RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Դաշնակցությունը գնում է հիմնական լուծումների

Posted on December 15, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը

«Դրօշակին»

«Ճանաչիր ինքդ քեզ»` նշանախոսքը նպատակ ունենալու, ճամփա գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է Մենք այդպես ենք եկել, հասել այսօրվան»

 

– Ամեն տարվա պես, այս անգամ էլ ՀՅ Դաշնակցութիւնը նշում է իր հերթական` տոնական, բայց եւ հաշվետվական օրը: Ինչո՞վ է առանձնահատուկ այս տարվա Դաշնակցության օրը:

– Մեզ համար «Ճանաչիր ինքդ քեզ»` նշանախոսքը նպատակ ունենալու, ճամփա գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է: Մենք այդպես ենք եկել, հասել այսօրվան: Այդպես էլ շարունակելու ենք: Դաշնակցության օրվա, մեր կուսակցության 119-ամյակի նշումը մեզ համար հաշվետվություն ներկայացնելու, արածն ու չարածը քննադատաբար գնահատելու, տարին ամփոփելու առիթ է:
Երբ հայ իրականությունը դեմ առ դեմ է կանգնում որեւէ կարեւորագույն երեւույթի, բնականորեն ալեկոծվում է մեր քաղաքական միտքը, եւ, բնականաբար, այդ ալեկոծությունն իր ազդեցությունն է ունենում մեր կազմակերպության վրա: Անբնականն այն է, որ այդ ամբողջը ուղեկցվում է կրքով, մեր մեջ թշնամիներ որոնելով, հաճախ իրական բանավեճ, քննարկում չի լինում: Միշտ վախ կա, թե կպիտակավորեն եւ ճիշտ չես հասկացվի:

Ցավոք, սա է մեր մթնոլորտը: Բայց սա չի կարող, պետք չէ պատճառ դառնա, որ ետ կանգնենք մեր հիմնարար սկզբունքներից:

Նոր օրակարգ է հայտնվել մեր կյանքում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ: Ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում:

Համազգային զարթոնքից հետո վճռական, ծանր ու դժվար տարիներ շատ ենք ապրել. երկրաշարժ, տնտեսական տագնապներ, պատերազմ, անկախության ետծննդյան դժվարություններ: Եվ այդ տարիներից սկսած հարեւան Թուրքիան թշնամական վերաբերմունք է ունեցել մեր հանդեպ: Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, մեր դեմ պատերազմի է դուրս եկել: Նա ընտրել է պատերազմի այլ տարբերակ՝ շրջափակումը:
Սկզբնական շրջանում՝ մինչեւ 1998-ը, Հայաստանը փորձում էր չտեսնելու տալ Թուրքիայի թշնամական կեցվածքը: 1998-ից սկսյալ Հայաստանն իր արտաքին քաղաքականության օրակարգ բերեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Արդյունքում բազմապատկվեց մինչ այդ միայն Սփյուռքի ճիգերով Ցեղասպանության հարցի արծարծումը, նորանոր պետություններ ճանաչեցին Ցեղասպանությունը: Թուրքիան, որ փորձում է իր տեղն ունենալ Եվրոպայում, հանդիպեց համընդհանուր վերաբերմունքի: Ցեղասպանության ուրացման քաղաքականությանը զուգահեռ` Թուրքիան, շրջափակման մեջ պահելով Հայաստանը, բացահայտում էր իր հակահայ, ցեղասպան պետություն լինելու իրողությունը: Թուրքիան ճնշման էր ենթակա հատկապես շրջափակմանը վերջ տալու հարցում: Նրա համար ապաշրջափակումը Եվրոպա մուտքի նախապայման էր:

Սահմանի բացումը, ինչպես ցանկացած պետության, մեզ համար նույնպես կարեւոր է: Սակայն մենք պետք է կարողանայինք սպասել, մինչեւ ճնշումներն արդյունավորվեին, եւ հարցի լուծման նախանշաններ տեսնեինք թուրքական կողմից: Նախանշան կարող էր դառնալ սահմանները բացելու դիմաց թուրքական կողմի հրաժարումն իր հայտարարած նախապայմաններից:

Վրաստան-Ռուսաստան պատերազմը փոխեց կացությունը տարածաշրջանում: Մի կողմից Հայաստանը զրկվեց իր ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ ցամաքային կապից, մյուս կողմից Ռուսաստանում անհրաժեշտություն ստեղծվեց շրջանցել Ուկրաինան ու Վրաստանը եւ նոր հաղորդակցության ուղիներ փնտրել դեպի Եվրոպա: Իսկ Արեւմուտքը կարծես բավարարվեց տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությամբ եւ հակաԻրան ճակատի հարդարումով, ուր սկսեց գործուն մասնակցություն ունենալ Ռուսաստանը:

Հայաստանի համար ավելի կարեւոր էր դառնում ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը, սրանում շահագրգիռ էին նաեւ մեծ ուժերը: Շահագրգռություն, որ բնականորեն, իր հետ բերելու էր ճնշումներ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների հանդեպ: Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտությունը, որ, թվում էր, պետք է առավելություններ ապահովեր Հայաստանի համար. հնարավոր ներքին անկայունությունը ստվերի տակ էր առնվում այս նախաձեռնությամբ, հույս կար, որ կապահովվի մեծ ուժերի զորակցությունը: Բայց այդպես չեղավ:

-Ինչո՞ւ:

– Նախաձեռնության սկիզբը Մոսկվայում էր եւ հատկանշվեց զիջման հայտարարությամբ. հիշո՞ւմ եք` հայտարարվեց, թէ Հայաստանը պատրաստ է ընդունելու Անկարայի` պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ճիշտ է, հետո հերքվեց այս լուրը, իբր, թյուրիմացություն է եղել, սակայն գիտենք` նման թյուրիմացություններ չեն լինում:
Չեմ հավակնում որեւէ մեկին դաս տալ, մանավանդ՝ մարդկանց, որոնց փորձն այս հարցում ավելի մեծ է, քան իմը, սակայն երբ կռվում զիջում ես դիրքերդ, հաճախ դա ոչ թե խաղաղությամբ է ավարտվում, այլ` պարտությամբ: Իսկ մենք չգիտակցեցինք, որ մեր հարցը՝ սահմանների փակումը, ոչ թե ինչ-որ տհաճ հարաբերությունների արդյունքում է ստացվել, այլ Թուրքիան Ադրբեջանի կողքին մեր դեմ պատերազմի դուրս գալով եւ սահմանափակ զիջումով չի բավարարվելու, ձգտելու է մեր ամբողջական պարտությանը: Հետագա փաստերն ապացույցն են այդ իրողության:
Մենք պետք է նաեւ գիտակցեինք. քաղաքական այն շահագրգռությունը, որ մեզ մղում կամ ստիպում էր շուտափույթ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, անիմաստ էր, եթե անլուծելի էր մնում Ղարաբաղի հարցը: Եթե ոչ ամբողջությամբ, գեթ ազատագրված տարածքների կտրվածքով, ինչը հնարավորություն պետք է տար Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երկաթուղու վերականգնման եւ էներգետիկ հաղորդամիջոցների ստեղծման: Մինչդեռ Հայաստանը օրն ի բուն խոսում էր ազատագրված տարածքները զիջելու իր պատրաստակամության մասին:

– Մեր իշխանություններն ինչո՞ւ էին որդեգրել նման կեցվածք: Միջազգային պարտադրա՞նք էր, թե դիվանագիտական հմտության պակաս:

– Ցանկացած հարցի լուծման ժամանակ, ավաղ, նկատի չի առնվում` ով է արդար, ով՝ անարդար, ով է համեստ ու ճկուն, ով՝ անզիջող. հարցերի լուծման սեղանի շուրջ նաեւ դերակատար է բանակցությունների արվեստն ու գիտությունը: Իսկ ով ցույց է տալիս զիջման տրամադրություն, ճնշումներն առաջին հերթին ուղղվում են նրա վրա: Ստացվում է, որ Հայաստանը, պատերազմից հաղթանակած դուրս գալով, պարտվում է: Հանուն ինչի՞՝ անհասկանալի է:

Վստահ եմ, այո, կար միջազգային շահագրգռություն Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, նույնիսկ շութափույթ կարգավորման հարցում: Սակայն չէր կարող լինել շահագրգռություն Հայաստանի կողմից Թուրքիայի նախապայմաններն ընդունելու հարցում, չկար նման ճնշում: Մենք զիջել ենք նախքան բանակցությունները` մեր հայտարարություններով, որովհետեւ խորապես չենք գիտակցել զիջման հետեւանքները:

Եթե նույնիսկ կար ճնշում թուրքական նախապայմաններն ընդունելու հարցում, իշխանությունները պետք է ամուր, անզիջող կեցվածք ունենային, պետք է դիմեին քաղաքական ուժերին ու ժողովրդին, ապահովեին համազգային զորակցություն, ժողովրդին պետք է ոտքի հանեին: Բայց հայտնի է, որ այն իշխանությունն է ի վիճակի այդ ամենն անել, ով ապրում է իր ժողովրդի հետ հաշտ, եթե իր երկրում արդարություն է հաստատել… եթե…, բայց արդեն ուշ է:

– Ուզում եք ասել` ճնշումները երկկողմանի՞ էին, թե դրսից է ենթադրվում ճնշումը եւ թե ներսո՞ւմ է առկա:

– Հասկանալի է, այդ ճնշումներին հեշտ չէ դիմանալը. մեկից կախված է մեր ռազմավարական անհրաժեշտությունների բավարարումը, մյուսը մեր մեջ լծակ ունի՝ բերդը ներսից գրավելու՝ անկայունություն պարտադրելու:

Բայց կա մեր ժողովուրդն իր անսպառ կարելիություններով: Պետք է սիրենք, հոգատարություն ցուցաբերենք եւ վստահենք մեր ժողովրդին:

Եվ ի՞նչ ստացվեց: Մենք ընդունեցինք թուրքական նախապայմանները, սակայն Թուրքիան նույնիսկ այս արձանագրությունները հապաղում է վավերացնել, որովհետեւ իր եւ Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ ավարտված չէ, ցանկանում է ամբողջական պարտության մատնել մեզ, ու շարունակում է ճնշումը, նորանոր զիջումներ է պահանջում: Այսինքն` շարունակում է պատերազմել Հայաստանի դեմ, փակ է պահում սահմանը, չի վավերացնում արձանագրությունները, որպեսզի Ղարաբաղի հարցով եւս հասնի իր նպատակին, եւ կարծես, հաջողում է: Եթե ճնշվող կա, միշտ լինելու է ճնշող:

Պարտությունը չարիք է: Քաղաքական, ազգային կամք է պետք դրսեւորել՝ կասեցնելու պարտության ընթացքը: Վտանգված է նաեւ մեր ազգային միասնությունը:

– Իրո՞ք այդչափ շոշափելի է ազգային միասնության ճաքը:

– Մեր իրականությունը երկփեղկվել է: Մենք դեմ ենք այս տեսակ արձանագրություններին, ուրիշները կողմ են: Մի առիթով ասել եմ. արձանագրություններից ավելի մեծ վտանգի առջեւ ենք կանգնած՝ ազգի պառակտման խնդրի: Ի՞նչ անենք, որ երկփեղկումը առճակատման, թշնամանքի չվերածվի:
Մենք հակաթուրք չենք, եւ մյուս կողմն էլ թրքամետ չէ: Մենք դեմ ենք Թուրքիայի ուրացման քաղաքականությանը, Թուրքիայի հակահայ քաղաքականությանը, սակայն մենք կողմ ենք հայ-թուրք հարաբերությունների վերականգնմանը, սահմանի բացմանը: Մենք դեմ ենք ստորացուցիչ պայմաններին, դեմ ենք որեւէ նախապայմանի ընդունման:
Ասում են` Դաշնակցությունը դեմ է, եւ դա բնական է: Բայց ինչո՞ւ է բնական: Ասում են ու տարածում՝ նոր ներդրում անելով բոլշեւիկյան, ՀՀՇ-ական քարոզչության կապիտալի վրա. Դաշնակցությունը հակաթուրք կազմակերպություն է, ինչ պայմանագիր էլ ստորագրվի, նրանք դեմ են լինելու: Սուտ է, դեզինֆորմացիա է: Ճիշտ է, մենք պայքարի ամենից մեծ պատմությունն ունենք թուրքական պետության դեմ, սակայն եւ ամենից շատ ենք ճաշակել թուրքերի հետ գործ բռնելու դառը հետեւանքները: Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք. մենք դեմ չենք հարաբերությունների ստեղծմանը եւ սահմանների բացմանը, սակայն մենք դեմ ենք ստորագրված այս արձանագրություններին:
Դեմ ենք, որովհետեւ իշխանություններն ընդունել են թուրքական նախապայմանները. ճանաչելով թուրքական սահմանը` հրաժարվել են մեր հայրենիքի ամբողջականության արդար պահանջից:
Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական արձանագրություններին կից գրությամբ այսպես է ներկայացրել արձանագրությունների կարեւորությունը Թուրքիայի համար իրենց Ազգային Մեծ Ժողովում. ՙարձանագրությունների մեջ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանը փոխադարձ ճանաչվում է՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով: Այս կերպ եւս մեկ անգամ վերահաստատվում է Հայաստանի հետ գոյություն ունեցող մեր ընդհանուր սահմանի իրավական հիմքը կազմող Կարսի պայմանագրի իրավական ուժ ունենալը եւ պարտավորեցնելը՚:
Արձանագրություններով այսօրվա իշխանությունները ճանաչել են Թուրքիա-Հայաստան սահմանը: Թուրքիան այսպես է ներկայացնում հաչս աշխարհի, մենք ի՞նչ ունենք պատասխանելու: Սեւով ճերմակի վրա գրված փաստի եւ հաչս միջազգային հանրության ներկայացված մեկնաբանությունների, մեր իշխանությունները հավաստիացնում են. թուրքական ոչ մի նախապայման ընդունված չէ: Ի՞նչ անի մեր ժողովուրդը կամ միջազգային հանրությունը՝ հավատա սեւով ճերմակի վրա գրված, օրն ի բուն պաշտոնական Թուրքիայի կողմից շեփորված փաստի՞ն, թե մեր իշխանությունների թույլ, անհամարձակ հավաստիացումներին:
Ու մեր ընդդիմախոսներն անմիջապես մոռանալու են, թե հավաստիացում են տվել, որ որեւէ նախապայման չի ընդունվել, ու հնչեցնելու են մեղադրանքների շարանը. ՙԴուք կարծում եք՝ հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերություններ ստեղծել մի երկրի հետ՝ առանց ճանաչելու տվյալ երկրի սահմանները՚:
Այո, ոչ միայն կարծում ենք, այլեւ դա է ասում միջազգային փորձը: Ե՞րբ է եղել, որ դիվանագիտական հարաբերւթյուններ ստեղծող փաստաթղթում ճանաչվի նաեւ գործող սահմանը: ՄԱԿ-ի անդամ 200-ից ավելի պետություններից շուրջ 140-ը, որոնք միմյանց հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, ունեն նաեւ սահմանների հարց, բայց դա չի խանգարել նրանց հարաբերություններ ստեղծել: Դեռ նոր է Սիրիա-Թուրքիա հարաբերությունների սերտացման փաստը, բոլորին ծանոթ է, որ Սիրիան տարածքային հարց ունի Թուրքիայի հետ: Վստահ եմ` Թուրքիան Սիրիայից էլ է պահանջել ճանաչել իր սահմանները, բայց Սիրիան գլուխ չի ծռել, ու վերջ: Դա է իրողությունը:
Մենք հասկանում ենք` այսօր Հայաստանը հնարավորություն չունի Թուրքիայից հողային պահանջի օրակարգ ունենալ, սակայն պահանջ ներկայացնելը մեկ հարց է, պահանջից հրաժարվելը` այլ: Մենք չենք կարծում, թե այսօր հողային պահանջ պետք է ներկայացնենք Թուրքիային, բայց այսօրվա իշխանություններին ո՞վ է տվել իրավունքը, այսրոպեական հաշիվներից մեկնած, մեր սերունդների իրավունքը մանրադրամի վերածել:
Գիտեմ` շուկայական հաշիվներով ապրող, նույնիսկ պետական հանգամանքի տեր դարձած մարդկանց համար սերունդների իրավունքը ոչ մի բան ասող հասկացություն է, լավագույն դեպքում այն կարող է համարվել ռոմանտիզմ: Թող լինի ռոմանտիզմ, ոչ ոք իրավունք չունի այդ ռոմանտիզմից զրկել մեր ժողովրդին: Ռոմանտիզմը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար: Ժողովուրդը պետք է ունենա տեսիլք, հեռանկար, որպեսզի իբրեւ ազգ ապրի եւ զարգանա, հարատեւի եւ իր բաժին մասնակցությունն ունենա համամարդկային արժեքների ու քաղաքակրթության կերտման գործում:
Սրանից 30 տարի առաջ ոչ մի ՙիրատես՚ քաղաքական գործիչ չէր կարող հաշվարկել, որ հայկական Արցախն այդքան շուտ կարող է Հայաստան դառնալ: Մենք վստահ ենք` եթե ոչ մեր սերունդը, ապա մեր զավակները, մեր թոռները տեսնելու են ազատ Վանը, Կարսը, Արդահանը՝ իբրեւ Հայաստան: Ով չի հավատում այս իրողությանը կամ երազանքին, նա չի կարող ղեկավարել Հայկական պետականությունը:

– Նկատի ունեք արձանագրություններում նշված պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծմա՞ն հարցը:

– Արձանագրություններով իշխանություններն ընդունում են, որ պատմական հարթությամբ զբաղվող ինչ-ինչ ենթահանձնաժողովի կողմից, հայ, թուրք, շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ, քննության նյութ դառնան պատմական փաստաթղթեր, արխիվներ: Սակայն իշխանությունները պնդում են, թե խոսքը Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում: Ինչի՞ն է վերաբերում հապա, եթե այդպես են հասկանում, մեկնաբանում պաշտոնական Թուրքիան, ԱՄՆ, Եվրամիության ղեկավարները, միջազգային այլ դեմքեր:
Մինչդեռ իշխանությունները մերկ հավաստիացումներ են տալիս. Ցեղասպանության հարցը քննության ենթակա չէ, ու դեռ ուժ են տալիս իրենց կոկորդին, ոչ, եւ հարյուր անգամ ոչ են գոռում: Եթե այդպես է, ինչո՞ւ եք ընդունել այս արձանագրությունների հիշյալ պարբերությունը, ի՞նչ պատմական հարցերի հստակեցման համար էր անհրաժեշտ միջազգային փորձագետների մասնակցությամբ քննության նյութ դարձնել արխիվները, ո՞ւմ էիք խաբում` միջազգային հանրությա՞նը, Թուրքիայի՞ն, թե՞ սեփական ժողովրդին: Եվ ինչո՞ւ այս ընթացքում, հակառակ Թուրքիայի ակտիվ դերակատարության, դուք հրաժարվեցիք նվազագույն աջակցություն ցուցաբերել Ցեղասպանության հարցի միջազգային, մասնավորաբար՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունման ճիգերին:
Այսօր այս բեմից առաջարկում եմ. եթե անկեղծ եք, թող Սահմանադրական դատարանն իր մեկնաբանություններով, իսկ Ազգային Ժողովը` իր վերապահումներով հստակեցնի, որ Ցեղասպանության հարցը որեւէ կերպ քննության նյութ չի կարող լինել, թող հստակեցվեն արձանագրությունների խնդրահարույց կետերը: Հստակ, իրավական ձեւակերպում տվեք, որ Հայաստանի Հանրապետությունն այդպես չի հասկանում եւ չի ընդունում, որպեսզի նվազագույնի հասնի ձեր մեղքի բաժինը: Հենց այս օրերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձյալ ԱՄՆ Կոնգրեսում քննության նյութ դարձնելու աշխատանք է տարվում: Թող նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին դիմի ԱՄՆ կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հորդորով:
Հայոց ցեղասպանության հարցը ո’չ պատմական թեմա է, ո’չ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման սակարկության նյութ: Այս հարցը հայ ժողովրդի, ի դեպ՝ բովանդակ հայ ժողովրդի, խոցված արժանապատվության հարցն է, Հայաստան պետության անվտանգության հարցն է: Ով չի գիտակցում այս իրողությունը՝ հավանաբար կարող է զանազան պետություններում ղեկավար պաշտոներ վարել, բայց ոչ երբեք՝ հայկական պետությունում:
Չկա առանձնաբար հայկական Սփյուռք, հայրենաբնակ ժողովուրդ, կա մեկ ամբողջականություն՝ հայ ազգ, որն ունի, պետք է ունենա նույն օրակարգերը, նույն հոգսերը եւ պատասխանատու լինի մեր ընդհանուր ճակատագրի համար:
Որեւէ անվան տակ, որեւէ կերպ ազգը պառակտելու փորձերը դատապարտելի եւ անընդունելի են մեզ համար: Բոլոր այն բարբաջանքները, թե Ցեղասպանության հարցը սփյուռքահայությանն է միայն, բոլոր փորձերը՝ Սփյուռքն առանձնաբար կազմակերպելու կամ Սփյուռքը պիտակավորելու, նույնպես ծառայում են պառակտման նպատակին:
Ժամանակն է խորհել եւ, այլ ժողովուրդների ու պետությունների փորձը նկատի ունենալով, գտնել ուղիներ` ՀՀ ընդլայնված Ազգային Ժողովում սփյուռքահայությանը հատուկ տեղեր վերապահելու. ներպետական հարցերում նրանք կունենան խորհրդակցական ձայնի, իսկ համահայկական օրակարգերում` վճռական ձայնի իրավունք: Ազգի միասնությունը նաեւ արտահայտված պետք է լինի պետական կազմակերպվածությամբ:
Ազգի պառակտմանն են ծառայում նաեւ կեղծ օրակարգերը, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում, օրինակ` պետական եւ ազգային շահերի տարբերության ու հակադրության մասին իբրեւ թե քննարկումները:
Չկա «պետական շահ», «ազգային շահ» հասկացությունների միջեւ հակադրություն, կա ազգային պետականություն, որն ազգի հարատեւության, անվտանգության, զարգացման երաշխավորն է, եւ՝ կա ազգ, որի համար պետականությունը, նրա պահպանումը, անվտանգությունն ու կենսունակության ապահովումն իր հավաքական եւ ընդհանուր իղձերի իրականացման համար, հիմնական միջոց է: Ազգի կազմակերպվածության գերագույն ձեւը պետականությունն է: Առանց պետականության՝ ազգային իղձերի իրականացումը ցնորք է, պետականությունը միջոց է, որ չի կարելի առանձնացնել հիմնական նպատակից:

– Հիմա` մեր, մեր ներքին քաղաքական իրականությունների ու Դաշնակցության մասին խոսենք:

– Եթե մի քիչ խորանանք ներքին քարոզչական իրականության մեջ, կթվա, թե քաղաքական ուժերն ավելի շատ մտահոգ են, թե Դաշնակցությունն ինչ պետք է անի եւ ինչը ճիշտ չի անում: Ոչ մի խոսք, այն մասին, թե ինչ կարծում են Դաշնակցությունը պետք է անի, իրեն՞ք ինչու չեն անում. մեր դեմ հակաքարոզչություն է աշխատում. իբր՝ մեր ընդդիմադիր պահվածքը շինծու խաղ է, որ խաղում ենք՝ համաձայնեցված նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ այս քարոզչությանը հետամուտ են թե’ իշխանությունները եւ թե’ ՀՀՇ-ական ընդդիմությունը: Երկուսն էլ մտահոգ են, երկուսն էլ չեն ցանկանում թույլ տալ իրենցով ձեւավորված երկու բեւեռներից դուրս որեւէ ինքնուրույն ուժ կայանա: Նրանք փորձում են իրենցով ղեկավարելի պահել ամբողջ քաղաքական դաշտը: Եթե չի հաջողվում, փորձում են քարոզչական այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մյուսներն ակամա անեն այն, ինչ իրենք են ուզում, այլապես կպիտակավորվեն: Այսօր, երբ ապրում ենք քարոզչության ահաբեկչության մթնոլորտում, երբ իրականությունները խեղաթյուրված են ներկայացվում մեր ժողովրդին, հասարակությունն այս ժխորի մեջ դժվար է կողմնորոշվում: Մենք պետք է շարունակենք մնալ ինքնավստահ, ինքնուրույն, հաստատակամ: Մեր ուղին ճիշտ է, արդար է, մենք հաղթելու ենք:

– Դաշնակցությանը մեղադրում են, որ իր ամբողջ ուժով չի հարվածում, չի պայքարում իշխանափոխության համար:

– Իհարկե, այստեղ խոսքը մեթոդների մասին է եւ երբեք՝ էության: Բայց, այդուամենայնիվ, ճիշտ են ասում, որովհետեւ մենք պատասխանատու կուսակցություն ենք եւ երբեք չենք աշխատելու օտարի համար: Մեր պայքարից պետք է շահի մեր երկիրն ու ժողովուրդը, մեր գաղափարական շարժումը: Պատասխանատու ուժը պետք է հաշվարկված պայքարի դուրս գա, հարվածներիդ թափը չպետք է գերազանցի քո իրական հնարավորություններին եւ պետք է ինքնուրույն ուժի վրա հիմնված լինի, այլապես այդ պայքարը կվերածվի արկածախնդրության, կմնաս կես ճամփին կամ վատը կփոխարինես ավելի վատով:
Մենք պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար: Ամենօրյա աշխատանքով մեր ծրագրերի շուրջ մենք պետք է համախմբենք գիտակից ժողովուրդ եւ ապահովենք ամենքիս հաջողությունը, որ լինելու է իրապես հաջողություն եւ տեւական հաջողություն: Ապա թե ոչ՝ ընդդեմի ու հակադրության ֆոնի վրա, ատելությամբ կուրացած ամբոխի վրա հիմնված ուժը, որ չգիտի՝ ինչի համար, որ ծրագրի համար է դուրս եկել հրապարակ, միայն ժամանակավոր հաջողություն կարող է ունենալ` իրականում, սակայն, հեռացնելով վերջնական հաղթանակի օրը:

– Ծրագրվա՞ծ են հետագա աշխատանքները:

Մենք արդեն հրատարակել ենք Դաշնակցության նորացված պլատֆորմը, որի շուրջ պետք է համախմբենք մեր ժողովրդին եւ քայլենք առաջ` քաջ գիտակցելով, թե ուր ենք գնում:
Մենք հետամուտ ենք լինելու մեր երկրում սոցիալական արդարության հաստատման գործին, որովհետեւ ազգային հարցեր ունեցող որեւէ ժողովրդի համար սոցիալական արդարության հաստատումն անխուսափելի անհրաժեշտություն է ազգային-պետական շահերը պաշտպանելու, ինքնիշխան պետություն լինելու ճանապարհին:
Մենք հետամուտ ենք լինելու, որ Հայաստան երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ստեղծվի, համերաշխություն, ներքին կայունություն տիրի: Որ մեկս մյուսին իբրեւ եղբոր ու ազգակցի նայենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, որ բացառվի ամենաթողությունն ու զոռբայությունը:
Մենք հետամուտ ենք լինելու, որ արարելու, ստեղծելու, մեր ինքնատիպ մշակույթը լիարժեք զարգացնելու հնարավորություն ունենա յուրաքանչյուր անհատ եւ հայ հավաքականությունը՝ իր ամբողջության մեջ: Որ երիտասարդը վստահի իր երկրին, ապագա ու հեռանկար տեսնի, որ տարեցը հարգանք ու անդորր գտնի: Որ բարեկեցիկ դառնա ամեն մի ընտանիք:
Միայն այդպես, միայն այդ ճանապարհով մենք կկարողանանք դիմակայել արտաքին ճնշումներին եւ ազգային միասնական ճակատ ձեւավորել ու պաշտպանել մեր անկախ պետության ինքնուրույնությունը եւ մեր ժողովրդի իրավունքները:
Հիմնական լուծումներ են պետք: Դաշնակցությունը գնում է հիմնական լուծումների:

– Շնորհակալություն:

 

Leave a Comment