Հրանտ Մարգարյան. Մթնոլորտը, որ ձեւավորվել է, մտահոգիչ է
Posted on November 25, 2007, by admin, under Լուրեր.
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Հայ Յեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երկուշաբթի օրը նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում ձեւավորված մթնոլորտը «մտահոգիչ» որակեց:
Ստվերային կառավարություն ձեւավորելուն ուղղված ընդդիմադիր մի շարք գործիչների հետ Դաշնակցության կողմից վարվող բանակցությունների վերաբերյալ մամուլի հրապարակումների կապակցությամբ Մարգարյանը ասաց. – «Իսկապես խորհրդակցություններ կան, հանդիպումներ կան: Մթնոլորտը, որ ձեւավորվել է, մտահոգիչ է: Արհեստականորեն ստեղծվում է երկբեւեռ դրություն: Դա ավելի շատ լրատվական միջոցների ստեղծած մթնոլորտն է. նկատի ունեմ երկու գլխավոր թեկնածուների, այսպես ասած` արհեստական մթնոլորտը, որ ստեղծվել է: Բնականաբար, շատ ավելի հիմնական հարցերն է, որ խորհրդակցության նյութ ունեն, եւ ոչ թե պաշտոնների բաժանում»:
Որոշ հրապարակումների համաձայն, Վահան Հովհաննիսյանի` նախագահ ընտրվելու դեպքում վարչապետի պաշտոնն առաջարկվելու է Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանին, իսկ արտգործնախարարինը`Ժառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ քարոզարշավի ընթացքում կամ դեպի երկրորդ փուլ ընդդիմության երկրորդ բեւեռ ստեղծվի նշված ֆորմատով, Հրանտ Մարգարյանը արձագանքեց. -«Ես չգիտեմ, դա ընդդիմության երկրորդ բեւեռ կլինի, թե ընդհանրապես երրորդ կողմ կլինի, իրական ալտերնատիվ կլինի անցյալի՞ իշխանությանը, թե՞ ներկա իշխանությանը: Ես կարծում եմ, ալտերնատիվ կլինի այդ երկուսին… Սա կլինի վեր, այսպես ասած, ներքին հակադրության մթնոլորտից, առճակատման մթնոլորտից»:
Նա համոզված է, որ ընտրություններն անցնելու են երկու փուլով:
Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի` երկրորդ փուլ անցնելու դեպքում ո՞ւմ կողքին կլինի Դաշնակցությունը, Մարգարյանը պատասխանեց. – «Ես այդ տարբերակին չեմ ուզում պատասխանել, որովհետեւ վստահ եմ, որ մենք ենք անցնելու [երկրորդ փուլ]. Սերժի հետ, թե Լեւոնի հետ չգիտեմ, բայց մենք ենք անցնելու անպայմանորեն երկրորդ փուլ» – ասաց նա:
Թեկնածուի անունը` Արմեն Ռուստամյա՞ն, թե՞ Վահան Հովհաննիսյան, Դաշնակցությունը կորոշի գալիք ուրբաթ կայանալիք Գերագույն մարմնի արտակարգ ժողովում:
Ռուզան Խաչատրյան