Հրանտ Մարգարյան. Լրատվամիջոցների առաջ կաշկանդումներ կան
Posted on February 15, 2008, by admin, under Լուրեր.
«ՊԱՆՈՐԱՄԱ».- «Այս ընտրություններին մենք շատ երկար էինք պատրաստվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հավելելով, որ «իշխանությունները շատ ջանք թափեցին, որպեսզի իրենց կուսակցությունը իրենց մեջ տեղավորեն» և կոալիցիայի մեջ մտնելը պայմանավորեցին նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուին պաշտպանելով, սակայն դա նրանց չհաջողվեց:
«Մենք կարողացել ենք պահել խորհրդարանական ընտրություններում մեր օգտին քվեարկած ընտրազանգավածը և դրա վրա ավելացնել նորը»,- կարծիք հայտնեց Հ. Մարգարյանը, նշելով, որ այդ ընտրազանգավածը կարող էր ավելին լինել, եթե դրան չխանգարեր երկու հանգամանք: Դրանից առաջինը ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, այն է, որ «իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ընտրապայքարը գնա ապաքաղաքական մթնոլորտում, լոզունգների ու միտինգների մակարդակովե և որպես դրա ամենավառ ապացույց, նա մատնացույց արեց այն, որ «հեռուստատեսությունը, որը կարող էր մտքերի ու ծրագրերի բախման հիմնական զենքը լինել, փակվեց քաղաքական ուժերի առջեւ»: Նրա խոսքով, ողջ քարոզարշավը և անգամ քաղաքական բնույթի հարցազրույցները հեռարձակվում է հատուկ մեկ անհարմար ժամի, «որպեսզի առավելագույն չափով ժողովրդին զրկեն իրազեկությունից»:
Քաղաքական մրցապայքարի բացակայության երկրորդ պատճառն, ըստ Հ. Մարգարյանի, այն է, որ չնայած քաղաքակիրթ ու զուսպ պայքար մղելու ՀՅԴ ջանքերի, «ամեն մեկը փորձում է ինչ-որ ֆոնի վրա ալիք բարձրացնել, «ընդդեմի» հասկացողությումբ ու միմյանց «բոբո» ներկայացնելով քվեներ ապահովել»:
Հարցին, թե ինչո՞ւ մամուլի ազատության վերաբերյալ դրույթ չկա, ՀՅԴ թեկնածուի ծրագրում, Դաշնակցական գործիչը պատասխանեց, որ երբ իրենք խոսում են ազատ քաղաքացու մասին, դա նշանակում է ազատություն նաև լրատվամիջոցների համար: «Չի կարելի պատկերացնել մի հասարակություն, որտեղմարդն ազատ է, եթե այնտեղ լրատվամիջոցները ազատ չեն»,- հավելեց նա:
«Անշուշտ եթե բոլոր լրատվամիջոցները պայմանավորվում են իրենց հաղորդումները անել ժամը 17-18-ի ընթացքում, դա նշանակում է որ ինչ որ կաշկանդումներ կան»,- ընդգծեց Հ. Մարգարյանը: