RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Բացառենք նախկինի վերադարձը եւ փոխենք ներկան

Posted on April 3, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Ռադիո «ԱՅԲ-ՖԵ»-ին /Փարիզ/

– Նախ եւ առաջ սկսենք նախընտրական քարոզարշավով, եւ տեսնենք թե ինչո՛ւ էին բացակայում ծրագիրները, իսկ եթե տեղ-տեղ կային ծրագիրներ, ինչո՞ւ չլսվեցին եւ ի՞նչ պատահեց, որ մենք ունեցանք այս որակի քարոզարշավ եւ որքանո՞վ Դաշնակցությունը կարողացավ իր խոսքը հասցնել, լսելի դարձնել ժողովրդին:

– Նախ շնորհակալ եմ ինձ ընձեռած առիթի համար: Վստահ եմ, որ այսօր ողջ հայությունը տագնապով, սրտի ցավով է հետեւում Հայաստանում կատարվող իրադարձություններին: Մտահոգությունը տիրական է բոլոր հայերի մոտ: Պետք է ասեմ, որ ցանկացած նախագահական ընտրություն Հայաստանում միշտ էլ անցել է լարված իրավիճակում: Սա ինչ որ առումով հասկանալի է եւ բացատրելի. ունենք երկիր որտեղ կան խնդիրներ, որտեղ վերջին 8 տարում կատարվել է մեծ փոփոխություն, այսպես ասած խորհրդային կարգերից անցում է կատարվել դեպի ազատական տնտեսական համակարգ: Այդ անցումը իր հետ բերել է նաեւ մի շարք անպատեհություններ, համատարած կոռուպցիա, աղքատություն եւ անարդարություններ: Որքան մենք առաջ ենք գնում եւ որքան հաղթահարում ենք այդ դժվարությունները, այդ ու ամենայնիվ դեռ հեռու ենք ցանկալի վիճակից եւ բնական է, որ երկրի մեջ կլինեն լուրջ դժգոհություններ` ընդհանուր վիճակից, սոցիալ-տնտեսական պայմաններից, սոցիալական հարաբերություններից: Ընդհանրապես երկրում անարդարության նկատմամբ կա բողոք: Նշածս հարցերը, իհարկե, միայն Հայաստանին հատուկ չեն: Դրանք առկա են նաեւ բոլոր այն երկրներում, որոնք այս տեսակի փոփոխություն են ապրել: Պետք է ասեմ, որ դեռ Հայաստանը ունի համամեմատաբար ավելի լավ վիճակ, որովհետեւ մեզ մոտ զգալի է առաջընթացը, զգալի է նաեւ կյանքի բարելավումը. բայց միշտ այս բառերի մեջ պետք է հասկանալ համեմատական հասկացողությունը ոչ այն իդելական վիճակը, որ կարող էր ժողովրդին պահել ինքնաբավարարված մակարդակում:

Լարվածությունը նախագահական ընտրություններին ես համարում եմ բնական, սակայն անցյալին գրեթե բոլոր քաղաքական հոսանքների, ուժերի մոտ եղել է զսպանակող մեկ ուժ, մեկ գիտակցություն` թե կան սահմաններ, որոնք չպետք է խախտել: Մենք շատ լավ գիտակցել ենք, որ անցած 18 տարիների ընթացքում եթե Ղարաբաղում ունեցել ենք հաղթանակ, դա ոչ միայն մեր ազատամարտինների, մեր բանակի, մեր ժողովրդի զոհաբերության, քաջության , կազմակերպվածության արդյունք է եղել, այլ նաեւ հետեւանք է եղել Ադրբեջանի անկազմակերպվածության եւ Ադրբեջանի մեջ տիրող իրավիճակի` բանակի քայքայման, քաղաքական անկայուն վիճակի: Մենք շատ լավ ենք հասկացել, որ մեր հաջողությունների գրավականը եղել է նաեւ երկրի կայունությունը, երկրի մեջ ավելի կազմակերպված վիճակը եւ այդ գիտակցությունը հավանաբար միշտ պատճառ է հանդիսացել որ խուսափենք այն բոլոր քայլերից, որոնք կարող էին ցնցումների պատճառ դառնալ: Նախընտրական այս շրջանը, նախագահական այս ընտրությունները մի քանի առումներով յուրահատուկ էին. բացակայում էր գաղափարական պայքարը, ծրագիրների պայքարը, մրցակցությունը, թեկնածուների ծրագիրները չէին որ բախվում էին իրար, ծրագիրների մեջ չէր, որ մրցակցություն տեղի ունեցավ:

– Թեեւ սպասվում էր, որ Լեւոն Տեր Պետրոսյանի քաղաքական դաշտ մուտքով, այդ քաղաքական գաղափարախոսական պայքարը ընթանար ազգայինի եւ այսպես ասած կոսմոպոլիտի մեջ:

– Իրականությունն այն է, որ նոր մեր հետեւում թողած Ազգային Ժողովի ընտրություններում ունեցել էինք շատ տարբեր իրականություն: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տիրական էր ծրագրային, գաղափարական բանավեճը: Տարբեր ծրագրեր բախվում էին իրար եւ ստեղծվել էր համեմատական ավելի առողջ մթնոլորտ: Ժողովուրդը փորձում էր ընտրություն կատարել կուսակցությունների, ծրագիրների, տված խոստումների միջեւ եւ փորձում էր նաեւ հասկանալ, թե խոստումները որքանով կարող են իրական լինել, որքանով կեղծ:

Նախագահական ընտրություններին, Դաշնակցությունը վերջապես վերջին մի քանի նախագահական ընտրություններից հետո մասնակցելու էր սեփական թեկնածուով, հույս ունեինք, որ պետք է կրկնվի խորհրդարանական ընտրությունների մթնոլորտը եւ համարում էինք, որ մեր դեմ ունենք երկու հիմնական մրցակից, որոնց հետ պիտի ունենանք գաղափարական, ծրագրի բախումներ: Այդ թեկնածուներից մեկը իշխող ուժն էր` Սերժ Սարգսյանը եւ մենք կարծում էինք, որ ախտաճանաչումներ ու լուծումներ պարունակող մեր ծրագիրը պետք է բախվի Սերժ Սարգսյանի` գործող վարչապետի ծրագրի եւ այդ ծրագրի տրամաբանությունների հետ: Իսկ մյուս կողմից` մեր ծրագիրը պետք է կարողանար բախվել նաեւ երկրորդ թեկնածուի` ԼՏՊ-ի հետ: Վերջին հաշվով, մեկը ներկայացնում էր ներկա, իսկ մյուսը նախկին իշխանությունը:

Մեր ընտրապայքարի նշանախոսքը բավականին խոսուն էր` «Բացառենք նախկինի վերադարձը եւ փոխենք ներկան»: Մենք պատրաստվել էինք այսպես ասած լուրջ բանավեճների, որի ընթացքում մենք պետք է կարողանայինք բացահայտել, քողազերծել այն ամենը ինչ, որ սխալ էր տեղի ունեցել Հայաստանում եւ միաժամանակ նաեւ պաշտպանեինք, բացատրեինք այն լուծումները, որով մենք կարծում էինք թե Հայաստանը կարող ենք դուրս բերել այդ վիճակից:

-Բայց չտեսանք այդ բանավեճերը` ո՛չ Դաշնակցության եւ ո՛չ էլ այլոց կողմից:

– Հետաքրքիրն այն է, որ տեղի ունեցավ երկու երեւույթ. մի կողմից իշխանությունը փակեց եթերը, հեռուստաալիքները գրեթե հասանելի չէին քաղաքական ուժերին, որպեսզի տեղի ունենային այդ բանավեճերը, իսկ մյուս կողմից` ԼՏՊ-ն հրաժարվեց որեւէ բանավեճից : Նա նախընտրեց ոչ թե ծրագիր ներկայացնել, ոչ թե իրապես ախտաճանաչումից բխած ծրագիրներ, լուծումներ առաջարկել եւ այդ ձեւով հոսանք ստեղծել, այլ նախընտրեց, տարբեր շերտերի միջեւ կուտակված ատելության, դժգոհության տրամադրությունները մոբիլիզացնել եւ դրանց տալ ագրեսիվ բնույթ:

Մենք փաստորեն չունեցանք բանավեճի այդ հնարավորությունը, սա առաջին եւրեւույթ էր, որը կարծում եմ բացասականորեն ազդեց մթնոլորտի վրա ընհանրապես: Երկրորդ` մենք ի սկզբանե տեսանք օրեցօր թափ առնող արհեստական լարվածություն, հեռանկարում տեսանք մարտի 1-ը, տեսանք բախումների գնացող ընթացքը: Միայն դաշնակցությունը չէր, որ դա նկատում էր, բայց մենք, պետք է ասել, բավականին լրջորեն եւ ակտիվորեն հենց առաջին օրվանից փորձեցինք մղել, զգաստացնել բոլորին, որպեսզի խուսափենք այդպիսի բախումից, առճակատումից, որովհետեւ պարզ էր, որ այդ առճակատումը պետք է վերջանար ի վնաս երկրի եւ ժողովրդի: Այստեղ կար մի մեթոդիկա, որը մեզ համար անընդունելի էր` ընդդեմի հասկացողությամբ շարժում ձեւավորելը, որը կարծում եմ անշնորհակալ գործ էր, որովհետեւ ընդդեմը ի վիճակի է քանդել, բայց ի վիճակի չի ստեղծել: Քանդելու տրամադրվածությամբ ստեղծված շարժումը ատելության հիմքի վրա փորձեց ալիք բարձրացնել:

-Բայց այդ ընդդեմը, եւ ընդհանրապես ինչ որ տեսանք, Դաշնակցության դեմ չէր, այսինքն մի կողմից Սերժ-Լեւոն, Լեւոն-Սերժ կամ Լեւոն-Արթուր Բաղդասարայանի դեմ էր, իսկ Դաշնակցությունը դրանից զերծ մնաց:

– Ճիշտն ասաց, մենք մեր տակտիկայով փորձեցինք այդ մթնոլորտը վերացնել, մենք մեր որդեգրած քաղաքական տակտիկայով խուսափեցինք բախման մթնոլորտի ստեղծումից: Մենք պայքարեցինք` ընտրապայքարը տեղափոխել դրական դաշտ: Փորձեցինք դրական դաշտում մրցակցություն, բանավեճեր ստեղծել, որպեսզի ժողովրդին հնարավորություն տրվի ճիշտ ընտրություն կատարելու: Դա մեր կեցվածքն էր: Եւ մենք մեր կեցվածքով այնքան առանձնացանք ընտրապայքարի մթնոլորտից, որ գրեթե եղավ մի պահ, որ մենք մոռացանք նաեւ բուն ընտրապայքարը: Բախումի վտանգը նախազգալով, ավելի շատ սկսեցինք դերակատար դառնալ վտանգը չեզոքացնելու, քան մեր բուն մրցապայքարը առաջ տանելու առումով: Ինչ վերաբերվում է իրենց հակայությանը, ես չեմ կարող ասել, որ Լեւոնի հակայությունը ուղղված էր միայն Սերժի դեմ, այդպես չէր: Եթե հետեւել եք եւ վստահ եմ, որ հետեւել եք, կնկատեք, թե ԼՏՊ ինչպես էր զարգացնում տրամաբանությունը` ով ինձ հետ չէ` իմ դեմ է, ով ինձ հետ չէ` նա դավաճան է, ով ինձ հետ չէ` տականք է /ներեցեք այդ բառի համար, բայց դա նախկին նախագահի արտահայտությունն է/, ով ինձ հետ չէ` նա դրածո է: Այս արտահայտությունները նշանակում էին, որ նրա կռիվը բոլորի հետ է: Նա պայքարի մի այնպիսի ալիքի վրա էր իրեն կարծում, որտեղից կարող է փորձել ահաբեկել, մոլորեցնել բոլորին: Ի վերջո, ի՞նչ է նշանակում, ով ինձ հետ չէ` իմ դեմ է, դավաճան է, տականք. վերջ ի վերջո նրա արված այս արտահայտություններն ազդեցին ամբողջ մթնոլորտի վրա:

– Փորձենք տեսնել, թե ի՞նչ կա այս բոլորի ետեւում: Առաջին օրից արդեն խոսվում էր, որ եթե Լեւոն Տեր -Պետրոսյանը վերադարձել է, ուրեմն, որպես փորձառու քաղաքական գործիչ, նախկին նախագահ եւ Արեւմուտքի որոշ ուժերի թիկունքը, նեցուկը վայելող` պետք է ուրեմն հաղթանակի տրամաբանությամբ իջներ ընտրապայքար. իսկ եթե կա նման տրամաբանություն, ուրեմն կա իսկական նեցուկ` լինի դա ֆինանսական, արտաքին ուժերի եւ այլն եւ այլն: Ո՞վ շահ ունի ԼՏՊ- ի քաղաքական դաշտ վերամուտի մեջ եւ այդ շահի մեջ այդ ուժերը ի՞նչ են հետապնդում:

– Կարծում եմ, այդ ամբողջն էլ կար: Կար ֆինանսական թիկունք, քաղաքական թիկունք, այդ ամենը կար, միայն մի բան չկար: Չկար` ժողովրդի գիտակցական համակրանքը: Եվ ինքը փորձեց այդ պակասը լրացնել ատելության չափաբաժինը օգտագործելով: Այսինքն, վերջին հաշվով Հայաստանում կար իշխանություն, որ հաճախ նաեւ իր ոչ ճիշտ քաղաքականության պատճառով դժգոհությունների պատճառ էր դարձել եւ կար արդարացված դժգոհների մի զանգված: ԼՏՊ-ն փորձեց այդ դժգոհությունը ուղղորդել: Եվ այդ առումով նա հասկացավ, որ ինքը չի կարող գիտակցության ֆոնի վրա, քաղաքական աշխատանքով, բացատրական աշխատանքով գիտակից համակիրների համախմբում ստեղծել իր շուրջ: Նա փորձեց այդ ատելության, դժգոհության խորհրդանիշը դառնալ եւ մյուս հարցերը համարեց երկրորդական, տասներոդական: Պետք է ասեմ, ցավոք սրտի նա հաջողեց: Իսկ եղածը պայմանվորված չէր որեւէ անձի տրամադրությամբ, որովհետեւ մենք գտնվում ենք մի աշխարհում, որտեղ հարցերը հաճախ տարբեր երկրների ժողովուրդների մոտ նույնանում են: Այն ինչ ժամանակին տեղի ունեցավ Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում շատ տարբեր չէր այն ամեն ինչից, որ տեղի ունեցավ Հայաստանում: Սա արդեն ընթացիկ երեւույթ է, որ Արեւմուտք հասկացողությունը, այսպես ասած, երկրների համար գունավոր հեղափոխությունների մի մոդել ունի, որ փորձում է ամեն տեղ կազմակերպել եւ հաջողեցնել; Պարզորեն դրա փորձն էր որ եղավ Հայաստանու : Այդ տարբերակն էր, որ գործադրվում էր ԼՏՊ- միջոցով:

– Այսինքն` խոսքը Ամերիկայի ջանքերի մասին է, որ կիրարկվեց այն երկրներում որոնց անունը Դուք տվեցիք: Ուրեմն նաեւ Ամերիկայի եւ Ռուսաստանի բախումն էր, որ թերեւս պատահեց Հայաստանում:

– Հաստատ չեմ կարող ասել, որ Ամերիկայի եւ Ռուսաստանի բախումն էր, ես կասեմ օտար պետության եւ ազգային պետության բախումն էր: Այսինքն Հայաստանի Հնարապետությունը ոչ մի առումով Ամերիկայի համար վատ պետություն չի, որովհետեւ հակաամերիկյան պետություն չի, եւ չի էլ կարող լինել եւ նման հավակնություն էլ չունի, հակառակը ունի բավական սերտ հարաբերություններ եւ համագործակցություններ: Բայց ցանկացած օտար պետությւն, Ռուսաստանը լինի, թե Ամերիկան եւ կամ որեւէ այլ երկիր չի կարող հանդուրժել մի երկրի մեջ մի իշխանություն, որի համար վերեւում Աստված է, ներքեւում իր ազգը, իր հայրենիքը եւ պետական շահը: Որքան պետությունները ուղղորդվող են, ղեկավարովող, այնքան ընդունելի են օտար պետությունների համար, որքան նրանք ազգային են, ինքնուրույն, այնքան նրանք անընդունելի են այդ պետությունների կողմից: Օրինակ` նույն Արեւմուտքը Սահակաշվիլիի օգնությամբ «Վարդերի հեղափոխություն» կազմակերպեց Վրաստանում: Սահակաշվիլին, ընտրվեց 81 տոկոսով: Եվ պետք է ասել, անցած երկու տարվա ընթացքում շատ վատ փաստեր չի տվել, բայց բնականորեն չի կարողացել Վրաստանում տասնյակ տարիների կուտակված խնդիրները լուծել մեկ-երկու տարում: Բայց այդ նույն Սահակաշվիլին, երբ սկսեց փորձել իրեն դրսեւորել իբրեւ Վրաստանի նախագահ եւ ինքնուրույն նախագահ այդ նույն Սահակաշվիլուն այս անգամ խեղճացրեցին մեկ այլ ընդդիմության միջոցով: Եվ փաստորեն, 81 տոկոսով ընտրված Սահակաշվիլին այս ընտրություններում չհաջողեց, կամ գրեթե չհաջողեց. թույլ ղեկավարներ, թույլ նախագահներ` դա է փնտրվածը այլ պետությունների կողմից: Ցանկացած այլ պետություն ուրիշ երկրում կցանկանա տեսնել ամբողջությամբ իր կողմից ղեկավարվող եւ ուղղորդվող նախագահ, չի ցանկանա տեսնել ազգային նախագահ:

-Եթե խոսում ենք թույլ նախագահի ստեղծած իրավիճակի մասին, կարելի է ասել, որ այսօր Սերժ Սարգսյանը նախագահության է գալիս 8 զոհերով, բախումներով, արտակարգ դրությունից հետո եւ ուրեմն արդեն տկարացած է ներքնապես եւ թերեւս Ադրբեջանի այդ հարձակումը սահմանային գծի վրա, կարելի է հասկանալ նաեւ այդ շրջագծից ներս: Արդյո՞ք ղարաբաղյան հարցում եւ Ադրբեջանի հետ մեր մեր ունեցած բանակցություններում եւ լռելյայն բախումներում մենք այսօր արդեն թուլացած պետություն ենք:

-Բանականաբար, այն ինչ տեղի ունեցավ, հատկապես մարդկային զոհերը, ոչ միայն ցավ եւ ընդվզում առաջացրին յուրաքանչյուր հայի մոտ, այլեւ պետք է ընդունենք, որ այդ ամենի հետեւանքով մենք այսօր թուլացանք: Սա փաստ է: Մենք այսօր ավելի խոցելի ենք, քան մարտի 1-ի դեպքերից առաջ: Ես սա ցավով եմ ասում, չեմ ուզում արհեստականորեն տագնապալի վիճակ ներկայացնել, բայց հենց այն փաստը, որ Ղարաբաղում այսօր սահմանային վիճակը գերլարված է եւ 94 թվականից հետո փաստորեն առաջին անգամ լինելով ունեցանք «տարածքի կորուստ». իհարկե փառք ու պատիվ մեր բանակին, որ կարողացավ ժամերի ընթացքում վերատիրանալ այդ տարածքին եւ այսօր խնդիր չունենք` վերականգնված են նախկին դիրքերը, բայց դա խոսում է այն բանի մասին, որ մենք ավելի թույլ ենք քան առաջ: Եվ ասեմ, որ այն մթնոլորտը ինչ այսօր Հայաստանում ստեղծվել է պարարտ հող կարող է լինել արտաքին ցանկացած միջամտության համար: Սա ունեցել է նաեւ այլ հետեւանքներ: Արտաքին ներդրողները սկսել են վախվորած մոտենալ Հայաստանին: Տուրիզմը, նույնիսկ ազգային տուրիզմը շատ հույսեր չի ներշնչում այս տարի: Այս ամենը ինչ ասում եմ, հուսով եմ ժամանակավոր է, կվերանա, եւ մենք լուրջ հետեւանքներ չենք կրի, բայց փաստը մնում է փաստ:

– Բացի արտաքին միջամտություններից, որոնք ավելի հեշտացած պետք է լինեն այս վիճակից հետո, մենք արդեն գիտենք, որ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ (NGO) կան, որոնք արդեն թափանցել են հայաստանյան հասարակություն, այս իրավիճակը ինչ նորություն կամ հավելյալ դրություն պետք է ստեղծի նրանց առջեւ, որովհետեւ իրենք արդեն երկրի ներսում են:

– Գիտեք, թվարկածս բոլոր երկրներում ` Ուկրաինա, Վրաստան, Սերբիա նաեւ Հայաստան, սա նոր, այսպես ասած հեղափոխությունների տարածման մեթոդիկայի մաս է կազմում: Կան NGO -ներ,որոնք ղեկավարվում են միջազգային կազմակերպությունների կողմից, հատուկ ծրագրերով, հատուկ նպատակներով եւ այս երեք -չորս երկրների մեջ այսպես կոչված գունավոր հեղափոխությունների ժամանակ ունեցել են հստակ դերակատարություն: Այդ փորձն արվել է նաեւ Հայաստանում, սակայն մի հստակ տարբերություն կա. ո՞րն է այդ տարբերությունը Հայաստանի եւ մյուս երկրների միջեւ: Նախ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ուկրաինան կայուն իշխանություն ունենալու առումով չեն կարող համեմատվել Հայաստանի հետ: Վերջինս շատ ավելի կայուն իշխանություն, պետականություն ունի քան նրանք: Մեր կայացման աստիճանը շատ ավելի բարձր մակարդակի է, քան նրանցը: Երկրորդ, որքան էլ որ մենք տեսնում ենք, թե մեր հանդեպ կա բացասական, վերապահումներով մոտեցում, այնուամենայնիվ, ես շատ բարձր կարծիքի եմ մեր ժողովրդի, ազգի մասին եւ հավատացած եմ, այսօր երբ մեր երկիրը, մեր պետականությունը, անկախությունը վտանգի մեջ են, այսօր վտանգի մեջ են մեր տարած հաղթանակները, Ղարաբաղը վտանգի մեջ է, ոչ ոք իրավունք չունի հապաղելու եւ եթե մենք այսօր շուտափույթ քաղաքական մյուս ուժերի հետ ստորագրեցինք համաձայնություն, դրա հիմնական պատճառն այն էր, որ մենք դրանով քաղաքական պատգամ փոխանցեցենք ամբողջ աշխարհին, ասելով որ պատահած դեպքերը չեն կարող առիթ հանդիսանալ, պատրվակ ծառայել մեր երկիրը, մեր պետականությունը խեղճացնելու, ազգային առումով մեզանից զիջումներ պահանջելու: Քաղաքական համաձայնություն ժամանակից շուտ է կայացվել ու հիմանական պատճառն ու արժեքը սա էր: Հիմնական նպատակը սա էր, որքան կարելի է շուտ այս պատգամը փոխանցել բոլորին, որ մենք կարող ենք կողք-կողքի կանգնել, մենք կարող ենք թիկունք-թիկունքի կանգնել եւ չթողնել, որ պետականությունը վտանգվի: Սա հանուն մեր ժողովրդի է, մեր պետականության :

– Ետընտրական այս մթնոլորտի մեջ հետադարձ ակնարկով, այսօր երբ փորձում ես մտածել թե արդյոք կար պահ կամ արարք որ պետք է կատարվեր, որպեսզի այս բոլորը տեղի չունենար, այդ վիճակը Հայաստանում չստեղծվեր:

-Անշուշտ կային: Ես չեմ կարող ասել որ եթե այդ բաները լիներ ապա դա չէր լինի, բայց դա տրամաբանորեն մենք ասում էինք, այսինքն նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո` 2007մայիս- 2008 մարտի 1, այս ամբողջ ընթացքում, մենք փորձել ենք իշխանություններին բացատրել, խորհուրդ տալ, պահանջել, խնդրել, ստիպել, որ, այսպես ասած, սեղմելով հնարավոր չէ իշխանության շարունակականությունը ապահովել: Հակառակը` որքան ժողովրդավարություն, որքան ազատություն, որքան բանավեճ, որքան հանգիստ մթնոլորտ, այնքան ընտրությունները կանցնեն առանց ցնցումների, որովհետեւ մեզ համար հիմնականը այն էր, որ այս ընտրությունները ցնցումներով տեղի չունենան: Ոչ նրա համար, որ մենք ցնցումներից տագնապում ենք եւ դա մեզ համար մահ է, ոչ, այդ առումով չէ, մենք հասկանում էինք, շրջանային քաղաքականությունը, միջազգային քաղաքականությունը. Վրաստանը հայտնվել են արեւմուտքի գոտում, Ադրբեջանը արդեն իսկ հայտնված էր այդ գոտու մեջ, այսպես ասած կղզյակ Հայաստանը արեւմտամետ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կենտրոնում չի կարող ուշադրության կենտրոնում չմնալ եւ չի կարող արտաքին ուժերի ծրագրավորման թիրախ չհանդիսանալ:

Մենք ասում էինք այդ բախումը, լարումը շրջանցելու համար, ամենաճիշտ ուղին ամեն գնով այդ ընտրությունները առաջին փուլով անցկացնելու մեջ չէ, ամեն գնով որեւէ թեկնածուի հաջողությունը ապահովելու մեջ չէ, այլ , ազատ, հանգիստ ընտրապայքարի մեջ է, որտեղ մենք համոզված էինք, որ կհաղթի մեր քաղաքական գիծը: Իսկ մյուս կողմից այդ ողջ ընտրապայքարի ընթացքում մենք զգաստության կոչ ենք արել բոլորին, որ լարումի ուղին տանելու է առճակատման, այդ ուղին, տանելու է ցնցումների, այդ ուղին ուրիշի ծրագիր է իրականացնում, այդ ուղին հայկական ծրագիր չէ: Եւ մենք այդ առումով եղել ենք ամբողջությամբ անկեղծ: Ամեն մի քայլի մեջ մենք ազգային համերաշխության, ազգային հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելուն ենք նպաստել: Նպաստել ենք ոչ թե մեկ -երկու հայտարարությամբ, այլ գրեթե մեկ տարի տեւած կուսակցական փոխհարաբերությունների, կոչերի հասկացողությամբ: Մենք այդ հարցը այնքան ենք առաջ տարել, որ նույնիսկ մի առիթով Հայ Օգնության Միության կանանց խումբը ցույց կազմակերպեց: Կարծում եմ շատ տիպիկ էր. կանայք գնացին մինչեւ ԼՏՊ-ի շտաբ, աղավնիներ բաց թողեցին, հետո քայլեցին Հանրապետական կուսակցության` Սերժ Սարգսյանի շտաբ, կոչ արեցին հեռու մնալ առճակատումից, ո՞ւր եք գնում. մենք ահազանգ ենք բարձրացնում, զգաստության եւ զգուշության կոչ ենք անում: Բայց, ցավոք սրտի դա չօգնեց եւ պատահեց այն, ինչ որ չպետք է պատահեր, բայց այն ինչ որ պատահեց անկանխատեսելի չէր: Մենք ամբողջ պայքարի ընթացքում դա կանխատեսում էինք, թույնի չափը այնքան շատ էր ներարկված քաղաքական դաշտ, անհանդուրժողական կոչերը այնքան ծայրահեղ ձեւով էին հնչում, որ պարզ էր, որ ամեն ինչ տանելու էր դրան:

-Իսկ երբ ատակարգ իրավիճակ հաստատվեց երկրում իր հայտարարություններից մեկում Դաշնակցությունն ասեց, թե այստեղ տեսնում են պետական հարվածի նշաններ: Փաստացի ի՞նչ երեւույթ կա, որը ձեզ հասցրեց այս արտահայտությանը:

– Հավատում եմ, որ մենք վտանգը ամբողջությամբ չենք շրջանցել եւ դրա համար էլ մինչեւ օրս ուզում եմ զգուշավոր լինել խոսքերիս մեջ: Չեմ ուզում անտեղի գնահատականներով գրգռել մթնոլորտը: Մենք որպես քաղաքական ուժ ենք փորձում գնահատականներ տալ: Եվ մեր գնահատականները չեն կարող նույնանալ դատախազի, ոստիկանապետի կամ դատարանի գնահատականներին: Մարտի 1-ին ծրագրված էր իշխանափոխություն, բռնի իշխանափոխություն:
Թեպետ այս շարժումը, որ ձեւավորվել է թե Ուկրաինայում, թե Վրաստանում, թե Հայաստանում ունի նշանախոսք «Ոչ բռնի հեղափոխություն» բայց այն ինչ որ մենք տեսանք վերջին տասն օրում, մինչեւ մարտի 1-ը /ցավոք սրտի զինված խմբավորումների ներկայությունը, կազմակերպվածությունը անընդհատ հնչող սպառնալիքները/տանում էր դեպի բռնի իշխանափոխության:

Բայց երկրի մեջ կար բանակ, ոստիկանություն, իշխանություն, որի մասին ասում էիք թե կայուն իշխանություն է…

– Այո, կա : Եվ ճիշտ այդ պատճառով տեղի ունեցավ այն, ինչ տեղի չպետք է ունենար: Եվ ճիշտ այդ պատճառով հավատում եմ, որ վտանգն արդեն շրջանցված է, լարվածությունն իջել է իր գագաթնակետից: Բայց ընդդիմությունը փորձ կատարեց հենվելով իրենց այն մարդկանց վրա ովքեր դեռեւս մնացել էին պետական համակարգում /1998 թվականին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, նրանք չմաքրվեցին պետական համակարգից, կներեք որ ուրիշ բառ չգտա ասելու / իշխանության մեջ, բանակում, ճեղք բացել պետության մեջ, բանակի մեջ, ոստկանության մեջ:

-Իսկ այդ ուժը այսօր կա, գոյություն ո՞ւնի:

– Ինձ թվում է այսօր այդ ուժն ամբողջությամբ վերահսկելի է դարձել: Ասեմ, այդ օրերին հաճախ էին հնչում խոսքեր, որ «երկրապահը թույլ չի տա, որ պետությունը ուժ գործադրի ժողովրդի նկատմամբ»: Սա ճիշտ նշանախոսք է, բայց նաեւ ճիշտ է,որ ոչ -ոք իրավունք չունի ժողովրդի անունն օգտագործելով ուժ գործադրի պետության վրա: Այսինքն դժվար վիճակ, շատ լուրջ վիճակ էր, եւ այս մթնոլորտից դուրս գալու համար պետք է յուրաքանչյուրը ցուցաբերի առավելագույն զսպվածություն: Վստահ եմ, որ դուրս կգանք նաեւ այս վիճակից, նման բաներ մեր գլխով շատ են անցել: Էս երկիրը շատ-շատ բաներ է տեսել. տեսել է հոկտեմբեր 27, կարծում էինք դա վերջինն է, բայց ես վստահ եմ որ այս ամենը կանցնեն եւ մեր երկիրը առաջ կգնա, որովհետեւ այսօրվա այն պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել նորընտիր նախագահիհետ, որը ես պատաճառ չունեմ հավատալու որ չի գործադրվի, իսկ եթե իրականացվի, իսկապես մենք թռիչքային առաջընթաց կունենանք, իսկ եթե պատահի, որ չիրականացվի եւ այս ծրագրերը մնան թղթի վրա, մենք վճռակամ ենք, ինքնանպատակ կերպով չենք մնալու կառավարության մեջ, հատկապես որ մեր մասնակցությամբ, արդեն իսկ մեր նպաստը բերեցինք ի խնդիր երկրի կայունությանը ու ազգային միասնականությանը :

Leave a Comment