Archive for 'Լուրեր'
Դրոյի վերադարձով Հայրենիքս աւելի ու աւելի բարոյականացաւ, առնականացաւ եւ աւելի ու աւելի հարազատ դարձաւ
Posted on May 28, 2000, by admin, under Ելույթներ, Լուրեր.
ԸՆԿ. ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԽՕՍՔԸ (Արտասանուած՝ Մայիսի 28ին, Ապարանի Յուշահամալիրում Դրոյի աճիւնը հողին յանձնելու հանդիսաւոր արարողութեան պահին)
Երեւան, 28 Մայիս 2000, (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան).- Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ ԴՐՕի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։
Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների ուրացումները յաղթահարած գաղափարական մարտիկի վերանորոգ ժառանգ։
ԴՐՕով մարմնաւորուած ազգային, քաղաքական ու գաղափարական արժէքների այս յաղթանակը մեր ժողովրդին աւետելու բախտաւորութիւնը վիճակուել է ինձ։ Յանուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի, Հ.Յ.Դ. կազմակերպական բոլոր շրջանների կառոյցների եւ շարքերի, բայց մանաւանդ յանուն Դաշնակցութեան տեսլականով շնչող համակիր մեր բազմութիւնների՝ շնորհաւորում եմ մեր ժողովրդին իր հաւաքական կամքով նուաճուած այս յաղթանակի առթիւ։
Հայ ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքում յաճախ է կորցրել ու վերականգնել իր պետականութիւնը, իսկ երբ պետականութեան անկման զուգընթաց հայրենի հողից հեռացաւ նրա մարտական ուժը, հայ ժողովուրդը բռնեց ուծացման ու սպառման ուղին.
9 երկար դարեր պէտք եղաւ, որպէսզի հայ ժողովուրդը, վերջնական բնաջնջումից ու ոչնչացումից ձերբազատուելու համար, իր արգանդից ծնունդ տար մի նոր մարտական ուժի։
Այդ սերնդի ներկայացուցիչն էր ԴՐՕն։
Հայ ժողովրդի մարտունակութեան արգասիքն էր մրրկածին ԴՐՕն՝ ընկեր ԴՐՕն, որ իր ամբողջ կեանքում, երբ պատանի էր ու պարզ զինուոր, երբ համարձակ ահաբեկիչ էր ու խիզախ վրիժառու, երբ պետական այր էր ու գլխաւորում էր նորանկախ պետականութեան բանակը, երբ քաղաքական գործիչ էր ու ղեկավար, վտարանդի էր ու հայկական գորշ ու վտանգուած քաղաքական հորիզօնին դէմ յանդիման պատասխանատու անձ, միշտ եղաւ քաջ ու համարձակ։ Դարձաւ վաւերական խորհրդանիշը խիզախութեան, յանդգնութեան, անվեհերութեան եւ հերոսականութեան։ Հայութեան սպառնացող թշնամիների դէմ մարմնաւորեց պատժող մեր բազուկը՝ անվրէպ հարուածելու իր ուժականութեամբ։
Ռազմիկի իր խրոխտ ոգով ու զինուորականի բնածին տաղանդով՝ ԴՐՕն իր անունը անջնջելիօրէն կապեց Հայաստանի անկախութիւնը կերտող հերոսամարտների հետ՝ իբրեւ ղեկավարը Բաշ Ապարանի յաղթական ճակատամարտի։ Մեր ժողովրդի կողմից հռչակուեց Զօրավար ԴՐՕ եւ իր մեծարժէք ներդրումը ունեցաւ Հայոց Բանակի հիմնադրման ու հայ բանակայինի ռազմունակ աւանդների հարստացման գործում։
