RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ. «Պէտք է հասկանանք, որ այսօրւայ մեր գերագոյն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգութեան ապահովումը»

Posted on August 7, 2018, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

HM
Եռօրեայ այցի շրջանակներում «Ալիք» էր այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա հրաժարւեց ընդարձակ հարցազրոյցից, բայց այնուամենայնիւ համաձայնւեց պատասխանել օրաթերթիս հարցերից մէկին, որը այսօր խիստ հրատապ է բոլորիս համար: Դա Արցախի հիմնախնդիրն է իր բոլոր պատճառա-հետեւանքային ցուցիչներով:

Արցախի հիմնահարցը եւ նրա հզօրացումը միշտ էլ եղել է Դաշնակցութեան առաջնային օրակարգում: Եւ իզուր չէ, որ իւրաքանչիւր դետալի Դաշնակցութիւնը խստագոյնս է արձագանգում եւ հետեւողականօրէն հարցերին վերաբերւում: Ելնելով այս սկզբունքից օրաթերթս հէնց Արցախեան վերջին իրադարձութիւնների շուրջ զարգացումների մասին խօսեց Բիւրոյի ներկայացուցչի հետ:

Թէ այսօր որքանով է հարցը հրատապ ու վտանգաւոր, տարածւող հրապարակումներից արդէն կարելի է ենթադրել, իսկ հարցին աւելի իրական մօտեցում ցուցաբերելու եւ առանց որեւէ դոյզն իսկ կասկած դրսեւորելու, թէ այսօր առաջնագծում տիրող իրավիճակը ուղղակի օգտագործւում է ներքին հարցերից ուշադրութիւն շեղելու իմաստով, պարոն Մարգարեանը պատասխանեց այս կերպ. «Ես գիտեմ, որ հիմա այն ինչ-որ պէտք է ասեմ, որոշ ուժեր պէտք է փորձեն հեգնել, թէ ամէն անգամ, որ ներքին իրավիճակը անկայունանում է, ներքին օրակարգեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրութիւնը շեղել, իրենց կարծիքով՝ դէպի Արցախ: Բայց հարցը նրանում է, որ Արցախը, դեռ շարունակում է մնալ մեր գլխաւոր հարցը, մեր գերխնդիրը: Եթէ մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր Անկախութեան այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթէ իզուր է լինելու»:

Պարոն Մարգարեանը կարեւորութեամբ նաեւ յաւելեց, որ «Հարցը նրանում է, որ սա մեր ամենամեծ ձեռքբերումն է եւ այս յաղթանակի վրայ պէտք է դողալ: Եւ ես դողալ բառը առանց վարանելու եմ շեշտում, եթէ նոյնիսկ դա որոշների հեգնանքի առարկայ կարող է դառնալ»:

Վերջին ամիսների կտրւածքով զարգացող իրողութիւններին անդրադառնալով՝ նա նշեց, որ «Հարցը լուրջ է եւ սա բնական է, երբ Հայաստանում խնդիր կայ, մեր արտաքին քաղաքականութեան մէջ խնդիր կայ, Ադրբեջանը ակտիւանում է, ստեղծւած առիթը օգտագործում իր ծրագրերը յաջողեցնելու համար: Դա մենք պէտք է թոյլ չտանք, պէտք է հասկանանք, որ այսօրւայ մեր գերագոյն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգութեան ապահովումը, ինչը նշանակում է՝ մենք պէտք է կարողանանք մոբիլիզացնել մեր ողջ ներքին կարողականութիւնը՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, ինչպէս նաեւ յարաբերական աշխատանքների մէջ եւ բոլոր-բոլոր բնագաւառներում, որպէսզի Արցախի հարցում մենք նահանջ չարձանագրենք»:

Նախիջեւանեան վերջին դէպքերի մասին պարոն Մարգարեանն ասաց. «Մենք արդէն ունեցել ենք կորուստ,արդէն մենք Նախիջեւանի սահմանի վրայ կորուստ ենք ունեցել՝ ուղղակի չենք ցանկանում դա քաղաքական շահարկման թեմա դարձնել եւ ճիշտ ենք անում, որովհետեւ Հայաստանի մէջ կատարւածը այնքան կարեւոր էր, որ դա չպէտք է մենք արժեզրկենք՝ մի ուրիշ հարց արծարծելով, տւեալ դէպքում սակայն, դա մի ուրիշ հարց չի՝ դա հայրենիք է, հայրենիքի անվտանգութիւն է, հայրենիքի մինչ այս ունեցած ձեռքբերումն է, ապահովումն է: Ինչպէս արդէն ասացի, այդ կորուստը լուրջ է եւ մենք չպէտք է թողնենք, որ այդ ընթացքը շարունակւի»:

Նա նշեց, որ մենք պէտք է գօտեպնդւենք , պէտք է մեր ուժերը ի մի բերենք, հասկանանք, որ ներքին միասնականութիւնը, ներքին բարեփոխումները, փոփոխութիւնը Հայաստանում պէտք է ընթանայ այն ուղիով, որ մենք Արցախի ճակատում նահանջ չունենանք: Սա պէտք է լինի մեր հիմնահարցը: Փոփոխութիւններ՝ անկասկած անհրաժեշտ են, բայց այնպէս՝ որ չվնասենք Արցախի հիմնահարցին:

Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականութեան հարթակում այս ուղղութեամբ տարւող աշխատանքներին նա շեշտեց, որ «Արտաքին քաղաքականութեան մեջ էլ ես կարծում եմ բոլոր քաղաքական ուժերը անկախ այն բանից, թէ այսօր ընդդիմադիր են թէ ոչ, բոլոր ուժերն էլ իրենց աշխատանքը պէտք է տանեն, որպէսզի արտաքին քաղաքականութեան մէջ չունենանք թիւրիմացութիւններ, կասկածամտութիւններ չստեղծւի մեր երկրի շուրջ եւ մենք կարողանանք ունենալ կայունութիւն:Կայունութիւն, որը իր ազդեցութիւնն է ունենալու Արցախի հարցի վրայ»:

Արցախը պէտք է լինի ներքնապէս ամուր, միասնական եւ վճռական

Ամփոփելով իր խօսքը, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը ընդգծեց. «Արցախից պէտք է ամուր ձայն լսւի, վճռական ձայն պէտք է լսւի, Արցախից ազգային միասնականութեան կոչ պէտք է հնչի, որովհետեւ սա է մեր հիմնական ռեսուրսը, որի վրայ մենք կարող ենք յենւել եւ ոչ միայն ունեցած յաջողութիւնները ամրագրել եւ պահպանել, այլ նաեւ նոր ձեռքբերումներ ունենալ: Գլխաւոր մտահոգութիւնն այսօր՝ Արցախն է եւ այդ մտահոգութիւնը շինծու չէ, նոյնիսկ նրանք, որ այսօր հեգնում են, նրանք էլ ներքուստ համոզւած են, որ այդ մտահոգութիւնը իրական է»:

Leave a Comment