RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Ակնկալիքները շա՜տ-շատ են

Posted on April 11, 2007, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԺԱՄԱՆԱԿ»-ին

 

– Պրն Մարգարյան, ՀՅԴ-ն կարծես սկսել է ավելի շատ ընդդիմադիրների դիրքերից խոսել:

– Մենք ինչ ասել ենք սրանից 5 տարի առաջ, այսօր էլ նույնն ենք կրկնում:

– Ձեր ելույթում նշեցիք, որ ժողովրդին ճնշելու միջոցով չեք ղեկավարելու: Ստացվում է, որ ինչ-որ ուժեր ճնշո՞ւմ են մեր հասարակությանը:

– Այո, մեր այսօրվա ժողովրդի մեջ խեղճացածություն է նկատվում, որն արդյունք է իշխանության գաղափարախոսության: Սա ոչ մեկ, ոչ էլ ութ տարվա պատմություն է: Իսկ մենք հակառակը, ուզում ենք տեսնել հպարտ ժողովուրդ, ինքնասիրություն ունեցող ժողովուրդ, որն իր շահերի ու իրավունքների համար պայքարի: ՀՅԴ-ն այդպես է ընկալում: Եվ այստեղ է մեր տարբերությունը շատերից: Մենք հայ ժողովրդի ու հայրենիքի ապագան այլ կերպ ենք պատկերացնում, մենք ժողովրդի համար ստեղծված կառույց ենք, այլ ոչ ժողովրդի վրա իշխելու:

– Դուք նաեւ ասացիք, որ ընտրակեղծիքներ ու կոռուպցիոն երեւույթներ կան մեր երկրում: Դուք միշտ խոսում եք վերացական, ինչ-որ անանուն հայտարարություններ եք անում, ինչո՞ւ չեք անձնավորում, թե ում նկատի ունեք:

– Հարցի լուծումը անձերի անունը տալու մեջ չէ: Դրանք երեւույթներ են, որոնք մեր հասարակության մեջ գոյություն ունեն՝ անկախ անձերից, եթե չլինի ծրագրված պայքար դրա դեմ: Եթե դրա դեմ պայքարելու գաղափարախոսություն չլինի: Ես առանձին անձանց կաշառք տալու եւ վերցնելու մեջ չեմ մեղադրում, որովհետեւ մեր հասարակության էությունը հաճախ պարտավորեցնում է մարդկանց կաշառք տալ եւ վերցնել: Մեր նպատակը ոչ թե անձերին խայտառակ անելն ու սեւացնելն է, այլ երեւույթի դեմ պայքարը:

– ՀՅԴ-ն անցած 4 տարիների ընթացքում միայն դժգոհեց, բայց ոչինչ չփոխվեց իրականության մեջ:

– Այո, ես հայտարարել եմ, որ մենք այդ պայքարում ձախողել ենք, որովհետեւ այդ պայքարը մեզ չհաջողվեց:

Հիմա ինչո՞վ եք վստահ, որ հասարակությունը ձեզ այդաստիճան կվստահի, եւ դուք կկարողանաք ամեն ինչ արմատապես փոխել:

– Որովհետեւ մենք ամենալուրջ, ամենաիրական ու գաղափարախոսական կազմակերպությունն ենք:

– Ճի՞շտ են լուրերը, որ համաձայնել եք վերցնել ԼՂՀ նախագահի պաշտոնը՝ ԱԺ-ում ավելի քիչ տեղեր ունենալու դիմաց:

– Ոչ, սուտ է, նման բան չկա:

– ՀՀ պաշտպանության նախարարի աթոռի մասով է՞լ չեք պայմանավորվել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Ոչ մի պայմանավորվածություն չկա: Մայիսի 12-ին նոր սկիզբ է լինելու մեզ համար:

– Իսկ մինչ ա՞յդ:

– Մինչ այդ, նման հարցն անիրատեսական է, քանի որ ժամանակավոր չարժե որեւէ բան անել:

– Չե՞ք ուզում պաշտպանության նախարարությունը:

– Մենք մեր տեսակետը հայտնել ենք եւ ասել, որ Արթուր Աղաբեկյանն ամենահարմարն է այդ պաշտոնին:

– Դուք ինչքա՞ն քվեի ակնկալիք ունեք առաջիկա ընտրություններից:

– Շատ-շատ:

– Իսկ թվերի լեզվո՞վ:

-Չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ շատ:

-Այնքան, որ կկարողանաք կոռուպցիան ամբողջությամբ վերացնե՞լ:

– Այնքանով, որ մեր առանցքի շուրջ կկազմավորվի իշխանությունը:

Թագուհի Թովմասյան

Leave a Comment