Հրանտ Մարգարյան. Դաշնակցության համար հարցը ազատ խոսքը իր ճիշտ տեղում դնելն է
Posted on July 9, 2007, by admin, under Լուրեր.
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Դաշնակցության համար հարցը ոչ թե ազատ խոսքը սահմանափակելն է, այլ ճիշտ հակառակը` ազատ խոսքը իր ճիշտ տեղում դնելը: Այդ մասին հայտարարեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ներկայացնելով կուսակցության տեսակետը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի վերաբերյալ, որոնց ընդունումը անցած շաբաթ Ազգային ժողովում տապալվեց:
Օրինագծերի փաթեթը, ըստ մի շարք փորձագետների եւ քաղաքական գործիչների, սպառնում էր Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմանը: Խորհրդարանում դրա քննարկումների ժամանակ Դաշնակցության խմբակցության անունից տեսակետ չարտահայտվեց: Խմբակցությունը առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել փաթեթին, իսկ երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը մասնակցեցին դաշնակցական երկու պատգամավորներ, որոնցից մեկը քվեարկեց կողմ, մյուսը` ձեռնպահ:
«Հարցը, կարծում եմ, երկու իմաստով կարելի է դիտարկել, մեկը` «Ազատություն» ռադիոկայանի, մյուսը` ընդհանրապես իբրեւ օրենք: Իբրեւ օրենք ես չեմ ուզում կարծիք հայտնել, որովհետեւ պատգամավոր չեմ եւ մանրամասնություններին տեղյակ չեմ: Իբրեւ «Ազատությունե ռադիոկայան` ես «Ազատությունե ռադիոկայան լսող եմ, ձեզ էլ հիմա իբրեւ «Ազատությունե ռադիոկայան եմ հարցազրույց տալիս: Բայց ես չէի ուզի, որ մեր պետությունը նյութականի պատճառով այլ պետության ռադիոգիծ տրամադրեր: Սա, կարծում եմ, պետական արժանապատվության հարց է եւ ոչ թե խոսքի ազատության հարց», – ասաց Հրանտ Մարգարյանը: – «Ես միշտ վիրավորված եմ զգացել, իմ ազգային արժանապատվությունը վիրավորված է զգացել, որ իմ պետությունը այլ պետության ռադիոհաղորդում է տրամադրում միայն նյութականի պակասի պատճառով: Ես ուրախ կլինեմ, եթե մեր պետությունը ունի այնպիսի հնարավորություն, որ այլեւս որեւէ պետության, անկախ նրանից` դա Ամերիկան է, Ռուսաստանը, Ֆրանսիան թե Պարսկաստանը, ռադիոհաղորդում չտրամադրի»:
«Դա ուղղված չէ Ամերիկայի դեմ, ուղղված չէ որեւէ ռադիոկայանի դեմ, դա ուղղված է մեր ազգային արժանապատվությանը», – վստահեցրեց նա:
«Իսկ «Ազատություն»-ը ոտնահարո՞ւմ է ձեր ազգային արժանապատվությունըե, – այս հարցին Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց. – «Երբ իմ պետական ռադիոկայանով է հաղորդվում: Ոչ թե «Ազատություն»-ը` որեւէ պետության որեւէ այլ կազմակերպություն, եթե կարողանում է իմ հանրային ռադիոկայանը առնել փողի շնորհիվ, դա իմ արժանապատվությունը վտանգում է: Եվ կարծում եմ, որ բոլոր ազատ մարդկանց արժանապատվության հարցն է դա: Ազատ մարդը չի ուզի, որ փողով վաճառվի: Եթե փողով չենք վաճառվում, ուրեմն, թող ամեն մարդ օգտվի դարի հնարավորություններից, դարի կարելիություններից եւ լսելի դառնա մեր ժողովրդին»:
Հիշեցմանը, որ Դաշնակցությունն էլ է ֆինանսավորվում դրսից, կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչն արձագանքեց. – «Դրսի փողը այլ պետության փողից շատ տարբեր է, շատ-շատ տարբեր է` էությամբ, բովանդակությամբ: Երկրորդ, այսօրվա Հայաստանի իրականությանը ով ծանոթ է, գիտի, որ դրսի ֆինանսավորման անհրաժեշտություն չկա: Դաշնակցությունը այսօր Հայաստանում ինքնաֆինանսավորվող է»:
«Այսինքն, դուք կարո՞ղ եք ասել, որ խոսքի ազատությունը այնքան լավ վիճակում է Հայաստանում, որ «Ազատության» կարիքը չկա», – այս հարցին Հրանտ Մարգարյանը պատասխանեց. – «Ես կարող եմ ասել, որ խոսքի ազատությունը լավն է թե վատ` դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն է, որ մենք մեր ուժերով նվաճենք այդ խոսքի ազատությունը, ուրիշի ընծայած ազատությունը ինձ պետք չէ: Եթե ազատությունը ընծայվում է, նվիրվում է, դա ինչ-որ իմաստով բռնություն» է:
«Սա, կարծում եմ, պետական արժանապատվության հարց է եւ ոչ թե խոսքի ազատության հարց: Հարցն այն է, որ մի պետություն մի այլ պետության ռադիոհաղորդում չտրամադրի, մի այլ պետության չտրամադրի հնարավորություն, որ գա իր երկրում իր ներքին հարցերի կապակցությամբ աշխատանք տանի», – հավելեց նա:
Ի պատասխան հիշեցմանը, որ «երբ Դաշնակցության որոշ ընկերներ բանտերում էին, եւ Հայաստանում արգելվեց կուսակցության գործունեությունը, այդ դրսի փողերով ներմուծված ռադիոկայանն էր հասցնում ժողովրդին այն, ինչ կատարվում էր Հայաստանում», Հրանտ Մարգարյանը հայտարարեց. – «Նախ, հավատացած եմ, որ այսօր ոչ ոքի ընկերները բանտում չեն, այդ վիճակը չէ Հայաստանում: Երկրորդ, հավատացած եմ, որ մեզ չէին պաշտպանում մեր աչքերի սիրու, մեզ պաշտպանում էին ռեժիմի նկատմամբ ունեցած թերահավատության համար: Այդ թերահավատությունը շարունակվելու է, մինչեւ որ կամ անհաղթահարելի համարվի այդ ռեժիմը, կամ սեփական համարվի այդ ռեժիմը»:
Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչն իր մոտեցումը համարում է «պետականության մոտեցում». – «Ցանկացած պետություն այլ պետության նկատմամբ այս վերաբերմունքը ունի: Ուրիշ ձեւ պատկերացնելը միամտություն է»:
«Պետության գլխավոր ղեկավարությունն է՞լ է այդպես մտածում», – այս հարցին Մարգարյանը արձագանքեց. – «Ես կարծում եմ, միշտ այդպես է, պետությունը, վերջապես, իրեն արտահայտում է առաջին դեմքերով: Ինչ որ ձեզ ասում եմ, զարմանալի չէ, հավատում եմ, որ բոլորն այդպես են մտածում: Այլ բան է` արտահայտվո՞ւմ են դրա մասին, թե՞ չեն արտահայտվում»:
«Եթե դու քո ժողովրդին հարգում ես, եթե ինքդ քեզ հարգում ես, պետք է ասես ճշմարտությունը` անկախ նրանից, թե դա մոդային, օրվա ակնկալիքին համապատասխա՞ն է, թե՞ համապատասխան չէ: Ես իմ ժողովրդին հարգում եմ, ես ինձ հարգում եմ, ես իմ կուսակցությանը հարգում եմ եւ ասում եմ ճշմարտությունը», – հայտարարեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը` ամփոփելով. – «Ճշմարտությունը սա է: Ինձ համար հարցը դրված է սկզբունքային առումով»:
Աստղիկ Բեդեւյան