Չպետք է վտանգվի ժողովրդավարությունը
Posted on August 15, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը:
-Պարոն Մարգարյան 2008 թ. Դաշնակցությունը իշխանության մաս է կազմել. Արդյոք ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք 2008 թ մարտի 1-ին տեղի ունեցածի համար, տաս զոհերի համար
-Ես կարծում եմ, երկրում ինչ տեղի է ունենում, բոլորը պատասխանատու են, ուղղակի կամ անուղղակի, անկախ նրանից, թե որտեղ են հայտնվել: Նախ 2008 թ. Մարտի 1-ի ժամանակ մենք բավական հեռավորության վրա ենք եղել, որովհետեւ մենք նախագահական ընտրություններին մասնակցել ենք սեփական թեկնածուով եւ հենց այդ առումով, նախընտրական ամբողջ պրոցեսներին, մենք հեռու ենք եղել կանգնած, մրցակից էինք:
Երկրորդ, մենք զգում էինք, որ դեպքերը տանում է դեպի առճակատում եւ այդ ժամանակ, նախքան մարտի 1-ը, մենք մի երկու հայտարարություն ենք հրատարակել, որ մի գնացեք այս ճանապարհով, ճանապարհի վերջը լավ չի: Նույնիսկ մեր կանանց կազմակերպությունը խաղաղասիրական ցույց է կազմակերպել , աղավնիներ է թռցրել ՀՀՇ-ի եւ Հանրապետականի գրասենյակներ առջեւ: Մարտի 1-ը մեր ողբերգությունն է, բայց դրա համար բոլորն են պատասխանատու: Պատասխանատու է, թե այս կողմը եւ թե այն: Ես չեմ ընդունում, երբ նախկինները մարտի 1 էին քննարկում, միայն մի կողմին էին ձերբակալում ու հարցաքննում, իսկ հիմիկվանները միայն մյուս կողմին են ձերբակալում եւ հարցաքննում: Այս տեսակ քննություն չի լինում: Բայց մարտի 1-ը մեզ դաս է եղել: Որն է դրա ապացույցը. Մարտի 1-ին բարիկադներ սարքող մարդիկ, այդ ձեւով հեղափոխություն անել ցանկացողները, 18 թվականին ձեռքերը վեր հեղափոխություն կազմակերպեցին: Դրանով իրենք ասեցին, որ այն ժամանակ սխալ են եղել: Իշխանությունը, որ կրակում էր, այս անգամ չկրակեց, այս անգամ հանձնվեց առանց արյուն թափելու: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ մենք մարտի 1-ից, իսկապես մեր դասերն առել ենք: Սակայն մեր այսօրը, որ նոր Հայաստան է, այսօրը, որը մենք պետք է ծառայեցնենք մեր ժողովրդի բարօրությանը, երկրի դիմագծի հստակեցմանը, մենք պետք է գնանք համերաշխության ճանապարհով, պետք է գնանք միասնականության ճանապարհով: Մարտի 1-ը չպետք է մեզ խանգարի: Այսօր էլ մարտի 1-ը մեր մեջ չպետք է թշնամանք ստեղծի: Նույնիսկ եթե հարցը պետք է քննենք, հստակեցնենք, մեղավորներ գտնենք, դա պետք է անենք այնպես, որ մեր ժողովրդի մեջ նոր թշնամական մթնոլորտ չստեղծվի: Եթե մենք սիրում ենք մեր երկիրը, որովհետեւ ամեն ինչից վեր այս երկիրն է ու այս ժողովուրդը: Մենք իրավունք չունենք կողմնակի հարցերով այդ հարցին վնասել: Մենք չպետք է կողմնակի հարցերով այնպես անենք, որ այս նոր Հայաստան հասկացողությունը վտանգվի: Հարցն ինչ է: Անցյալի էջը փակված է: Վերադարձ անցյալ՝ չի լինի: Սա պետք է գիտակցենք բոլորս եւ նաեւ հաշվի նստենք այս նոր Հայաստանի հետ: Նոր Հայաստանը պետք է կառուցվի, պետք է ստեղծվի, ձեւավորվի, կազմավորվի ժողովրդավարության ամբողջական հասկացողության վրա: Նույնիսկ եթե կան հարցեր, որոնք քրեական հետապնդման կարիք ունեն, դատական քննության՝ այդ ամբողջը պետք է արվի այնպես, որ ժողովրդավարությունը չվտանգվի: Պետք է արվի այնպես, որ վստահության մթնոլորտ ստեղծվի: Ապա թե ոչ՝ մենք կրկնելու ենք նույնը, ուղղակի այն ժամանակ արվում էր այն կողմ, այսօր արվում է դեպի այս կողմ: Սա մեր երկրին օգուտ չի բերի, ոչ այսօրվա իշխանություններին կբերի, ոչ էլ մեր երկրին ու ժողովրդին:
-Պարոն Մարգարյան, Դուք ասում էիք նախկին իշխանությունը, որ կրակում էր, Դուք ի նկատի ունեք իշխանությունները կրակեցին 2008 թվականին:
-Այստեղ դատարան չի, եւ այդ տեսակի զրույցի մեջ արի չմտնենք: Ոչ դու ես դատախազ եւ ոչ ես պաշտպանվելու խնդիր ունեմ: Ես երեւույթի մասին եմ խոսում: Վերջապես երկու ոստիկան, եւ ութ քաղաքացի է սպանվել: Մեկը կրակել է, ինձ չի հետաքրքրում ով է կրակել: Ինձ հետաքրքրում է, որ գնացինք գիտակցաբար, որ այդ վիճակը ստեղծենք: Եվ չկարողացանք մեր մեջ կամք գտնել, գիտակցություն, խոհեմություն, իմաստնություն, որ չտանենիք երկիրն այդ վիճակին: Եվ դրա համար բոլորն էլ պատասխանատու են: Բայց այդ օրերին, մենք ոչ այս կողմում ենք եղել, ոչ էլ՝ այն: Մենք եղել ենք այնտեղ, որտեղից ասել ենք կանգ առեք, այս ընթացքը ճիշտ տեղ չի տանում: Այս ընթացքը տանում է առճակատման, մի գնացեք այս ճանապարհով: Բայց մեզ չլսեցին:
– Մարտի 1-ից հետո, Դաշնակցությունը մաս կազմեց իշխանությանը:
-Այո, մարտի 1-ից հետո, երբ մենք Ղարաբաղում, առաջին անգամ լինելով, կորուստ ունեցանք: Երբ երկրի վիճակը իսկապես վատ էր, անկայունություն էր եւ մենք կարող էինք նոր ձախողություններ ունենալ: Մենք երկիր համար կոալիցիա կազմեցինք: Մեզ էդ տեսակ բաներ չի կարելի վերագրել: Մեզ այսօր ասում են, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրություն եք դրել: Միթե այն ժամանակ չէինք դրել: Ինչո՞ւ եք մոռացել: Այն ժամանակ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Նիկոլ փաշինյանի խափանման միջոցը փոխելու համար դաշնակցական պատգամավորները ստորագրություն են դրել: Ինչո՞ւ է դա մոռացվում:
-Պարոն Մարգարյան, ես այս հարցը չեմ կարող չտալ. Ասում են, իշխանությունները զենքի միջոցով 2008-ին պահեցին իշխանությունը, տաս հոգի սպանվեց, ոչ ոք ցայսօր պատասխանատվություն չի կրել այդ սպանությունների համար եւ այդ ամենից հետո Դաշնակցությունը մաս է կազմում իշխանությանը: Սրան ինչ կարող եք ասել:
-Որովհետեւ մենք հարցը այդպես չենք տեսնում, ձեր մոտեցումն է կողմնակալ: Մենք տեսանք, որ քաղաքական ղեկավարությունը եղավ անխոհեմ եւ երկիրը տարավ վտանգավոր մի տեղ, որտեղ երկիրը թուլացավ, երկիրը խնդիր ունեցավ, օրինականության, կայունության: Տեսանք, որ արտաքին ճակատում , Ղարաբաղի ճակատում, ունեցանք կորուստներ, մենք երկրի համար դարձանք: Մենք չասեցինք, այս մի կողմը ճիշտ է, մյուսը՝ սխալ: Մեր կարծիքով երկու կողմն էլ սխալ էր:
-Դուք նկատի ունեք այդ ժամանակ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը երկիրը թուլացրեցին իրենց քայլերով:
-Նաեւ Լեւոն Տեր Պետրոսյանը, նաեւ ՀԱԿ-ը: Այդ փոխհարաբերության մեջ ստեղծվեց այդ վիճակը: Այսօր մենք ասում ենք զինվորական միջամտություն: Հիշո՞ւմ եք հրապարակում Մանվել, Մանվել էին գոռում: Դա ինչ է, ես հիշում եմ այդ օրը , որ երկրապահները զինված եկան կառավարության շենքի վրա: Այդ մթնոլորտն է, որ վտանգավոր էր: Այդ տղաները մեղք չունեին, այդ տղաները նույնիսկ հայրենասեր տղաներ էին, բայց այն քաղաքական վերնախավը, որը ստեղծեց երկրում այդ վիճակը, այդ ողբերգության պատճառը դարձավ:
-Այո, բայց ի վերջո մաս կազմեցիք իշխանությանը:
-Այո կազմեցիքն՝ հանուն երկրի եւ ժողովրդի:
-Պարոն Մարգարյան, կարծո՞ւմ եք արդյոք, որ նախորդ տարիներին, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք քաղաքական իշխանությունը ճնշում էր իրավահամակարգին, որ գիտեք մարտի 1-ի գործը մի բացահայտեք: Մենք տեսնում ենք, որ քաղաքական փոփոխությունից հետո, իրավապահ մարմինները լծվել են աշխատանքի, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Արդյո՞ք սա չի նշանակում, որ իրոք, նախորդ տարիներին, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, քաղաքական իշխանությունը ճնշում էր իրավապահ համակարգին, ասում էր մի բացահայտեք այդ գործը, մեզ պետք չի: Ինչ կարող եք ասել:
– Ես չգիտեմ դրա մասին, ես չգիտեմ այն առումով, որ այո, դա տրամաբանական է թվում, փաստերի առումով, ես տեղյակ չեն: Հարցիդ հարցով պատասխանեմ, արդյոք այսօրվա քաղաքական իշխանությունները ուրի՞շ ձեւով են մղում այդ հարցը բացահայտելու: Ես չեմ կարողանում հասկանալ իրավական առումով, որ եթե երկու կողմ կա խնդրի մեջ, ոնց է մի կողմով փորձ արվում հարցը բացահայտել: Նիկոլ Փաշինյանն էլ այն ժամանակ այն կողմում էր, բարիկադներ ստեղծող էր, ես չեմ ասում, որ ինքը մեղավոր է, բայց հարցը եթե քննում են, պետք է քննեն բազմակողմանի, անաչառորեն: Պետք է պրոցեսը վստահություն ներշնչի, այն մեղադրականը, որ հնչեցվեց Ռոբերտ Քոչարյանի համար, այն մեթոդով, որ տեղի ունեցավ, այն մեթոդը, որ կիրառվեց, չի տալիս այդ վստահությունը: Եվ սա է ողբերգությունը: Եւ սա է, որ վտանգավոր է, ոչ թե որ ի հաշիվ Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ մեկի: Ի հաշիվ նոր Հայաստանի, ի հաշիվ մեր երկրի: Ի վերջո մենք պետք է հավատանք, որ անաչառ դատական համակարգ ունենք: Մենք պետք է կարողանանք հավատալ, որ ժողովրդավարությունը արժեք է, որ այն պետք է հարգել, եթե նույնիսկ ի վնաս քեզ է դրսեւորումներ ունենում: Եթե այդպես չկարողանանք մտածել այս հանգրվանում, այսօր, մենք վատատեսությունն ենք վերադարձնելու մեր ժողովրդին, որը մեղք է, որովհետեւ այս ամենի մեջ հուսավորվածը ժողովուրդն է եղել եւ ժողովուրդ չպետք է հուսախաբ լինի:
-Պարոն Մարգարյան կարծո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայում քաղաքական հետապնդում է իրականացվում:
-Ես կարծում եմ, որ մեր երկրին վայել չի, որ նախագահական ինստիտուտը այդպես խայտառակվի՝ ոչ թե անցյալի հաշվին, այլ ապագայի հաշվին: Կարծում եմ դա ճիշտ չի: Ինձ չի վերաբերվում Ռոբերտ Քոչարյանը կարող է ինքն իրեն պաշտպանել: Ես ոչ մի շահ չունեմ իրեն պաշտպանելու: Ես պաշտպանում եմ սկզբունքը: Սկզբունքը, որ նախագահական ինստիտուտը մեր երկրի մեջ պետք է հարգվի: Դրա համար անգամ, եթե պետք է գին վճարենք, ուրեմն պետք է վճարենք: 1996 թվականին Լեւոն Տեր Պետրոսյանը տանկեր դուրս բերեց փողոց: Եթե անաչառ ենք, ինչո՞ւ դա չենք քննում: Ես չեմ ասում, որ քննենք, ես ասում եմ, որ պետք չի անցյալը այնպես խառնենք իրար, որ այսօրվա մեր կյանքը վտանգվի: Այսօրվա եւ վաղվա կյանքը:
-Պարոն Մարգարյան, տեսեք, տաս տարի առաջ ողբերգալի, արյունալի իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել դրա համար:
-Դեմ չեմ քննարկման, բայց քննարկումը պետք է լինի այնպես, որ վստահություն ներշնչի: Անկախ այն արդյունքից, որ հետո կհայտնվի:
-Բայց չպե՞տք է հարցաքննեն այն ժամանակվա նախագահին:
-Պետք է հարցաքննեն, պետք է քննություն էլ կատարվի, բայց պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, ոչ թե քաղաքական հալածանքի տպավորություն թողնի: Ես տպավորության մասին եմ խոսում, ես դեռ չգիտեմ քաղաքական հալածանքի մասին: Դա կասի ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը:
-Դուք չեք համարում, որ քաղաքական հալածանք է:
-Ես այդ մտահոգությունն ունեմ, հայտարարության մեջ էլ ասել եմ, որ ունեմ այդ մտահոգությունը , այդ մտահոգությունը առկա է:
-Պարոն Մարգարյան, նախորդ օրերին ականատես եղանք Ձեր` Դաշնակցության եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռակա բանավեճին: Փաշինյանը անդրադառնալով Քոչարյանի գործի հետ կապված Դաշնակցության դիրքորոշմանը, նշեց. Մենք փորձ ենք արել ազգային համաձայնություն ձեւավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից , մենք ոչ մեկին չենք բռնել եւ չենք պահում:
-Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, ինքը չի կարող մեզ բռնի եւ պահի, մենք երբ ուզենք, կգնանք: Բայց մի բան էլ կա. Ինքն է մեզ հրավիրել ազգային կառավարության մաս կազմելու, մենք չենք խցկվել, ինքն է մեզ հրավիրել, մենք ընդառաջել ենք իր հրավերին: Սա մեկ: Եվ ճիշտ էլ ասում է, մեզ ոչ մեկը պահել չի կարող, ուզենա էլ չի կարող: Մենք երբ ուզենք՝ դուրս կգանք: Հարցն ինչ է: Մենք աշխատում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ հստակ չի: Ինչու հստակ չի: Մենք ասում ենք մտահոգ ենք, որ Ռոբերտ Քոչարյանի էս ձերբակալությունը, այս ձեւով կարող է քաղաքական հետապնդման տպավորություն թողնի եւ դա այս նոր Հայաստան շարժման համար վտանգավոր է, մտահոգիչ է: Մեզ չի պատասխանում Նիկոլ Փաշինյանը: Ֆեյսբուքի վրա հազարովոր մարդ հարձակվում է մեզ վրա, հայհոյում է, չի էլ վիճում, չի ասում ինչու ենք սխալ, ինչու չպետք է ունենանք այդ մտահոգությունը, բանավեճ չի սկսում մեզ հետ, ոչ միայն այս հարցում, բոլոր հարցերում, այլ միայն հայհոյում է: Հայհոյելով պիտակավորում է, անարգում է: Տեռորի մթնոլորտ է ստեղծվում: Խոսքս դրան է վերաբերվել: Սրա հեղինակն ով է, ես չգիտեմ: Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանն այլ բան է անում, իր շրջապատը՝ մի այլ բան: Նույնը ես կասեմ ռուսական քաղաքականության վերաբերյալ: Ռուսաստանին փորձում է սիրաշահել Նիկոլ Փաշինյանը, փորձում է կարգավորի հարաբերությունները, բայց իր շրջապատը հակառուսական հիստերիա է բարձրացնում: Եվ փչանում է Նիկոլ Փաշինյանի գործը: Ես չունեմ ոչ մի խնդիր Նիկոլ Փաշինյանի հետ, ես խնդիր ունեմ այն մթնոլորտի հետ, որ ստեղծվում է իր անունով, իր շրջապատում: Եվ ինքը չի հակազդում: Ինչ է նշանակում, եթե մի բան ասեցիր, կարող են քեզ անպատիվ խոսք ասել՝ հայոյեն: Սա ինչ մթնոլորտ է: Մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել, նոր Հայաստան սա՞ է նշանակում: Այսինքն, ոչ ոք կարծիք հայտնել չի կարող, սա ինչ բան է: Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ասել, որ տեռոր ես անում: Ես ասել եմ այն երեւույթը, որ տեռորի մթնոլորտ է տիրում: Այո, կա այդ երեւույթը: Ով է դրա հեղինակը: Նա է տեռոր անողը: Ես դա չեմ կարող վերագրել Նիկոլ Փաշինյանին: Բայց նաեւ չեմ կարող չխոսել: Մենք սրտացավ ենք, եւ չենք ուզում, որ Փաշինյանը ձախողի: Այսօր ինքը այնքան մեծ հեղիանակություն ունի, որ առանց ցնցումների երկիրը կարող է տանել առաջ: Եվ այն ինչ մենք կառավարության ծրագրի մեջ գրել ենք, ինքը հայտարարել է՝ իրագործենք: Սա իրական հնարավորություն ունի իրագործվելու: Բայց այն, ինչ մենք ստեղծում ենք, այն ժխորը, որ ստեղծում ենք, այն մթնոլորտը, որ ստեղծում ենք, կարող է իր ձախողության պատճառը դառնալ: Կարող է մեր տեսակետը սխալ է, ես չեմ ասում, որ մենք աստվածային խոսք ենք ասել, բայց մեր տեսակետն է, ասում ենք, թող բանավիճեն մեզ հետ, թող ապացուցեն, որ մեր տեսակետը սխալ է, բայց ոչ թե հայհոյեն: Որովհետեւ, երբ հայհոյում են ինքնաբերաբար ստեղծվում է հակազդեցություն: Եւ սա է, որ վտանգավոր է, հենց սրանից պետք է խուսափի Նիկոլ Փաշինյանը:Եթե իրենք համերաշխ Հայաստան են ուզում ստեղծել, ոնց են ստեղծելու ՝ լռության մե՞ջ, համր մարդկանց շրջապատո՞ւմ: Ժողովրդավարության ամենաիսկական սկզբունքը ՝ ազատ խոսքն է: Իրավունք չունե՞նք տեսակետ հայտնելու: Ռոբերտ Քոչարյանը եթե վերադառնա քաղաքական դաշտ՝ առաջին հերթին մեզ է վնաս, որովհետեւ մենք նույն դաշտում ենք աշխատում: Նիկոլ Փաշինյանին վնաս չի: Մեզանից է քվե տանելու, Փաշինյանից չի տանելու: Բայց մենք նման բաներով չենք առաջնորդվում: Մենք երկրի շահով ենք առաջնորդվում: Ասել ենք ժողովրդավարություն, ուրեմն հարազատ, հավատարիմ մնանք այդ սկզբունքներին: Ասում ենք Ռուսաստանի բարեկամությունը մեզ համար կարեւոր է, հետո շրջապատվում ենք մարդկանցով, ովքեր երեկ կայք են ունեցել Ռուսաստանը հայհոյելու: Ռուսաստանը ոնց պետք է հավատա մեր խոսքին: Սա Նիկոլ Փաշինյանի խնդիրն է: Այդ խնդիրը նաեւ իմ խնդիրն է, որովհետեւ ես չեմ ուզում ինքը ձախողի: Որովհետեւ ես գիտեմ, վերադարձ անցյալ չկա: Որքան մենք հիմա կայուն լինենք եւ արագ քայլքով դեպի ժողովրդավաորություն, զարգացում, ժողովրդի հարցերի լուծում քայլեր վերցնենք , այնքան կամրապնդվի այս երկիրը: Որքան մեզ զբաղեցնենք կողմնակի հարցերով, այդքան կվտանգենք մեր ընթացքը: Եվ ժողովուրդը հավատը կկորցնի: Ժողովուրդը մի ամիս, չորս ամիս, ութ ամիս կարող է սպասել, բայց վերջում կուզենա շոշոփելի արդյունք, արդյունք, որ պետք է իր կյանքի վրա ազդի:
-Երբ ասում եք ձախողել, ի՞նչ նկատի ունեք, մանրանասնեք խնդրում եմ:
-Եթե մեր նպատակը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելն է, ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովելն է , ժողովրդավարություն ստեղծելն է, բառիս ողջ իմաստով, եթե մեզ համար կայունություն ձեռք բերելն է, որպեսզի մենք կարողանանք արտաքին ճակատում հայտնվել, հաջողություններ ունենալ կամ ձախողություններ չունենանք: Եթե սրանք ենք հաջողության բանալիները, սրանք է, որ չպետք է վտանգվեն: Ցույց տվեք ինձ՝ գնո՞ւմ ենք այդ ուղղությամբ, թե՞ չենք գնում:
-Պարոն Մարգարյան Դաշնակցությունը պատրաստվում է դուրս գալ կառավարությունից:
-Մենք չենք պատրաստվում, ոնց որ չէինք պատրաստվում, կառավարության մաս կազմել: Դիմումի հիման վրա ենք մաս կազմել, ուրիշ բան չասելու համար:
-Ո՞ւմ դիմումի:
-Նիկոլ Փաշինյանի: Այսօր էլ դեռ այնտեղ ենք, որովհետեւ հույս ունենք, որ կարող ենք իրական խոսակից լինել եւ մեր մտահոգություններն արծարծել՝ իրեն փրկելու համար, Հայաստանը փրկելու համար: Եթե ես չեմ կարողանում իր հետ հանդիպել եւ խոսել, պետք է հրապարակավ խոսեմ: Բա ի՞նչ պետք է անեմ:
-Այսինքն Դուք դիմել եք, Ձեզ մերժե՞լ են հանդիպել:
-Չեն մերժել, բայց եւ չեն ընդառաջել: Այսպիսին է այս պետական համակարգը՝ անկազմակերպվածության մարմնացում է: Ես չեմ մեռնում Փաշինյանին հանդիպելու կամ չհանդիպելու հարցում, դա ինձ ոչ մի առավելություն չի բերի: Բայց ես իբրեւ գործընկեր ձեւականորեն կառավարության մեջ մնալու հարց չունեմ: Այնտեղ պետք է մնամ, որ օգտակար լինեմ: Օգտակար լինելու հարց ունեմ, ես ցավում եմ, եթե տեսնում եմ մի բան սխալ ընթացքով է գնում, որովհետեւ չի կարելի մտածել, որ բոլորին կարելի ճզմել, բոլորին կարելի է խեղդել, չի կարելի այդպես մտածել, եթե նույնիսկ դու ունես հրապարակ, դու ունես ժողովրդի առավելություն, մեկ է՝ իրավունք չունես այդպես մտածելու:
-Հայաստանում որեւէ քաղաքական ուժի ճնշո՞ւմ են, խեղդո՞ւմ են այսօր:
– Ո՞վ է ճնշում: Ճնշում է ֆեյսբուքը, ճնշում են ցուցարարները, որ չեն թողնում մամուլի ասուլիս տեղի ունենա: Ճնշում է Գասպարին, որ գալիս է գրասենյակների առջեւ պառկում է, թուղթ է կպցնում: Սա հակազդեցություն կբերի:
-Ձեզ քննադատում են, ասում են նախորդ իշխանությունների օրոք մարդկանց այլ կերպ մտածելու, գործելու համար բանտարկում էին, բայց Դաշնակցությունը չէր արձագանքում, հիմա արձագանքում է:
-Մենք միշտ էլ արձագանքել ենք, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի, մենք միշտ մեր խոսքն ասել ենք: Թող խոսեն, ոնց որ հիմա ենք մաս կազմել, այն ժամանակ էլ ենք մաս կազմել: Մի տարբերությամբ՝ այն ժամանակ հարգվում էինք, լսվում էինք, մեր տեսակետը հայտնել ենք: Երբեք մեր տեսակետը չենք թաքցրել: Ասեմ, Սերժ Սարգսյանը ութ տարվա ժամանակաշրջան է ունեցել, մենք մեկ տարվա սկզբում ենք եղել կոալիցիայի անդամ, մեկ տարի վերջում: Վեց տարին մենք եղել ենք ընդդիմադիր: Վերջին մեկ տարում, երբ կոալիցիայի անդամ ենք եղել, ամեն երկու-երեք ամիսը մեկ, մենք բացահայտ քննարկում ենք կատարել, մեր կոալիցիոն մասնակցությունը փորձել ենք գնահատել, թերի եւ կարեւոր բացթողումների մասին բարձրաձայն խոսել ՝ գրավոր: Թե՛ հեռուստատեսությամբ ենք խոսել, թե՛ գրավոր: Այն քննադատությունը, որ մենք հնչեցրել ենք, այդ նիստերի ընթացքում, մեզ ասեք եթե ընդդիմությունը դրանից մեկ բառ ավել է ասել: Պարզապես մենք չենք հայհոյել, ուրիշները հայհոյել են:
-Քաղբանտարկայլների վերաբերյալ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի օրոք հայտարարություն արե՞լ է:
-Քաղբանտարկյալի հասկացողության տարբերությունը ձեր եւ ինձ մոտ տարբեր է: Եվ միջազգային նորմերով էլ տարբեր է: Նախ ճշտենք միջազգային նորմերը որոնք են, որն է մեր չափանիշը քաղբանտարկյալ ասելու, հետո կասենք, որն է ճիշտ, որը սխալ:
-Պարոն Մագարյան, վերջին հարցը. խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ:
-Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։
-Այդ թվում Քոչարյանի՞։
-Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ։
-Փաստորեն Դուք չեք բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը և մտադիր եք համագործակցե՞լ։
-Ինչո՞ւ պետք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ՝ բացառում եմ։
-Եղե՞լ է նման առաջարկ։
-Ո՛չ։
-Մտադի՞ր եք իրեն առաջարկել։
-Ո՛չ։
-Դուք սպասո՞ւմ եք, որ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն։
-Իր անելիքները ես չգիտեմ, ես իսկապես չգիտեմ։
-Հաշվի առնելով 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերը, Դուք հնարավոր համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։
– Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, ով է կրակել, կարևորը, թե այդ երևույթն ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնացեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել։ Դա մենք տեսնում էինք, իրենք էլ էին տեսնում: Իրենք գիտակցաբար էին գնում դրան: Գնացին եւ ստացան այն, ինչ որ ստացան: Ասում եմ ամենամեծ փաստը՝ մարտի 1-ը բոլորին դաս է եղել, այն է որ 2018–ին այլեւս բարիկադներ չկառուցվեցին, ձեռքերը վեր շարժում սկսվեց, ասեցինք բռնությամբ չենք պատասխանելու, եւ իշխանությանը բացի հանձնվելուց բան չմնաց: Ասել եմ, մեր քաղաքական վերնախավի համար, իսկապես մեծ որակ էր:
arfd.am