Ազգի մեկությունը եւ ազգային անկախ պետականությունը սրբություն են ու դավանանք
Posted on December 4, 2010, by admin, under Հարցազրույցներ.
«Դրօշակ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
«Դրօշակ».-ՀՅԴ 120-ամյակի կապակցությամբ Ձեր ելույթները Տորոնտոյում, Մոնրեալում եւ Բեյրութում շահեկանորեն ոչ միայն տարբերվում, այլեւ փոխլրացնում են մեկը մյուսին` բացահայտելով աշխատանքի այն ընդարձակ դաշտի սահմանները, որի մեջ այսօր գտնվում է Դաշնակցությունը: Որքան էլ տարբեր, փոխլրացնող, այսուհանդերձ, այդ ելույթներն ունեն խոսքն ամբողջացնող մեկ հիմնական մոտեցում` կարեւորել եւ գնահատել Դաշնակցության ամենամեծ ձեռքբերումը, Ձեր բառերով ասած` «ազգի մեկության ապահովումը» եւ «հայկական պետականության վերականգնումը»:
Հրանտ Մարգարյան.- Այո, ամենամեծ ձեռքբերումը դա է: ՀՅ Դաշնակցության ծնունդով սկիզբ առավ մեր ժողովրդի երկու մեծ հատվածների ընտրյալների ժողովումը մեկ միացյալ կազմակերպության մեջ, մեկ ընդհանուր նպատակի համար ծավալվեց մեկ ընդհանուր պայքար: Ու շարունակվեց պայքարը, եւ շարունակվելով էլեկտրականացավ հայկական իրականությունը: Ի տես ծավալված միասնական պայքարի` անհետացան նույն ազգը բաժանող 9-դարյա արգելքները, խոչընդոտող սահմանները: Մի քանի տասնամյակ երկարող պայքարից հետո, հրի ու սրի, մոխիրների միջից ծնունդ առավ Հայկական պետականությունը` իբրեւ հիմնական գրավական ազգի մեկության ու հավերժացման: Մոխիրների միջից հառնեց մեր պետությունը եւ սկիզբ առավ հայ ժողովրդի վերելքը, հզորացումը: Քաղաքական գործոն դարձանք ու ապահովեցինք մեր ազգի գոյությունն ու զարգացումը:
Բաժան-բաժան ժողովրդից վերածվեցինք ազգի, կործանվող, սպառվող ժողովրդից դարձանք պետականություն, քաղաքական ինքնուրույն գործոն: Մենք փրկվեցինք ազգի մեկության պահպանմամբ ու անկախ պետականության վերականգնումով:
Ազգային անկախ պետականությունն այսօր մեր հիմնական գրավականն է` ազգի անվտանգ գոյության ու համընդհանուր զարգացման. արդեն իսկ Արցախով մասամբ իրականացած, բայց վստահ` վաղը նորանոր հաղթանակներով Միացյալ Հայաստանի իրականացմամբ:
Մենք ունեցանք վերջին 9-10 դարերի ամենամեծ հաղթանակը, նվաճումը, մենք ձեռք բերեցինք զարգանալու, վերականգնվելու, նորանոր հաղթանակներ ունենալու հիմնական հնարավորությունը: Մենք ձեւավորեցինք հայ ժողովրդի առանցքը, մենք փրկվեցինք:
Եվ այսօր մենք պետք է մեր անկախ պետականության փաստը, ինչպես կասեր մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանը, ընդունենք իբրեւ սրբություն, դավանանք:
Մեր անկախ պետականության կարեւորության փաստը մենք ոչ մի բանի հետ համեմատելու իրավունք չունենք, նույնիսկ մեզ հետ, մեր 120-ամյա մաքառումի, նահատակ ընկերների տառապանքի հետ, որովհետեւ ինչ որ արեցինք ու անում ենք, այս մի կտոր հողի համար արեցինք: Անկախ այն բանից, թէ այդ փոքրիկ երկիրը մեր հայրենիքի որ մասն է ներկայացնում: Ազգային անկախ պետականությունը մերն է եւ առաջինը մենք իրավունք չունենք նույնիսկ ակամա խորթացնել այն մեր ժողովրդից, եւ ապա թույլ չպետք է տանք, որ ուրիշները զրկեն այդ պետությունն իր ազգային բովանդակությունից:
Ազգի մեկությունը եւ ազգային անկախ պետականությունը, ասացի, սրբություն են ու դավանանք: Ասացի գիտակցելով, որ ծայրահեղացնում եմ խոսքս, բայց անհրաժեշտ է այն ընկալենք հենց իբրեւ սրբություն ու դավանանք, որպեսզի թշնամու պարտադրանքով բաժան-բաժան, աշխարհացրիվ դարձած մեր ազգը չդառնա իրականում պառակտված ժողովուրդ, որպեսզի մեր պետականությունը մնա մերը, մեզ հարազատ, եւ մենք տիրոջ եւ միաժամանակ ծառայի հոգեբանությամբ նվիրվենք նրան, անենք մեր կարելին ու անկարելին, որպեսզի երկիրը զարգացող, անվտանգ երկիր դառնա` իբրեւ հիմնական կռվան Հայ դատի լուծման:
Անցած 20 տարում, նորօրյա Անկախ Հայաստանում, մենք նպատակ չդրեցինք իշխանություն դառնալ եւ չձեւավորեցինք ընտրություններ հաջողեցնող կազմակերպություն կամ ընտրական մեքենա, այլ առաջացրինք իրական կազմակերպություն, ստեղծեցինք գաղափարական շարժում, մտածողության հոսանք, քաղաքական մի ուժ, որը նպատակ դրեց պայքարելու նրանց դեմ, ովքեր փորձում էին ու փորձում են մեր պետությունը զրկել իր ազգային բովանդակությունից: Ղարաբաղյան պայքարով էություն ստացած, Անկախության հռչակագրով բանաձեւված մեր Անկախ Պետականությունը պետք է ունենար ազգային բովանդակություն: Որոշ շրջանակներ փորձեցին ու այսօր էլ փորձում են այն տեսնել բովանդակությունից զուրկ ինչ-որ վարչատարածքային միավոր:
Մենք թե իշխանության, թե մտավորականության եւ թե հասարակության շարքերում առկա ազգային բոլոր ուժերի հետ միասին հաջողեցինք.
