ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովին
Posted on February 12, 2004, by admin, under Ելույթներ.
Մեծարգո հյուրեր,
Սիրելի ընկերներ,
Իբրեւ սկիզբ մի խոստովանություն: Երբ այս ելույթն է գրում, վերջում անդրադարձա ուշագրավ մի իրողության: Հատկապես անցնող տարիներին այնքան բազմաշերտ, բազմաբեւեռ է մեր կուսակցության գործունեությունը, այնքան շատ են Հայաստանին ու հայությանը հուզող խնդիրները, որոնց հանդեպ պետք է դիրքորոշվենք, մի խոսքով` այնքան շատ են կոնկրետ գործերը, որ ծրագրային նպատակներին, գաղափարական արժեքներին վերադառնալու, դրանք վերահաստատելու անհրաժեշտություն չի առաջանում: Սա նշանակում է է մեկ բան. մեր կազմակերպությունը յստակ ժամանակի մեջ գործող, առողջ, միասնական օրգանիզմ է, ժամանակակից արժեքներով ու պահանջներով առաջնորդվող, մեր անցյալը, ներկան եւ ապագան ամբողջականության մեջ դիտարկող: Սա նաեւ նշանակում է, որ Հ.Յ.Դաշնակցության նպատակներն ու արժեքները կենսունակ են ու անժամանցելի:
Գոհունակությամբ եմ ընդգծում այս, հատկապես այսօր` Հ.Յ.Դաշնակցության 29-րդ Ընդհանուր Ժողովի շեմին, երբ քննարկելու ենք կուսակցութեան անցած չորս տարիների գործունեությունը: Պետք է վերլուծենք, թե ի՛նչ պայմանների մեջ աշխատեցինք, ի՛նչ արեցինք, ո՛ւր սխալվեցինք, կարող էինք արդեոք այլ կերպ վարվել: Վերջապես` ինչքանո՛վ հաշտ ու հարազատ մնացինք Հ.Յ.Դաշնակցության սկզբունքներին եւ էությանը:
Անցած քառամյակը եղաւ դարաշրջիկ, թեւակոխեցինք 3-րդ հազարամյակ` մեր ժամանակներին հատուկ միջազգային քաղաքական պայմաններում: Համաշխարհային Երկրորդ պատերազմից հետո, միջազգային օրենքի վրա հիմնված միջազգային համակարգը, այսօր, թվում է թե խնդրո առարկա է դարձել:
Բազմակողմանիությունը (multilateralism) տեղի է տվել միակողմանիության, աշխարհը ետ մղելով դեպի կանխարգելման պատերազմների ժամանակաշրջան:
ՄԱԿ-ը թվում է թե կորցրել է իր գոյության իմաստը: Այն չի կարողանում ապահովել Բազմակողմանիություն, ինչը կարող էր նպաստել պետությունների միջեւ փոխըմբռման ու խաղաղության փնտրտուքին, հաղթահարել այն ահավոր ընկերային-սոցիալական անհավասարությունը, որ գոյություն ունի այսօր:
Համաշխարհայնացումը արագորեն իր ազդեցությունն է թողնում թե տնտեսական-ֆինանսական, ընկերային, քաղաքական, թե բնապահպանական, կրթական, գիտական եւ թե մշակույթային բնագավառների վրա:
Համաշխարհայնացումը խնդրո առարկա է դարձրել վերջին երկու դարերի ընթացքում քաղաքական եւ ընկերային ոլորտներում ձեւավորված հիմնական արժեքները, ինչպես` ազգ-պետության գաղափարը: Առանցք, որի շուրջ է կազմավորված աշխարհի այսօրվա քաղաքական, տնտեսական եւ ընկերային համակարգը: Պետությունները զիջում են իրենց իրավունքները ի դիմաց նոր վերազգային (supranational) կառույցների կամ գլոբալ հաստատությունների:
Համաշխարհայնացման ֆենոմենը օրըստօրե ավելի է շեշտում «շրջանային ճարտարապետությունների» (regional architecture) պահանջը: Տարածաշրջանները ստանձնում են կարեւոր դերակատարություն առեւտրական, ընկերային եւ մշակույթային փոխհարաբերությունների մեջ, մի իրականություն, որ տակավին գոյություն չունի Կովկասում:
Համաշխարհանացումը անհավասարության աղբյուր է, մանավանդ ոչ զարգացած երկրների համար, ուր ֆինանսական հոսքերի
անկաշկանդ շրջագայումը ստեղծում է մեծ տագնապներ` սոցիալական բացասական հետեւանքներով:
Անընդունելի է համաշխարհայնացման ներկա ֆինանսական տրամադրությունը` ստեղծված հարստության անհավասար բաժանումը: Հավատում ենք, որ կարելի է ապահովել գլոբալ հարստության ավելի արդար բաժանման ձեւ ու ստեղծել նույնանման կարելիություններ բոլորի համար: Այդ իսկ պատճառով, հավատում ենք որ համաշխարհայնացումը պետք է կառուցված լինի` դիմակայուն զարգացմանևմարդու իրավունքներիևժողովրդավարության եռանկյունու վրա:
Համաշխարհայնացումը ստեղծում է մշակույթային միօրինակություն, սպառնալով ազգային ինքնությունների պահպանման ու զարգացման, նաեւ առաջացնում է նոր հարցեր ու վեճեր, ինչպես` կենսոլորտի վատթարացում, մշակույթային-քաղաքակրթական տարակարծություններ:
Անշուշտ ամեն երեւույթ նաեւ իր դրական կողմն ունի, որից պետք է լավագույնս օգտվել: Համաշխարհայնացման պարագային դրական են աշխատանքի նոր շուկաները` կապված միջազգային առեւտրին, նաեւ` մշակույթի ու գիտության մեջ նոր գաղափարների տարածումը:
Կան նաեւ հուսադրիչ երեւույթներ, ինչպես Միջազգային Քրեական Ատյանի ստեղծումը, որը պիտի գա դատելու ցեղասպանություն եւ պետական ահաբեկչություն կազմակերպողներին ու գործադրողներին:
Աշխարհը ունի իր հարցերը, իսկ այդ աշխարհին մաս ենք կազմում նաեւ մենք: Երբեւե չպետք է ունենանաք այն խաբկանքը, թե մեր հարցերը զարգանում են ընդհանուրից զատ: Համընդհանուրի հետ քայլ պահելով հանդերձ, պիտի գիտակցենք մեկ պարզ ճշմարտություն. մենք ենք միայն մեր հարցերի տերը:
Անցած տարիներին մեծ զոհողությունների գնով մենք փորձել ենք ներկա լինել միջազգային մեզ հասու բոլոր բեմերի վրա: Ու համընդհանուրի հետ համաքայլ` ամեն առիթ օգտագործել ենք` մեր ազգի, մեր հայրենիքի դիմագրաված հարցերը արծարծելով:
Քաղաքական հարաբերությունների ներկնապնակի բազմազանությունից առաջինը եւ հատկանշականը, Ընկերվար Միջազգայնականի (սոցինտերնի), նրան անդամակցող եւ տարբեր երկրներում իշխանութեան ղեկին կանգնած ընկերվար կուսակցությունների հետ յարաբերությունն է: Մասնավոր կարեւորություն ունի, անշուշտ, երկար տարիներ հետո Ընկերավար Միջազգայնականում մեր կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակի վերականգնումը: Ներկայություն մի ասպարեզում, որ ոչ միայն հաջողություն է կուսակցության համար, այլեւ կարեւոր բեմ է` Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի, Հայոց Ցեղասպանության հարցեր արծարծելու:
Անցնող քառամյակին մեր հարաբերությունները չեն սահմանափակվել միայն ընկերվարական կուսակցությունների եւ շարժումների հետ: Այն ընդգրկել է նաեւ պետական շրջանակներ, ինչպես մեր դարավոր հարեւան Իրանի, Ռուսաստանի, Հունաստանի պետական շրջանակները, ինչպես նաեւ ամենօրյա աշխատանք` Եւրոպայում, հարավային ու հյուսիսային Ամերիկաններում, արաբական աշխարհում: Հատկանշական է նաեւ երիտասարդական եւ ուսանողական մեր միությունների մակարդակով մասնակցությունը` մեզ հասու միջազգային բոլոր երիտասարդական հավաքներին:
Եւ այդ բոլորը մէկ անգամ եւս վկայում են, որ մենք ենք մեր հարցերի տերը… Ցեղասպանության ենթարկված, աշխարհացրիվ դարձած մեր ժողովուրդը իր հայրենիքի մի մասում հիմնել է պետականություն, պարտադրաբար գլխավոր նպատակ ունենալով մեր ժողովրդի գոյության ու անվտանգության ապահովման եւ համընդհանուր զարգացման երաշխիքների ստեղծումը: Գլխավոր նպատակին միշտ պետք է ձգտենք` էլավելի անխոցելի դարձնելով Հայաստանի Անկախ Հանրապետությունը` մեր նպատակների միջնաբերդը:
Հայկական պետականության, Արցախը ներառյալ, ամրապնդումն ու հզորացումը, նրա սահմաններից ներս ապրող ժողովրդի ազատությունն ու բարգավաճումը, այս հանգրվանում, մեր գերխնդիրն է: Անմիջապես հստակացնենք. սա, անշուշտ, չի նշանակում, թէ միջազգային բեմի վրայ այլեւս այլ հարցեր չունենք: Հայ Դատի, ազգային հարցերի արծարծումով, հետապնդումով, մեր ներկայությունը հաստատելով, մեր ազգային իրավունքների պահանջատիրությունը մեր ժողովրդի լայն խավերի հիշողության մեջ վառ պահելով ու առօրյա կեցվածքների վերածելով հանդերձ` այս հանգրվանում այլ ճակատներում չպետք է փնտրենք առճակատումներ:
Այժմ` մեր հարցերը.
Հայկական Ցեղասպանության, Արեւմտահայաստանի, հայ-թուրք եւ Թուրքիա-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների մասին: Եթե Ցեղասպանության ճանաչման հարցը մեր արժանապատվության հարցն է եւ իբրեւ այդպիսին պատմական հարց չէ, այլ` առօրյա եւ ապագային միտված խնդիր, ապա Արեւմտահայաստանի հարցը մեր իրավունքի մեր գոյությունը ապահովող, հարատեւությունը պայմանավորող անհրաժեշտություն է: Մենք անցյալով սահմանափակված չենք, ոչ էլ մեզ առաջնորդում է ատելության, ագրեսիվության մարմաջը: Մեր իրողությունից ելնելով` մենք հավատացած ենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու Արեւմտահայաստանի ազատագրումը մեր այսօրը, ապագան կարելի դարձնող պահանջատիրություն է:
Մենք դեմ ենք, այսպես կոչված, «թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի», նրա բացահայտ, բայց նաեւ ոչ-բացահայտ գործունեությանը: Հաշտությունը կարող է հիմնվել միայն ճշմարտության եւ փոխադարձ հարգանքի վրայ: Թող ոչ ոք մեզ չհամոզի, թե թուրքերը չգիտեն կամ դեռ իրենց համար փաստված չէ Ցեղասպանությունը: Ցեղասպանության հարցը սակարկելի չէ, այն պատմական միջադեպ չէ, որ քննության նյութ դառնա: Այն ժամաակի մեջ եւ այսօր իսկ շարունակվող փաստ է: Միթե կարելի է վիճարկել արեւի գոյությունը: Այս ինչ անհեթեթ ու վտանգավոր խաղ է, որին տրվել են մի քանի հայեր եւս:
Այսօրվա Թուրքիան ցեղասպանություն ծրագրած ու գործադրած նույն Թուրքիան է: Փաստը` նրա շարունակվող ուրացման քաղաքականությունն է, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վիճակը, Պոլսում հայության նկատմամբ ազգային խտրականության եւ ձուլման քաղաքականությունը:
Ոչ ոք ստույգ տեղեկություն չունի Արեւմտահայասանում եւ Թուրքիայի այլ վայրերում ապրող հայության իրական պատկերի մասին: Ըստ պաշտոնական տվյալների այդպիսիք չկան, սակայն վերջին տարիներին դեպի Եւրոպա եւ այլուր այդ շրջաններից արտագաղթած մի քանի տասնյակ հազար հաշվող հայության պատկերը այլ բան է վկայում: Ինչու են Ցեղասպանությունից ճողոպրած հայության բեկորները պարտավորվում թաքցնել իրենց ազգային ինքնությունը, ինչու են Ցեղասպանության ճիրաններից փրկված, բռնի իսլամացած հայերը, քանի տարին մեկ, պարտավորվում հրապարակայնորեն կրկին իսլամանալու: Ուր են մարդկային իրավունքների պաշտպանները, ինչ արդիական Թուրքիայի մասին է խոսքը:
Պատահական չէ, որ Արցախի հարցով Թուրքիայի դիրքորոշումը կտրուկ զանազանվում է Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր հարեւաններից: Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը Թուրքիան պայմանավորում է Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծումով. Թուրքիան նույն Թուրքիան է, իր ագրեսիվ ու պանթուրքիստական նկրտումներով:
Հայ-թուրքական հաշտությունը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կեղծ օրակարգ է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան հերքում է Ցեղասպանության փաստը: Հայաստանի հետ իր սահմանը Թուրքիա՛ն է փակել, նա՛ սահմանի բացման համար է նախապայմաններ դնում, շարունակո՛ւմ Ցեղասպանությունը մեր բռնագրաված հայրենիքում: Մինչդեռ որոշներ, շնչակտուր օր ու գիշեր խոսում են սահմանների բացման մասին: Թուրքիան կրկնում ու կրկնում է իր նախապայմանները, իսկ նույն մարդիկ փորձում են համոզել թե դարը փոխվել է, ժամանակն է հաշտության: Իսկ դարը Թուրքիայի համար չի փոխվել:
Թուրքիան, իր պաշտոնական եւ ոչ-պաշտոնական ներկայացուցիչներով, հայ-թրքական հաշտության խաղերում հաշտություն չի փնտրում: Նա ձգտում է այդ միջոցով մեր շարքերը պառակտել, կոտրել մեր կամքը, Ցեղասպանության հարցը ապաքաղաքականացնել եւ հաչս ուրիշների ծուռ պատկերացում ստեղծել հայ-թուրք հարաբերությունների մասին:
Ցեղասպանության հարցը սակարկության առարկայ չէ: Թող գերպետությունները գաղտնի ու բացահայտ ֆինանսավորեն հայ թրքական հաշտության թատրոնը: Սակայն, մեր իրավունքների ու հիշողության հաշվին, նրանք չեն կարող Թուրքիային պարտադրել մեզ` մեր տարածաշրջանին: Նրանք պէտք է փորձեն այլ կերպ ներկայություն ապահովել այստեղ:
Կրկնում եմ` հայ-թրքական հարաբերությունները ազգային անվտանգույան հարց է, այն միայն այսօրվա հարց չէ, այն մեր ապագայի վրա ազդեցություն ունեցող հարց է: Մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա որեւե հարաբերության, եթե այն պետք է նշանակի որեւե նախապայմանի ընդունում մեր կողմից, եթե այն պետք է նշանակի մեր իրավունքներից, մեր իրավունքների ինչ որ մասից հրաժարում:
Մենք շարունակելու ենք պայքարը, շարունակելու ենք մեր ճնշումը թուրքիայի վրա, մինչեւ վերջնական հաղթանակի ապահովում, մինչեւ ցեղասպանության փաստի միջազգային ճանաչում, մինչեւ Միացյալ Հայաստանի կերտում:
Հայ-թրքական հաշտության հանձնաժողովի դավն ու շփոթը դիմագրավելուն զուգընթաց, անցած քառամյակում դեմ հանդիման գտնվեցինք նաեւ հայրենի Ջավախքին սպառնացող վտանգին: Մենք պարտավորվեցինք բարձրաձայն խոսել ջավախահայության ինքնավարության մասին, Ջավախքում տիրող իրավիճակի մասին:
Հակառակ ոմանց վախվորած ու կասկածամիտ կեցվածքների, այսօր Ջավախքը այլեւս հայկական օրակարգին մաս է կազմում, այն նաեւ ներկայություն է այնտեղ, ուր քննության նյութ է Վրաստանի վաղվա օրը. իսկ մեզ մօտ, բարեբախտաբար, նահանջի մեջ են վախվորածությունն ու կասկածամտությունը:
Վրաստանի իրարհաջորդ իշխանությունների վարած ազգային խտրականության քաղաքականության զոհ դարձած, տնտեսական եւ ընկերային ծանր վիճակի տակ կքած, միաժամանակ Արցախի հարցի` Հայաստանի Հանրապետության խոցելիությամբ կաշկանդված հայրենի Ջավախքը, այլեւս վառոդի տակառի է նման. այն բոլոր պառճառները ունի պայթելու: Այս իրողությանը պետք է գիտակից լինեն նրանք, ովքեր մտահոգ են Վրաստանի ու տարածաշրջանի վաղվա օրվա համար: Կարեւոր չէ, թե մենք ինչ ենք ցանկանում, այն կարող է ինքնիրեն պայթել. ամէնից վտանգավորը` այդ տակառին ուրիշները եւս կարող են կրակ մոտեցնել:
Իսկ մենք ցանկանում ենք ուժեղ, կայուն Վրաստանի կազմում պետական գուրգուրանքի արժանացած ինքնավար Ջավախք:
Մենք թանկ ենք գնահատում Վրաստանի հետ բարեկամությունը, մենք նաեւ կարող ենք բծախնդրորեն շահագրգիռ լինել Վրաստանի հողային ամբողջականության հարցում, եթե Վրաստանի իշխանությունները իրենք գիտակցեն, որ ընթացք չտալով ջավախահայության ինքնավարության պահանջին` կարող են վտանգել Վրաստանի ընդհանրական շահերը:
Ազգովի պետք է տեր կանգնենք ջավախահայության ինքնավարության պահանջին. ոչ ոք իրավունք չունի հակադրվելու այդ պահանջին: Մենք շատ անելիքներ ունենք, պարտական ենք Ջավախքին, մենք չենք կարող անտարբեր լինել` ի տես Ջավախքում առկա ընկերային պայմանների, հաղորդակցական միջոցների, մշակույթային կյանքի բացակայության. մենք չենք կարող լուռ վկան լինել ջավախահայության մարդկային իրավունքների կոպիտ ոտնահարման փաստերին: Քաղաքական երեսպաշտությունն ու միջազագայնացող քաղքենիական ստրկամտությունը ներելի չեն: Չկորցնենք մեր արժանապատվությունը, երբեմն տարօրինակ դրսեւորումներ ունեցող միջազգային էտիկայի, այսպես ասած, նորմերը պահպանելու ոմանց ձգտումների առաջ:
