Դրամահավաքի գործը ինչ-որ տեղ նաև քարոզչական, կազմակերպական գործ է
Posted on February 4, 2009, by admin, under Հարցազրույցներ.
«Դրօշակ», – ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը
– Հայ Դատի աշխատանքների շարունակականությունը, զարգացումը ապահովելու նպատակով այս տարվա փետրվարի 1-ին, ՀՅԴ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանգանակային ճաշկերույթ: Որքանո՞վ էր արդյունքը սպասելի և, արդյո՞ք, նախատեսված աշխատանքների ծավալը նկատի ունենալով, հավաքված գումարը կարելի է բավարար համարել:
– Տնտեսական տագնապ է աշխարհում և, բնականաբար, սկզբում այդպիսի արդյունք դժվար էր կանխատեսել, սակայն երբ սկսեցինք կազմակերպական գործնական աշխատանքները, օրըստօրե ավելի հուսավորվեցինք և արդեն վերջին շաբաթվա ընթացքում արդյունքը նախատեսելի էր: Այստեղ ուզում եմ մեկ հարց մատնանշել. շատ բան կախված է կազմակերպված աշխատանքի ծավալից ու բնույթից: Հաճախ մարդիկ նվիրատու չեն դառնում, որովհետև պարզորեն նրանց դիմող չի լինում, հարցի էությունը նրանց ներկայացնող չի լինում. պետք է ընդլայնել ՙավանդական՚ նվիրատուների ցանկը: Դրամահավաքի գործը ինչ-որ տեղ նաև քարոզչական, կազմակերպական գործ է: Եվ հավատացած եմ, եթե ավելի լավ աշխատեինք, շատ ավելի մեծ արդյունք էինք ունենալու: Ցավում եմ, որ շատերին չկարողացանք հասնել-դիմել, այլապես նրանք ևս ընդհանուր գործին մասնակից դառնալու առիթը կունենային:
Իսկ գումարը կարելի է բավարար համարել, թե ոչ հարցին` պիտի ասեմ, որ Հայ դատի և ընդհանրապես քաղաքական աշխատանքների համար սահման չկա. ինչքան մեծ լինեն հնարավորությունները, այնքան ավելի մեծ աշխատանքի հնարավորություն կառաջանա: Ծով կարիք, կարելիություն ու ասպարեզ կա աշխատանքի, և մենք պարտավոր ենք օրըստօրե մեծացնել մեր կարելիությունները ավելի ազդեցիկ քաղաքական գործոն դառնալու համար ամենուր:
Այս դրամահավաքին մասնակցում էին Եվրոպայի, Միջին Արևելքի, Հայաստանի ու ԱՊՀ հայությունը, նպատակը` Եվրոպայում, Միջին Արևելքում և Կովկասում Հայ դատի քաղաքական աշխատանքների կազմակերպումն է: Անշուշտ, ձեռք բերած արդյունքը մղելու է ընդարձակելու մեր գործունեությունը, շուտով այդ մասին հանրությունը կտեղեկանա:
– Ո՞րն եք համարում այս հանգանակության առանձնահատկությունը:
– Այս միջոցառումը մի քանի բան հաստատեց.
ա. Կրկին ապացուցվեց, որ վստահության մթնոլորտ է ձևավորված մեր շուրջ: Հայ դատի հանձնախմբերի երկար ժամանակների վրա երկարող աշխատանքներն ու թափանցիկ գործելաոճը համընդհանուր հարգանք ու վստահություն են ստեղծել:
բ. Մեր նվիրատուների շարքում կային այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, նույնիսկ ղեկավար դեմքեր, ինչը մի կողմից ապացույցն է այն բանի, որ հայ քաղաքական վերնախավը դրսևորում է աննախադեպ կեցվածք. ոչ կուսակցամոլական, ոչ հատվածական, ոչ խանդի ու չարակամության տրամադրություն, այլ` այդ աշխատանքները գնահատվեցին իբրև ազգային, անհրաժեշտ գործունեություն. որին փորձում են օժանդակել, հզորացնել, օգնել, որպեսզի ձևավորվի հայկական ուժ, ազդեցիկ ուժ: Օրինակելի վարվելակերպ է սա` օգնել այն աշխատանքներին, որից պատմական կամ ինչ-ինչ պատճառներով հեռու են մնացել իրենք:
գ. Հայ դատի գործունեությունը մինչ այժմ գլխավորաբար ծանրացած է եղել հայկական Սփյուռքի վրա, իսկ այս դրամահավաքին զգալի ներկայություն էին հայաստանցիները, հայաստանցիների մասնակցությունը գնահատական է, որ հայրենի ժողովուրդը ցուցաբերում է Սփյուռքի ուժերով կատարված աշխատանքին:
դ. «Ֆուտբոլային» դիվանագիտության նախաձեռնությունից հետո ծայր առած մտահոգությունները, կասկածները Հայաստանի քաղաքական վերնախավի մոտ հայկական պահանջատիրության դիրքերից նահանջելու հարցում, այս փաստով առնվազն չափազանցություն կարելի է համարել:
– Ոմանք Հայ դատի աշխատանքները, Հայ դատի գործունեությունը հակադրում են Հայաստանի իշխանությունների` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված քաղաքականությանը: Արդյոք առկա է նման հակադրություն կամ կլինի ապագայում, թե այս խնդրում գործում է և պիտի գործի համադրումը:
– Կարող եմ վկայել` մենք իսկապես ցանկանում ենք, որ դրանք չհակադրվեն միմյանց, կարող եմ նաև վկայել, որ նույնն են ցանկանում ՀՀ իշխանությունները: Բայց ինչու ենք այդպես ցանկանում և նման բան հնարավոր է, թե ոչ: Պարզաբանեմ. Հայ դատի պայքարը ինքնանպատակ չէ, այն հետապնդում է Հայաստանի և հայ ժողովրդի համար ստեղծել գոյության և զարգացման կարելիություն և այդ ճանապարհին հայկական անկախ պետականության գոյությունն ու դերակատարությունը կենսական անհրաժեշտություն են: Իսկ եթե հայկական պետականության զարգացման և առաջընթացի համար հարկ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, թող կարգավորեն, բայց ոչ այնպիսի զիջումների գնով, որ վտանգվի հարցի էությունը` Հայաստանի անվտանգության և զարգացման պայմանները: Հարցն այն է, որ ինչքան Հայաստանը անհրաժեշտություն ունի կարգավորելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ, նույնքան և ավելի` նման անհրաժեշտության առջև է կանգնած Թուրքիան: Ուժեղ նկարագիր, հնարամիտ միտք է պետք հավանական վտանգը շրջանցելու համար: Հուսամ` մենք ունենալու ենք նման նկարագիր: