Քաղաքական միտքը լուրջ պատճառներ ունի անհանգիստ ու մտահոգ լինելու համար
2010/04/26ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը
«7 ՕՐ» կայքէջին:

«Այսօր երկրում արդարության, սոցիալական անարդարության, տնտեսական իրավիճակի առումով իսկապես տագնապ գոյություն ունի»
-Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի ուղերձը։
-Առաջին հերթին պետք է դրական գնահատեմ, բայց’ ոչ բավարար, ոչ ամբողջական։ Հարցն այն է, որ վավերացման գործընթացի կասեցումը չի նշանակում հրաժարվել արձանագրություններից։ Դա կարող է երկու նպատակով լինել։ Առաջին՝ սա կասեցնում ենք, որ հետո կարողանանք ստորագրությունը հետ քաշել։ Այդ առումով դրական է։ Երկրորդ՝ կարող է լինել իբրև հերթական քայլ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար, որ Թուրքիան հաստատի արձանագրությունները, որից հետո մենք հաստատենք։ Այդ պարագայում մենք չենք կարող կողմ լինել, չենք կարող արդարացնել և կհամարենք վտանգավոր քայլ, որովհետև հիմնական հարցն արձանագրություններից ձերբազատվելն է՝ նոր հարաբերություններ ստեղծելու, նոր բանակցության դիմելու, որ այդ արձանագրությունների երկիմաստությունը, արձանագրություններում պարունակվող քողարկված ու բացահայտ նախապայմաններն իսպառ վերանան, և մենք կարողանանք արժանապատիվ հարաբերություններ նախաձեռնել։ Ես հույս ունեմ, որ իշխանության նպատակը դա է։ Համենայնդեպս, քանի դեռ փաստը չի արձանագրվել, այսինքն արձանագրությունները չեղյալ չեն հայտարարվել, մենք մեր պայքարը պետք է շարունակենք։ Մենք իրավունք չունենք այս տեսակի մարտավարությունների դիմաց նահանջել կամ տատանվել։ Մենք պետք է շարունակենք, մինչև հասնենք վերջնական արդյունքի։