Ջավախահայության արդար պահանջներին հետամուտ են նաեւ սփյուռքյան մեր կառույցները: Սփյուռքը որպես Ցեղասպանության հետեվանք, քաղաքական երեւույթ է, այն Հայաստանի շարունակությունն է, մեր հավաքական ճակատագրի տնօրինման հարցում նույնքան տեր է ու նույնքան դերակատար: Սփյուռքը նաեւ մենք ենք, մենքը կազմված է նաեւ Սփյուռքով:
Սփյուռքը դիմագրավում է մի նոր իրողություն, ավանդական Սփյուռքն այսօր գրեթե կրկնապատված է Հայաստանի Հանրապետությունից եւ Արեւմտահայաստանից արտագաղթածների նոր զանգվածով: Արտագաղթը ցավալի ու անընդունելի երեւույթ է մեզ համար, եւ սակայն այդ երեւույթի դեմ պետք է պայքարել հայրենիքում. անմտություն է նրանց նկատմամբ մերժողական, վանողական որեւե վերաբերում Արտերկրում: Վերջին շրջանում ձեւավորվել են նոր համայնքներ, իսկ այսպես կոչված` խորհրդային Սփյուքում հսկայական աշխատանք կա ազգային, հասարակական կյանքը կազմակերպելու առումով: Հավատացած ենք` առաջնահերթությունը պետք է տրվի առավել խոցելի, բայց միաժամանակ քաղաքական գործոն դառնալու ներուժ ունեցող շրջաններին:
Սփյուռքի վերակազմակերպումը պետք է կարողանա հայկական համայնքներին վերադարձնել մեկ ամբողջությամբ ապրելու, գործելու, մրցակցության պայմաններում միասնական կյանք վարելու հնարավորությունը: Այն պետք է կարողանա հնարավորություններ ստեղծել` հասարակական նույն շերտերին պատկանող առանձին անձանց համագործակցության, միմյանցով հզորանալու համար: Այն պետք է կարողանա Արտերկրում առկա հսկա կարելիությունները կազմակերպել, տարտղնված ուժերը ի մի հավաքել` հայկական ուժի հայկական համակարգի մաս դարձնել:
Դրա ամենավառ օրինակը 2002 թվականին Փարիզում ավելի քան երկու տասնյակ երկրներից հայ խորհրդարանականների, քաղաքական գործիչների ու հայ ժողովրդի բարեկամների համախմբումն էր, ՙՊրո Արմենիա՚ խորհրդաժողովի կազմակերպումը:
Սփյուռքը պետք է քաղաքականանա` իր քաղաքական դերակատարությունը ավելի կազմակերպ ու համաժողովրդային, մակարդակի բարձրացնելով: Մեծ ճիգ ու ջանքի իբրեւ արդյունք` 2001-ին իրականություն դարձավ Եւրոպայում Հայ Դատի գրասենյակը: Մենք այսօր ուրախությամբ ենք արձանագրում, որ արդեն իսկ կայացած է այն, սակայն համընդհանուր ճիգ ու ջանքով պետք է նոր թափ ու ծավալ տանք Վաշինգտոնի, Բրուքսելի եւ Մոսկվայի մեր Հայ Դատի արդէն իսկ կայացած գրասենյակների գործունեությանը:
Համակուսակցական մեր ցանցին զուգահեռ աշխատող Հայ Դատի հանձնախմբերի` թե Հայ Դատի հետապնդման, թե Հայաստանի Հանրապետության վարկի բարձրացման, թե տնտեսական զարգացման եւ Արցախի հարցի գծով ծավալած աշխատանքը օրըստօրե պետք է կարողանանք ընդարձակել, առավել կազմակերպված ձեւի ու նոր ազդու մակարդակի բարձրացնելով:
Սփյուռքի կազմակերպված քաղաքական աշխատանքի միջոցով, պետք է կարողանանք նաեւ նորանոր դռներ բացել, տնտեսական նոր կարելիություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, այս աշխատանքով մենք շատ ավելի մեծ նյութական հնարավորություններ կստեղծենք մեր երկրի համար, քան մեծ զոհողությունների գնով, համայնքային հանգանակությունների իբրեւ արդյունք նվիրատվություններով:
Սփյուռքահայության երկքաղաքացիության իրավունքը նրանց ազգային իրավունքն է: Մենք, հավատացած ենք` նաեւ մեր ժողովուրդը, հետամուտ է լինելու, նոր Սահմանադրության ընդունումով երկքաղաքացիության իրավունք տրվի սփյուռքահայությանը անխտիր: Անմիջապես ավելացնենք` նույնքան հավատացած ենք, որ ամեն մի իրավունք նաեւ՛ պարտավորություններ է նշանակում:
Անցնող տասնամյակին Սփյուռքի հետ մենք դիմագրավեցինք դժվարություններ, միասին կերտեցինք նաեւ մեր երկրի Անկախությունն ու Արցախի հաղթանակը:
1988-ին Ազատության հրապարակում` «Ղարաբաղը մերն է», իսկ Ստեփանակերտի հրապարակում` «Միացում» նշանախոսքերի վճռական, համաժողովրդային վանկարկումով մեկնարկվեց միացյալ Հայաստանի, ազատության ու անկախության մեր երթը: Երթը պետք է շարունակվի մինչեւ վերջնական հաղթանակ:
Այսօր փաստացի Ղարաբաղը մերն է, այն Հայաստանի Հանրապետության շարունակությունն է: Սակայն 88-ին մեկնարկած երթը պետք է շարունակվի մեր չքնաղ Շահումյանի, մեր Գետաշենի ազատագրության, Արցախի միացման փաստի միջազգային ճանաչման վերջնական հաղթանակով:
Մենք հավատացած ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ: Բայց պետք է հիմք համարվի Արցախի այսօրվա իրավիճակը, որ վերջին տասը տարիների զինադադարի, կայունության ամենավճռական գործոնն է: Մենք հավատում ենք, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստել բարյացակամությամբ, բայց նաեւ` վճռականությամբ: Վերջին շրջանի ադրբեջանական մերժողական կեցվածքները, հարցի հանգուցալուծման ձգձգման քաղաքականությունը բավարար չե՞ն համոզվելու, որ ժամանակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիշխանության հայտարարության` Ղարաբաղի այսօրվա փաստացի սահմանների վրա: Ազատագրված տարածքները Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիք են եւ մաս են կազմում ԼՂՀ ամբողջականության: Ուստի համազգային կամքով մասնակից պետք է դառնանք Ադրբեջանական հալածանքների հետեւանքով գաղթական դարձած հայության իրենց բնակավայրերը վերադարձնելու, ազատագրված տարածքները վերաբնակեցնելու կարեւոր գործին:
Անցած քառամյակում, համահայկական կազմակերպված մակարդակով, գաղթականության դեպի Արցախ ներգաղթը, նրանց իրենց բնօրաններում` սահմանամերձ շրջաններում վերաբնակեցնելու, ավերված գյուղերը վերականգնելու մեր ճիգերը վերջին պահին ձախողվեցին: Ինչ արած ոմանք կյանքում այլ բան են փնտրում, թեպետ հայտնվել են ազգային առաքելություն ունեցող հանգամանքում: Թեեւ ժամանակ կորցրեցինք, բայց մենք արդեն իսկ կրկին սկսել ենք գործը, յառաջիկայում ավելի մեծ թափ ենք հաղորդելու վերաբնակեցման այսօրվա մեր ճիգերին:
Չորս տարի առաջ, հալածանքները դեռ նոր հաղթահարած Հ.Յ.Դաշնակցությունը հայրենի հողի վրա գումարում էր իր Ընդհանուր Ժողովը: Ուրախ էինք, բայց մեր ուրախությունը պղծված էր նոր էր տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ը, դեռ ապրում էինք այդ չարաբաստիկ օրվա ծանր տպավորությամբ: Երկրում շփոթ կար ու կասկածի մթնոլորտ, թվում էր` իշխանությունները ոչ թէ զբաղվում են երկրի կառավարմամբ, այլ` միմյանց խանգարելով:
Ընդհանուր վիճակից ազդված էր նաեւ մեր ժողովուրդը թե հայրենիքում, թե Արտերկրում: Տիրական էր համընդհանուր հուսահատության մթնոլորտը: Ընդհանրապես բացակայում էր հավատքը մեր նկատմամբ իսկ: Գերզգայուն, դյուրաբեկ այդ պայմաններում, հնարավոր չեր մտածել անհրաժեշտը, ոմանք կասեին` անկարելին կարելի դարձնելու մասին, եւ երկիրն ու մենք քայլեցինք հնարավորը կարելի դարձնելու ուղիով:
Հնարավորի ուղին ընտրեցինք, որովհետեւ, նախորդ` պարտվողական քաղաքական ուղղությունից հետո, անհրաժեշտ էր փրկել ազգային հարցերի առումով որդեգրված ուղղությունը, Երկրի անվտանգության ու կայունության ապահովումը, զարգացման ուղղության շարունակումը:
Երբ փոքր ես եւ քո կեցվածքները ծառայում են միայն քո կայանալուն եւ չունեն դեպքերի ընթացքի վրա էական ազդեցություն, երբ քո քաղաքականություն կոչվածը լոկ անձնական կարիերայի ապահովման միջոց է, երբ ատելությունը բռնում է աչքերդ եւ, ազգային քաղաքական հարցերում, ի վիճակի չես հեռուն տեսնել, կարող ես քեզ թույլ տալ ամեն ինչ: Բայց մեր տեսակը, Դաշնակցության տեսակը մեզ թոյլ չի տալիս նման շռայլանք:
Եւ քայլեցինք մեր ինքնուրույնությունն ու մեզ հատուկ բարոյականությունը մեկնակետ, Երկրում կայունության ու արդարության, ազգի մեջ միության հաստատումը նպատակակետ դարձնելով:
Լարվեց երկրի ներքաղաքական կյանքը, Ազգային Ժողովի մեծամասնությունը պահանջեց նախագահի ու Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի հրաժարականները, հետո հետզհետե փոխվեց իրավիճակը` նշանակվեց նոր վարչապետ, ձեւափոխվեց Ազգային Ժողովի մեջ ուժերի դասավորությունը: Մենք հետեւողական մնացինք մեր որդեգրած քաղաքականության մեջ:
Հոկտեմբեր 27-ից հետո, մենք վերահաստատել էինք մեր զորակցությունը երկրի Նախագահին: Ծանր օրեր էին, մենք կրկնակի էինք կարեւորում մեր կեցվածքը, թեեւ բոլոր հարցերում չէ որ համակարծիք ենք եղել նախագահի հետ: Նախագահի գործնապաշտությունը, արդար լինելու համար` նաեւ Ազգային Ժողովի այդօրվա պատկերը, օրըստօրե նախագահի աչքին մեծացրեցին եւ հանիրավի կարեւորեցին օլիգարխների, ապաքաղաքական եւ տնտեսական տարրերի դերակատարությունը երկրում: Նախագահը մասամբ պարտադրված փաստերով, մասամբ անհրաեշտ վճռականությունը չցուցաբերելով` հանդուրժեց երկրում կոռուպցիայի, անարդարության, արդեն վաղուց մեկնարկված, հաղթարշավը:
Ի միջի այլոց, պետք է նշենք, որ այս եւ հետագա բոլոր գնահատականները օրը օրին փոխանցել ենք ուր որ անկ է:
Շարունակեցինք մնալ Նախագահի կողքին` նաեւ ի հակակշիռ ապաքաղաքական տարրերի ճնշող ներկայության: Միաժամանակ միշտ բծախնդիր եղանք եւ մեր ձայնը հնչեցրինք երկրում առկա բացասական գործընթացների ու երեւույթների նկատմամբ, պահանջեցինք սոցիալական արդարության եւ համերաշխության հիմքերը ստեղծել:
Անցած տարիներին պատահեց, որ ներկա եղանք կառավարության կազմում կամ մերժեցինք մաս կազմել կառավարութեանը, սակայն միշտ հավատարիմ մնացինք մեր կողմից հայտարարված քաղաքականությանը եւ սկզբունքներին:
Մեծ հույսերով գնացինք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին. ընտրություններ, որոնք պետք է կարողանային համոզիչ լինել, որոնք պետք է կարողանային նորովի եւ իրականորեն ձեւավորել Հայաստանի քաղաքական դաշտը:
Նախ Նախագահական ընտրությունների մասին.
