RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան: ՀՅԴ-ն հակաթուրքական կուսակցություն չէ

Posted on September 9, 2009, by , under Լուրեր.

«ԿԱՊԻՏԱԼ» .- Վախենամ, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ որ կուզեր անել Լևոն Տեր-Պետրոսյանը, »- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները կարող են «խայտառակ խարան դառնալ սերունդների ճակատին»:
«Հարցը շատ ավելի խորը և կարևոր է, քան պարզ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը որևէ երկրի հետ: Այս կարևորությունն ու զգայունությունը բխում է մեր ազգային իրականությունից, մեր պատմությունից: Չենք կարող մատի հետև թաքնվել ու իրերն իրենց իրական անուններով չկոչել»,- ասաց Մարգարյանը:

Ըստ նրա՝ Դաշնակցությունը մտահոգված է այն հանգամանքով, թե կկարողանա՞ արդյոք ազդել արձանագրությունների բովանդակության փոփոխության վրա:

«Կա՞ այդ մեխանիզմը, հնարավո՞ր է դա, թե՞ ոչ. հարցերի պատասխանը պետք է տա իշխանությունը, որպեսզի քննարկումները ոչ թե խաղի նմանվեն, այլ վերածվեն իրական գործընթացի»,- ասաց Հ. Մարգարյանը:
Ըստ նրա՝ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, Ջավախքում և ողջ աշխարհում պետք է բարձրաձայն իր ոչն ասի հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքին:
Մարգարյանը նշեց, որ թեև հստակեցված չեն փաստաթղթի վրա ազդելու մեխանիզմները, սակայն Դաշնակցությունը մշակել է փոփոխությունների փաթեթը, որը շուտով ներկայացվելու է հասարակության դատին:
«Այս կերպ փորձում ենք հասկացնել, որ Դաշնակցությունը հակաթուրքական կուսակցություն չէ, ու դրա համար չէ, որ դեմ է, այլ վերապահություն ունի հստակ կետերի վերաբերյալ: Կետեր, որոնք խնդրո առարկա են դարձրել մեր շահերն ու իրավունքները»,- հստակեցրեց դաշնակցական գործիչը:
Մարգարյանը կոչ արեց հասարակությանը՝ անկախ իրենց քաղաքական համոզմունքներից, ոտքի կանգնել և սեփական կամքը պարտադրել իշխանություններին: «Չեմ կարծում, որ մեր իշխանություններն անզգամ են. եթե ժողովուրդը ոտքի կանգնի, գրեթե անկարելի կլինի, որ մեր իշխանությունները չլսեն նրան: Կարևոր է կամքի դրսևորման չափը և վճռականությունը»,- ասաց նա:
Մարգարյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց համար հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ներկա ձևաչափը մերժելի է:
«Հարաբերությունների զարգացման այս փուլում կա սերունդներին պատկանող իրավունքից հրաժարվելու վտանգ, որտեղ մենք խնդրո առարկա ենք դարձրել Ցեղասպանության հարցը, ինչը մեր անվտանգության, ազգային արժանապատվության, արդարության հարցն է: Այն Հայ դատի պայքարի կարևոր բաղադրամասն է: Մենք մոռանում ենք, որ այն ձևը, որն ընտրել ենք առաջ գնալու համար, պառակտում է ազգը»,- ասաց Մարգարյանը:
Անդրադառնալով արձանագրությունները հանրաքվեի դնելու տարբերակին՝ Մարգարյանը նշեց, որ ճիշտ կլինի, եթե քաղաքական վերնախավը պատասխանատվությունը չգցի հասարակության վրա:
«Հանրաքվեն վտանգավոր է այն առումով, որ մեր երկրում դեռ չի գործում ճիշտ ընտրությունների ավանդույթը: Հանրաքվեի փոխարեն նախագահը պետք է փորձի քաղաքական ուժերի հետ խորհրդակցական հանդիպումներ ունենալ և կոնսենսուսի հիմքի վրա հասնել եզրակացությունների»:
Հ. Մարգարյանը հայտարարեց, որ Դաշնակցության համար հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ընթացքն ընդունելի կլինի, եթե հարաբերությունները կարգավորող փաստաթղթերում քննության չդրվի Ցեղասպանությունը, և տարածքային ամբողջականության կողքին նշված լինի ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը:
«Յոթանասուն տարի Սփյուռքում մարդիկ արյուն են խմել, մինչև կարողացել են Ցեղասպանության հարցը հարց դարձնել, որ այսօր Հայաստանը կարողանա դա օգտագործի: Այս ամենից հետո գա՞լ ու այսպես թեթև ձեռքով, հանգիստ դա զիջե՞լ: Հանուն ինչի՞, ի՞նչ ենք մենք ստանում: Մարդ պետք է մի քիչ էլ արժանապատվություն ունենա, որ չկարողանա համակերպի այս իրողությանը: Վերջապես պետք է ունենալ արժանապատվություն, նամուս, թասիբ, պետք է վիրավորվել, որ յոթանասուն տարվա պայքարով ձեռք բերածը հանգիստ ջուրը չգցենք»,- ասաց Մարգարյանը:

Արփի Մախսուդյան

Leave a Comment