Արդարության կհասնենք միացյալ Հայաստանի ստեղծումով եւ հայահավաքով
Posted on April 24, 2006, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՊԱՆՈՐԱՄԱ» կաքէջին։
– Ցեղասպանության 91-րդ տարելիցին մեր ազգը որքանո՞վ է մոտ Հայ Դատի պաշտպանության հարցում արդարության հասնելու եզրագծին:
– Այդ ընկալմամբ արդարության կհասնենք Միացյալ Հայաստանի ստեղծումով եւ հայահավաքով: Դա գուցե հեռավոր թվացող իդեալ է՝ այսօրվա պայմանները նկատի ունենալով: Բայց վաղվա պայմաներում կարող է դա շատ ավելի իրական համարվել, ինչպես որ՝ 20 տարի առաջ Ղարաբաղի պայքարը կարող էր ցնորական համարվել:
Սակայն ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, կարծում եմ, որ արդեն հաջողության մեջ ենք եւ հաղթանակի ժամանակաշրջանն ենք ապրում, որովհետեւ շատ կարեւոր չէ, վերջին հաշվով, որ Թուրքիան կընդունի՞ Ցեղասպանությունը, թե՞ չի ընդունի: Կարծում եմ, այդ օրն էլ շատ հեռու չէ, եւ դա էլ է լինելու: Բայց դա չէ, որ ինքնըստինքյան ես կարեւորում եմ:
Ցեղասպանության հարցի արծարծումը եւ այդ փաստի ընդունումը հայ ժողովրդի իրավունքների ընդունումն է, հայ ժողովրդի անվտանգության հարցե,ով համաշխարհային կարծիքի ձեւավորումը: Եւ վերջապես, Թուրքիային պարտադրանք է դա՝ Հայաստանի անվտանգության առումով կեցվածքի եւ ռազմավարության փոփոխության իմաստով: Այսինքն, հարցը շատ ավելի իր կողմնակի պարագաներով է, որ կարեւորվում է, քան թե՝ բուն փաստով, որ Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը, թե ոչ: Համենայն դեպս, կարծում եմ, որ մենք այսօր հաջողած ենք: Մեր խնդիրն այսօր արծարծված թեմա է, մենք այսօր միջպետական հարաբերությունների մեջ խնդրո առարկա ենք: Այսօր միջազգային քաղաքական բեմի վրա ներկայություն եղած հարց ենք: Ցեղասպանության հարցը այդպիսին է դարձել, եւ դա հաջողության մասին է խոսում:
Վերջնական հաջողությունը, համենայն դեպս, կարծում եմ, որ ուշ չէ: Պայմանով, եթե մենք կարողանանք մնալ միասնական, կարողանանք մնալ վճռական, եւ գիտակից՝ մեր շահերի հարցերում:
– Մեր ազգի իրավունքը պաշտպանելու եւ վերականգնելու առումով արդյոք բավարա՞ր ջանքեր ենք գործադրում, եւ ի՞նչ ունենք անելու այդ ճանապարհին, որ չենք անում:
– «Բավարար» ոչ մի անգամ չեմ կարող կոչել մեր ջանքերը: Մենք շատ ավելին ենք կարող անել, քան՝ անում եք: Սակայն դա չի նշանակում, որ ոչինչ չենք անում:
Կարծում եմ, որ պետականություն ստեղծելով, Ղարաբաղի հարցում անզիջում կեղվածք որդեգրելով մենք հենց այդ ուղղությամբ է, որ քայլ ենք կատարում:
Մենք, այսօր արդար զարգացման հնարավորություն ունեցող երկիր կառուցելով, արդեն իսկ այդ ուղղությամբ ենք առաջ շարժվելու: Բայց նաեւ կարծում եմ, որ համահայկական ուժերի կարողականությունն այնքան մեծ է, որ մենք այդ հնարավորությունների կարելվությունների չնչին մասն է, որ կարողացել ենք մոբիլիզացնել այս պայքարի ուղղությամբ:
Հետզհետե պետք է կարողանանք մեր կազմակերպվածությունն ընդարձակենք եւ մեր պոտենցիալ կարողականությունը վերածենք ակտիվ կարողականության: Սա մեծ իմաստով, ամենահիմնական հարցն է:
Գալով հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր կան, որ պիտի արվեն, ապա կարծում եմ, առաջիկա ժամանակաշրջանում մեզ համար մասնավորապես կարեւորվում է, բացի արդար երկիր, անկախ, հզոր պետկանություն ստեղծելը, այն, որ Ղարաբաղի հարցում կարողանանք անզիջող լինել ու հարցը մինչեւ իր վերջնական հաղթանակը տանենք:
Մենք պետք է կարողանանք նաեւ արծարծել, վերարծարծել Թուրքիայի մեջ բնակվող ազգային փոքրամասնությունների հարցը, եւ այդ ուղղությամբ նաեւ այնտեղ Ցեղասպանությունից վերապրած հայության իրավունքների խնդիրը, նրանց հարցն ընդհանրապես: Սա գլխավորաբար նոր թեմա է, որ մեր դատին, մեր պայքարին կտա ամբողջություն, նոր որակ եւ նոր շունչ:
– Լեռնային Ղարբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ այժմ շատ է շեշտվում այս տարի անպայման համաձայնության հանգելու հանգամանքը: Դաշնակցությունն այս առումով անհանգստություն ունի՞: Ի՞նչ զարգացումներ եք տեսնում այդ տեսանկյունից:
– Մենք շատ անհանգստություններ ունենք: Մինչեւ վերջնական հաղթանակը «դե յուրեե չի արձանագրել «դե ֆակտոե ստեղծված իրավիճակը, քանի դեռ կան չազատագրված Շահումյանի եւ Մարտակերտի շրջանները, բնականաբար, ունենք անհանգստություններ: Սակայն մենք էլ ենք ցանկանում, ձգտում, որ բանակցությունների ընթացքում այդ հարցը լուծում ստանա:
Մենք էլ շատ ուրախ կլինեինք, որ այս տարվա ընթացքում հարցն իր լուծումն ունենա: Բայց միաժամանակ, հանուն շտապողականության մենք ոչ մի բան զիջելու կամ որեւէ բան շտապ անելու տրամադրվածություն չունենք, եւ կարծում եմ, խորքում ոչ ոք չունի: