RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

«Բաց նյարդի» հակազդեցությունը

Posted on October 8, 2009, by , under Ելույթներ.

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը
«Նախաստորագրված արձանագրություններ եւ հայ-թուրքական հարաբերություններ:
Ազգային-պետական շահեր եւ մարտահրավերներ» խորագրով խորհրդաժողովին

 

Հարգելի ներկաներ,

Ներքաղաքական խորհրդակցությունների համար սահմանված վեց շաբաթն անցավ: Ի՞նչ ունենք: Որտե՞ղ էինք առաջին օրը, որտեղ ենք հիմա: Կարծում եմ` վիճարկելի չէ` մթնոլորտում բան է փոխվել: Հայության բացարձակ գերիշխող մասը` պարզ քաղաքացուց մինչեւ բարձրաստիճան պաշտոնյան (թե Հայաստանում, թե Սփյուռքում), մտածում խոսում, քննարկում է նույն թեման:

Ես առիթ ունեցել եմ հանգամանորեն անդրադառնալ արձանագրություններին, դրանցում առկա վտանգներին: Այսօր դրանց չեմ անդրադառնա:

Դուք համախմբվել եք խոսելու այդ մասին:
Անդրադառնամ մեր ներազգային մթնոլորտին:
Կարեւոր պահ ենք ապրում, եւ յուրաքանչյուրս պետք է պատասխանատու լինենք մեր ամեն քայլի, արտահայտության, կեցվածքի համար:

Պատմական, ճակատագրական իրադաձության շեմին ենք, քննարկում ենք ազգովին: Ինչո՞ւ չի ստացվում: Ինչո՞ւ է քննարկման ընթացքը վերածվում առճակատումների, փոխադարձ վիրավորանքների, մասնատման: Ինչո՞ւ է պառակտման վտանգը դարձյալ սպառնում բոլորիս:

Անկեղծ ասած` նպատակ չունեմ մեղավորներ փնտրել կամ ավելի սրել վիճակը: Ճիշտ հակառակը` ցանկանում եմ, առանց որեւէ բան զիջելու մեր սկզբունքայնությունից, բոլորին կոչ անել զսպել կրքերը, արգելակել պառակտման տարերային ընթացքը:

Ինչո՞ւ այսպես եղավ:

Մի առիթով ասել եմ` ցեղասպանության հարցը հայ ժողովրդի բաց նյարդն է, չփորձեք դիպչել` հակազդեցությունը անկանխատեսելի է լինելու: Լա՞վ է թե՞ ոչ, չգիտեմ, բայց սա իրողություն է: Պետք է հաշվի առնենք այս:

Քննարկումը լավ բան է: Քննարկման արդյունքը պետք է լինի համախոհությունը կամ մեծամասնության, այս պարագային` ճնշող մեծամասնությանը բավարարող եզրակացությունը, որի հետ հաշվի կնստեն բոլորը: Նույնիսկ նրանք` ովքեր կարող էին հակված լինել ծայրահեղորեն հակադիր տեսակետների:

Բայց քննարկման առաջին իսկ պահից հայտարարվեց. արձանագրությունները փոփոխության եթակա չեն, այն կստորագրվի եւ վերջ: Սա ի՞նչ տեսակ քննարկում է: խոսում են չոր ուժի դիրքերից` սա է` ոչ մի փոփոխություն` սա առավելագույնն է: Ոչ ոք նրբանկատություն չունեցավ, գեթ մեկ անգամ հայտարարելու` եթե քննարկման արդյունքում պարզվի, որ մեր ժողովուրդը դեմ է` մենք չենք ստորագրելու: Եթե լիներ այս հայտարարությունը շատ բան այլ ընթացք կստանար: Վերջապես հարց ենք տալիս. եթե ժողովուրդը դեմ է` ի՞նչ իրավունքով եք համարձակվելու ստորագրել, այդ պարագայում Ձեր ստորագրությունը ի՞նչ արժեք է ունենալու:

«Քննարկման ենթակա չէ, ստորագրելու ենք» բանաձեւը ունեցավ իր հակազդեցությունը Հայրենիքում, բայց հատկապես Սփյուռքում: Մարդիկ անիմաստ, ձեւական համարեցին քննարկման փուլը եւ պոռթկացին, ընդվզեցին, որովհետեւ այլ միջոց եւ ելք չկար, իրենց զգացին անզոր ու պոռթկացին: Ժողովուրդը դարձավ անկառավարելի, անզուսպ: Եղան նաեւ դեպքեր, արտահայտություններ, որոնք երեւույթները ծայրահեղորեն գնահատեցին: Մենք մեզ լավ չզգացինք, բայց սա «բաց նյարդի» հակազդեցությունն էր:

Սփյուռքում հակազդեցությունը բուռն էր, պետք է հարգել ու հաշվի առնել այդ կարծիքը: Մենք բոլորս` այստեղ եւ Սփյուռքում, գործ ունենք մեր պետության անվտանգ ապագայի ու արժանապատիվ ներկայի խնդրի հետ, Սփյուռքը դեմ հանդիման է իր գույության իմաստը կորցնելու փաստի առջեւ: Սփյուռքը մեր հայրենիքի շարունակությունն է` մենք ենք, չի կարելի նույնիսկ մեր մտքերի մեջ թույլ տալ մասնատել մեր ազգը: Հիշեք` երբ ասվում էր «Ղարաբաղը Ղարաբաղցիների հարցն է»: Նույն պարագան է, մասնատումը սահման չունի, սթափվեք:

Մենք հուսահատ չենք: Մենք չենք ընդունում կրքոտ պոռթկումները: Ոչ մի բան դեռ ավարտված չէ : Օրինական քննարկման փուլերը դեռ առջեւում են, ստորագրումից մինչեւ վավերացում ճամփա կա: Մեր պայքարը արդյունավորվելու է, դեռ չենք սպառել օրինական պայքարի միջոցն ու ժամանակը:

Գիտակցում ենք, կան ուժեր, որոնք ըստ էության կողմ են արձանագրությունները առկա տեսքով վավերացմանը, բայց դարան են մտել մեր պայքարի արդյունքները շահարկելու, իրենց նպատակներին ծառայեցնելու նպատակով: Մոռացեք: Մենք վճռական ենք մեր պայքարի մեջ, սակայն մեր պայքարը աթոռակռիվ չէ, մենք մեր գինուն ջուր չենք խառնելու, մեր պայքարից այս երկիրն ու մեր ժողովուրդը չպետք է վնասվի:

Մենք պայքարելու ենք եւ պատրաստակամ ենք նույնիսկ իշխանությունների հետ ելք գտնել: Սակայն եթե համապատասխան վերաբերմունքի չհանդիպենք, չենք վարանելու մինչեւ վերջ առաջ գնալ, գնալ իշխանափոխության: Իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, եւ չենք գնալու վատը ավելի վատով փոխարինելու ուղիով: Վերջապես ժամանակն է, որ մեր ժողովուրդը գիտակցաբար եւ կազմակերպված իշխանության բերի մի ուժի, որից հաջորդ պահին ձերբազատվելու պատճառ չի ունենա:

Մեր մոտեցումը պարզ է ու հստակ, մենք երկու խաղ չենք խաղում: Ամենուրեք հնչեցնում ենք նույն դիրքորոշումը` Հ.Յ.Դաշնակցությունը դեմ է այս արձանագրություններին: Սա ասում ենք մեր փորձառությամբ ու պայքարով` տեսնելով ակնհայտ վտանգները: Եվ կսխալվեն բոլոր նրանք, ովքեր ՀՅ Դաշնակցությանը կնայեն իբրեւ Հայաստանում գործող 60-ից ավելի կուսակցություններից մեկը:

Այս արձանագրություններին, մեզ հետ եւ առանց մեզ, դեմ է մեր ժողովրդի կարեւոր մեկ մասը: Այս իրողությունը հնարավոր չէ հաշվի չառնել:

Այսօրվա շարունակությունը վաղն է: Վաղվա շարունակությունը` մեր ժողովրդի կամքը` Հայաստանում եւ Սփյուռքում: Ով էր ճիշտ, ով` սխալ: Կապրենք` կտեսնենք:

Շնորհակալություն

Leave a Comment