ԴՐՕն մեծութիւն է նաեւ իբրեւ քաղաքական գործիչ, որ հայ ժողովրդի ֆիզիքական պաշտպանութիւնն ու Հայաստանի անկախութեան պահպանումը դարձրեց գերագոյն նպատակ, առաջնահերթ խնդիր։ Հայաստանի Հանրապետութեան կարճատեւ շրջանին, Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին, բայց յատկապէս Երկրորդ Աշխարհամարտի օրհասական պահերին, ԴՐՕն անվարան եւ անվեհեր յայտնուեց այնտեղ, ուր ոչ թէ յանուն կամ ընդդէմ ինչ որ այլի իր սեփական կեանքն ու հեղինակութիւնն էր արկածախնդրութեամբ վտանգի մատնում, այլ՝ հայ ժողովրդին ֆիզիքապէս փրկելու պարտականութիւնն էր կանչում նրան։
Եւ ընկեր ԴՐՕն հանգիստ չունեցաւ իր ամբողջ կեանքում։ Տեղափոխուեց եւ ապրեց այնտեղ, որտեղ պարտականութիւնն էր իրեն կանչում։ Գտնուեց այնտեղ, որտեղ դաշնակցական գործ կար եւ ապրեց այնպէս, ինչպէս պէտք է ապրէր հայ ժողովրդին զինուորագրուած ոեւէ դաշնակցական։ Ղեկավարութիւնը ըմբռնեց եւ կիրառեց որպէս յաւելեալ պարտականութիւնների ստանձնում՝ աշխատանքներին մօտիկից հետեւելու, խստապահանջութիւն ներշնչելու, եւ միաժամանակ, հայրական հոգածութիւն ցուցաբերելու առումով։ Իբրեւ այդպիսին՝ ԴՐՕն բարոյական անվիճելի հեղինակութիւն դարձաւ։
ԴՐՕն, որին վիճակուած էր հայկական նոր մարտունակութեան ջահը Դումաններից, Ռոստոմներից, ստանձնելու, այն նորանկախ հայերենիք եւ ապա՝ Սփիւռք բերելու, Սփիւռքեան պայմաններում պահելու-պահպանելու, գործ ու մթնոլորտ ստեղծելու, սերունդ դաստիարակելու եւ ապա՝ մեզ փոխանցելու։ Նոյն այդ ջահն էր, որ եկաւ միացաւ արցախեան ազատագրական պայքարով հրավառուած հարիւր հազարաւոր ջահերին, որոնք, մինչ այդ, բոցկլտում էին հայաստանաբնակ մեր ժողովրդի ոգիներում ու սրտերում։
Եւ այդ ջահը դեռ կը շարունակի իր երթը՝ հասնելու համար Սուրմալու, ուր պէտք է հրավառի հողը թշնամու ոտքերի տակ։
ԴՐՕով պահուած-պահպանուած եւ այսօր մեզ փոխանցուած ջահը մեզ ուղղորդում է, մեզ պարտաւորեցնում է եւ պատգամում է.
– Մենք դեռ հայկական ուժ դառնալու, մեզ յարգել պարտադրելու, ազգերի մեծ ընտանիքում մեր ուրոյն տեղը ունենալու ճանապարհի վրայ ենք, չի աւարտուել մեր երթը։
– Իսկ հայրենիքի պաշտպանութեան, ղարաբաղեան ազատամարի բովում կոփուած, ձեւաւորուած այսօրուայ մեր մարտական ուժին, պետական-զինուորական դիրքերի հասած զինուորներին պատգամում է՝ լինել անմնացորդ նուիրեալը հայրենիքի ու հայ ժողովրդի, սակարկութեան նիւթ չդարձնել զինուորի կոչումն ու առաքելութիւնը, ձեռք բերած վարկով ու յեղինակութեամբ չձգտել առանձնաշնորհեալ կարգավիճակի, լինել բարոյական արժէքներին հաւատարիմ ու ցուցաբերել քաղաքական-գաղափարական արթնութիւն, անհրաժեշտութեան պահին ուղղորդելով մեր քաղաքական ղեկավարութիւնը դէպի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտման գերագոյն նպատակին։
Ահա՛ հայրենիք է վերադառնում այս ամբողջ աւանդը։
Դրօյի վերադարձով Հայրենիքս աւելի ու աւելի բարոյականացաւ, առնականացաւ եւ աւելի ու աւելի հարազատ դարձաւ։
Բարի վերադարձ ընկեր ԴՐՕ։
21 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը այցելեց Լիբանանի Հանրապետության նախագահ Զոր. Էմիլ Լահուտին
Posted on March 1, 2000, by admin, under Լուրեր.
Երեւան. 1 Մարտի 2000 (Մամլո Դիվան) .- Երեկ Հ. Յ. Դ. Բյուրոյի ներկայացուցիչ՝ Հրանտ Մարգարյանը, Հ. Յ. Դ. Լիբանանի Կենտոնական Կոմիտեի ներկայացուցչի եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ՝ Սեպուհ Հովնանյանի ընկերակցութամբ, այցելեց Լիբանանի Հանրապետության նախագահ զոր. Էմիլ Լահուտին, Պաապդայի նախագահական ապարանքում:
Հ. Յ. Դ. Բյուրոյի ներկայացուցիչը Հանրապետության նախագահին պաշտոնապես տեղյակ պահեց Հայաստանում գումարված Հ. Յ. Դ. 28րդ Ընդհանուր Ժողովի եւ նոր Բյուրոյի ընտրության մասին. հայտնեց, նաեւ որ Հ. Յ. Դ. Բյուրոն որոշել է Հայաստանից դուրս՝ իբրեւ առաջին պարտականություն այցելել Լիբանան, ընդգծելու համար լիբանանահայության յուրահատուկ տեղը հայության համար, ինչպես նաեւ՝ Հ. Յ. Դ. Լիբանանի կազմակերպության նշանակալի դերը կուսակցական կյանքում: Հրանտ Մարգարյանը հաստատեց, որ Հ. Յ. Դաշնակցությունը զորավիգ է Լիբանանի հողային ամբողջությանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցույց տրված ջերմ ընդունելության համար եւ հայտնեց, որ այս երեւոյթը շատ լավ է արձագանքվել Հայաստանում, ուր սպասվում է նախագահ Էմիլ Լահուտի փոխադարձ այցելությունը:
Հանրապետության նախագահը խոստացավ առաջին իսկ առիթով այցելել Հայաստան. նա մեծապես գնահատեց Լիբանանի մէջ հայության դերը, ինչպես նաեւ՝ Հ. Յ. Դաշնակցությանը, որը լիբանանահայությանը հայտնի է որպէս Լիբանանի հզորացման եւ գերիշխանության կռվանի:
Նախագահ Էմիլ Լահուտը շնորհակալություն հայտնեց այցելության համար եւ իբրեւ գնահատանք հուշանվեր հանձնեց ընկ. Հրանտ Մարգարյանին:
102 Comments
ՀՅԴ Բյուրոյի պատվիրակության հանդիպումը Արամ Ա. Կաթողիկոսի հետ
Posted on February 28, 2000, by admin, under Լուրեր.
ԵՐԵՎԱՆ, 28 Փետրվարի 2000 (ՀՅԴ Մամլո Դիվան).- Ուրբաթ, Փետրվարի 25ին Հ.Յ.Դ. Բյուրոյի պատվիրակությունը բաղկացած՝ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանից, Երվանդ Փամպուքյանից եւ Հակոբ Ենիգոմշյանից, այցելեց Անթիլիաս եւ երկու ժամ տեւողությամբ հանդիպեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.ի հետ:
Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանի քաղաքական եւ ընկերային ներկա իրավիճակը, Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացը եւ կողմերի տարբեր դիրքորոշումները, հայրենիք-սփյուռք հարաբերությունների ներդաշնակումն ու սերտացումը եւ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունների գործակցության վերաբերող հարցեր:
Շնորհավորելով նորընտիր Բյուրոյին, Վեհափառ հայրապետը հատուկ ընդգծել է համահայկական կառույցով ու կազմակերպությամբ օժտված Հ.Յ.Դաշնակցության վերապահված դերակատարությունը՝ հայրենի պետականության ամրապնդման եւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների սերտացման գործում: Երկուստեք անհրաժեշտ է նկատվել բոլոր բնագավառներում հայության ընդհանուր կարողականության օգտագործումը, որի համար առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ազգային հիմնական հարցերի շուրջ միասնականության ստեղծումը:
95 Comments
ԼՂՀ նախագահը ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը
Posted on February 24, 2000, by admin, under Լուրեր.
ԵՐԵՎԱՆ, 24 Փետրվարի 2000 (ՀՅԴ Մամլո Դիվան).- Փետրվարի 23ին, Լ.Ղ.Հ. նախագահի հետ հանդիպելու համար Ստեփանակերտ այցելեց Հ.Յ.Դ. Բյուրոյի պատվիրակությունը։ Նույն օրը, կեսօրին, Լ.Ղ.Հ. նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունեց Հ.Յ.Դ. պատվիրակությանը,ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։
Պատվիրակության մասնակիցներն էին՝ Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամներ Ալբերտ Աճեմյանը, Վիգեն Ս. Հովսեփյանը եւ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանը։
Ընկ. Հրանտ Մարգարյանի կողմից Բյուրոյի նորընտիր կազմը ներկայացելուց հետո, պատվիրակությունը Լ.Ղ.Հ. նախագահի հետ քննարկեց մի շարք հարցեր, կապված ղարաբաղյան հարցի կարգավորման, հանրապետության ընկերային-տնտեսական վիճակի հետ։
Հ.Յ.Դ. պատվիրակությունը նախագահին փոխանցեց հատկապես կուսակցության մոտեցումները Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ պատրաստակամություն հայտնեց շարունակելու Արցախին ուղղված աշխատանքները։ Կարեւորվեց հատկապես արցախահայության բարձր կորովի պահպանման խնդիրը։
Մեկուկես ժամ տեւած հանդիպումը ընթացավ ջերմ մթնոլորտում։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին նման հանդիպումները ավելի հաճախակի դարձնել։
254 Comments
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. ընդունեց Հ.Յ.Դ. պատուիրակութեան այցելութիւնը
Posted on February 21, 2000, by admin, under Լուրեր.
Երեւան, 21 Փետրուար (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան) – Այսօր առաւօտեան ժամը 10-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեց Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը, եւ շուրջ մէկ ժամ հանդիպում ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ին հետ: Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեանի գլխաւորած պատուիրակութեան մաս կը կազմէին Բիւրոյի անդամներ Ալպերթ Աճէմեան, Վիգէն Ս. Յովսէփեան եւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի քաղաքական ներկայացուցիչ ընկ. Արմէն Ռուստամեան: Հանդիպումին ներկայ էր նաեւ ՀՀ Կրօնական հարցերու վարչութեան նախագահի պաշտօնակատար Լեւոն Մկրտչեան:
Ընկ. Հրանդ Մարգարեան ներկայացուց Հ.Յ.Դ. 28րդ Ընդհանուր Ժողովի արդիւնքները եւ նորընտիր Բիւրոյի կազմը: Վեհափառը գնահատեց Բիւրոյի կեդրոնական գրասենեակի Երեւան հաստատումը եւ այդ քայլը նկատեց օգտակար՝ համազգային առումով:
Սրտբաց զրոյցի ընթացքին արծարծուեցան Հայց. եկեղեցին եւ հայ ժողովուրդը յուզող հարցեր, ներառեալ կաթողիկոսական զոյգ Աթոռներու յարաբերութիւնները եւ քրիստոնէութեան պետական կրօն հռչակման 1700-ամեակի տօնակատարութիւնները: Աւարտին, նպատակայարմար նկատուեցաւ նման հանդիպումները դարձնել յաճախակի:
43 Comments
ՀՀ նախագահը հանդիպում ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի պատվիրակութան հետ
Posted on February 19, 2000, by admin, under Լուրեր.
ԵՐԵՒԱՆ, 19 Փետրուար 2000 (ՀՅԴ Մամլոյ Դիւան).- Այսօր, կէսօրին, Հայաստանի Հանրապետութեան նախագահը ընդունեց այցելութիւնը ՀՅԴ Բիւրոյի պատուիրակութեան, գլխաւորութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեանին: Պատուիրակութեան մաս կը կազմէին Բիւրոյի անդամներ Ալպերթ Աճէմեան, Վահան Յովհաննիսեան եւ Վիգէն Ս. Յովսէփեան:
Հանդիպումը տեւեց աւելի քան մէկուկէս ժամ եւ անցաւ ջերմ մթնոլորտի մէջ:
Բիւրոյի նորընտիր կազմի անդամներու ներկայացումէն ետք, ընկ. Մարգարեան յայտնեց, թէ նորընտիր Բիւրոն իր առաջին քաղաքական հանդիպումը որոշած է ունենալ Հայաստանի Հանրպետութեան նախագահին հետ:
Այնուհետեւ, անկեղծ քննարկումի առարկայ դարձան Արցախի հարցի բանակցութիւնները, ինչպէս նաեւ երկրի ներքաղաքական վիճակն ու անոր հաւանական հետագայ զարգացումները :
Հանդիպումի աւարտին փափաք յայտնուեցաւ քանի մը շաբաթ ետք դարձեալ հանդիպիլ:
Հանդիպումէն ետք, ՀՅԴ Բիւրոյի անդամները, Հայաստանի Գերագոյն մարմնի անդամներուն հետ, այցելեցին Մարզահամերգային համալիր, ուր երկու օրէ ի վեր զետեղուած է Զօրավար Անդրանիկի աճիւնը: