RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Պարտությունները Դաշնակցության համար նախադեպ չեն դառնում

Posted on June 20, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ե-ՉԵՅՆԵԼ» կայքէջին

«Ես ուզում եմ «Ժառանգության»-ը ավելի լուրջ վերաբերվել: Դրա համար պետք է նախ հասկանամ իրենց ներքին խնդիրները, այսինքն, ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ժառանգության» մեջ, եւ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի` ի՞նչ է «Ժառանգություն»-ը: Այս հարցերի պատասխանը մինչեւ վերջ պետք է հասկանանք»:

-Պարոն Մարգարյան, ՀՅԴ-ն արդեն որոշե՞լ է, թե ինչպես է արձագանքելու ՀԱԿ-ի` պլատֆորմ ստեղծելու առաջարկին:

-Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել: Դա հրապարակավ արված առաջարկություն է, որն ավելի շատ քարոզչական նպատակ ունի: Կարթի ծայրին դրված է մի քանի կտոր շաքար. դա վերաբերում է հայկական ցեղասպանությանը, մեզ հետաքրքրող թեմաներին, այն էլ կիսատ-պռատ, բայց հիմնականը կարթն է, որը նկատելի է, եւ կարծում եմ, որ դա միայն քարոզչական հնարք է, որ իրենց է պետք:

-Իսկ ո՞ր դեպքում առաջարկությունը կհամարեիք ձեզ արված:

-Այդ տեսակ առաջարկությունը, եթե լուրջ է լինում, նախ ունենում է կուլիսների հետեւում մի ընթացք, որի արդյունքն է դրսեւորվում, եւ ոչ թե նախ արդյունքն է դրսեւորվում, եւ հետո ընթացքն է սկսվում: Կարծում եմ` սա համագործակցության լուջ առաջարկություն չէ: Ամեն դեպքում` մենք մեր ուղղությունը ունենք: Մենք, վերջին հաշվով, շատ յուրօրինակ կուսակցություն ենք, չենք եկել ընդդիմության դաշտ, որ ընդդիմության հետ կռվենք, դրա համար էլ առաջարկի պատասխանը շատ չենք ծաղկացնում եւ փորձում ենք լռությամբ անցնել: Որեւէ հարց մեր աչքից չի վրիպում, բոլոր հարցերն են քննարկվում, նաեւ այդ հարցը, բայց ինչ-որ հատուկ քննարկում դրա համար չի եղել:

-Կարելի՞ է ասել, որ այս պահին արդեն որոշված է, որ արված առաջարկին ընթացք չեք տալու:

-Մենք մեր ընթացքն ունենք: Ով կուզի` թող մեզ միանա: Մենք 2 հիմնական նպատակ ենք հետապնդում. կանխել հայ-թուրքական հարաբերությունների այս ընթացքը եւ պարտվողականությունը Ղարաբաղի հարցում, 2-րդ` հետամուտ լինել Հայաստանում սոցիալական արդարությանը: Մենք պետք է ձեւավորվենք, կայանանք իբրեւ այլընտրանքային կուսակցություն եւ շարունակենք մեր պայքարը:

-Այլընտրանք ո՞ւմ` ընդդիմությանը թե՞ իշխանությանը:

-Բոլորին: Ցանկացած կուսակցություն մյուսների նկատմամբ այլընտրանք է:

-Ասելով` ով կուզի, թող միանա մեզ, ո՞ւմ միացումն եք ակնկալում:

-Ժողովրդի:

-Քաղաքապետի ընտրությունների արդյունքներն արդյո՞ք ցույց չտվեցին, որ ՀՅԴ-ի համար դժվար է լինելու նաեւ ժողովրդին իրեն միացնելը:

-Ամեն մի ընտրության ամեն մի կուսակցություն մասնակցում է հատուկ հասկացողությամբ: Մենք այս ընտրությանը մասնակցեցինք մեզ համար ամենադժվար պահին, մենք կատարեցինք ճամբարի փոփոխություն եւ փոփոխության պահին էինք դիմագրվում այս ընտրությանը: Այս ընտրությունն էլ այնպիսն չէր, որ մենք մեր ամեն ինչը դնեինք այս ընտրապայքարի մեջ: Ընդունում ենք, որ նաեւ մենք լավ չենք աշխատել, եւ այս ընտրություններով չի կարելի չափել դաշնակցության իրական տեղը: Մենք մասնակցում էինք` հասկանալով, որ մեծ տեղ չենք ունենալու: Այդ առումով` ես ողբերգական չեմ նայում, շատ հանգիստ եմ նայում այդ հարցին, համարում եմ մեր հիմնական ընթացքի մեջ թեթեւ մի գործ, որն արեցինք, եւ չստացվեց:

-Իսկ վտանգ չկա՞, որ դա կարող է նախադեպ դառնալ:

-Պարտությունները դաշնակցության համար նախադեպ չեն դառնում, անցնում – գնում են եւ չեն ազդում մեր ընթացքի վրա:

-«Ժառանգության» հետ համագործակցության ի՞նչ տարբերակներ եք հնարավոր համարում:

-Բնականաբար, բոլորի հետ էլ համագործակցելու հնարավորություն կա` նայած ինչի համար, բայց ես ուզում եմ «Ժառանգության»-ը ավելի լուրջ վերաբերվել: Դրա համար պետք է նախ հասկանամ իրենց ներքին խնդիրները, այսինքն, ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ժառանգության» մեջ, եւ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի` ի՞նչ է «Ժառանգություն»-ը: Այս հարցերի պատասխանը մինչեւ վերջ պետք է հասկանանք:

-Ե՞րբ կլինի դա:

-Կարծում եմ` հասկանալու ընթացքի վրա ենք:

-Հնարավո՞ր համարում եք Հայաստանում արտահերթ ընտրություններ:

-Դա կապված է շատ բաների հետ: Ես ոչինչ չեմ բացառում քաղաքական կյանքում, բայց եվ դրա հասակական պահանջն ու հասունացումը չեմ տեսնում:

-Կոալիցիայից դուրս գալուց հետո` հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի փոփոխություն նկատո՞ւմ եք:

-Դատելով երեւույթների արտաքին կողմից` մի բան պարզ է. այդ բանակցությունների ընթացքը այսօր դադրած է: Այն պետք է շարունակվեր մայիս սկզբից, այսօր հունիսի 18-ն է, եւ ընթացք չկա: Սա դեռ չի նշանակում, որ հարցն ամբողջությամբ լուծվել է: Վտանգը առջեւում է: Վատատես լինելու համար ես պետք է ասեմ, որ սա ընդամենը հետաձգում է, բայց ինչ-որ լավ բանի մասին էլ է խոսում. առնվազն, այս 48 օրվա ընթացքում իշխանությունները մի քանի անգամ մտածելու հնարավորություն եւ առիթ են ունեցել:

Leave a Comment