Հրանտ Մարգարյան. Թույլ չտանք տեղի ունենա մի սխալ, որի գինը վճարելու ենք տասնյակ տարիներ
Posted on September 19, 2009, by admin, under Լուրեր.
«ԱԶԳ».- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ «Հայացք» ակումբում Դաշնակցության մտահոգությունը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ասելով, թե գործընթացն իր առկա տեսքով սպառնում է հայության պառակտմամբ:
«Խնդրո առարկա ենք դարձնում ցեղասպանության հարցը, որ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության հարց է, մեր ազգի համար արժանապատվության հարց է, արդարության հարց է եւ Հայ դատի պայքարի կարեւոր բաղկացուցիչ մասն է: Բայց նաեւ մենք, այս ձեւով որ գնում ենք առաջ, ազգի պառակտման սկիզբ ենք դնում», ասում է Հրանտ Մարգարյանը:
«Անկախ քաղաքական համոզմունքներից, դիրքորոշումներից, մեր ժողովուրդը պետք է ոտքի ելնի, իր «ոչնե ասի, իր կամքը ցուցաբերի, իր կամքը պարտադրի այս իշխանությանը, եւ իշխանությունը հաշվի նստի այդ կամքի հետե, ասում է Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով, առաջիկա 5 շաբաթներին անելու են ամեն ինչ հասարակությանը բացատրելու, որ սխալ է գործվում հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկայիս գործընթացին համաձայնելով:
«Ես չեմ կարծում, որ մեր երկրի իշխանավորները անզգամ են: Եթե մեր ժողովուրդը ոտքի կանգնի եւ կամք ցուցաբերի, դժվար թե, գրեթե անկարելի է, որ մեր իշխանությունները չլսեն ժողովրդի կամքը: Այդ կամքի դրսեւորման չափն է կարեւոր, շեշտադրումն է կարեւոր, վճռականությունն է կարեւոր: Եթե նույնիսկ պատահի, որ, հակառակ այդ ամեն ինչի, ստորագրվի, մեր ժողովուրդն իր կամքը ցուցաբերած կլինի ամբողջ աշխարհին: Աշխարհը կհասկանա, որ իշխանությունները ստորագրել են մի բան, որ մեր ժողովուրդը չի ընդունել», ասում է Հրանտ Մարգարյանը: Նա նշում է, թե իշխանությունը չի կարող չլսել ժողովրդի կամքը, քանի որ ժողովրդի կամքին չենթարկվող իշխանությունը գնում է ինքնասպանության:
Հրանտ Մարգարյանի խոսքով, ինքը դրական է գնահատում, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը, թեեւ ունի առանձին վերապահումներ: Նա համաձայն չէ Դաշնակցության մանդատը վայր դնելուն, քանի որ մանդատը նվեր չէ, այլ ստացել են ժողովրդի կամքով, հետեւաբար խնդիրը աշխատելն է, թեկուզ փոքրամասնություն լինելով:
Վերադառնալով հայ-թուրքական կարգավորման ներկայիս բովանդակությանը, Հրանտ Մարգարյանը նշեց. «Թույլ չտանք տեղի ունենա մի սխալ, որի գինը վճարելու ենք տասնյակ տարիներ»:
«Վախենամ, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ կուզեր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Հրանտ Մարգարյանը այսպես պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ են հայ-թուրքական հարաբերության գործընթացի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի կարծիքին եւ գիտե՞ն, թե հատկապես ինչ փոփոխություն է տեղի ունեցել այդ եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածի համեմատ:
Մարգարյանի խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին էլ իրենք քննադատությամբ են հանդես եկել հայ-թուրքական հարաբերության կարգավորման նրա գործողությունների հանդեպ, դրանցում եւս տեսնելով վտանգներ:
Լրագրողները հարցրին նաեւ, թե ինչո՞ւ Դաշնակցությունը պահանջում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը, ով ըստ Սահմանադրության ղեկավարում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլ՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:
«Բնական է, այս երկրի մեջ ինչ որ լինում է, նախագահը պատասխանատու է: Գործադիրն էլ ղեկավարում է նախագահը, գլխավորում է ինքը: Այդ պարագայում պետք է նախարարներ չլինեին, վարչապետներ չլինեին, ոստիկանություն չլիներ: Ամեն ինչի համար նախագահն է պատասխանատուն: Բայց նախագահը աշխատում է պրոֆեսիոնալ անձնակազմի հետ: Ես նախագահին պաշտպանելու խնդիր չունեմ: Բայց նախագահը եթե արտաքին գործոց հարցերում լիներ բանիմաց եւ ամբողջությամբ պրոֆեսիոնալ, արտգործնախարարը չէր որոշի, իսկ ինքը նախապես չէր լինի պաշտպանության նախարար, կլիներ արտգործնախարար: Արտգործնախարարը նրա գլխավոր խորհրդատուն է, նախագահի որոշումները գործադրելու հիմնական դերակատարն է, ուղղություն տվողն է:
Նախագահի հրաժարական պահանջելը ուրիշ հարց է, լրիվ ուրիշ խնդիր է, որն իհարկե բացառված չէ, տաբու չէ, կարելի է մի օր էլ հասնել նման մի եզրակացության: Բայց այսօր մենք չենք հասել»:
Հարցին, թե ի՞նչ պետք է լինի, որ Դաշնակցությունն արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի, Հրանտ Մարգարյանը պատասխանում է, թե պետք չէ «Կիկոսի մահը» հայտնի հեքիաթի սկզբունքով առաջնորդվել, Դաշնակցության քայլերը կերեւան իրադարձությունների զարգացմանը համապատասխան եւ կթելադրվեն տվյալ իրավիճակով:
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը գնում հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկայիս գործընթացին, որը Դաշնակցությունը համարում է վտանգավոր: Արդյոք Սերժ Սարգսյանը չի՞ գիտակցում վտանգը, թե՞ գնում է գիտակցելով: Հարցին Հրանտ Մարգարյանը պատասխանեց, թե չի հավատում, որ Սերժ Սարգսյանը կարող է գիտակցաբար գնալ այդ վտանգավոր գործընթացին.«Չեմ կարծում այդպիսի հայ գտնվի: Դա պետք է լինի բացառություն, աննորմալ բացառություն: Խնդիրը պարզապես սխալ հաշվարկն է: Գործնապաշտությունը, գործնական արդյունքի ակնկալիքը, պրագմատիզմը, դժվարությունները, որ առկա են, ներքին ճնշումները, ներքին ճնշումների եւ արտաքին ճնշումների կապը, սրանք կարող են պատճառ դառնալ, որ մարդը սխալվի: Ես հավատացած եմ, որ դա վատությունից չի գալիս, դա սխալ հաշվարկից է»:
Հրանտ Մարգարյանն ասաց, որ առաջիկա օրերին կարող է հանդիպում լինել Սերժ Սարգսյանի հետ, երբ նա վերադառնա հանրապետություն:
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