RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մերօրյա հեղափոխականները առաջնորդվում են նպատակը արդարացնում է միջոցը սկզբունքով

Posted on May 22, 2008, by , under Լուրեր.

Հրանտ Մարգարյանի դիտարկումները:

«ԿԱՊԻՏԱԼ».– ՀՀ կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած ՀՅԴ 30-րդ տարեկան ընդհանուր ժողովին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը խիստ քննադատության է ենթարկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիշեցնելով 1996 և 2008 թթ. ընտրությունները, որոնցից հետո արյունալի բախումներ են եղել, Հ.Մարգարյանը պատահական չհամարեց, որ երկու դեպքում էլ գլխավոր դերակատար-մասնակից եղել է նույն անձը. առաջին դեպքում՝ իբրև իշխանություն, երկրորդ դեպքում՝ ընդդիմություն։

«Երկրում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր: Մեր երկիրը 18 տարի պարարտ դաշտ է եղել այլոց համար, մեր քթի տակ ձևավորել է կազմակերպված մի մեխանիզմ կամ, ինչպես սիրում են իրենք ասել, ցանց, հար ու նման այլ պետությունների՝ Վրաստանի, Սերբիայի և Ուկրաինայի, ձևավորվել է օտարի պատվերով, գծած պատկերով և ֆինանսներով։ Նույն խորհրդանիշները, նույն նշանախոսքերը, պայքարի նույն ձևերը՝ բամբասանք, սուտ, զրպարտանք. ամենը կիրառվեց նաև մեզ մոտ»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Ըստ նրա՝ մերօրյա հեղափոխականները առաջնորդվում են նպատակը արդարացնում է միջոցը սկզբունքով և նման են ԽՍՀՄ-ի պատրաստած «հեղափոխականներինե՝ կոսմոպոլիտ են, աշխարհաքաղաքացի։
«Թեպետ նրանք ամենուր խոսում են մարդու իրավունքներից, ազատություններից, արդար ընտրություններից, սակայն իրականում օտարի համար ազդեցության նոր դաշտ են ձևավորում, այլ խոսքով՝ ազատությունը, արդար ընտրությունները, մարդու իրավունքները խնդիր են միայն այն երկրներում, որոնք դեռևս ամբողջովին պատվիրատուի ազդեցության դաշտում չեն»,- հայտարարեց Հ.Մարգարյանը:
Ըստ նրա՝ աշխարհում ձևավորվում է մի ուժ, որը հավակնում է բոլոր ժողովուրդների հարցերը ենթակա դարձնել իր շահին ու նպատակներին:
«Սա միայն մեր երկրի իրականությունը չէ, այսպիսին է ժամանակաշրջանը։ Նրանք աշխատում են միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, հիմնադրամների, ինստիտուտների անունից, նրանց թիրախն են ամբողջական ազդեցությունից դուրս երկրները, որտեղ իրենց քաղաքականությանը նույնիսկ ակամա խանգարող հարցերին լուծում բերող ինքնուրույն քաղաքականություն և ընթացք է առկա»,- նշեց նա:
Նա ակնարկեց, որ սոցիալական արդարության պակասն էր նաև, որ նպաստավոր պայմաններ ստեղծեց Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության համար:
«Գունավոր» կամ «ոչ բռնի» հեղափոխությունը, սակայն, նախատեսված արդյունքը չունեցավ, քանի որ թեկնածուն ավելի շատ դեմ քվե ուներ, քան կողմ: Բայց նա պայքարի միայն խաղաղ միջոցների չէր ապավինել:
Նրա ծրագիրը ավարտված չէր, ու երբ ընտրության օրը սպասված քվեն չունեցավ, հույսը դրեց երկրապահի, բանակի վրա, ամեն օր ազատության հրապարակում վանկարկեց գեներալների անունները։ Ինչո՞ւ էր հիշել գեներալներին, ի՞նչ ծրագիր էր իրականացնելու նրանց միջոցով:
Մարդ, որ ելել էր սահմանադրական պայքարի, ի՞նչ էր ուզում անել բանակով կամ զինված խմբավորումներով,- հայտարարեց Մարգարյանը։- Եվ պատահեց մարտի 1-ի ողբերգական ու ամոթալի օրը։ Մարտի 1-ը ձեռնտու չէր ո՛չ երկրին, ո՛չ ժողովրդին, ո՛չ իշխանությանը:
Ձեռնտու էր միայն նրան, ու, ցավոք, նա ստացավ այդ: Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին: Ընդդիմությունը պատրաստ էր։ Մեզ համար հարց է՝ ինչո՞ւ իշխանությունները պատրաստ չէին, բայց չենք շտապում եզրակացություններ անել. դեռ պետք է ավարտվի նախաքննությունը։
Առճակատումը ձեռնտու էր միայն օտար ուժերին, մեկ էլ իր ժողովուրդն ու երկիրը չսիրողին կամ նրա շահը չգիտակցողին։ Այդ արյունն ու առճակատումը արտաքին միջամտության դուռ բացեց, թուլացրեց մեր պետությունը»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում ՀՅԴ-ն այլ ելք չուներ, քան ստորագրել քաղաքական համաձայնագիր և «թիկունք կանգնել պետականությանը»:
«Քանի դեռ վտանգը չի անցել, հասկանալի է կոալիցիայի մեջ մեր լինելը: Բայց կոալիցիայի տևականությունը պայմանավորված է հստակ առաջադրանքներով, և մենք ժամանակ առ ժամանակ գնահատելու ենք համագործակցության արդյունքները: Կոալիցիան Դաշնակցության համար ինքնանպատակ չէ։ Այս կարճ ժամանակի մեջ նշմարվող արդյունքները շատերը կարող են դրական գնահատել. առնվազն ինչ-որ բան փոխելուն ուղղված քայլ է կատարվում, հույս ու ակնկալիք կա: Ամբողջական պատասխանատվությամբ մենք բեռի տակ ենք մտել: Նույնն ակնկալում ենք մեր գործընկերներից»,- հայտարարեց Մարգարյանը:

Արփի Մախսուդյան

Leave a Comment