RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Հավատալ, աշխատել, հաղթել

Posted on February 5, 2009, by , under Ելույթներ.

ՀՅԴ Հայ Դատի աշխատանքներին նպաստելու համար Դուբայում կազմակերպված դրամահավաքի ժամանակ ողջույնի եւ շնորհակալության խոսքով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ելույթի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:

Վեհափա’ռ Տեր, հարգելի’ բարեկամներ

Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Շնորհակալ եմ նրանց, որ մեր ընդհանուր գործին սատարել են, բայց չեն կարողացել ներկա լինել: Չորս տարին մեկ` արդեն երրորդ անգամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախաձեռնությամբ, այսպիսի մեկտեղում է կազմակերպվում` Հայ Դատի աշխատանքներին աջակցելու նպատակով:

Սա բացառիկ հավաք է` իր նպատակով, անկախ քաղաքական կողմնորոշումից` մարդկանց համախմբումով, հայության բոլոր հատվածների ներկայացվածությամբ, հայաստանցիների մեծաթիվ մասնակցությամբ:

Հայ Դատը միավորել է ամենքիս: Միավորել է կոնկրետ գործը, որ վեր է ընթացիկ հարցերից ու տարբերություններից: Գործ, որ միտված է Հայաստանի ու հայության հզորացմանը, մեր հավաքական ներուժի կուտակմանն ու կազմակերպմանը, աշխարհում հաշվառելի գործոն դառնալուն:

Ինչո’վ է զբաղված Հայ Դատի գրասենյակների մեր ցանցը: Այսօր, փաստացի, նրանք մեր երկրի երկրորդ դեսպանատներն են Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Բեյրութում, Թբիլիսիում: Նրանք միավորում ու ուղղորդում են հայության եւ մեր բարեկամների ջանքերը` միջազգային ասպարեզում Հայաստանի քաղաքական վարկանիշը բարձրացնելու, տնտեսական աջակցություն ապահովելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները ճանաչելու ու պաշտպանելու, Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումն ու դատապարտումը իրականություն դարձնելու, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ քարոզչությունը չեզոքացնելու ուղղություններով:

Սրանք խնդիրներ են, գերխնդիրներ, որ ուղղակի առնչվում են մեր ազգային-պետական անվտանգությանը, մեր ժողովրդի լինելիությանն ու ապագային: Ահա այս գիտակցությունն է միավորում մեզ` ջնջելով բոլոր տարբերությունները:

Եթե ընդհանուր շահը պաշտպանված չէ, եթե գործնական քայլեր չեն արվում մեր ժողովրդի լիարժեք ապագան երաշխավորելու համար` ոչ մի հայ անհատ, հայության ոչ մի հատված չի կարող հեռանկար ունենալ:

Հայաստանի անկախ պետականության առկայությունը ոչ միայն մեծացնում է աշխարհում ինքնուրույն ուժ դառնալու մեր հնարավորությունները, այլեւ շատ ավելի համարձակ խնդիրներ դնելու ու իրագործելու պատասխանատվության առաջ է կանգնեցնում բոլորիս: Ես շնորհակալ եմ, որ այդ պատասխանատու մոտեցումը դուք կիսում եք ՀՅ Դաշնակցության հետ:

Սիրելի’ բարեկամներ, տասնամյակներ շարունակ Հայ Դատի աշխատանքներով միայն Սփյուռքն է զբաղվել: Զբաղվել է նվիրումով, զոհողություններով ու զրկանքներով: Գործն արվել է կամավոր մարդկանց հանձնառությամբ` առանց էական նյութական միջոցներ ունենալու: Արդյունքում` վառ է պահվել Հայ Դատի պահանջատիրությունը, աշխարհը չի մոռացել մեր հարցը:

Այսօր ընդհանուր պայքարին միացել են Հայաստանն ու հայաստանցիները` բազմապատկելով մեր կարողականությունը: Այս միացումը նաեւ գնահատանք ու երախտագիտություն է Սփյուռքի կատարած աշխատանքի հանդեպ: Սփյուռքը այլեւս մենակ չէ: Սա կարեւորագույն որակական փոփոխություն է, որ Սփյուռքը պետք է կարողանա արժեւորել` էլ ավելի համախմբվելով Հայաստանի շուրջ, էլ ավելի արդյունավետորեն պայքարելով Հայ Դատի համար:

Երկրորդ կարեւոր պատգամը այս բացառիկ հավաքի. ցանկացած աշխատանք, հատկապես այս կարգի լոբբինգային գործունեություն, գաղափարական համոզմունքից, նվիրումից, ժամանակի կամավոր տրամադրումից բացի, նյութական լուրջ միջոցներ է պահանջում: Եվ որեւէ հանրություն այս ամենը անելու համար պետք է համերաշխ լինի: Այդ հանրության տարբեր շերտերը պետք է համագործակցեն, նայեն նույն ուղղությամբ, լրացնեն միմյանց:

Ես մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ գործարարների մի մեծ զանգված իր աշխատանքով կուտակած ֆինանսական միջոցների մի մասը այսօր սիրահոժար նվիրաբերում է Հայ Դատի գրասենյակներին: Սա ներազգային համաձայնության, ընդհանուր շահի գիտակցման հրաշալի օրինակ է: Ե’վ այստեղ ներկա, ե’ւ բացակա գործարարները քաղաքական, հասարակական տարբեր հոսանքներ են ներկայացնում: Բայց դա չի խանգարում միավորվել համազգային խնդիրների շուրջ: Սա է ամենամեծ դասը, որ, վստահ եմ, արձագանքելու է ե’ւ Հայաստանում, ե’ւ Սփյուռքում:

Ուզում եմ` չմոռանանք. մեր հակառակորդներ Թուրքիան եւ Ադրբեջանը պետական հսկայական միջոցներ են ծախսում միջազգային ասպարեզում մեր արդարացի իրավունքները մոռացության տալու համար: Նրանք նաեւ ակտիվորեն կազմակերպում ու փորձում են գործոնի վերածել իրենց Սփյուռքը: Այդ մրցակցությունից մենք ուղղակի պարտավոր ենք հաղթանակած դուրս գալ, եթե ուզում ենք մեր պետության ու ժողովրդի ապագան երաշխավորված տեսնել:

Այդ հաղթանակը յուրաքանչյուր հայ մարդու, յուրաքանչյուր ընտանիքի, հայության ամեն մի հատվածի ու մեր ընդհանուր հաղթանակն է լինելու: Այսպես պետք է մտածի ե’ւ կամավոր նվիրյալը, ե’ւ մեծահարուստը: Առանձին-առանձին, առանց ընդհանուր գործին ծառայելու, ոչ ոք չի կարող բավարարված ու երջանիկ լինել:

Սիրելի’ բարեկամներ, մենք հավատում ու աշխատում ենք, եւ Լեռնային Ղարաբաղը ազատ ու անկախ է լինելու: Մենք հավատում ու աշխատում ենք` Հայոց ցեղասպանությունը վերջնականապես ճանաչվելու ու դատապարտվելու է, վերականգնվելու են հայության իրավունքները:

Մենք հավատում ու աշխատում ենք` Հայաստանի Հանրապետությունը դառնալու է զարգացած, ուժեղ, արդար երկիր: Հայաստանը հաշվառելի գործոն է դառնալու աշխարհում:
Այս բացառիկ հավաքն այդ հավատի, այդ աշխատանքի փայլուն դրսեւորումն է:

Շնորհակալություն:

fra-france.com

Leave a Comment