RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Խոսք, որն իրականություն դարձնելու կամքը, վճռականությունը եւ համոզումն ու ծրագիրը ունի Հ.Յ. Դաշնակցությունը

Posted on December 15, 2006, by , under Ելույթներ.

Արդեն մեկ ամիս է, հանրապետության մարզերում անցկացվում են միջոցառումներ` ՀՅԴ օրվան նվիրված, որոնք կշարունակվեն քաղաքամայր Երեւանում: Դեկտեմբերի 14-ին Գյումրիում նշվեց Դաշնակցության օրը: Օրվա բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

 

Հարգելի եւ սիրելի ներկաներ,

Ձեզ խոսք ունեմ ասելու, հետեւաբար պետք է խուսափեմ նախաբանից, դարձիկ-դարձիկ արտահայտություններից եւ ուղղակի պետք է անցնեմ բուն ասելիքիս:

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն որոշ ուժեր սկսել են պետական հնարավորություններից բաշխել, ուրիշները իրենց քսակն են լայն  բացել եւ, վերջապես, որոշներն էլ նոր ոգեւորությամբ մահ ու կործանում են շաղակրատում իրենց շուրջբոլորը:

Մենք խոսք ունենք ձեզ ասելու, խոսք` որ տրամաբանական է, խոսք` որ գործին է հետեւում, խոսք` որն իրականություն դարձնելու կամքը, վճռականությունը եւ  համոզումն ու ծրագիրը ունի ՀՅ Դաշնակցությունը:

Մենք չենք զանազանվում ուրիշներից միայն ժողովրդին ներկայանալու առումով, միայն մեր ընտրապայքարի ձեւով. մենք մյուսներից տարբեր ենք մեր ծնունդով իսկ: Եթե մեր աչքի առջեւ կուսակցություններ են ձեւավորվում, վերադասավորվում ինչ-որ մեկի կարիերայի համար, եւ ծրագիր, կանոնագիր ու ժողովրդավարություն ասվածը նրանց համար ընդամենը ձեւական բնույթ ունեն եւ ոչ մի դեպքում` կիրառական արժեք, ապա մենք այն կուսակցությունն ենք, որ  ձեւավորվել է պատմության ընթացքին, հստակ ծրագրային գաղափարախոսությամբ ու նպատակով, ուր կուսակցական ժողովրդավարությունը արժեք է, իսկ հավաքական կարծիքին ու որոշումին ենթակա են բոլորը, առանց խտրականության:

Մարդիկ դաշնակցական են դառնում ոչ թե որեւէ մեկի կարիերային ծառայելու համար, ոչ թե որեւէ մեկին պատգամավոր, նախարար կամ նախագահ դարձնելու համար, այլ Դաշնակցությանն անդամակցում են, երբ կյանքի նպատակ են դարձնում Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, երբ հայ ժողովրդի բարօրությունը, զարգացումն ու ազատության ապահովումը դառնում են կյանքի նպատակ, եւ, վերջապես, երբ պատրաստ են այդ բոլորի համար պայքարել ամբողջական, անմնացորդ նվիրումով:

Մենք ազգային կուսակցություն ենք, եւ դրա ամենավառ ապացույցը մեր կազմակերպական տարածուն կառույցն է, ինչպես նաեւ մեր գործունեության ու մտահոգությունների մշտական օրակարգը:

Չկա մեկ այլ հայկական կազմակերպություն, որ ՀՅ Դաշնակցության պես իր մեջ ընդգրկած լինի հայ ժողովրդի բոլոր հատվածներին: Պատահական չէ, որ միայն ՀՅ Դաշնակցությունն է, որ իր կազմակերպական կառույցով ու գործով ներկա է թե՛ Հայրենիքում եւ թե, այսպես կոչված,  դասական ու  խորհրդային սփյուռքում, ու ամենեւին էլ պատմական դեպքերի հետեւանք չէ այս իրողությունը: Մենք միակ հայկական կազմակերպությունն ենք, որ ներկա ենք թե՛ ՀՀում, թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում` Աբխազիայում, Ջավախքում եւ այլուր: Անկեղծ ասած` այս մեկ առանձնահատկությամբ ուրախ չեմ. կուզեի, որ հայ ժողովրդի բովանդակ հոգսերը բոլորի ամենօրյա հոգսը լինեին:

Մենք ազգային կուսակցություն ենք, եւ դա ոչ մի առնչություն չունի ազգայնամոլության ու ազգային հակամարտություններ հրահրող շարժումների հետ: Մենք ցանկանում ենք մեր ժողովրդին տեսնել ապահով, ազատ եւ զարգացման կարելիություններով օժտված: Մենք ցանկանում ենք մյուս ազգերի կողքին հայ ժողովրդի համար ապահովել արժանապատիվ գոյակցություն:

Մեզ համար ազգային հարցերում մաքսիմալիստական եւ միաժամանակ պարտվողական մոտեցումները անընդունելի են: Ազգային իրավունքներին տեր կանգնելը չի նշանակում թշնամանք տածել այլ ժողովուրդների նկատմամբ. իսկ լավ  ապրելու ցանկությունը չի կարող իրականություն դառնալ միակողմանի զիջումներով: Թող ոչ ոք չվախեցնի մեր ժողովրդին, որ Դաշնակցության հաջողության դեպքում հրահրվելու են ազգամիջյան խնդիրները: Մենք տեր ենք մեր ժողովրդի իրավունքներին, բայց եւ մեզ համար Հայաստանի Անկախ Հանրապետությունը հիմնական կռվանն է մեր հետապնդած նպատակների համար: Ոչ մի հարց, որեւէ հարցի հետապնդման համար մղվող պայքարը, այդ պայքարի ձեւը չպետք է վտանգեն, խնդրո առարկա դարձնեն մեր պետականությունն ու մեր հայրենիքի անվտանգությունը:

Ազգային մեր հիմնական օրակարգերն էին պատճառը, որ 1998թ., երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որոշեցինք մաս կազմել իշխանություններին, կանգնել իշխանությունների կողքին: Բայց որեւէ բան փոխվե՞ց 1998թ.: Անշո՛ւշտ փոխվեց: Փոխվեց ՀՀ նախագահը, եւ իշխանությունից հալածված ՀՅ Դաշնակցությունը կանգնեց իշխանությունների կողքին, ու արդյունքում փոխվեց նաեւ երկրի քաղաքական կուրսը: Բայց ավելացնենք նաեւ, որ չփոխվեց երկրի տնտեսական քաղաքականությունը, կադրային քաղաքականությունն ու ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը, կոռուպցիայի թափն ու սոցիալական վիճակը:

Սակայն նախ` փոփոխությունների մասին:

Մինչ 1998 թ. փորձում էին մեզ հավատացնել, որ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարցն է: Փորձում էին համոզել, որ արդի աշխարհը չի կարող հանդուրժել սահմանների փոփոխություն, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի  Ադրբեջանի կազմում. այլ խոսքով` պետք է թաղվի Ադրբեջանի մեջ: 1998 թվից այս կողմ փոխվել է մոտեցումը, եւ արդյունքում` այսօր այլեւս բոլորը, ներառյալ Ադրբեջանը, համոզվել եւ խոստովանում են, որ Ղարաբաղը չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի մաս: Այժմ խոսքը Անկախ Ղարաբաղի սահմանների մասին է:

Մինչ 1998 թ. Հայոց Ցեղասպանության հարցը համարվում էր Սփյուռքի հարց, եւ իշխանությունները մերժում էին Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հարց դարձնել այն: Այն համարվում էր պատմական հարց, իսկ պատմությունը` կեղծ գիտություն, կեղծ կատեգորիա: 1998 թվից սկսյալ` Հայկական Ցեղասպանության հարցը մաս դարձավ ՀՀ արտաքին քաղաքականության եւ արդյունքը` ձեզ ծանոթ հաջողությունները: Բայց եւ չմոռանանք ու արձանագրենք, որ Հայկական Ցեղասպանության հարցի հետապնդումը, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության համար ապահովեց միջազգային ճանաչում եւ ազդեցություն:

Մինչ 1998թ. Հայկական սփյուռքը գնահատվում էր իբրեւ ՙնարինջ ուտողների՚ հավաքականություն: 1998-ից սկսյալ` փոխվեց վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ: Կազմակերպվեցին Հայրենիք-Սփյուռք խորհրդաժողովները, Համահայկական խաղերը, ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ միջոցառումները, որոնք, հուսով եմ, մոտ ժամանակներս երկքաղաքացիության օրենքի ընդունումով կամբողջանան:

Հայկական սփյուռքը հայոց պետականության ու հայկականության ուժին մաս է կազմում, Հայաստանի Հանրապետությունը նաեւ սփյուռքահայերի հայրենիքն է, որի նկատմամբ նրանք ունեն պարտականություններ ու պատասխանատվություն, իսկ հայրենի պետությունը իր հերթին Սփյուռքի նկատմամբ ունի պարտականություններ ու պատասխանատվություն-

Փոխվեցին նաեւ մոտեցումները Հայաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերությունների հարցում: Վրաստանի պարագային պահելով բարեկամական հարաբերությունները` կարողացանք միաժամանակ հարազատի վերաբերում ցուցաբերել Ջավախքին: Թուրքիո թշնամական վերաբերումի նկատմամբ չցուցաբերեցինք պարտվողական քաղաքականություն, այլ հայկական շահերից բխած արժանապատիվ դիմակայություն: Երբեք պետք չէ մոռանալ, որ պարտվողական քաղաքականության հակադիր մոտեցումը ոչ թե արկածախնդրությունն է, այլ պայքարը սեփական իրավունքների պաշտպանության եւ հաջողության համար: Իսկ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացան, եւ դրա ամենավառ ապացույցը Իրան-Հայաստան գազատարի անցկացումն է:

Դաշնակցությունը նաեւ ժողովրդավարական եւ ընկերվարական կազմակերպություն է` տարածաշրջանային միակ կազմակերպությունն ենք, որ Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) լիիրավ անդամ ենք: Եվ ճիշտ այդ պատճառով մենք թեպետ ազգային հիմնական հարցերի համար մաս կազմեցինք իշխանությանը, միաժամանակ միշտ եւ ամենուր մեր կեցվածքով հետամուտ եղանք սոցիալական, ժողովրդավարական հարցերում կարելի հնարավորը հաջողացնելու համար: Ազգային հարցերում հաջողեցինք, որովհետեւ այդտեղ ունեինք նախագահի զորակցությունը: Սոցիալական, ժողովրդավարական հարցերում չհաջողեցինք, որովհետեւ այդ հարցերում մենք մենակ էինք: Մենք իշխանություն չէինք, մենք մաս էինք կազմում իշխանությանը ժողովրդի 11% վստահության քվեով: Դա մեր իշխանությունը չէր: Շտապեմ ավելացնել. չենք փորձում խուսափել պատասխանատվությունից, ոչ էլ զղջում ենք  կառավարությանը մաս կազմելու համար: Եթե կրկնվի 1998 թվականը, 2003 թվականը, դարձյալ մաս կկազմենք կառավարությանը: Մեզ քիչ բան չի հաջողվել իրականացնել այդ ընթացքում, բայց մենք արել ենք այն, ինչ որ այդ պայմաններում հնարավոր էր, սակայն ոչ այն, ինչ մեր ծրագրում կա, այն, ինչ մենք կարծում ենք` ճիշտ է ու անհրաժեշտ այս երկրում արդարություն, բարօրություն եւ համընդհանուր զարգացում ապահովելու համար:

Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է կազմակերպված, ծրագրված պայքար կոռուպցիայի դեմ` եւ ոչ միայն կոռուպցիայի, այլ նաեւ ստվերային տնտեսության, անպատժելիության մթնոլորտի, հովանավորչության դեմ: Մենք հաջողեցինք Հայաստանը մաս դարձնել Համաեվրոպական հակակոռուպցիոն պայմանագրին` Գրեկոյին, մի շարք օրենսդրական նախաձեռնություններով ասպարեզ եկանք Ազգային ժողովում, մեր առաջարկությամբ, բայց ոչ այն ձեւով, ինչպես պահանջում էինք մենք, ձեւավորվեց հակակոռուպցիոն պայքարի մարմին: Սակայն այդ բոլորը եւ կուլիսների հետեւում մեր կեցվածքները բավարար չեղան սայլը տեղից շարժելու: Կոռուպցիայի, ստվերային տնտեսության, անպատժելիության եւ հովանավորչության դեմ պայքարի համար պետք է դու ինքդ արատավորված չլինես, ունենաս անհրաժեշտ քաղաքական կամք եւ բարոյականություն: Իսկ այդ բոլոր հատկանիշները ունի  Դաշնակցությունը:

Մենք հավատացած ենք, որ տնտեսությունը պետք է ունենա սոցիալական թեքում: Պետք է պետական միջամտությամբ մեղմանան դասակարգային տարբերությունները, որոնք այսօր բեւեռացված են: Հայաստանում չպետք է լինի աղքատություն: Հայաստանի տնտեսական պոտենցիալը մեզ տալիս է այն հնարավորությունը, որ կարելի լինի մի քանի անգամ ավելիով սահմանել թոշակներն ու նվազագույն աշխատավարձերը: Մեր ճիգ ու ջանքով ավելացան թոշակները, եւ ընդունվեց օրենք, որ նվազագույն սպառողական զամբյուղի չափով պետք է ճշտվեն թոշակները: Մեզ հաջողվեց շատ չնչին բան: Համոզված ենք, որ ստվերային տնտեսության բացառումով, տնտեսական հակաօրինական մենաշնորհները վերացնելով` կարելի է սոցիալական բնագավառում  մեծ բարելավումների հասնել: Սա կարող է իրականացնել այն ուժը, որ սերտաճած չի տնտեսական այդ հոռի երեւույթների հետ եւ ունի համապատասխան գաղափարախոսություն ու ծրագիր` տնտեսական եւ սոցիալական արդար համակարգ ստեղծելու համար, եւ այդպիսին է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` իբրեւ սոցիալիստական կուսակցություն ու գաղափարական շարժում` կուսակցություն, որի համար անարդարության դեմ պայքարը  առաքելություն է ու գոյության իմաստ:

Արժեքային այն համակարգը, ըստ որի գնահատվում է մարդը, եւ որին իբրեւ հետեւանք նաեւ ձեւ ու կերպարանք է առնում մեր կադրային քաղաքականությունը, ոչ դրամն է, ոչ տվյալ անձի նյութական կարողություններն են, ոչ էլ կեղծ հեղինակությունների հետ հաշվի նստելու տրամադրություններ ունենք մենք: Մարդը արժեք է իր համեստությամբ, ժողովրդին ու հայրենիքի նվիրվածության չափով եւ կարողականությամբ: Մեր հետեւորդները պետք է լինեն նրանք, որոնց գործը եւ հասարակության մեջ պահվածքը պատիվ կբերեն նաեւ մեզ: Մենք չենք ընդունում այն շփացածությունը, որ այսօր առօրյա երեւույթ է դարձել մեր հասարակության մեջ` մի շարք կերած- խմած, պետական ու վերնախավային հովանավորություն վայելող անձանց դրսեւորած աներեսության (որոշները կասեին` հաբրգածության) մասին է խոսքը, ովքեր էլ լինեն դրանք` Ազգային ժողովի պատգամավոր, նախարար թե քաղաքապետ, ընտրություններում սրան կամ նրան օգտակար եղող թաղային կամ քաղաքային հեղինակություն: Բոլորը պետք է օրենքի առջեւ լինեն հավասար, իսկ իրավապահ մարմինները պարզ քաղաքացիների պաշտպանը պետք է լինեն այս տեսակ տարրերից: Դաշնակցությունը ասպետական կուսակցություն է եւ անխտրական մոտեցում ու վճռականություն ունի կարգ, կանոն ու օրինականություն հաստատելու հարցում:

Մենք ազգային, ժողովրդավարական եւ սոցիալիստական այն կազմակերպությունն ենք, որ առաջիկա տարիների համար չենք վտանգելու հետագա մեր երթը, եւ այդ պատճառով իսկ հավատում ենք ու հետամուտ ենք արդար ընտրություններին: Մենք այն կազմակերպությունն ենք, որ ունենք ներքին ժողովրդավարություն ու վերահսկողություն` մեր կուսակցական եւ պետական հանգամանքներ զբաղեցնող ընկերները ենթակա են մեր կազմակերպության բազմահազար ընկերների պահանջատեր վերահսկողությանը: Մեզ թույլատրված չէ սխալվել, մեզ ներելի չէ սկզբունքներին դավաճանությունը, շահամոլությունն ու կեղծիքը: Մենք ստեղծվել ենք քեզ, ժողովո՛ւրդ հայոց, ծառայելու համար, քո զարգացման ու դեպի հավիտենականություն գնացող երթը առաջնորդելու համար:

Leave a Comment