Հրանտ Մարգարյան. -Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ
Posted on October 30, 2007, by admin, under Լուրեր.
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», –«Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ» Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե «կտպավորվեր, եթե Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ելույթը սկսեր ինքնաքննադատությամբ:
«Այդ ելույթը կարող էր ինչ-որ չափով համոզիչ լինել, եթե ինքը( Տեր-Պետրոսյանը) սկսեր իր իշխանության ժամանակաշրջանին գնահատական տալով, – ասաց Մարգարյանը: – «Եթե այդպես սկսեր, կարող էր, որ այդ խոսքը համոզիչ լիներ եւ տպավորեր»:
Հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ծավալուն ելույթում Տեր-Պետրոսյանը, հայաստանյան ներկա իշխանական համակարգը բնորոշելով որպես «մոնոլիտ բուրգի սկզբունքով»եւ հստակ սահմանված նվիրապետական, հիերարխիկ աստիճանակարգով»կառուցված, ասել էր. – «Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը»:
Նախկին նախագահի նման գնահատականների կապակցությամբ Հրանտ Մարգարյանը ասաց. -«Մենք ունենք մեր վերլուծությունը այսօրվա իշխանություններից եւ այսօրվա տնտեսական, քաղաքական համակարգից: Մենք եւս հավատացած ենք, որ մենաշնորհների, մոնոպոլիստների այս քաղաքականությունը հասել է իր գագաթնակետին»:
«Անունները ոչ մի իմաստ չունեն», – շարունակեց նա: -«Այդ անունները ես կարող եմ փոխարինել նաեւ, եթե անցյալի մասին խոսեմ, տարբեր անուններ տալով: Անձինք այստեղ երկրորդական դերակատարություն ունեն. անձերի անունները կարող են փոխարինվել մեկը մյուսով: Եվ փոխարինվել է: Նաեւ ասեմ, որ անցյալից ներկա է փոխանցվել: Եվ ոչ մի անգամ Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ»:
«Դեպքերի բերում է միայն, մի քիչ էլ բախտի հարց է, որ այդ գագաթի գլխին հայտնվեց մի օր Լեւոն Տեր-Պետրոսյանը, մի օր` Ռոբերտ Քոչարյանը» – եզրափակեց Հրանտ Մարգարյանը:
Աստղիկ Բեդեւյան