RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Պայքար Կեղեքման եւ Արդարության Համար

Posted on June 11, 2010, by , under Ելույթներ.

Հանուն Արդարության Պայքարը Հիմնականն է Դաշնակցության Համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ողջույնի խոսքը Ընկերվար միջազգայնականի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախմբի ժողովի բացման նիստում:

Մենք ուրախ ենք բոլորիդ ողջունելու համայն հայության հայրենիք Հայաստանի մայրաքաղաքում։
Որպես գաղափարական նույն, մեծ ընտանիքի անդամներ՝ մենք միասին շատ անելիքներ ունենք մեր տարածաշրջանում, եւ համոզված եմ, որ Երեւանում մեր համախմբվելը ինքնին կնպաստի այդ անելիքների հաջողությանը։ Ընկերվար միջազգայնականի տարածաշրջանային այս հանձնախմբի ժողովը Երեւանում գումարելու որոշումը ավելի քան հինգ տարվա վաղեմություն ունի, սակայն այդ որոշման իրականացումը հանդիպում էր տարբեր խոչընդոտների։ Այսօր Երեւանյան այս ժողովի գումարումը նշանակում է, որ այդ խոչընդոտները մեծ մասամբ հաղթահարվել են, իսկ դրանում մեծ է Ընկերվար միջազգայնականի գլխավոր քարտուղար Լուիս Այալայի դերակատարությունը, ում եւ հայտնում են մեր երախտագիտությունը։

Ժողովի մեկնարկից մեկ-երկու ժամ առաջ դեռեւս կարծում էինք, որ այս ժողովը կկարեւորվի նրանով, որ կմասնակցեն մեր երկու հարեւան երկրներից՝ Վրաստանից եւ Ադրբեջանից ժամանած կուսակցությունների ներկայացուցիչներ։ Դժբախտաբար, վերջին պահին, ցարդ անհայտ պատճառներով, Ադրբեջանից պատվիրակը Երեւան չի ժամանել (երեկ երեկոյան պարզ դարձավ, որ օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի պատվիրակը ժամանել է Հայաստան – «Երկիր»)։ Ճիշտ է, մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք դեռեւս չկարգավորված հակամարտության մեջ, սակայն դա չպետք է պատճառ լինի, որ մենք՝ գաղափարական նույն ընտանիքի անդամներս, իրար հետ չխոսենք: Ընդհակառակը՝ արդարության համար պայքարող կուսակցությունների միջեւ երկխոսությունը կարող է միայն նպաստել հակամարտության կարգավորմանը։ Այս ակնկալիքով էլ ողջունելու էինք Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահի մասնակցությունը այս ժողովին։ Բայց, անհասկանալի պատճառներով, դրա հնարավորությունը չունենք։

Վրաստանի հետ սերտորեն է առնչվում մեր կուսակցության պատմությունը. ի վերջո, 120 տարի առաջ մեր կուսակցությունը այնտեղ՝ Թիֆլիսում է հիմնադրվել, իսկ 1918 թ. մայիսի 28-ին մեր պետականության՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման հռչակումն էլ կատարվել է այնտեղ։ Սակայն միշտ չէ, որ մեր հարաբերությունները եղել են հեշտ ու հաշտ, ինչն իր հետքն է թողել մեր հարաբերությունների վրա. առկա են փոխադարձ անվստահության երեւույթներ։ Բայց հանուն մեր երկու ժողովուրդների եւ պետությունների շահերի՝ մենք այդ երեւույթները պետք է հաղթահարենք, եւ դա կարող ենք անել միայն երկխոսությամբ։ Այս հույսով եմ ողջունում Վրաստանի Լեյբորիստական եւ Սոցիալ-դեմոկրատական զարգացման կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը ժողովին։

Անշուշտ, մենք կցանկանայինք այստեղ տեսնել նաեւ Թուրքիայում արդարության համար պայքարող կուսակցությունների ներկայացուցիչների, ինչը, կարծում ենք, տեղի կունենա առաջիկայում։

Բոլորիդ ներկայությունը ողջունելով եւ մասնակցությունը կարեւորելով հանդերձ` թույլ տվեք հատուկ անդրադառնալ մի շարք կուսակցությունների ներկայությանը։

«Արդար Ռուսաստան» կուսակցության հետ մենք ունենք միջկուսակցական համագործակցության պայմանագիր, ինչը, համոզված եմ, իր նպաստը կբերի նաեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին ամիսներին հատուկ դերակատարություն ունեցավ հայկական հարցերում։ Նախ՝ մարտի 11-ին, երբ Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը, եւ մենք հաստատել ենք, որ առանց Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նպաստավոր դիրքորոշման՝ խորհրդարանը նման որոշում չէր կայացնի։ Երկրորդ՝ մարտի 25-26-ը, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նեկայացուցիչը մասնակցեց մեր կազմակեպված խորհրդաժողովին՝ «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» թեմայով։ Պարզ է, որ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական փորձից մենք ե՛ւ որպես կուսակցություն, ե՜ւ որպես պետություն շատ բան ունենք ուսանելու, բայց այդ ուղղությամբ ավելի ակտիվ կաշխատենք Շվեդիայում առաջիկա ընտրություններից հետո, որտեղ մեր գործընկերներին մաղթում ենք հաղթանակ։

Ուզում եմ հատուկ ջերմությամբ ողջունել Պաղեստինի «Ֆաթահ» կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը։ Վերջին ամիսներին եւ հատկապես վերջին շաբաթներին որոշ շրջանակներ փորձում են սեպ խրել հայ եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ, փորձում են հակասություն սերմանել նույնանման ճակատագիր ունեցող մեր երկու ժողովուրդների միջեւ։ 17 տարի Հայաստանը շրջափակման ենթարկողները երբ խոսում են այլոց կողմից շրջափակման դեմ, երբ սպառնում են երկրից արտաքսել անպաշտպան մարդկանց… չի կարելի անտեսել այս շրջանակների անազնիվ, երեսպաշտ եւ շահախնդիր կեցվածքը։ Կան նաեւ այլ ուժեր, որոնք ելնելով պահի քաղաքական իրավիճակից, փորձում են քաղաքական առեւտրի առարկա դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Բարեբախտաբար, երկու կողմում էլ կան զգոնության եւ խոհեմության կոչ անողներ, եւ մենք այդ ուժերի հետ համագործակցաբար կհաղթահարենք նաեւ ներկա դժվարությունները։ Այս տեսանկյունից խիստ կարեւոր ենք գնահատում Պաղեստինի ներկայացուցչի մասնակցությունը ժողովին։

Հունաստանից, Գերմանիայից եւ Եվրոպական սոցիալիստների կուսակցությունից ներկայացուցիչների մասնակցությունը կարեւոր ենք համարում որպես այդ կուսակցությունների հետ մեր համագործակցության խորացման անհրաժեշտ հնարավորություններ։

Օրակարգի համապատասխան բաժնում ավելի մանրամասն կանդրադառնանք Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրներին եւ այդ խնդիրներին մեր՝ սոցիալիստական լուծումներ առաջարկելու ճիգին։ Այստեղ ուզում եմ շեշտել մեկ հանգամանք. Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն է իր հիմնադրության առաջին օրվանից, երբ նպատակն էր Օսմանյան կայսրության մեջ արեւմտահայության ազատագրումը։ Այսինքն՝ Դաշնակցության համար հիմնականը եղել է կեղեքման դեմ եւ արդարության համար պայքարը։ Իսկ մեր պատմությունը վկայում է այն մասին, որ հաճախ կեղեքողը եղել է օտար իշխանություն, որն իր նպատակների իրագործման համար նույնիսկ ցեղասպանություն է գործել։ Այս է պատճառը, որ արդարության համար մեր պայքարը ունեցել է եւ ունի նաեւ ազգային նկարագիր։ Սակայն Դաշնակցության համար «մերժելի է ազգային բացառիկության ամեն գաղափար եւ ազգայնամոլության ամեն երեւույթ՝ իբրեւ մարդկային ընկերության բնականոն զարգացումն արգելակող դրսեւորումներ» (ՀՅԴ Ծրագիր, 1998)։

Այսօր մեր սեփական անկախ պետությունում, մենք շարունակում ենք մեր պայքարը կեղեքման դեմ եւ արդարության համար, այլ խոսքով՝ սոցիալիստական սկզբունքների վրա։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալը անիրականանալի է առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ՝ առանց ընկերվարության (ՀՅԴ Ծրագիր, 1998)։

Մեր տարածաշրջանում, որտեղ սոցիալիզմը ունի հին արմատներ, բայց տասնամյակներ նաեւ՝ ձեւախեղված փորձ, այսօր մեծ են հնարավորությունները իսկական սոցիալիզմի սկզբունքների հիման վրա աշխատելու։ Նման հնարավորություն եւ անհրաժեշտություն կա թե՛ յուրաքանչյուր պետության ներսում եւ թե՝ միջպետական հարաբերություններում։ Այստեղ մեծ է համագործակցության կարիքը թե՜ տարածաշրջանի եւ թե՜ տարածաշրջանից դուրս գործող կուսակցությունների միջեւ, փորձի փոխանակման եւ փոխադարձ վստահության վերականգնման նպատակներով։ Մենք այս նպատակով հիմնադրել ենք «Հրայր Մարուխյան» հիմնադրամը, որի ծրագրերի հաջողության համար ապավինելու ենք բոլորիդ համագործակցությանը։

Պարզ է, որ Ընկերվար միջազգայնականը Միավորված ազգերի կազմակերպություն կամ միջազգային անվտանգության այլ կառույց չէ։ Ընկերվար միջազգայնականը ունի յուրահատուկ դերակատարություն՝ համախմբելու, համագործակցության հնարավորություններ ստեղծելու գաղափարական նույն ընտանիքին պատկանող, քաղաքական երբեմն հակադիր կեցվածքներով քաղաքական ուժերի, կուսակցությունների միջեւ։

Այս իմաստով էլ այս ժողովին մաղթում ենք արդյունավետ աշխատանք։

Բարով եք եկել բոլորդ։

Leave a Comment