Ի սկզբանե հավատացած էինք, որ երկրին ու ժողովրդին ամենից շատ անհրաժեշտ էր արդար, ու համոզիչ ընտրությամբ ընտրված նախագահ: Հավատացած էինք, որ մեր պաշտպանած թեկնածուն այդ հաղթանակը ապահովելու բոլոր տվյալները ունի: Համոզիչ ընտրություններով ընտրված նախագահը պետք է ձերբազատված լիներ պարտադրված գործընկերներից, պետք է ունենար անկաշկանդ գործելու ազատություն: Իսկ որոշների համար պետք չէր ազատ եւ ուժեղ նախագահ…..եւ տեղի ունեցան խախտումներ, որոնց անհրաժեշտությունը երբեք չկար, որոնք, համոզված ենք, չէին կարող ազդել ընտրութեան իրական արդյունքների վրա: Առջեւում Ազգային Ժողովի ընտրություններն էին եւ ոմանց համար վատ նախադեպ կարող էին դառնալ կեղծիքներից զերծ նախագահական ընտրությունները:
Ազգային Ժողովի ընտրությունների գնացինք բոլորս: Ոմանք` ամբոխավարությամբ ու կեղծ անդամահավաքների ճամփով, ոմանք սահմանափակվեցին ժողովրդի ու պետության հաշվին ձեռք բերած հարստությունը ընտրակաշառքի վերածելով, ոմանք ընձեռված լծակներով ու կարելիություններով հասան ընտրությունների իրենց նպաստավոր արդյունքների: Ուրիշներն էլ հայհոյախառն քննադատություններով ու ընտրակաշառքախառն ամբոխավարությամբ փորձեցին փախցնել դժգոհ ժողովրդի քվեները:
Մենք վարեցինք աշխատատար, դասական ընտրապայքար. արդյունքում, ըստ հայտարարված արդյունքների, մենք պահեցինք մեր նախկին դիրքերը: Վրդովմունքը մեծ էր. ոչ թե մեծ հաղթանակ չունենալու պատճառով. առնվազն մենք լավ գիտենք, որ ընտրպայքարների համար ստեղծված կուսակցություն չենք, մենք ինչ-որ ժամանակավոր ընտրակուսակցություն չենք, մենք երկար շունչի կուսակցություն ենք եւ չէինք կարող եւ չենք կարող պահի հաջողության համար վտանգել մեր ապագան եւ ոչ միայն ապագան: Մեր վրդովմունքը մեծ էր ի տես լկտի ամենաթողության, ուր չհարգվեցին նույնիսկ փողոցի կանոնները, ճամբարակիցները նույնպես մեջքից դաշունահարվեցին: Մեծ էր վրդովմունքը ի տես այն բանի, որ երկիրը բնականոնացնելու մի բացառիկ հնարավորություն եւս կորցրեցինք մեր ամբողջ ճիգն ու ջանքը անարդյունք մնաց, ոչ ոք չկանգնեց մեր կողքին, նույնիսկ նրանք, որոնց հետ ճամփա էինք հարթել, ովքեր մեզ հետ համակարծիք էին, իբրեւթե:
Ընտրախախտումները այնքան դաժան էին: Բայց նաեւ ընտրախախտումները վկայությունն էին այն բանի, որ երկրում թոյլ են քաղաքական կուսակցությունները: Դառն իրականություն է, որ ոչ ոք ամենուր չուներ կազմակերպված, վստահելի բավարար մարդուժ, գրեթե համատարած էր ընտրահանձնաժողովների` կուսակցություններին պատկանող տեղերի վաճառքը: Մենք մեր անկարողությամբ նաեւ թույլ տվեցինք ընտրախախտումներ: Այս հաստատումը, կատարում ենք առաջին դեմքով, որ ոչ ոք չմտածի, թե մենք ինչ-որ բան ցանկանում ենք արդարացնել. անշուշտ չեն արդարանում կեղծարարները, սակայն կուսակցություններս, ճիշտ դասը առնելով, պետք է խորհենք, թե մինչեւ առաջիկա ընտրություններ ինչքան լուրջ աշխատանք ունենք անելու:
Քանի դեռ չունես ժողովրդի մոտ գաղափարական ճանաչողություն, չես շահել ժողովրդի գիտակից համակրանքը եւ չես ձեւավորել համապատասխան կազմակերպվածություն, մի դեպքում ստիպված ես լինելու դիրքերդ պաշտպանել ընտրախախտումներով, մի այլ դեպքում` ծայրահեղությունից-ծայրահեղություն մղվելով, փորձելու ես բարձրացնել ժողովրդային ալիք եւ վստահ չես հաջողելու ու հուսահատվելով` հուսահատություն ես տարածելու: Դեռ կա ավելի վտանգավորը, այդ հոգեվիճակը հավանական է դարձնում ոմանց կամայ թե ակամա օտարի համար միջոցի, հինգերորդ զորասյան վերածվելը:
Տեղին է նաեւ ըստ արժանվույն գնահատել այն ուժերին, քաղաքական դերակատարություն ունեցող պատասխանատուներին, խոսքս մասնավորաբար վերաբերում է ընդդիմության ճակատում դերակատար որոշ անձանց, որոնք հետընտրական լարված մթնոլորտում եղան զգոն, շրջահայաց եւ երկիրը զերծ պահեցին ավելորդ ցնցումներից: Այս հաստատումը կատարելով, միաժամանակ, պետք է հիշենք, որ այսօր, մենք դժգոհությամբ ենք արձանագրում իշխանություն-ընդիմություն երկխոսության բացակայությանը:
Սակայն հանուն մեզ, մեր սերունդների ու այս պետականության պետք է կարողանալ մեկ կողմ դնել վիրավորվածությունը… Այո՛, այս երկրում կա՛ անարդարություն, կա՛ կոռուպցիա, կա՛ ստվերային տնտեսություն, կա՛ աղքատություն եւ պետք է պայքարել այդ ամենի դեմ. բայց ընդունեք, որ նաեւ կա՛ առաջընթաց, կա՛ զարգացում, կա՛ բարեփոխում եւ պետք է ի վիճակի լինենք տեսնել նաեւ այդ առաջընթցը:
Ապստամբությունները մեր երկրի համար այլեւս շռայլություն են. սա մենք ենք ասում, մենք, որ հակառակ շատ-շատերի` մեր պատճառով չէ որ անարդարության կա այս երկրում. մենք երեկ իշխանություն չենք եղել որոշների նման, մենք այսօր էլ այն իշխանությունը չունենք… Պայքարի ձեւը ամենօրյա աշխատանքն է, քաղաքական գործը ու ընտրությունները:
Ընտրություններից հետո, երկրում պարզվեց հատուկ մթնոլորտ, թվում էր` թե մենք այլեւս մաս չպետք է կազմենք այս իշխանություններին, թվում էր` թե մեր դեմ աշխատողները այլեւս մեզ իրենց կողքին չպետք է ցանկանային տեսնել, թվում էր` թե մասնավոր ճիգեր ի գործ դրած եւ մեծամասնություն ապահոված ուժերը, ձեռք ձգած արդյունքը լավապես օգտագործելով, իրենց ուսերին պետք է առնեին, պատասխանատվության ամբողջական բեռը: Բայց այդպես չեղավ:
Երկրի նախագահը եւ կամա թե ակամա մեծամասնություն կազմող ուժերը ցանկացան մեր մասնակցությունը կոալիցիայի կազմում: Մեծամասնություն կազմած ուժերը մեզ պետք չունեին մեր քվեների համար, հավանաբար իրենց այդ քայլին մղողը երկրի Նախագահն էր, բայց նաեւ իշխանությունների համար հավելյալ հեղինակություն, վստահություն եւ կայունություն ապահովելու մտահոգությունը: Բայց դա կարեւոր չէ, կարեւորը այն է, որ մենք եւս համաձայնեցինք մաս կազմել կառավարությանը, ինչո՞ւ:
Անկախ խորհրդարանում առկա ուժերի պատկերից, շատերի հետ միասին, մենք եւս լաւապես գիտակցում ենք, որ հայկական իրականության մեջ մեր տեղն ու կշիռը շատ ավելի մեծ է, քան Ազգային Ժողովում մեր ունեցած քանակական պատկերը: Ուստի շատ բնական էր, որ մեզ չէին փնտրի Ազգային Ժողովում մեր քվեների համար:
Այլ` Երկրի կայունության, որդեգրված ազգային քաղաքական գծի շարունակականության ապահովման համար,
Հավատալով, որ իշխանության մեջ մեր ներկայությամբ, առավել ազդու կարող ենք պայքարել երկրում առկա բացասական երեւույթների դեմ,
Նախագահի գլխավորությամբ, Երկրում տեղի ունեցող բարեփոխումների շարունակականության ապահովման, Նախագահի ընտրական եւ հետընտրական հայտարարած ծրագրային դրույթների իրականացման, իշխանությանց մեջ նրա դիրքերի ամրապնդման համար` մենք որոշեցինք մասնակցել ձեւավորվող կոալիցիային:
Համախոհական Կառավարության մեջ մեր մասնակցությունը ինքնանպատակ չէ՛ր եւ մեր առաջարկությամբ ու պնդումով, մասնակցող կողմերի միջեւ ստորագրվեց պայմանագիրը:
Պայմանագիրը հրապարակվեց, սակայն հիշեցման կարգով նշենք, որ Համախոհական Կառավարության պարտավորությունն էր հետապնդել հետվյալ քաղաքական առաջնահերթությունները.
– սահմանադրական բարեփոխումներ,
– քաղաքական, մասնավորապես ընտրական համակարգի բարեփոխումները` կուսակցությունների դերի բարձրացման նպատակադրումով,
– ընդգծված սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականության իրականացումը,
– հակամենաշնորհային քաղաքականությունը եւ ազատ մրցակցային տնտեսության երաշխավորումը,
– կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը:
Պայմանագրի ստորագրությամբ եւ համախոհական կառավարության համար քաղաքական առաջնահերթությունների հստակեցումով մենք ՀՀ-ի քաղաքական կյանքում նոր որակի միջկուսակցական համագործակցության նախադեպն էինք ստեղծում, իսկ մեզ համար կառավարության մեջ դերակատար դառնալու մի նոր որակ, որ էականորեն տարբերվում էր նախորդ կառավարությունների մեջ մեր մասնակցության ձեւից ու բնույթից:
Այո, մեզ համար կառավարության կազմին մասնակցությունը, երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք համաձայնել ենք մաս կազմել կառավարությանը` հստակ գիտակցելով, որ մեր դերակատարությունը սահմանափակ է լինելու. սակայն մենք ներկա ենք այնտեղ, որպեսզի ավելի ազդու պայքարենք հասարակության օրըստօրե ահագնացող բեվեռացման դեմ, կարողանանք տնտեսական քաղաքականությանը տալ սոցիալական ուղղվածություն, որպեսզի կազմակերպված պայքար ծավալենք կոռուպցիայի, ստվերային տնտեսության եւ ընդհանրապես անարդարությունների դեմ:
Հաջողվո՞ւմ է մեզ` մեր առջեւ դրված նպատակները իրականացնել: Անշուշտ, մենք գոհ չենք արդյունքներից, թեպետ կան հաջողություններ, բայց ոչ բավարար: Մենք անարդարորեն պատասխանատու ենք համարվում բոլոր այն ոլորտների համար, որոնց հետ ոչ հեռվից եւ ոչ էլ մոտից որեւէ առնչություն չունենք, մենք, առայժմ չենք հաջողել կառավարության մեջ ստեղծել հավաքական ղեկավարություն: Մենք չենք հաջողել կառավարությունը դարձնել քաղաքական մարմին, մենք հեռու ենք Երկրում ընթացող քաղաքական, հասարակական իրադարձությունների վրա պատասխանատվության բարձրությունից ներգործոն դերակատարություն ունենալուց: Մենք պատասխանատու ենք համարվում նաեւ այն պետական չինովնիկի համար, որի համար պետական պաշտոնը միջոց է` կաշառակերության, երկրի հարստության տիրացման համար, իր բիզնեսի հաջողության ի խնդիր մրցակիցներից ձերբազատվելու, առավելություններ ապահովելու համար: Մենք պատասխանատու ենք համարվում այն ՙարտոնյալ՚ անձանց համար, որոնք հասարակական միջավայրում իրենց պահում են լկտիորեն, որոնք բացահայտ օրինախախտումներով, ամբարտավան կեցվածքներով վիրավորում են մեր հասարակության արժանապատվությունը: Պատասխանատու ենք համարվում այս ամենի համար, երբ մեր իսկ առաքելությունը այդ երեւույթների դեմ պայքարն է:
Մենք, մեծ ճիգերով, փորձում ենք մեծացնել մեր դերակատարությունը կառավարության ներսում, մենք դեռ չենք սպառել մեր կարելիությունները, մենք դեռ հուսահատ չենք: Չենք խուսափում այս փաստի մասին բարձրաձայնել, քանի որ գիտակցում ենք մեր ուժն ու հնարավորությունները:
Այս պայքարում մենք ակնկալում ենք Համախոհական Կառավարության մեջ մեր գործընկերների իրական հավատարմությունը Կոալիցիայի հուշագրում նշված դրույթներին, բայց նաեւ մասնավորաբար ակնկալում ենք Երկրի Նախագահի զորակցությունը, մեր եւ ոչ միայն մեր, այլ նաեւ Նախագահի կողմից բազմիցս հայտատրարված նպատակների իրագործան խնդրում:
Մենք հետամուտ ենքլինելու, որ երկրում ստեղծվի հավաքական պատասխանատվության կարեւոր օղակ հանդիսացող իրական եւ գործող Անվտանգության Խորհուրդ, ուր կարելի կլինի մշակել երկրի անվտանգության հայեցակարգը եւ քննարկել ազգային-ռազմավարական խնդիրներ:
Մենք պարզերես ենք մեր նախարարների, մարզպետների գործունեության համար, որոնց ձեռք ձգած արդյունքների քննարկման առիթը չէ այսօր, բայց նաեւ կարեւոր հաջողություն ենք համարում երկրի անդամակցությունը Եւրոխորհուրդի GRECO հակակուռուպցիոն պայքարի հուշագրին, ուր ունեցանք նաեւ նախագահի անվերապահ զորակցությունը:
Իշխանության մեջ կամ դուրս, մեզ համար անարդարության, աղքատության, կուռոպցիայի դեմ պայքարը ձեւական չէ, այլ` անհաշտ պայքար: Քանի դեռ մեր երկրում կա աղքատություն ու անարդարություն, Հ.Յ.Դաշնակցությունը գործ ունի անելիք, պայքար ունի այս երկրում:
Իսկ մենք մտահոգ չե՞նք, որ իշխանության մեջ լինելով, մենք եւս չենք վարակվի առկա այդ ախտերով, որի դեմ ենք ելել պայքարի: Ամենայն վստահությամբ կարող ենք հաստատել, որ մեր կազմակերպական կառույցը, մեր հազարավոր գիտակից, պայքարի բովից անցած շարքերը այդ մեկը թույլ չեն տալու ոչ ոքու:
Հ.Յ.Դաշնակցությունը, որ ազգի եւ հայրենիքի համար տվել է մարտի դաշտում զոհվելու պատրաստակամ աստղաբույլ, այսօր, գտնվելով կոալիցիայի կազմում պետք է վերահաստատի նաեւ խաղաղ պայմաններում անձնուրաց աշխատանքով ազգային-հասարակական խնդիրների լուծմանը լծվելու իր կարողականությունը:
Մեր կազմակերպությունը, մեր գիտակից կարգապահությունը, բայց հատկապես պահանջատեր, կազմակերպության ինքնուրույնության, սկզբունքայնության նկատմամբ բծախնդիր շարքերը ամենամեծ երաշխիքն են Դաշնակցութեան անշեղ գործունեության եւ հարատեւության:
Այսօր մենք հայկական իրականության մեջ աշխատող ամենահզոր, ամենահեղինակավոր, ամենագաղափարական կազմակերպությունն ենք, սակայն հզոր ենք համեմատության մեջ, ուստի պետք է ձգտենք մեր առջեւ դրած նպատակները իրականացնելու համապատասխան հզորության:
ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովը կոչված է անհրաժեշտ խորությամբ քննարկման առարկա դարձնելու վերոնշյալ, ինչպես նաեւ հայության ու հայ ժողովրդի առջեւ ծառացած այլ խնդիրները եւ նախանշելու առաջիկա քառամյակի գործունեության մեր ուղին:
Վերջում հատուկ ուզում եմ շեշտել մեր պատասխանատվությունը, իբրեւ քաղաքական կառույցի: Ինչ արել եւ անելու ենք` արել ու անելու ենք մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ ունեցած բացառիկ պատասխանատվությամբ: Հայաստանը դառնալու է ուժեղ, կազմակերպված, արդարացի երկիր, Հայաստանն ու հայությունը համատեղ դառնալու են լիարժեք, ինքնուրույն գործոն տարածաշրջանում ու աշխարհում:
Այս պատասխանատվությունը, այս հավատը, այս վճռականությունն են Դաշնակցության երթը երկարել երեք դարերի վրա:
Հաջողություն ենք ցանկանում ՀՅ Դաշնակցության 29-րդ Ընդհանուր ժողովին:
Շնորհակալություն ձեր ներկայության համար: