի ամէն հայ՝ հայրենիքի թէ Սփիւռքի մէջ։
Հայ հասարակութեան մէջ ատելավառ տրամադրութիւններ հրահրող մթնոլորտի շիկացման ծառայող եւ փոխադարձ անհանդուրժողականութիւն ստեղծելու ձգտող այս երեւոյթէն, հարկ է օրուայ իշխանութիւնը հեռու մնայ եւ սատարէ հայ ժողովուրդի միասնականութեան եւ հայրենիքի յառաջընթացին:
Սուրիական տագնապի տարիներուն սուրիահայութեան իր կեցուածքներով ծանօթ Դաշնակցական վաստակաշատ ազատամարտիկի դէմ կանխամտածուած այս արարքը, ոչ միայն նսեմացում է անհատին, այլ նպատակաուղղուած վիրաւորանք է կուսակցութեան համահայկական կառոյցին ու անոր տեսլականով հայրենիքին ու հայութեան ծառայելու կոչուած իւրաքանչիւր հայու:
Հայրենի իշխանութիւնը կոչուած է լրջօրէն գնահատել պահը եւ անկէ բխող հայ ժողովուրդի կեանքը ապակայունացնող կործանարար հետեւանքները եւ անյապաղօրէն օրէնքի տրամադրութեանց հիմունքներով խստագոյնս պատժել դաւադիրները:
Լիայոյս ենք, որ իշխանութիւնը կ՛ունենայ զգօնութիւնն ու հայրենասիրութիւնը շրջանցելու այս բարդացող տագնապը:
Հ.Յ.ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ – ՍՈՒՐԻԱ
19 Մայիս 2019
Հայտարարություն ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի
Սիրո և համերաշխության կարգախոսի քողի տակ հանրության զգոնությունը թուլացնող և ամբոխավարության մղումներով ազգային պետական արժեքները ոտնահարող ուժերն անցել են թույլատրելի բոլոր սահմանները:
Վերջին օրերին ականատեսը եղանք ՀՀ-ում ստեղծված արհեստածին պայթունավտանգ իրավիճակի, որը փորձ է արվում տեղափոխել Արցախի քաղաքական դաշտ: Այդ ամենը միտված են զոհողություններով և արյամբ ձեռք բերված հայկական պետական համակարգը խաթարելու և հաղթանակների գրավական՝ համազգային համերաշխությունը սասանելու:
ՀՅ Դաշնակցության դեմ վայրահաչոցներն ու ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի օրերին առանցքային դեր ունեցող մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանի և իր մանկահասակ թոռների նկատմամբ թույլ տրված տմարդի ոտնձգությունը՝ ստոր գործընթացների հետևանք են:
Դաշնակցությունն անխոնջ պահակն է ազգային արժեքների: Հայ ժողովիդի դարավոր իղձերի իրականացման ուղղությամբ համախմբման ռահվիրա կուսակցությունը ունակ է իր ավանդական մոտեցումներով ստանձնելու պատասխանատվություն, միասնություն ու հարգանք պարտադրելով բոլորին: Թող որ դա կասկածի առարկա չդառնա:
Իսկ ինչ մնում է Մայր հայրենքի իշխանություններին՝ կոչ ենք անում սթափվել եւ իրական պատասխանատվություն կրել: Անխոհեմ քայլերը վտանգում են բոլորիս անվտանգությունը: Հատվածական օրախնդիր մոտեցումերը, փորձերը, որով ցանկանում եք քողարկել անհաջողություններն ու ամբոխահաճո խոստումների ձախողումները՝ վաղ թե ուշ դատապարտված են բացահայտման: Իսկ պատմության եւ ժողովրդի առաջ պատասխանատվությունից խուսափելը՝ անհնարին է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վստահ ենք, որ ամբոխավարության վրա հիմնված պատեհապաշտների հոխորտանքներն ու չկշռադատված քայլերը՝ չեն կարող սասանել մեր միասնականությունն ու շեղել սերունդների նկատմամբ պարտավորեցնող պատասխանատվությունից:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
20.05.2019թ
Յայտարարութիւն ՀՅԴ Կեդրոնական Եւրոպայի Կոմիտէի
Վերջին օրերուն դարձեալ դժնդակ պահեր կ‘ապրի հայրենիքը եւ անոր հետ` ամբողջ հայութիւնը:
Վարչապետին ու գործող իշխանութեան անպատասխանատու եւ արկածախնդրական որոշումները, որոնք ըստ ամենայնի հակասահմանադրական են, կը հակասեն իշխանութեան հասնելու նախօրեակին շռայլուած հանդուրժողականութեան խոստումներուն:
Խստիւ դատապարտելի ու նաեւ անհասկնալի է Բիւրոյի երկարամեայ նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ փողոցային վերաբերմունքի նկատմամբ իշխանութեան յամեցող լռութիւնը:
Կոչ կ‘ուղղենք վարչապետին ու իր կառավարութեան` բացայայտելու սիւն դէպքին իրողութիւնը եւ օրէնքի ճամբով պատժելու ենթակաները: Իշխանութեան կոչ կ‘ուղղենք նաեւ համազգային միասնութիւնը հարուածող ու վտանգող կեցուածքներէն ու յայտարարութիւններէն հրաժարելու եւ ի վերջոյ պատասխանատուութեան գիտակցութիւն ցուցաբերելու:
ՀՅԴ Կեդրոնական Եւրոպայի Կոմիտէ
21.05.2019թ.