Փնտրել կայքում
Արխիվ

Զիջումներով խաղաղություն առնելու փորձն ինքնասպանություն է

Հրանտ Մարգարյան (ՀԵՄ)Դեկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Հարգելի՛ ներկաներ, շատ սիրելի՛ երիտասարդներ

Ասում են՝ երիտասարդությունը տարիք չի ճանաչում, ու դրա հիման վրա ամեն մարդ փորձում է ինքն իրեն երիտասարդ համարել։ Ես նման բարդույթ չունեմ, տարիքս առած մարդ եմ։ Բայց ոչինչ, դա ինձ չի մտահոգում, որովհետև մտածում եմ՝ եթե ապրած կյանքս իմաստ է ունեցել, արդյունք է ունեցել, իմ գործը կշարունակվի։ Դրանով ամեն ինչ կարևորվում և իր տեղն է գտնում։

Դաշնակցության մեջ աշխատող մեր սերունդը ևս ունի այդ խնդիրը։ Մեզ համար ապացուցված է, որ մեր գործը շարունակվում է, և մենք՝ հանձինս ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության, ուժեղ ենք, հզոր ենք, նույնիսկ անպարտելի ենք։ Այս կազմակերպության հաջողության բանալիներից մեկը հենց դա է, որ մենք մեր գործը սերնդեսերունդ ենք փոխանցում։ Մեր գործը շարունակականության մեջ է, որ կարևորվում է և իմաստ է ստանում։ Շատ-շատերի նման չենք, որ ջրի պղպջակի պես մի պահ հայտնվենք ջրի մակերևույթին և հաջորդ պահին գոյություն չունենանք։ Այդպիսին չէ Դաշնակցությունը, և սրա մեջ է Դաշնակցության ուժը։

Ես Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անունից ողջունում եմ Երիտասարդական միության 25-ամյակը։ Մի քիչ տարօրինակ կլիներ, որ այս օրը, որը զուգադիպել է Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին, ես ձեզ հետ խոսեի և չանդրադառնայի քաղաքական այս պահին։ Ամեն ինչ ժամանակի կտրվածքում է, որ կարևորվում և իմաստ է ստանում։ Տարեց մարդիկ սովոր են հուշեր պատմել, ես չեմ ուզում հուշեր պատմել, բայց ուզում եմ խոսել մի ժամանակաշրջանի մասին, որ ձեզ համար, հավանաբար, պատմություն է, բայց դա մե՛ր կենսագրությունն է, մենք ապրել ենք այդ օրերը։ Եվ այսօրվա իրողությունը տեսնելուց հետո անդրադառնում ենք՝ որքան նմանություն ունի այսօրն այդ հին օրերի հետ։ Ահա սա է, որին ես ուզում եմ՝ դուք ուշադրություն դարձնեք, որպեսզի, այդ փորձն ունենալով, փորձառության վերածեք, և դրանով թույլ չտաք կրկնություն մեր երկրում։ Այդ ժամանակաշրջանի կրկնությունը պետք է տեղի չունենա մեր երկրում։ Եվ հիմնական երաշխավորը, որ կարող է դա թույլ չտալ, դուք եք՝ երիասարդությունը։

Ես ուզում եմ խոսել 1990, 1997-1998 թվականների մասին։ Խորհրդային Միության քայաքայումից հետո հայկական իրականությունն ալեկոծվեց։ Ալեկոծվեց, և մի հրաշալի բան տեղի ունեցավ. մեր ժողովուրդը մեկ մարդու պես փողոց դուրս եկավ Խորհրդային միության կարգերի դեմ։ Այդ օրերի «երկաթյա վարագույրի» թիկունքում գտնվող անբարենպաստ պայմաններում մեր ժողովուրդը պոռթկաց և կանչեց՝ միացում, Ղարաբաղը մերն է։ Ղարաբաղյան պայքարին զուգահեռ` մենք կերտեցինք ազգային անկախ պետականություն։ Մենք 9 դար հետո կարողացանք սկիզբ դնել մի շարժման, որը մեր Հայրենիքի ամբողջացման առումով կարողացավ քայլեր վերցնել։ Բայց այս ամենն այդքան պարզ ու հանգիստ չեղավ։ Այս օրերին էլ ժողովրդային հսկա ալիքի վրա հայտնվեցին մարդիկ, որոնք բացարձակ ղեկավարություն էին՝ «Ղարաբաղ կոմիտե» կոչվող, և թվում էր, որ ազգը միասնական է և գտել է իր երանելի ղեկավարությունը, և բոլոր հարցերն այլևս լուծված են, մենք հեշտ ու հանգիստ, սահուն ձևով կգնանք դեպի փայլուն ապագա։ Այդպես էր թվում, բայց երկար չտևեց։ Մենք Ղարաբաղյան շարժման դեմ հանդիման տեսանք կոտորած, տեսանք ջարդ, տեսանք Սումգայիթ, Բաքու… տեսանք, որ այդպես չի լինում, այդպես չի պատահում, որ եթե մենք խաղաղ ենք, խաղաղ վերաբերմունքի արժանանանք։ Եթե մենք օրինական ենք, օրինական վերաբերմունքի արժանանանք։ Եթե մենք լավն ենք, լավ վերաբերմունքի արժանանանք։ Այդպես չեղավ, և մարդիկ, կազմակերպություններ հասկացան, որ, ինչպես միշտ, ինչպես ամենուր, պետք է ձեռքդ քո ծնկի վրա դնես, պետք է ոտքի ելնես, պետք է քո ազատությունը նվաճես։ Մենք՝ իբրև Հայաստան վերադարձած նոր կազմակերպություն, գերազանցեցինք ինքներս մեզ, կարողացանք կազմակերպել Ղարաբաղյան ազատամարտը, կարողացանք Ղարաբաղը կազմակերպել, զինել և պայքարը առաջ տանել, չթողնել ո՛չ Մոսկվային, ո՛չ Բաքվին, նաև` Երևանի ծրագիրը Ղարաբաղի հարցով իրագործվի։

Մենք մեծ գին վճարեցինք դրա համար։ Նոր կազմակերպություն էինք Հայաստանում, առաջին կազմակերպական քայլերն էինք անում, բայց մենք պարտավորվեցինք մեր այդ մատղաշ կազմկերպության յուրաքանչյուր 8 ընկերներից մեկը զոհել Ղարաբաղում։ Մենք հարյուրավոր զոհեր տվեցինք, որպեսզի Ղարաբաղը մնա հայկական, Ղարաբաղը լինի աատագրված, լինի իսկապես մերը, որտեղ միլիոնավեր ժողովուրդ ոտքի էր կանգնել և գոռում էր «Ղարաբաղը մերն է»։ Ժողովրդի ուզածը մենք ինքնազոհաբերությամբ իրականություն դարձրեցինք։ Դա այքան հեշտ չեղավ։ Դեռ 1990-ին Լևոն Տեր Պետրոսյանը, որ ներկայացնում էր Ղարաբաղ կոմիտեն և դրա անունով էր ասպարեզ իջել՝ իբրև անկախ պետականոթյան առաջին նախագահ, որ վայելում էր ժողովրդի 84 տոկոսի համակրանքը, սպառնում էր մեզ՝ խմբերը հետ կանչեք Ղարաբաղից, թե ոչ՝ դուք ապօրինի աշխատանքով եք զբաղվում, ես ձեզ դատի կտամ։ Ցավոք սրտի, շատ է այսօր դեպքերն իրար նման։ Այսօր էլ մեզ ասում են՝ եթե Ղարաբաղի անվտանգության հարցով մտահոգ եք, ԱԱԾ-ն պիտի ձեզնով զբաղվի, պետք է դատի տանք ձեզ։ Շատ է նման իրար։ Բայց մենք չընկճվեցինք, տեղի չտվեցինք, չնահանջեզինք, չդողացինք։ Մենք ասացինք՝ ժողովրդի համակրանքը, ժողովրդի հուզումն ու ժողովրդի ալիքը մեր աչքի ու գլխի վրա տեղ ունի։ Մենք ժողովրդի ցանկությունն է, որ իրականացնում ենք։ Մենք ժողովրդի իրական տենչն ու ցանկությունն է, որ փորձում ենք իրականություն դարձնել։

Մենք չվախեցանք։ Չվախեցանք սպառնալիքներից, բանտերից, հալածանքներից։ Չվախեցանք։ Այդ նույն ղեկավարությունն ասպարեզ էր եկել ժողովրդավարության, դեմոկրատիայի անունով։ Ասպարեզ էր եկել ազատության հասկացողությամբ, որ Խորհրդային միությունն ազատությունը թաղող, ազատությունը մերժող պետական համակարգ է։ Եվ մենք անկախություն էինք ձեռք բերում առաջին հերթին Հայաստանում ազատություն և ժողովրդավարություն հաստատելու համար։ Բայց շատ ժամանակ չանցավ, որ սպառնալիքներ հնչեցին, մեղադրանքներ հնչեցին, հեգնանք ու ծաղր հնչեց, թերթերը փակվեցին, կուսակցությունը ապօրինի հայտարարվեց, քաղաքական մարդիկ ձերբակալվեցին, ամենաանհասկանալի մեղադրանքները հնչեցին։

Բայց մենք դիմացանք։ Մենք շարունակեցինք կռվել Ղարաբաղում, չվերադարձանք Ղարաբաղից։ Ճակատի ուղղությունը չփոխեցինք։ Ասացինք՝ ոչինչ, իրական պայքարը, առաջնակագ պայքարը Ղարաբաղի կռիվն է։ Մենք կռվեցինք հենց իր (խմբ․ Լևոն Տեր Պետրոսյանի) հենց իր հրամանատարության ներքո, բայց այդ հրամանատարությունը ձևական էր, տեսական էր, վերացական էր։ Իրական հողի վրա մենք էինք մեր հրամանատարը։ Մենք չնահանջեցինք, չխեղճացանք, չշեղվեցինք մեր ճանապարհից։ Տասնյակ մարդիկ բանտ ընկան, կուսակցությունը ապօրինի հայտարարվեց, թերթերը փավեցին, բայց մենք մեր ուղղությունը չշեղեցինք։ Այսօր էլ նույն ձեռագրն է կարծես կրկնվում։ Այսօր էլ, կարծես, քաղաքական նույն մշակույթն է վերադառնում։ Ժողովրդավարությանալիքի վրա եկել ենք, և առաջին հերթին հենց ժողորդավարությունն է ոտնակոխ լինում։ Առաջին հերթին այլ տեսակետն է մերժվում։

Ես այս ամենն ինչու եմ ասում ձեզ. ասում եմ, որ դուք՝ երիտասարդներ, շարունակեք մեր գործը, բայց մեզ մի կրկնեք։ Մեր երկրին պետք է խնայել այդ նույն փորձը երկրորդ անգամ ապրելու տհաճությունից։ Ազգի անունով իշխանության եկած ուժը շատ քիչ ժամանակ հետո Սփյուռքին ասաց «նարինջ ուտող»։ Այդպես են սկսում ազգի պառակտումը։ Այսօր սկսել ենք ղարաբաղցիներով, նույն ձեռագիրն է, որովհետև, հավանաբար, այսօրվա ղեկավարություն էլ նույն դպրոցից է դուրս եկել։ Նույն դպրոցն է ավարտել, նույն մշակույթն է բերում մեր կյանք։ Բայց դուք՝ երիտասարդներ, թույլ մի տվեք, որ դա կրկնվի, որովհետև պետք է նայել մեր ժողովրդին։ Մենք 1990-98 թվականների ընթացքում շատ ենք արյուն կուլ տվել, մենք շատ հնարավորոթյուն ենք կորցրել, շատ էներգիա ենք վատնել։ Հայաստանից մեծ արտագաղթ է տեղի ունեցել։ Մենք շատ մեծ գին ենք վճարել այդ պայքարում։ Այսօր չպետք է դա կրկնվի։ Ութ տարի ասացինք՝ եղբայր, Ղարաբաղի անունով իշխանության եկած ուժը Ղարաբաղի հարցով պարտվողական քաղաքականություն է վարում։ Ասացին՝ էդ ի՞նչ եք ասում, միթե՞ այդպիսի բան հնարավոր է, դուք չափազանցնում ենք, դուք ճիշտ չեք ասում, դուք նույնիսկ դավաճան եք։ Բայց, արի ու տես, վերջում մենք ճիշտ դուրս եկանք։ 1997 թվականին պարզվեց, որ մարդու բուն նպատակը՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց է։ Տարածքներ է ուզում հանձնել, որ խաղաղություն ձեռք բերի։ Մինչդեռ մենք ղարաբաղյան պայքարը չէինք սկսել խաղաղություն ոնենալու համար, մենք ղարաբաղյան պայքարն սկսել էինք Ղարաբաղն ունենալու համար։ Խաղաղությունը մի բան չէ, որ զիջելով ձեռք բերես։ Խաղաղությունն այն բանն է, որ պետք է պարտադրես։ Պարտադրես, որ քեզ հարգեն, պարտադրես, որ քեզ հետ հաշվի նստեն։

Այսօր էլ մենք մտահոգ ենք։ Որոշները ասում են՝ դա դավաճանություն է, դա ադրբեջանցիներին «աչքով անել» է։ Ինչեր ասես՝ չեն ասում։ Մենք համբերում ենք, մենք դիմանում ենք, ոնց որ այն ժամանակ ենք համբերել և դիմացել։ Այն ժամանակ մենք հաղթեցինք բանտում լինելով, բանտից հաղթեցինք այդ իշխանությանը։ Այսօր ես չեմ ուզում՝ ոչ ոք բանտարկվի, ես չեմ ուզում, որ նույն փորձն ապրենք։ Տա Աստված՝ սթափվեն այսօրվա իշխանության վրա եղողները։ Նույն գետը երկրորդ անգամ չի կարելի մտնել։ Ուզում եմ հասկանան, որ այդ ուղիով չի կարելի քայլել։ Սթափվեն, և մտածեն ազգը պառակտելու փոխարեն՝ համախմբել։ Անձը պարտադրելու փոխարեն՝ ժողովրդական հիմունքներով պայքարն առաջ տանեն։ Ազատությունը, դեմոկրատիան է, որ մեզ պետք են։ Մեր ժողովուրդը պետք է լավ ապրի և ազատ ապրի, որպեզի կենսունակ լինի, ուժեղ լինի, որպեսզի իրեն ներկայանող պետությունն էլ ուժեղ լինի, հզոր լինի։ Այլապես չի լինում, չի լինում խեղճացած, «մեռած» ժողովուրդ, բայց ուժեղ իշխանություն։

Երիտասարդնե՛ր,

Դուք չպիտի թույլ տաք, որ մեր ժողովուրդը նույն փորձառությունն ապրի։ Դուք պետք է կարողանաք ձեր պայքարով, կեցվածքով ու պահանջով զգաստացնել բոլորին։ Այդ նույն ճանապարհով մի՛ գնացեք։ Մեզ էլ ասեք, մյուսներին էլ ասեք։ Ասեք, որպեզի սրբագրվենք, ասեք, որպեսի խաղաղվենք, ասեք, որպեսզի ուժեղանանք։ Ասեք և պահանջեք, պահանջեք և պարտադրեք։ Այս նոր սերունդը պետք է ըմբոստանա Լևոնի դպրոցն ավարտած, Լևոնի մշակույթը մեր օրեր փոխադրած ուժի դեմ։ Մենք չպետք է ունենանք այն տպավորությունը, որ Լևոնի դպրոցի սաները ռևանշի են դուրս եկել Հայաստանում։ Մենք պետք է կարողնանք մեր երկրում ապրել, ստեղծագործել միասնաբար։

Ապրիլյան ժողովրդային շարժումը սրբության համազոր շարժում էր, հզոր շարժում էր, հարգանքի արժանի և ակնածանք պարտադրող շարժում էր, բայց այդ շարժումը կապ չունի այսօրվա իշխանությունների մտադրությունների և կեցվածքների հետ։ Դա շարժում էր, որպեսզի Հայաստանում աղքատություն չլինի, որպեսզի Հայաստանում անարդարություն, խտրականություն չլինի, որպեսզի Հայասատնում կամայականություն չլինի։ Դա շարժում էր, որպեսզի Հայաստանում զոռբայություն չլինի։ Այդ շարժման իրական ներկայացուցիչները հենց մենք էինք, ոնց որ 90-ականներին Ղարաբաղյան շարժման իրական ներկայացուցիչները մենք էինք։ Մեզանից յուրաքանչյուր ութերորդը մահացավ՝ «Ղարաբաղը մերն է» նշանաբանի համար։ Մենք դրանով գին վճարեցինք, վճարեցինք՝ ժողովդի տրամադրությունների հետ համընթաց քայլելու համար։ Այսօր էլ մենք պատրաստ ենք գին վճարել, որպեսզի Հայաստանոմ աղքատություն չլինի, որպեսզի Հայաստանում ոչ ոք ոչ մեկի չկարողանա ճնշել, անարդար վարվի։ Հենց դրա համար առաջինը մենք չենք վախենա և կուրծք դեմ կտանք։

Մենք դուրս չենք եկել կռվի, մենք դուրս ենք եկել ապրելու և ապրեցնելու։ Մենք դուրս ենք եկել և ասում ենք՝ սա հայկական իրականության մեջ երկրորդ առիթն է՝ երկիրը երկիր դարձնելու, մեր հասարակությանը կազմակերպված, զարգացած ժողովուրդ դարձնելու։ Արտագաղթը կասեցնելու, ներգաղթի վերացնելու։ Մենք դա ենք ուզում այս երկրում, բայց ուզում ենք դա Ղարաբաղի հետ միասին, որովհետև Ղարաբաղը Հայաստան է, այլ բան չէ։ Ղարաբաղը Հայաստան է ու վե՛րջ։ Այլ բան չկա այնտեղ։

Սիրելի՛ երիտասարդներ,

Մենք կարևոր պահ ենք ապրում, կարևոր ժամանակներ են։ Երիտասարդության ամենաընդգծված գիծը համարձակությունն է, անկեղծությունն ու մաքրությունը։ Դրանց համազոր են հայրենասիրությունը, ազգասիրությունը։ Համարձա՛կ եղեք, հայրնասե՛ր և ազգասե՛ր։

Համարձա՛կ եղեք, քա՛ջ եղեք, պայքարո՛ղ եղեք, և ձեր երկրի ու ժողովրդի համար ձեզ պատասխանատո՛ւ զգացեք։

Սիրելի՛ երիտասարդներ,

Մեր սերունդն արդեն իր տեղը պետք է զիջի ձեզ։ Մենք այս տարիների ընթացքում մի Հայրենիք էինք ժառանգել և այն փոխանցում ենք ձեզ։ 30,000 ք/կմ-ով Հայրենիք ենք ժառանգել, 42,000 ք/կմ-ով փոխանցում ենք ձեզ։ Մենք 9 դար հետո հաղթանակ արձանագրեցինք, 9 դար հետո՝ քաղաք ազատագրեցինք։ Մենք արեցինք մի բան, որ կարող է մեր սերունդն արդարացնել։ Բայց առջևում դեռ կա ավելին՝ երջանիկ, օրենքով, ժողովրդավար երկիր և սոցիալական արդարությունով հասարակություն ստեղծելու համար։ Ես վստահ եմ՝ մեր գործը կշարունակվի։ Առանց կրկնելու մեզ՝ դուք մեզ կգերազանցեք։

Եղե՛ք խելացի ու անմիջպես օգտագործեք ձեր գիտելիքները։ Թիրախավորե՛ք ձեր ճանապարի առաջին, երկրորդ, երրորդ քայլերը, և իրականացրեք դրանք ձեր գիտելիքի ուժով։ Այսօր երկարաժամյա անարդյունավետ աշխատանքն իր տեղն է զիջում թիրախային կրակոցի նման կարճ ու արագ լուծումներին։ Ուրեմն՝ ձեռք բերեք այն գիտելիքները, որոնք կդարձնեն ձեզ արդյունավետ։ Եղեք հավատարիմ, քանի որ ինտելեկտի հզորությունը գնահատվում է այն արժեքներով, որոնց այն ծառայում է, իսկ գաղափարին չծառայող, աննպատակ մտավոր վարժանքը նման է բոդիբիլդինգի պարապմունքի, որի արդյունքում ստանում ես գծած նկարային քարտեզ, բայց ունակ չես ոչ հարվածի, ոչ էլ՝ թռիչքի։

Եղե՛ք ուժեղ, քանի որ առանց ուժի՝ ամենալավ գաղափարներն ու ամենաազնիվ մղումները իրականություն չեն դառնում։ Եղեք ուժեղ, որպեսզի զիջեք այնտեղ, որտեղ կարելի է զիջել։ եվ ասնսասան եղեք այնտեղ, որտեղ զիջումն ինքնասպանություն է։ Եթե պետք է՝ նեղություն քաշեք, կամ ավելի աշխատեք։ Ո՛չ մի քայլ մի նահանջեք, երբ կանգնած եք Հայրենիքի սահմանին։

Սա պատերազմի կոչ չէ։ Սա կոչ է՝ ուժեղ լինելու։ Այնքան ուժեղ, որ կարողանաս խաղաղություն պարտադրել, քանի որ խաղաղությունը միայն կարելի է պարտադրել։ Զիջումներով խաղաղություն առնելու փորձը ինքնասպանություն է։ Մի՛ վախեցեք մենակությունից։ Դաշնակցությունը ոչ բոլորի համար է և երբևիցե չի կարող մասսայական դառնալ։ Դաշնակցությունը հատուկ նկարագրի հանգրվան է, հատուկ և շատ հազվագյուտ որակի, և այդ որակը երբեք չի կարող մեծամասնությանը պատկանել։ Մարդ տեսակն ստեղծված է այնպես, որ նրա բոլոր մղումներն ու ծրագրերը հավասարակշռված են ինքնապահպանման բնազդով և շատ ու շատ քչերի մոտ է, որ նպատակի լույսին ձգտելու ուժը գերակշռում է այդ բնազդին։ Եվ թող մեծամասնությունը ծրագրված և հաասարաչափ քայլերով գնա դեպի իր համար դրված նպատակներ։

Ես կոչ եմ անում ձեզ՝ փոխել մակարդակը։ Փոխել չափման միավորները, բարձրանալ իրականությունից։ Ես կոչ եմ անում ձեզ ստեղծել վաղվա իրականությունը և թող ավելի լավ լինի այն իրականությունը, որում չի տեղավորվում մեր գաղափարները։

Ես ուզում եմ իմ խոսքը եզրափակել նրանով, ինչով սկսեցի։ Եղե՛ք խելացի ու սովորե՛ք։ Շա՛տ սովորեք։ Մի՛ սպասեք, որ ձեզ հուշեն, ուղղորդեն, պարտադրեն կամ շահագրգռեն։ Սովորե՛ք ինքնուրույն, քանի որ այսօր դա հնարավոր է։ Սովորե՛ք, քանի որ այսօր մի հեռու առանձնասենյակում անօդաչու սարքի վահանակը կառավարող մեկ հոգին հակադրվոմ է տասնյակ և հարյուրավոր ազնիվ՝ ֆիզիկապես ու գաղափարական զինվորների։ Սովորե՛ք, քանի որ զուտ աշխատասենյակներում կատարված հետազոտություններով այսօր իշխանափոխություններ են իրականացվում և, հակառակը, կանխվում։ Սովորե՛ք, քանի որ միայն գիտելիքի ուժով է հնարավոր հասնել այնպիսի դիվանագիտական հաղթանակների, որոնք կկանխորոշեն հաջորդ տասնամյակների զարգացումները։ Սովորե՛ք, քանի որ այդպիսով մեկ հոգին կարող է հակադրվել հարյուրավոր թշնամիների, քանի որ այդպես կարող եք պաշտպանել ձեր վրա հույս տրած հազարավոր ընկերների: Սովորե՛ք, քանի որ այդպես կարող եք փոխել մարտի ընթացքը, կանխորոշել պատերազմի արդյունքը և շրջել պատմությունը։

Հաջողությո՛ւն ձեզ»։

Տպել այս էջը Տպել այս էջը

Ձեր մեկնաբանությունը