մեր անկախ պետականությանը մղել` տեր կանգնելու Ղարաբաղի ազատագրական պայքարին,
մենք հաջողեցինք կատարել իշխանափոխություն, երբ այդ իշխանությունը համարձակվեց ցուցադրել ղարաբաղյան հարցում զիջողական տրամադրություններ,
մենք հաջողեցինք ազգային պառակտման ճիգերին դեմ կանգնել եւ կատարել հայրենիքի բարոյական պարտքն ակամա արտերկրում հայտնված մեր ժողովրդի կարեւոր հատվածի հանդեպ` հաստատելով երկքաղաքացիության օրենքը,
մենք հաջողեցինք Սփյուռք-Հայրենիք կապերի կարգավորման համար ստեղծել Սփյուռքի նախարարություն,
մենք հաջողեցինք պաշտոնական Երեւանին մղել միանալու Սփյուռքի ճիգերին Հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում,
մենք հաջողեցինք մղել Հայաստանի այսօրվա իշխանություններին նահանջելու իրենց բռնած ուղուց հայ-թրքական արձանագրությունների ստորագրման ու վավերացման հարցում: Վկա` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ ՀՀ նախագահի վերջին շրջանի ելույթները: Սակայն շտապեմ ավելացնել, որ ձեռք բերած հաջողությունները բավարար չեն եւ պետք է շարունակել պայքարը մինչեւ այն պահը, երբ ՀՀ-ն հետ կքաշի իր ստորագրությունն այդ չարաբաստիկ արձանագրություններից:
Սակայն, պետք է ասեմ նաեւ հետեւյալը. Սփյուռքում այսօր լսվող` Սփյուռքն առանձնաբար կազմակերպելու, Արեւմտահայաստանի դատին առանձնաբար տեր կանգնելու, Ցեղասպանության հարցն առանձնաբար հետապնդելու ձայները, կոչերը ուրախացնում, քաջալերում են նույն ապազգային տարրերին, որոնք օր առաջ փորձում են ձերբազատվել համահայկական հարցերից:
Խնդիրը բարձրաձայնում եմ, բայց նպատակ չունեմ հարցերը սրել: Իմ նպատակն է սթափեցնել եւ համահայկական հարցերի լուծմանն ի խնդիր միասնականություն ստեղծել:
«Դրօշակ».-Առանձնաբար Սփյուռքի կազմակերպական կառույց ստեղծելու նկատելի խմորումները Հայաստանի պետության նկատմամբ անվստահությա՞ն արդյունք են, թե՞ կան նաեւ այլ պատճառներ:
Հրանտ Մարգարյան.- Նախ` Սփյուռք հասկացությունն իբրեւ մեկ ամբողջական միավոր գոյություն չունի: Կան սփյուռքյան տարբեր գաղթօջախներ: Առանձին կառույց ձեւավորել ի՞նչ անելու համար: Նման կառույցը կամ պետք է ունենա զուտ սփյուռքյան հարցեր իր օրակարգի վրա, կամ` համահայկական հարցեր: Սփյուռքյան այդ ի՞նչ հարցեր են, որոնց համար առանձին կառույց է անհրաժեշտ, որքա՞ն նմանություն ունեն իրանահայության հարցերը, օրինակ, կանադահայության հարցերի հետ, կամ սիրիահայության հարցերը` ֆրանսահայության հարցերի հետ, կամ լիբանանահայության հարցերն արգենտինահայության հարցերի հետ: Իսկ եթե խոսքը վերաբերում է համահայկական հարցերին, ապա դրանց համար անհրաժեշտ է համահայկական կառույց:
Առանձին կառույց ձեւավորելով` մենք մեր մեջ կստեղծենք հարցեր եւ կհեռանանք համահայկական հարցերից, իսկ ինչպե՞ս պետք է պատկերացնել համահայկական նույնանման հարցերի վերաբերյալ առանձնաբար ցուցաբերված կեցվածքները: Կարո՞ղ են լինել տրամագծորեն տարբեր մոտեցումներ, քաղաքականություն, գործունեություն ազգի տարբեր հատվածների կողմից ազգին վերաբերող միեւնույն հարցերի նկատմամբ: Չի կարելի նաեւ մտածել, թե համահայկական հարցերը մեր պետականության հարցերը չեն, կամ մեր ժողովրդի մեկ մասի, կարեւոր մեկ մասի հարցերն են: Մենք մեկ ազգ ենք եւ միասնաբար ունենք խոցված ընդհանուր արժանապատվություն, միասնաբար ժառանգներն ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության: Մենք մեկ ազգ ենք եւ միասնաբար ունենք կորուսյալ Հայրենիք, ոտնահարված իրավունքներ, մենք մեկ ազգ ենք եւ ունենք մեկ դատ, մեկ միասնական պայքար:
Անընդունելի են նաեւ խոհեմության քողի տակ թաքնված այն կարծիքները, թե կա պետական շահ եւ ազգային շահ, եւ պետությունը միշտ չէ, որ կարող է ազգային շահերին հետամուտ լինել: Ճիշտ չէ, անընդունելի է այս մոտեցումը: Եթե խոսքը մեր պետականության մասին է, այն ազգային պետականություն է, եւ երբ պետականությունը կշեղվի իր էությունից, մեր խնդիրը նրան ճիշտ հունի մեջ դնելն է, այլապես` ինչ պետք է ազգին, պետք է մեր պետականությանը, ինչ պետք է մեր պետականությանը` պետք է նաեւ մեր ազգին:
Այսուհանդերձ ընդունում ենք, որ խնդիրը գոյություն ունի: Այո, կա համահայկական կառույցի անհրաժեշտություն, եւ այդ կառույցը մեր պետականությունն է: Ընդլայնենք Ազգային ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք սենատը համահայկական, որտեղ նաեւ ներկայացուցիչներ լինեն արտերկրից: Ճիշտ կլինի, որ սենատը ընտրվի համամասնական ցուցակով` շրջանային կամ համասփյուռքյան մակարդակով, թող նրանք մասնակից կլինեն Ազգային ժողովի բոլոր քննարկումներին, սակայն նրանց վերապահենք համահայկական օրակարգերով վճռական ձայնի իրավունք: Առաջարկությունս դեռ լուրջ քննարկում ու մշակում է պահանջում, բայց այն նոր գյուտ չէ, այդպես են վարվել նաեւ այն պետությունները, որոնք ունեն մեծ սփյուռք:
«Դրօշակ».- Ի՞նչ կտա մեզ համահայկական Ազգային ժողովը:
Հրանտ Մարգարյան.- 1. Մեր պետությունն իրապես կդառնա համայն հայության պետություն, արտերկրի հայությունը ուղղակի մասնակից կդառնա պետականության գործին: Այդպիսով ամբողջական կդարձնենք այն գործընթացը, որ սկսեցինք երկքաղաքացիության օրենքի ընդունումով:
2. Նոր կառույց ու տարանջատման առիթ չի ստեղծվի:
3. Սփյուռքը ուղղակի ընտրված պատգամավորների միջոցով մասնակից կդառնա համահայկական եւ երկրին վերաբերող հարցերի վճռահատման եւ որոշումների գործադրմանը վերահսկելու մեջ:
4. Սփյուռքում եւս համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպումը լուրջ խթան կհանդիսանա սփյուռքյան կազմակերպական կառույցների համար զբաղվելու անկազմակերպ համայնքներով եւ մեր հայկական կազմակերպական ցանցի մեջ առնելով բոլոր այն հայորդիներին, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով հեռու են մնում մեզանից եւ մենք եւս չենք զբաղվում նրանցով: Սփյուռքյան կյանքում կվերականգվի մրցակցությունը, ինչն անհրաժեշտ է զարգացման եւ կենսունակության համար:
5. Երիտասարդությունը, որ այս դարում ընդհանրապես անտարբեր է գաղութային կազմակերպական հարցերի նկատմամբ եւ ավելի հետաքրքրված է ընդհանուր հարցերով, հավելյալ խթան կունենա հայկական կյանքի հետ կապվելու, երբ նրանց համահայկական-պետական գործերին մասնակցելու ասպարեզ տրվի:
Փաստորեն սկսվում է մի նոր ժամանակաշրջան, հայությունը կազմակերպվում է ոչ միայն իր ինքնությունը պահպանելու, այլեւ համահայկական հարցերի մեջ դերակատար դառնալու համար:
Կարծում եմ` ավելորդ է այլեւս անդրադառնալ որոշ հոսանքների` առանձնանալու հիմնավորումներին, բարձրացած աղմուկին, բամբասանքներին, անմակարդակ խոսակցություններին, թե մենք այսպիսին ենք, նրանք այնպիսին, թե մեր հայրենիքը Արեւմտահայաստանն է, նրանցը` Արեւելահայաստանը կամ նույնիսկ Արեւելահայաստանի մի մասը, թե այնտեղ կոռուպցիա կա, մաֆիա, եւ ամեն ինչ օտար է, անհուսալի ու անիմաստ: Չեմ ուզում անդրադառնալ այս ամենին, մեր մակարդակին հարիր չէ: Մեր երկրում, ավոք, շատ բան լավ չէ: Ասում եմ` լավ չէ, ու սրտիցս արյուն է գնում, բայց հենց այսպես, այս սրտացավությամբ պետք է վերաբերվել իրողությանը: Շատ բան լավ չէ, ուրեմն մեր Հայրենիքը պետք ունի մեզ, մեր հայրենասիրության, մեր բարյացակամ վերաբերմունքին, մեր զոհաբերություններին: Եթե ամեն ինչ լավ ու հրաշալի լիներ, գուցե մեր հայրենասիրությունն էլ անհրաժեշտ չլիներ, գուցե շատերս մեզ այլեւս մեր հայրենիքի համար ավելորդ զգայինք:
Բայց այսօր ահռելի գործ ունենք: Ե’վ Հայաստանում, ե’ւ Արցախում, ե’ւ Սփյուռքում ու աշխարհում:
«Դրօշակ».- ՀՅ Դաշնակցության այս տարվա տոնին նվիրված պաստառներում արձանագրված կազմակերպության 120-ամյա տարիքից 20-ն առանձնացված է` մատնանշելով նորանկախ Հայաստանում ՀՅԴ-ի ծավալած գործունեությունը: Մոնրեալում Ձեր ելույթում Դուք հիմնականում կենտրոնացել եք ՀՀ-ում մեր կազմակերպության ունեցած դերակատարությանը: Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է այդ դերակատարությունը:
Հրանտ Մարգարյան.- Մենք Հայաստանում սկսեցինք աշխատել, երբ, իբրեւ կազմակերպություն, ունեինք միայն երկու տարվա` 1918-1920 թվականների պետականության պայմաններում աշխատելու փորձ: Դրանից առաջ մեր ունեցածը, ազգային ազատագրական, հեղափոխական պայքարի փորձն էր, իսկ 1920 թվականից հետո, սփյուռքյան իրականության մեջ աշխատանքը, ամբողջությամբ այլ փորձառություն:
Բայց մենք մեր նվիրվածությամբ, մեր միս ու ոսկորով, ամբողջական պատասխանատվությամբ, որ տածում էինք մեր կուսակցության անցյալի, մեր նահատակ ընկերների, արտերկրում թողած մեր ընկերների հանդեպ, աշխատեցինք ոչ մի այլ շահ ու հաշիվ չունենալով, բացի Հայրենիքի ու մեր ժողովրդի շահը:
Աշխատեցինք ու միաժամանակ սովորեցինք, թե ինչպես պետք է աշխատել պետականության պայմաններում, ինչ է պետականությունը ընդհանրապես: Ճանաչեցինք մեր ժողովրդին, փորձեցինք մեզ ներկայացնել նրան: Ու տեսանք սկզբնական ինչ-որ միֆի, անորոշ պատկերացումների խորհրդային ավերիչ հակաքարոզչությունից զատ, ինչքան բան չգիտի կամ խեղաթյուրված պատկերացումներ ունի ժողովուրդը մեր մասին:
Մենք մեզ հետ եղանք անկեղծ, հարազատ, չգայթակղվեցինք պետական հանգամանքներով, արկածախնդրությունների գիրկը չընկանք, հեշտ ճանապարհներ չփնտրեցինք, ջանացինք ճամփա հարթել, մեր կազմակերպության վաստակը չմսխեցինք, փորձեցինք ավելացնել:
Կարո՞ղ ենք ասել այսօր` ժողովուրդը ճանաչում է մեզ, ինչպես որ կանք, մենք կարողացա՞նք մեզ լսելի դարձնել բոլորին: Անշուշտ, պետք է ասեմ` ոչ: Դեռ ճամփա ունենք կտրելիք:
Քաղաքական կյանքում անկեղծ լինելը, հայրենասիրությունը, անսակարկ նվիրվածությունը հասկանալի դառնալու, ընկալվելու, համակրանք շահելու համար բավարար չեն: Քաղաքական կյանքում կան ուղղություններ, ռեալ շահեր եւ կան իրականությունները խեղաթյուրելու, մթնոլորտ ստեղծելու միջոցներ:
Մենք հաճախ խուսափում ենք մեր հասցեին օրն ի բուն հնչող քննադատություններին պատասխանելուց. դա մեզանից շատ է ժամանակ խլելու եւ քննադատողների վերաբերմունքն էլ, միեւնույնն է, չի փոխվելու: Ու նաեւ մտածում ենք` որ իրենք իրենց քաղաքական գործիչներ համարող անձինք եթե ավելի շատ խոսում են, թե Դաշնակցությունն ինչ պետք անի, ինչ չպետք է անի, էլ ինչու են այլ կուսակցություններ ստեղծել կամ անդամագրվել այլ կուսակցությունների: Անվերջ մեզ խելք սովորեցնելու փոխարեն, թող իրենք գործեն:
«Դրօշակ».- Այսուհանդերձ, արժե անդրադառնալ ավելի հաճախ հնչող մի քանի քննադատության. տարբեր առիթներով շատ են խոսում, որ Դաշնակցության այսօրվա կեցվածքները չեն համապատասխանում նախորդ իշխանությունների նկատմամբ ունեցած կեցվածքներին:
Հրանտ Մարգարյան.- Դաշնակցությանը մեղադրում են անհետեւողականության մեջ: Իբր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք իշխանության դեմ սանձարձակ պայքարի ենք դուրս եկել, բայց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ այսօր նույն երեւույթների ու պատճառների նկատմամբ նույնանման կեցվածք չենք ունենում: Նաեւ մեղադրվում ենք, որ նույն երեւույթների համար երբ մաս էինք կազմում կոալիցիային, լռում էինք, իսկ այսօր չենք վարանում քննադատական կեցվածքներով հրապարակ գալ:
Մեզ համար երբեք իշխանությունների դեմ պայքարն ինքնանպատակ չի եղել, երբեք իշխանության հասնելն ինքնանպատակ չի եղել: Թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե’ Ռոբերտ Քոչարյանի եւ թե’ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաշրջանում մենք առաջնորդվել ենք երկու կարեւոր սկզբունքներով.
ա. Նկատի ունենալով, որ անկախությունից ցայսօր երկիրը դիմագրավում է արտաքին վտանգ, ուրեմն` չանել այն ամենը, ինչը կարող է վտանգել երկրի քաղաքական կայունությունը, անվտանգությունը.
բ. Արտաքին վտանգը դիմագրավելու համար կանգնել օրվա իշխանությունների կողքին:
Այդպես ենք վարվել միշտ, ունեցել ենք կարմիր գծեր, որ երբեք չենք անցել: Կուսակցության ղեկավար են արտաքսել երկրից, մենք չենք անցել սահմանը, կուսակցություն են փակել` դարձյալ այդկերպ ենք վարվել: Կուսակցությունը հալածված էր, պատասխանատու ընկերներ էին բանտում, մեր զինակից ընկերները շարունակում էին կռվել առաջին դիրքերում, երկրում մենք թշնամի էինք ընկալվում, իսկ արտասահմանում մեր Հայ դատի հանձնախմբերը համագործակցում էին այդ հալածողների արտգործնախարարության հետ:
Եվ այս ամբողջը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, մեր անկախության ողջ ժամանակաշրջանի ամենավատ օրերին, երբ տնտեսությունն իսպառ քայքայվում էր, երբ մոլեգնում էր կոռուպցիան, սեփականաշնորհման անվան տակ թալանվում էր ազգն ու պետությունը: Երբ ամեն ինչ արվում էր օր առաջ ձերազատվելու Ղարաբաղից ու Ղարաբաղի պայքարից:
Ճիշտ վարվեցինք մենք, թե ոչ. միակ դատավորը պատմությունն է: Մենք հավատում ենք` ճիշտ ենք վարվել: Պատկերացնում եք, եթե այդպես չվարվեինք եւ արդյունքում` ազգային, մնայուն հարցերում` Ղարաբաղի հարցում, մեր ազգային ինքնիշխանության հարցում ձախողումներ ունենայինք: Սերունդները մեզ չէին ների: Միշտ հիշենք` Առաջին Հանրապետության անկման ներքին ու արտաքին հարցերը որքան ճակատագրական եղան, նաեւ չմոռանանք` Ղարաբաղյան պայքարում մենք հաղթեցինք, որովհետեւ Ադրբեջանն ապրում էր ներքաղաքական անկայուն իրավիճակ:
Իսկ նախագահական երեք ժամանակաշրջանները մենք իրավունք չունենք նույն կերպ գնահատել: Լեւոն-Տեր Պետրոսյանի շրջանը բնորոշվում էր իբրեւ մի ժամանակ, երբ ոչ միայն զարգացում չկար, այլ համատարած քայքայում էր: Կորուստներ, ազգային-քաղաքական հարցերում` ընդհանրապես ապազգային քաղաքականություն, Արցախի հարցում` պարտվողական տրամադրություններ, իսկ ներքաղաքական կյանքում` հալածանքներ ու բռնություններ, ազգային պառակտում: Ռոբերտ Քոչարյանի շրջանը բնորոշվում է ներազգային հարցերում անզիջող քաղաքականությամբ, առկա էր զարգացում: Այդ զարգացման ընթացքն էր, որ դանդաղ էր եւ ոչ բավարար: Այսօրվա ընթացքի մեջ գտնվող փուլն էլ բնորոշվում է ազգային հարցերում անորոշ, անվստահ, զիջողական քաղաքականությամբ: Տնտեսական հարցերում էլ վտանգավոր տեղատվության մեջ ենք հայտնվել: Ու համաշխարհային տնտեսական ճգնաժամով էլ ամեն ինչ բացատրելը ճիշտ մոտեցում չէ:
Հակառակ այս հստակ զանազանությունների, հակառակ այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք մենք մաս էինք կազմում իշխանություններին, այսինքն կոալիցիայի մեջ էինք, այդուամենայնիվ գիտակցում էինք, որ մեր իշխանությունը սահմանափակ է եւ չէինք վարանում նաեւ հրապարակավ հնչեցնել այն բոլոր հարցերը, որոնց դեմ էինք: Որ ասածս ուշացած ինքնարդարացման ձեւ չստանա, մեջբերեմ 2005 թվականին (երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ եւ մենք դեռեւս կուալիցիայի անդամ էինք) Դաշնակցության 115-ամյակի տոնակատարության ընթացքում Երեւանի մեջ, ելույթիցս մի բաժին: Խոսքս հրապարակավ ուղղելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ասացի. «Պրն. Նախագահ, ՀՅԴ-ի համար մերժելի է անարդարությունը` անկախ այն բանից, թե այն ո՛ւմ կողմից եւ ո՛ւմ դեմ է իրականանում: Մեր ժողովուրդը 9-դարյա օտարի բռնիշխանության հետ է նույնացրել անարդարությունը եւ այսօր` անկախ պետականության պայմաններում, իրավացիորեն չի կարողանում հանդուրժել անարդարության որեւէ դրսեւորում:
Իսկ այսօր մեր երկրում` ազատ ու անկախ մեր հայրենիքում, որի Նախագահը Դուք եք ու մենք` ձեր կողքին, անարդարություն կա. դրա համար մենք եւ Դուք պատասխանատու ենք:
Անարդարության պատճառ-հետեւանքներն են` երկրում առկա կոռուպցիան, աղքատությունը, անպատժելիության մթնոլորտը: Այսօր կոռուպցիայի ու աղքատության դեմ իրական ծրագրված պայքար գրեթե չկա երկրում: Դուք եւ մենք մեր նախընտրական ծրագրերում շատ ենք խոսել այդ մասին, պարտավոր ենք հասարակությանը տեսանելի, լուրջ, իրական հույս ներշնչող քայլեր ձեռնարկել: Մենք միշտ պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք այդ ճանապարհին պատասխանատվություն ստանձնել:
Դաշնակցությունը արդարության համար պայքարող ազատամարտիկների կազմակերպություն է, մենք հաստատակամորեն շարունակելու ենք պայքարն աղքատության ու կոռուպցիայի դեմ:
Վաղուց ի վեր մեր հասարակությունը վերածվել է երկու անհավասար շերտերի, մի շերտը «արտոնյալների» այն խավն է, որ վայելում է իշխանությունների ամբողջական զորակցությունը, մոտ է նրանց եւ հովանավորվում է նրանց կողմից: Իսկ մյուս խավը` մեծամասնության խավը, հիմնականում զուրկ է պետական հոգատարությունից, անպաշտպան է ու լքված:
Չցանկանալով ստեղծել համընդհանուր տպավորություն` սակայն չեմ կարող չհիշատակել, որ այսպես կոչված «արտոնյալների» շարքերը կազմում են մի շարք օլիգարխներ, թաղային հեղինակություններ, չինովնիկներ ու իշխանիկներ: «Արտոնյալներ», որոնց համար մատչելի են պետական պաշտոնը, սեփականաշնորհման բարիքները, մաքսային ու հարկային անօրինական դյուրություններն ու կարելիությունները, ինչի շնորհիվ նրանք հայտնվում են անմրցելի դիրքերում, հասարակությունից վեր ու հասարակության դեմ կարգավիճակում:
Հովանավորչությամբ են լուծվում շատ ու շատ հարցեր, եւ առավելաբար այդ իրողություններն են, որ ստեղծում են անարդարության մթնոլորտ: Սա առավել անհանդուրժելի է, քան սոցիալական-տնտեսական դժվարությունները: Այս երեւույթները յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքն են դառնացնում: Պետք է սթափվել:
Պրն. Նախագահ, այս երեւույթները ձեր իշխանության օրոք չեն ստեղծվել, Դուք եւ մենք այն ժառանգել ենք անցյալից, բայց դրանք շարունակվում են նաեւ մե՛ր օրոք. մենք պարտավոր ենք ծրագրված, կազմակերպված պայքար ծավալել երկրում կարգապահություն ու օրինականություն, անաչա՛ռ կարգապահություն ու օրինականություն հաստատելու համար` մեր պաշտպանության ու հոգատարության սահմանների մեջ առնելով մեր ժողովրդի բոլոր շերտերին, բոլոր-բոլոր քաղաքացինե
րին»:
Ձեզ եմ թողնում դատողությունը` լո՞ւռ ենք մնացել այդ օրերին: Այսօր, երբ այդ երեւույթները շատ ավելի են բարդացել, կարելի է ամբողջությամբ կրկնել ասվածը, հոգ չէ, թե այն ժամանակ մենք իշխանության մաս էինք կազմում, իսկ այսօր ընդդիմադիր ենք:
«Դրօշակ».-Ավելի հաճախ հնչում է մի այլ մեղադրանք. Դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է:
Հրանտ Մարգարյան.- Ասում են` կեղծ ընդդիմություն եք, քանի որ ընդդիմության, այսինքն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չեք համագործակցում: Իսկ մյուս ուժերը, որ միացել են Տեր-Պետրոսյանին, համագործակցո՞ւմ են, թե՞ նրա կողմից կառավարվում են: Նրանք ընդդիմության դաշտում ընդունել են Տեր-Պետրոսյանի իշխանությունը, այնտեղ այլեւս չկա ժողովրդավարություն, ի չիք է դարձել կուսակցություների ինքնուրույնությունն ու արժանապատվությունը: Այնտեղ կռապաշտություն ու բռնատիրություն է: Ասում են` եթե կեղծ չեք, եկեք ընդունեք այս իշխանությունը, կամ այլ խոսքով` եկեք մեր հասկացած ձեւով համագործակցենք: Իհարկե, զարմանալի է` եթե մենք կեղծ ենք ինչո՞ւ են ուզում մեզ հետ համագործակցել, մի՞թե ցանկալի է կեղծ ուժի հետ համագործակցություն:
Մենք 10 տարի իշխանությունների հետ եղանք, բայց չկորցրինք մեր ինքնուրույնությունն ու ինքնաղեկավարումը, իսկ շանտաժով համագործակցության հրավերները կարող են միայն ծիծաղելի լինել:
Մեղադրանք են հնչեցնում նույնիսկ բարյացակամ մարդիկ. Դաշնակցությունը ինչո՞ւ չի հաջողում:
Ասում են` Հայաստանի Հանրապետությունում 20 տարվա անցյալ ունեք, ինչո՞ւ դեռ իշխանություն չեք, ինչո՞ւ ընտրություններում այդքան քիչ են ձեր քվեները: Ինչո՞ւ չեք կարողանում վերացնել երկրում առկա դժվարությունները: Մի խոսքով` ինչո՞ւ այն չեք, ինչ պետք է լինեիք:
Ակնկալիքները մեզնից մեծ են: Չեմ ուզում պաշտպանվել, չեմ ուզում ինքնարդարացման ավելորդ ճիգ թափել, որովհետեւ ակնկալիքները պարտավորեցնող են, եւ լավ է, որ դրանք լինեն: Մենք եւս մեզանից գոհ չենք: Երբ մենք մեզանից գոհ լինենք ու ժողովուրդն էլ դադարի մեզանից ակնկալիքներ ունենալ, կնշանակի` մենք էլ ենք դարձել հերթական կուսակցություն, մի օր լավ, մի օր վատ` կանցնի կգնա:
Ամեն ինչ համեմատական է: Մենք մեզ ո՞ւմ հետ ենք համեմատում: Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքը խաբուսիկ է, եղել են քաղաքական ուժեր` կուսակցություններ, քաղաքական գործիչներ, նախագահի թեկնածուներ, ասուպի պես հայտնվել են ասպարեզում, ստացել մեծաքանակ քվեներ, ու հաջորդ ընտրություններին կամ արդեն քաղաքական գործով չեն զբաղվել, կամ ունեցած քվեները բառացիորեն մի քանի տոկոս են կազմել: Հիմա մենք մեզ համեմատե՞նք դրանց հետ, դրանց ո՞ր վիճակի հետ:
Իսկ անկախությունից հետո այդ ո՞ր քաղաքական ուժն է իշխանության հասել, միշտ էլ իշխանությունն է վերարտադրվել, բայց որ այդպես չի մնալու եւ մենք փոխելու ենք կյանքը մեր երկրում, վայրկյան իսկ չեմ կասկածում:
Դաշնակցության գոյությունը պայմանավորված է հայ ժողովրդով, նրա ներկայով, անցյալով ու ապագայով: Առանցքն է Դաշնակցությունը, որ հավատարիմ երեք դարերի վրա երկարող իր ընթացքին` ներկան պետք է արձանագրի, իր գործով ինքզինքը շարունակաբար հաստատի, իրենը պարտադրի ժամանակին, պայմաններին, խոչընդոտներին, արգելքներին եւ անկարելիներին:
Եթե Դաշնակցության գոյության պատճառը Հայաստանն է ու hայ Ժողովուրդը, եթե նրա անվտանգ գոյությունն ու զարգացումն է մեր սրբություն սրբոցը, ապա այդ նպատակին հասնելու ամենակարեւոր միջոցը Հայկական Անկախ Պետականությունն է: Դաշնակցությունն իր պատմության ամենատխուր պահին, Հայկական Ցեղասպանությունից անմիջապես հետո կամ դրան զուգահեռ, ծնունդ տվեց Անկախ Պետականությանը: Հենց միայն այս փաստն առանձնաբար բավարար է, որ ՀՅ Դաշնակցությունը հպարտությամբ կանգնի պատմության դատաստանի առջեւ: Այսօրվա մեր պետականությունը շարունակությունն է մեր կերտած անկախության. եթե չլիներ 1918 թվականի անկախությունը, մեծ հավանականությամբ չէինք ունանա նաեւ այսօրվա անկախ Հայաստանը: Գուցե նույնիսկ չէինք լինի եւ մենք… Չգիտեմ:
ՀՅ Դաշնակցության դերը մեծ է մերօրյա պետականաշինության, պետականակերտման գործում: Իշխանության կազմում թե ընդդիմության մեջ` մեր գործը ուղղված է եղել նույն նպատակին` հայոց պետականության կայացմանը եւ հզորացմանը:
Այո, մենք վերելքի մեկնարկային նպաստավոր դիրքում ենք այսօր:
Եվ որպեսզի վերելքը լինի թռիչքային, մեզ պետք է վերակազմակերպում Սփյուռքում, արդարություն, ժողովրդավարություն եւ ազգային հզոր կազմակերպվածություն Հայրենիքում, ու վերջապես` միեւնույն նպատակի ու գերխնդիրների շուրջ համախմբվածություն, միասնականություն:
«Դրօշակ».- Ինչպե՞ս է վերակազմակերպվելու Սփյուռքը:
Հրանտ Մարգարյան.- Սփյուռքը նոր իրականություններ է դիմագրավում, գլոբալիզացիայի արդյունքում համայնքային կազմակերպված կյանքից հեռանում են ու հետզհետե օտարանում ավելի մեծ թվով հայորդիներ, մասնավորաբար` երիտասարդներ: Կազմակերպված գաղութներում տեղի են ունենում ներքին նոր տեղաշարժեր` առաջացնելով նոր պահանջներ: Ի հայտ են գալիս նոր եւ հետեւաբար անկազմակերպ գաղութներ, որոնք պետք է մաս կազմեն հայկական ուժականության: Եվ մենք չենք կարող անտարբեր լինել նրանց նկատմամբ: Ցավոք սրտի, նաեւ ականատես ենք դասական Սփյուռքում հաստատված նոր հայերի` կազմակերպված մեր համայնքների հետ համարկման, իսկ մեր համայնքները այդ հայորդիներին իրենց գրկի մեջ ընդունելու խնդիր ունեն:
Ժամանակն է ընդլայնել մեր ազգային կազմակերպվածության ցանցը, առաջացնել կազմակերպական նոր ձեւեր, ազգի առանձին շերտերին ինքնակազմակերպվելու ու ինքնաղեկավարվելու հնարավորություններ պետք է տալ: Պետք է ազատվենք կաղապարներից, սովորամոլությունից, ծիսակատարություններից, եւ փոխենք մենք մեզ, որ կարողանանք տեր կանգնել մեր առաքելության` ավելի ու ավելի մեծ թվով հայերի ներգրավելով ազգային կազմակերպության մեջ, եւ մրցակցության պայմաններում նվաճենք ժողովրդին առաջնորդելու իրավունքը:
Համայնքի մեր առօրյա կյանքում պետք է ապրենք նաեւ համահայկական օրակարգերով` մեզ համարելով համահայկական մեծ ընտանիքի մաս: Հատվածականությունը, ընդհանուրից անջատվելը, ազգի մեջ բաժանարար գծեր անցկացնելը միմյանց փոշիացնելու ուղի են, վտանգելու են ազգի ուժականությունը, վտանգելու են բոլորիս ներկան ու ապագան: Ազգը տկարանալու է, իսկ հատվածը լուսանցք է մղվելու:
Կազմակերպվենք, վերակազմակերպվենք իբրեւ մեկ ամբողջական ազգ: Մեզ արտերկրում համարենք հայրենիքի, հայրենիքում` մեր ժողովրդի առանցքի շարունակությունը, համախմբվենք համահայկական օրակարգերի շուրջ:
Որոնք են այդ օրակարգերը.
– Հայկական ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված մեր երթին տալ նոր ուժականություն: Նպատակը` մինչեւ Մեծ եղեռնի 100-ամյակ հասնել Ցեղասպանության միջազգային ճանաչման, պարտավորեցնել Թուրքիային ընդունելու եւ տեր կանգնելու իր պատասխանատվությանը:
– Սփյուռքում կուտակած բարոյական կապիտալով մասնակից լինել, դերակատար դառնալ Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ ու քաղաքական կյանքին: Այս առիթով արդեն ասացի համահայկական Ազգային ժողովի կազմության մասին:
– Քաղաքական կազմակերպված աշխատանքով ստեղծել միջազգային նպաստավոր հանրային կարծիք Արցախի, Ջավախքի հարցերով: Տեղական ազդեցություններն օգտագործելով` նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման, նրա տնտեսական եւ ընդհանրապես զարգացման համար:
«Դրօշակ».- Իսկ Հայրենիքո՞ւմ ինչ ծրագրեր են նախանշվում:
Հրանտ Մարգարյան.- Պետականությունը պետք է լինի ազգային եւ արդար, որպեսզի մնա հարազատ իր կոչմանը, առաքելությանը: Բայց մեր երկրում, օրվա իշխանությունների պատճառով, վտանգված է ազգային ուղեգիծը եւ չկա արդարություն:
Դաշնակցությունը մեծ ներդրում է ունեցել երկիրն իր ազգային ուղեգծի մեջ պահելու հարցում, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է ազգային ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ եւ այդ ամենով առաջնորդվող, այդ ամենը հարգող ու գործադրման ունակ, անհրաժեշտ քաղաքական կամք, պայքարի վճռականություն, հետեւողական նկարագիր ունեցող քաղաքական ղեկավարություն: Այս ամենը պետք է Հայաստանի ու հայ Ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան երաշխավորելու համար:
Մեր ժողովրդի զարգացման բնական պայմաններն են արդարությունն ու ազատությունը, օրենքի ու կարելիությունների սահմաններում հավասարությունը: Այդ ամենը մեր երկրում դեռեւս թերի է, հիվանդ, հիմնական լուծումների կարոտ: Համոզված ենք` լուծումները բերելու է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ հավատում է սոցիալական արդարության, ունի ծրագիր, անցել է պատմության քննությունը. բռնության, անարդարությունների դեմ պայքարը եղել է նրա կենսակերպը, մտածելաձեւն ու դավանանքը: ՀՅ Դաշնակցությունն այդ բոլոր հարցերի համար ունի լուծումներ, մենք փոխելու ենք մեր կյանքը:
Մենք փոխելու ենք իրավիճակը` ընթանալով բացառապես մեր բացած ճանապարհով, մեր ժողովրդի իրական կյանքն ու պայմանները նկատի ունենալով: Օտարի խաղը մենք չենք խաղալու, օտարի ճշտած կշռույթով չենք շարժվելու: Ու ամենակարեւորը` մեր ուղեգծին` ազգային ուղեգծին չենք դավաճանելու:
Բայց հարցերի հարցը ազգի մեկության, համախմբվածության, միասնականության պահպանումն է:
Միասնականություն, որն, անշուշտ, միօրինակություն, տափակություն ու միաձեւություն չի նշանակում: Միեւնույն նպատակին հասնելու հարցում մեզ համախմբվածություն է պետք: Միասնականությունը միակարծություն չէ. մենք ապրելու ենք մեր կյանքը, հաճախ մրցակցության ու նույնիսկ պայքարի մեջ, սակայն նույն նպատակին ենք ձգտելու տարբեր ուղիներով: Մեզ համար, բոլորիս համար անընդունելի պետք է լինի այն ամենը, ինչ կարող է մեզ հեռացնել մեր նպատակից:
Հայկական Անկախ Պետականության հզորացումն ու ամրապնդումը մեր գերխնդիրն է:
Այս հանգրվանում մեր գերխնդիրն է Արցախի փաստացի ազատագրումը: Ազգը պետք է համախմբվի, միասնականություն ցուցաբերի այս հարցում:
Արցախը մեր արժանապատվությունն է, մեր պետականության ազգային էության ու ընթացքի երաշխավորը: Մենք դեռ պատերազմի մեջ ենք: Ճիշտ է, պատերազմն այսօր տեղի չի ունենում սահմանի երկայնքով, սակայն պատերազմ է, որն ընթանում է բանակցությունների սեղանի շուրջ: Աննկատ է ու բթացնող, սակայն պատերազմ է: Այնտեղ են նաեւ միջազգային ուժերը, որոնք, ճիշտ է, ոչ մի շահագրգռվածություն չունեն` Արցախը Հայաստա՞ն կլինի, թե՞ Ադրբեջան, Լաչինը Հայաստանի՞ն կմնա, թե՞ Ադրբեջանին, նույնպես` Զանգելանը, բռնագրավված Շահումյանը, Գետաշենը, բայց նրանք ունեն շահեր, տարածաշրջանում հետապնդվող նպատակներ: Մի կողմում Ադրբեջանն է ու Թուրքիան, նավթն է ու իսլամական աշխարհը, մյուս կողմում` մենք ենք ու մեր սարերը, մեր ժողովրդի միակամությունը կամ պառակտումը: Մեզ պետք է Ղարաբաղի հարցում համախմբվածություն, միասնականություն: Մեկ անգամ մենք միասնական եղանք եւ արձանագրեցինք Արցախի դե ֆակտո ազատագրումը, մեզ դարձյալ միասնականություն է պետք` այն դե յուրե եւ վերջնականորեն նվաճելու համար:
Ցանկացած հարցի հետապնդում մեր իրականության մեջ պետք է ունենա զսպման կարմիր գիծ, ոչ մի կերպ պետք չէ վտանգվի Արցախի պայքարը: Արցախի հարցում պետական քաղաքական շրջանակները պետք է ուղղակի զգան ժողովրդային աջակցությունն ու չհամարձակվեն նահանջելու մեր այսօրվա դիրքերից:
Արցախն ազատագրված հայրենիք է: Մենք ավելի հաճախ կորուստներ ենք արձանագրել. սա մեր երկար սպասված հաղթանակն է: Արցախը մեր ազգի իրական վերածնունդն է: Արցախի ազատագրումը հիմնական քայլ է դեպի միացյալ Հայաստանի կերտում:
Արցախը շարունակում է մնալ մեր գերխնդիրը եւ լինելու է այդպիսին, մինչեւ աշխարհն ընդունի փաստը, հաշվի նստի կայացած իրականության հետ, ճանաչի Լեռնային Ղարաբաղի կայացած Հանրապետությունը:
Մենք Արցախի հետ կիսել ենք մեր նույնացված ճակատագիրը: Մենք Արցախի հետ սկսել ու շարունակում ենք պայքարը:
Հայկական իրականությունում` Դաշնակցությունն ու Արցախի գործոնը ունեցել են չարձանագրված, չպայմանավորված, չհայտարարված համագործակցություն, դաշինք, ու մեծ է եղել մեր գործակցության արդյունքը: Մեծ է եղել ու կարող է դեռ մեծ դերակատարություն ունենալ:
Վերջապես, իրողություն է` հայկական իրականությւնը բաժանվում է ջրբաժանով, որն անցնում է Արցախի հարցի միջով: Մի կողմում նրանք են, որոնց համար Արցախի կյանքը հարց ու գերխնդիր է, մյուս կողմում` նրանք, որոնց համար Արցախի հարցը կարեւոր չէ: Իբրեւ կազմակերպված ուժ` Արցախի հարցը մեզ համար գերխնդիր է, մեզ հետ են նաեւ մեր ժողովրդի առողջ ազգային տարրերը, մտավորականությունը, պարզ հայ գյուղացին, աշխատավորը ու ազգային արժանապատվություն ունեցող հայորդիները:
Այս չարձանագրված, չհայտարարված համագործակցությունը` Արցախյան գործոնի ու Դաշնակցության, պետք է լինի այն առանցքը, որի շուրջ կկայանա ազգային միասնականությունը: Միասնականություն, որ ծնունդ կտա ազգային, համահայկական անպարտելի ուժի ձեւավորման:
Միասնականություն, որ պետք է ապահովի բովանդակ ազգի մեկությունը:
Միասնականություն, որ թույլ չի տալու պառակտվել, տարբեր կողմերից թեքվել կամ ջարդվել:
Միասնականություն, որպեսզի չհավատանք սրա ու նրա խոստումներին, չվախենանք նրանց ապառնալիքներից:
Միասնականություն, որպեսզի չտրվենք հեշտ ու կարճ ճանապարհներով գնալու գայթակղությանը: Որպեսզի այն, ինչ ապահովել ենք արյամբ ու պատերազմով, տանուլ չտանք բանակցությունների սեղանի շուրջ:
Միասնականություն, որ մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար հաղթանակ կապահովի, վերջնական հաղթանակ, որ այլեւս իբրեւ ժողովուրդ դադարենք լացող, կոտրված ազգ լինելուց, դադարենք հոխորտացող ու երազող մարդկանց հավաքականություն լինելուց: Դառնանք իրապես հաղթած, ապրող, զարգացող ազգ:
Արցախը չպետք է մենակ մնա: Արցախի անվտանգության, հաջողության համար երաշխավոր պետք է շարունակի լինել Հայաստանի Հանրապետությունը: Արցախը պետք է շահագրգռված լինի, որ Հայաստանը դառնա արդար, ազատ երկիր: Քաղաքականապես կայուն Հայաստանի Հանրապետության երաշխիքը ներազգային կյանքում արդարության ու ժողովրդավարության հաստատումն է:
Մեր միասնականությունը խախտվում է առաջին հերթին Հայաստանի ներկա իշխանությունների վարքագծի պատճառով: Մեր իշխանական վերնախավը չունի հարազատ ժողովրդի քաղաքական հենարան եւ ապավինում է այլ ուժերի, տարրերի, որոնց համար գերխնդիրն այլ է` սեփական շահն ու նյութական առավելությունների ապահովումը: Արդյունքում` ամեն օր խորանում է ժողովուրդ-իշխանության միջեւ առկա անջրպետը: Օրըստօրե բարդանում է իրավիճակը, վերնախավն ամեն օր ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում այդ ուժերից կամ տարրերից: Որքան կախվածությունը մեծանում է, այնքան դժվարանում է երկրում արդարության եւ ժողովրդավարության հաստատման գործը: Մինչդեռ անհրաժեշտ է քաղաքական կամք ու սկզբունքային կեցվածք դրսեւորել, հետեւողականորեն հետամուտ լինել արդարության եւ ազատության հաստատման, ինչը կապահովի ժողովրդական աջակցութուն եւ միաժամանակ` հայտնի տարրերի կախվածությունից ձերբազատում:
Միասնականությունը, խախտվում է նաեւ որոշ քաղաքական շրջանակների կողմից: Դրոշակ դարձնելով ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները` նրանք, սակայն, մի նպատակ ունեն` հասնել իշխանության: Համակարգի բարելավումը չէ նրանց նպատակը:
Միասնականությունը խախտվում է նաեւ, երբ փորձ է արվում ազգի մեջ արհեստականորեն պառակտում սերմանել, բաժանարար գծեր քաշել:
Սակայն մենք վստահ ենք մեր ուժերին եւ հավատում ենք մեր ժողովրդի ողջամիտ բանականությանը, ազգային մտավորականությանն ու առանձին քաղաքական ուժերի: Մենք ստեղծելու ենք մթնոլորտ, կացություն, որ ազգային գերխնդիրների շուրջ հայությունը մնա միասնական ու համախմբված:
Մենք կամք, վճռականություն եւ արթուն միտք ունենք եւ ի վերջո հասնելու ենք համայն հայության նպատակների իրականացմանը: