Եթե իմանան կընտրվեն` կպահանջեն հրաժարականը
Posted on September 3, 2009, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ա1+» կայքէջին
ՀՅԴ հանրահավաքի ժամանակ կուսակցությունը պահանջեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:
-Պարոն Մարգարյան, դուք այսօր պահանջում եք արտգործնախարարի հրաժարականը, բայց արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրում առաջին հերթին նախագահն է: Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պատասխանատու չի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված բացթողումների եւ թերությունների համար:
-Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու չի, բայց նրա հրաժարականի պահանջը ամբողջությամբ ուրիշ բան կնշանակի: Մենք քաղաքական կուսակցություն ենք, երկրի համար պատասխանատու, եւ չենք կարող ամեն առիթով նախագահի հրաժարական պահանջել:Մենք ԱԳ նախարարի հրաժարական պահանջելով ճանապարհ ենք ցույց տալիս նախագահին, որ կարողանա նոր սկիզբ դնել իր քաղաքականությանը: Ցավոք սրտի, մեր ձայնը լսելի չի դառնում: Բայց դա ոչ մի անգամ չի նշանակում, թե այդ քաղաքականության համար պատասխանատու չի երկրի նախագահը:
-Այսինքն սպասում եք, որ ձեր կանխատեսված վտանգներն իրականանան, հետո միայն պահանջեք հրաժարական:
-Դա այսօր մեզ համար հարց չի , որովհետեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նշանակում է 40 օր հետո նոր ընտրություններ, եւ եթե մենք չունենք այն վստահությունը, որ 40 օր հետո մենք ենք հաղթելու, ուրեմն դա մեկ ռիսկ է, որը կարող է վերջանա ավելի վատ հետեւանքներով: Մենք չենք կարող երկիրն անընդհատ ցնցումների ենթարկել: Այս երկիրը վերջապես հերթական ընտրություններով պետք է հասնի իշխանափոխության:
– Նույնիսկ երկրի անվտանգության հաշվին:
-Ես չեմ կարծում, որ հարցը այդ աստիճանի խնդրո առարկա է:Այսօր ընթացք է տրվում, սխալ ընթացք է տրվում, մեր ամբողջ ճիգ ու ջանքը վերջապես միտված է այն բանին, որ կարողանանք կանխել այդ վտանգը, եւ այսօր հույս ունենք, որ պետք է կարողանանք կանխել: