
Եռօրեայ այցի շրջանակներում «Ալիք» էր այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա հրաժարւեց ընդարձակ հարցազրոյցից, բայց այնուամենայնիւ համաձայնւեց պատասխանել օրաթերթիս հարցերից մէկին, որը այսօր խիստ հրատապ է բոլորիս համար: Դա Արցախի հիմնախնդիրն է իր բոլոր պատճառա-հետեւանքային ցուցիչներով:
Արցախի հիմնահարցը եւ նրա հզօրացումը միշտ էլ եղել է Դաշնակցութեան առաջնային օրակարգում: Եւ իզուր չէ, որ իւրաքանչիւր դետալի Դաշնակցութիւնը խստագոյնս է արձագանգում եւ հետեւողականօրէն հարցերին վերաբերւում: Ելնելով այս սկզբունքից օրաթերթս հէնց Արցախեան վերջին իրադարձութիւնների շուրջ զարգացումների մասին խօսեց Բիւրոյի ներկայացուցչի հետ:
Թէ այսօր որքանով է հարցը հրատապ ու վտանգաւոր, տարածւող հրապարակումներից արդէն կարելի է ենթադրել, իսկ հարցին աւելի իրական մօտեցում ցուցաբերելու եւ առանց որեւէ դոյզն իսկ կասկած դրսեւորելու, թէ այսօր առաջնագծում տիրող իրավիճակը ուղղակի օգտագործւում է ներքին հարցերից ուշադրութիւն շեղելու իմաստով, պարոն Մարգարեանը պատասխանեց այս կերպ. «Ես գիտեմ, որ հիմա այն ինչ-որ պէտք է ասեմ, որոշ ուժեր պէտք է փորձեն հեգնել, թէ ամէն անգամ, որ ներքին իրավիճակը անկայունանում է, ներքին օրակարգեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրութիւնը շեղել, իրենց կարծիքով՝ դէպի Արցախ: Բայց հարցը նրանում է, որ Արցախը, դեռ շարունակում է մնալ մեր գլխաւոր հարցը, մեր գերխնդիրը: Եթէ մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր Անկախութեան այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթէ իզուր է լինելու»: (more…)