RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մենք չենք արհամարհում ոչ ոքի, բայց նաեւ թույլ չենք տա ոտնահարել մեր շահերը

Posted on July 10, 2009, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Ստեփանակերտում կայացած խորհրդաժողովի ժամանակ


Մեծարգո պարոն նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Գերաշնորհ սրբազան հայր,
Սիրելի ներկաներ,

Ամենքս մեր երկրի զավակներն ենք: Ապրել ու ապրում ենք պատմական, պատասխանատու ժամանակաշրջանում եւ պարտավոր ենք դիրքորոշում ունենալ այն հարցերի վերաբերյալ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր պետության, մեր ժողովրդի ապագային:

Այս խորհրդաժողովը, հայության տարբեր հատվածների ու շերտերի ներկայացուցիչների այս կազմը մեր գերակա շահերը ձեւակերպելու, հնարավորինս միասնական դիրքորոշում ներկայացնելու բացառիկ առիթ է:

Աշխարհը, թշնամի, բարեկամ, միջնորդ երկրները, միջազգային հանրությունը պետք է իմանան, որ գործ ունեն հայության հավաքական կամքի հետ, եւ որ մենք պատրաստ ենք պայքարել երկնքի տակ մեր ինքնուրույն, արժանապատիվ տեղն ունենալու համար:

Մենք չենք արհամարհում ոչ ոքի, բայց նաեւ թույլ չենք տա ոտնահարել մեր շահերը:

Մենք պարտավոր ենք ապացուցել աշխարհին, որ արժանի ենք հարգանքի ոչ միայն մեր պատմությամբ, մշակույթով, քաղաքակակրթական արժեքներով, այլեւ ուրիշների կողքին հավասար իրավունքներով ապրելու նորօրյա կամքով ու ապագայի մտապատկերով:

Մենք կարող ենք նաեւ ուժ, վստահություն եւ հեռատեսություն հաղորդել մեր երկու պետությունների այսօրվա ու վաղվա ղեկավարներին, որ նրանք ամուր թիկունքով առաջնորդվեն բացառապես հայության ու Հայաստանի շահերով, գալիք սերունդների հանդեպ պատասխանատվությամբ:

Մենք հավաքվել ենք այստեղ` համայն հայության ուժերով, զոհողություններով ու զրկանքներով ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում, ի նշան այն բանի, որ սա Հայաստան է եւ մնալու է Հայաստան:

Ի նշան այն բանի, որ հերոսական Արցախը շարունակում է մնալ ազգային շարժման դրոշակակիրը:

Ի նշան այն բանի, որ Ացախում իրագործվող բարեփոխումները, պետականաստեղծ աշխատանքը, իշխանություն-ժողովուրդ միասնությունը արժանի են ճանաչման ու ընդօրինակման:

Այո, մեր օրակարգում Արցախի հիմնախնդիրն է, հայ-թուրքական հարաբերությունները: Բայց սա չպետք է խանգարի գիտակցել, որ հարցերի հարցը, մեր գերագույն նպատակը Հայաստանի անկախ պետականությունն է, նրա լիարժեք կայացման, անվտանգության, զարգացման կարողականության ապահովումը: Առանց այդպիսի Հայաստանի վտանգվելու են մեր բոլոր ազգային-պետական հարցերը:

Չկա առանձին Ղարաբաղի հարց, չկան առանձին պատմական հարցեր, չկա առանձին հայ-թուրքական հարաբերություն, չկա առանձին ներքին քաղաքականություն: Ամեն բան ամբողջական է` ներկայով, անցյալով, ապագայով շաղկապված:

Եվ միայն այս ընկալմամբ, այս գիտակցությամբ ձեռնարկված քայլերով է հնարավոր ապահովել մեր արժանապատիվ տեղը աշխարհում: Եվ դարձյալ ու կրկին միամտությունն է կարծել, թե կարելի է զիջել ազգային որեւէ հարցում` չվտանգելով ամբողջը: Ընդհակառակը` մի հարցում զիջելը շղթայական զիջումներ է պարտադրելու այլ ասպարեզներում:

Այս առումով համոզված եմ` պաշտոնական Ստեփանակերտը, ընդհանրապես Արցախն ու արցախցին, հենց Արցախի շահերից մեկնելով, իրավունք չունեն անտարբեր լինել, թե ինչ է կատարվում հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության միջազգային ճանաչման, Ջավախքի ինքնավարության իրավունքի, ընդհանրապես Հայ Դատի պայքարի հարթակներում:

Կրկնում եմ` մենք ամբողջի մասերն ենք եւ միայն այս մտասեւեռմամբ ու նպատակադրումով ենք կարողանալու ճիշտ ճանապարհ դուս գալ:

Այս գիտակցությունը պետք է դառնա մեր ժողովրդի քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային ընտրախավի կենսակերպը: Այս գիտակցությունը պետք է փոխանցվի երիտասարդությանը: Այս գիտակցությունը պետք է արմատավորվի հայ ժողովրդի լայն զանգվածների մեջ: Միայն այդպես մենք կկարողանանք լիարժեք հավաքականություն դառնալ ու հետապնդել մեր անհատական ու ընդհանրական նպատակները:

Մենք հավաքվել ենք քննարկելու մեր ժամանակի համար ազգային-պետական կարեւորագույն հիմնահարցերը, որովհետեւ վտանգներ ենք տեսնում, սխալ ընթացք ենք տեսնում, ինչը կարող է ծանր հետեւանքներ ունենալ:

Թուրքիան մեզ հետ խոսում է նախապայմաններով, միջազգային բոլոր հանդիպումներում ու բոլորի հետ քննարկում է Ղարաբաղի հարցը, Ալիեւը հրապարակայնորեն կարգավորման իր պատկերացումն է ներկայացնում:

Բնականաբար մենք էլ պարտավոր ենք կարելի ու անկարելի միջոցներով կանխել, սրբագրել սխալները, ուժ տալ միմյանց եւ ուժ առնել:

Բայց նաեւ հատուկ ուզում եմ շեշտել, որ սա միտինգ չէ, պոպուլիզմի տեղ չէ: Ընդահակառակը` մեր քննարկումները պետք է այս դահլիճին համապատասխան բարձրություն ունենան, իսկ եզրակացությունները լինեն իրատեսական ու ծանրակշիռ:

Թեեւ մյուս կողմից հայտնի ասույթ կա. «եղիր ռեալիստ`անհավանական նպատակներ ունեցիր»: Այս հակասական մտքի ճշմարտությունը մենք ապացուցել ենք հենց Արցախում:

Սիրելի բարեկամներ,

բացման այս խոսքում ես հատուկ չեմ ներկայացնում օրակարգային հարցերի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցության ձեւակերպված մոտեցումները: Մեր նպատակը այդ չէ: Մեր նպատակը ներկայացուցչական այս խորհրդաժողովի ազատ քննարկումներն են եւ վստահությունը, որ մենք նույնն ենք, արել, անում ու անելու ենք նույնը` հանուն մեր ժողովրդի ու մեր անկախ պետականության:

Հաջողություն մեր աշխատանքներին

Leave a Comment