Հրանտ Մարգարյան. Դատախազը կուսակցություն ստեղծելու իրավունք չունի
Posted on May 31, 2006, by admin, under Լուրեր.
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- «Դատախազն իրավունք չունի քաղաքական կուսակցություն ստեղծելու` ո’չ ուղղակի, ո’չ անուղղակի: Երկիրը նրան չպիտի թույլ տա», – «Ազատություն »ռադիոկայանին ասաց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով լուրերին, թե է«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը ստեղծում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Հարցին, թե արդյո՞ք հավաստի են այդ լուրերը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց` «Այո, ինձ համար դա համոզում է»:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ «Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց համարում են այսինչ մարզի ֆեոդալը: Խոսքը Արագածոտնի մարզի մասին է»: Հրանտ Մարգարյանը չմանրամասնեց, թե «ֆեոդալ» ասելով, ում նկատի ուներ:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ չի առաջադրելու իր թեկնածությունը, սակայն չբացառեց, որ խորհրդարանական ընտրություների ժամանակ իր անունը կլինի Դաշնակցության ցուցակում, որում, ըստ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցչի, կընդգրկվեն նաեւ գործարարներ: Նա ավելացրեց, որ Դաշնակցությունը մրցակից չի համարում «Բարգավաճ Հայաստան» կամ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունները:
Խոսելով ներկայումս Հայաստանում ստեղծված քաղաքական իրադրության մասին, Հրանտ Մարգարյանը շեշտեց. – «Ոչ ոք հաճույքով չի ընկալել «Օրինաց երկիր»-ի հեռացումը: Կոալիցիան այժմ կազմված է Դաշնակցությունից, Հանրապետական կուսակցությունից եւ նախագահից»:
Ռուզան Խաչատրյան