RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Թույլ չենք տա, որ Ղարաբաղով գին վճարվի քաղաքական ուղղություն փոխելու համար

Posted on November 22, 2018, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Հրանտ Մարգարյան
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` «Արարատ» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ արտաքին սպառնալիքների մասին ենք այսօր խոսելու: Մեր հյուրը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:

– Մի քանի օր է մնացել քարոզարշավին, ինչ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Դաշնակցությունում եւ ինչ մարտավարություն եք ընտրելու այս յուրօրինակ քարոզարշավի եւ ընտրությունների համար:

-Մենք քարոզարշավը տանելու ենք այնպես, որ մեզ է հատուկ: Մենք ակտիվացնելու ենք մեր շարքերը, մեր կառույցը, կազմակերպությունը, եւ որովհետեւ քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, փորձելու ենք օգտվել մեր կազմակերպական կարողականություններից: Կառույցը պետք է աշխատի , որպեսզի մենք հաջողություն ունենանք: կարծում եմ, այլապես կարող է հաղթել միայն ամբոխավարությունը, որովհետեւ տրամաբանական խոսքը այս տաս օրվա ընթացքում հնարավորություն չունի կայանալու, շրջանակ ստեղծելու, մթնոլորտ ստեղծելու եւ համոզելու:

-Դուք ոչ մրցունակ եք լինելու այս պայմաններում, եթե անեք դասական քարոզարշավ: Դուք ասում եք, մեզ բնորոշ քարոզարշավ, եթե անեք այնպիսին, ինչպիսին արել եք նախորդ ընտրությունների ժամանակ:

-Որոշները մտածում են հակադրվելով քարոզչություն անել, որոշները մտածում են, տեղավորվելով մեծ ալիքի շրջանակում հասնել ինչ որ հաջողության, մենք այդպես չենք անելու: Մենք մեր խնդիրները հստակ արծարծելու ենք, պարզ եւ ուղիղ ասելու ենք մեր ժողովրդին եւ ակնկալելու ենք, որ ժողովուրդը համանման վերաբերմունք ցույց տա մեզ: Հարցն այն է, որ մենք ժողովրդի հետ եղած հարաբերություններում չենք հարաբերվել, չենք առնչվել ամբոխավարությամբ, խաբեբաբությամբ, կեղծ ժողովրդականությամբ: Մենք այդպես չենք առաջնորդվել: Ասել ենք բաներ, որ հասկացել ենք՝ ժողովուրդը չի սիրի դա, չի հավանի: Ասել ենք՝ չպետք է զիջենք Ղարաբաղի պայքարում, շատ լավ հասկանալով, որ մեր ժողովրդի մի կարեւոր մաս՝ դա չի ընդունի, որովհետեւ երեխա ունի, զինվորական տարիքի զավակ ունի:

– Դուք ասելո՞ւ եք, որ չպետք է զիջենք Ղարաբաղի հարցում, որովհետեւ այսօր հստակ մարտահրավերներ ենք տեսնում:

-Այո, բնականաբար:

– Մինչեւ վերջ անկեղծ ե՞ք լինելու ձեր ընտրողների հետ պարոն Մարգարյան:

-Մենք միշտ ենք անկեղծ եղել անցած 28 տարվա ընթացքում, եւ ոչ միայն անցած 28 տարվա, անցած 128 տարվա ընթացքում, եւ անկեղծ ենք լինելու մինչեւ վերջ, ուրիշ ելք չունենք: Մենք տարբերվում ենք բոլոր քաղաքական կուսակցություններից մի հարցում՝ մյուս կուսակցությունները պահի հաջողության խնդիր ունեն, ա՛յս պահին հաջողություն արձանագրելու: Մենք ունենք շարունակական հաջողություն արձանագրելու խնդիր: Մենք չպետք է անենք մի բան, որ մեզ հաջորդող սերունդը , մեզ հաջորդող Դաշնակցությունը ամաչի դրա համար:

-Պարոն Մարգարյան հիմա սկզբունքայնությունը մոդա չէ, Դուք ինքներդ էլ կփաստեք:

-Մենք այնքան մեծ ենք, որ մոդայով չպետք է առաջնորդվենք, այնքան մեծ ենք, որ պիտի առաջնորդվենք միայն մեր ազգի եւ հայրենիքի շահով, անկախ նրանից, թե ներկա ժամանակահատվածում ինչն է գնահատվում: Անկախ ամեն ինչից, մենք դրան հավատարիմ ենք մնալու, հավատարիմ ենք մնալու մեր ժողովրդին, մեր հայրենիքին, մեր հողին եւ հային: Հավատարիմ ենք մնալու, որովհետեւ մեր էությունն է դա: Մենք ամեն ինչ չենք անի, որ շատ քվե բերենք, մենք կանենք այնքան, որ մեր ժողովրդի գիտակից քվեն ապահովենք:

-Բայց այդ գիտակից քվեի փաստը արձանագրվեց Երեւանի ընտրությունների ժամանակ, թե՞ դրանք տարբեր ընտրություններ են պարոն Մարգարյան:

– Ես կարծում եմ, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ այդ գիտակից քվեն չարձանագրվեց :

-Ի՞նչ հույս ունեք որ խորհրադարանական ընտրություններին կարձանագրվի, այսինք այս մեկ ամսվա ընթացքում ի՞նչ փոխվեց:

– Այո, ես գիտեմ որ վտանգ կա, վտանգ կա, որ առաջիկա օրերին նորից կեղծ օրակարգեր կստեղծվեն, նորից ձերբակալություններ կլինեն, մթնոլորտը կթեժանա, այն կտանեն մեկ այլ ուղղությամբ: Կարղ են սա անել: Հարցն այն է, որ այս ընտրությունները մեր կյանքի միակ նպատակ չեն:: Այսօր մենք կարող ենք չունենալ լավ արդյունք, բայց ես վստահ եմ, որ 3 ամիս հետո, 6 ամիս հետո, 9 ամիս կամ մեկ տարի հետո մենք կունենաք շատ լավ արդյունք: Մենք այդ կազմակերպությունն ենք. լուրջ, ծանրակշիռ, մենք օրվա պահի համար չէ, որ աշխատում ենք: Մենք չենք աշխատում, որ Արմեն Ռուստամյանին վարչապետ դարձնենք: Դա չէ մեր կյանքի նպատակը:

-Բայց ժողովուրդը սիրում է պահի տակ արված հայտարարությունը պարոն Մարգարյան:

-Ես կարծում եմ, նույն ժողովուրդը կարող է գնահատել, թե ով է լուրջը, հետեւողականը, սկզբունքայինը, կայունը՝ այս ժողովրդի եւ այս հայրենիքի զավակը: Մեր ժողովուրդը կարող է դա գիտակցել: Մեզ քննադատում են, հաճախ ասում են՝ երեւակայական աշխարհում եք եւ նման բաներ, բայց մեզ հարգում են: Հարգում են, որովհետեւ գիտեն ՝ մենք հայրենասեր ենք, գիտեն, որ մենք ժողովրդի շահերին չենք դավաճանի, գիտեն, որ մենք այս հարցում լուրջ ենք եւ սա է ամենակարեւորը, եւ սա ամենամեծ ձեռքբերումն է, որ Դաշնակցությունը բերել է: Կարող է դա չդառնա ինչ որ պահի քվե, բայց մի օր անպայման կդառնա վերաբերմունք եւ վիճակ ստեղծող կացություն:

-Դուք ասացիք, որ կլինեն ձերբակալություններ այս ընթացքում, ինչ որ մարդկանց կբռնեն, ինչ որ մարդկաց բաց կթողնեն: Իշխանությունների, այսպես ասած, խոշորացույցի տակ մարտի 1-ի հարցն է: Այս ողջ ընթացքում մենք տեսնում ենք բազմաթիվ մամուլի հաղորդագրություններ, ՀՔԾ պետի հայտարարությունները, վարչապետի հայտարարությունները: Սկզբում հայտարարեց , որ ամբողջությամբ բացահայտված է, բայց մենք այդ ամբողջական բացահայտմանը ականատես չեղանք: Այս քարոզարշավի ընթացքում հնարավո՞ր է որ ձերբակալություններ լինեն:

-Չեմ բացառում, որովհետեւ դա դարձել է քաղաքական մթնոլորտի շահարկման նյութ:

-Եվ որ ամենավտանգավորն է, ժողովրդին դա դուր է գալիս:

-Ժողովրդի մի ինչ որ մասի է դա դուր գալիս: Բայց ես կարծում եմ օր-օրի ժողովրդի մի մասը, սկսել է մտահոգվել, դժգոհել, ի՞նչ է տեղի ունենում այս երկրում: Մի առիթով, վերջերս ասել եմ, հիմա մենք փորձում ենք ողջ ժողովրդին հանցագործ տեսնել: Այն բոլոր շերտերը, որ պայմանների բերումով , կացության բերումով, ճարահատ կամ մթնոլորտի ազդեցության տակ, մանր չարչիական մակարդակի անօրինական գործողություններ են արել, դրանք խոշորացվել, բերվել են առաջին պլան, եւ մարդկանց սկսել են ահաբեկել: Գյուղապետ ես, եթե այսպես չաշխատես, եթե սրան չքվեարկես, եթե այսինչ ուժի հետն համագործակցես, մենք գործ կսկսենք քեզ հետ: Դպրոցի տնօրեն ես՝ նույնպես, ուսուցիչ ես ՝ նույնպես, պաշտոնյա ես՝ նորից նույնպես: Իսկ սա մեր ժողովրդի մի կարեւոր մասն է: Խոսքս չի վերաբերվում այն խոշորներին, որոնք մեծ թալանի են մասնակից եղել: Բնականաբար մեծ թալանի մասնակիցներից ոչ մեկը չպետք է ներվի եւ բոլորն էլ պետք է պատասխան տան:

-Ոչ մեկը նստած չէ այսօր պարոն Մարգարյան:

-Գիտեմ, այդ առումով ես խնդիր չունեմ, իսկ ինչ վերաբերվում է մարտի 1-ին, այստեղ հարցը շատ ավելի լուրջ է: Լավ, քանի տարի է անցել մարտի 1-ից, բայց մեր ժողովուրդը անընդհատ մարտի 1-ի պատանդի վիճակում է: Նախկինները դատում էին ներկաներին, ներկաները դատում են միայն նախկիններին: Եվ սա հավատք չի ներշնչում, որ ի վերջո իրականությունը պետք է բացահայտվի: Իրականությունը պետք է բացահայտվի եւ փակվի այդ էջը, այդ վերքը պետք է սպիանա ժողովրդի մեջ, չի կարող դա անընդհատ վերք մնա մարմնի վրա: Դա վերք է, բայց այդ վերքը բուժելու համար, սպիացնելու համար՝ այլ միջոց է պետք: Գուցե ճիշտն այն է, որ բոլորս դիմենք միջազգային որեւէ անկախ ատյանի, որ անաչառ քննություն անցկացնի: Եվ քննի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, քննի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ հանցավորները իսկապես պատասխան տան իրենց հանցանքի չափով: Իսկ երբ հարցը դրվում է, որ մեղադրանքներ են հնչում, որոնք մեկնաբանության եւ սուբյեկտիվ մեկնաբանության շատ բաներ են պարունակում իրենց մեջ, այդ մեղադրանքներով կարելի է դատել նաեւ այսօրվա իշխանավորներին, որովհետեւ զարմանալի է, ինչու մեկ պարագայում դա հանցանք է, մեկ այլ պարագայում հանցանք չի: Սրանք խնդիրներ են, որոնց դեպքում, ես կարծում եմ, որ արդեն մեր ժողովրդի համբերությունը չարաշահվում է: Բարեբախտաբար մենք մարտի 1-ին ոչ այս կողմն ենք եղել, ոչ այն: Եվ եղել ենք այն ուժը, որ կանխատեսել է մարտի 1-ը եւ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի կանխենք, որ դա տեղի չունենա, որպեսզի զոհ չունենանք, որպեսզի մեր երկիրը չխայտառակվի, բայց չհաջողեցինք: Մենք այս ու այն կողմում չենք եղել, մենք այդ մեղավորների շարքում չենք, բայց մի ակնկալիք ունենք, վերջապես ճշմարտությունը պետք է պարզվի: Եվ ճշմարտությունը կբացահայտվի միայն անաչառ դատական համակարգի շնորհիվ:

-Միջազգային մասնագետների: Երեկ այս տաղավարում Դավիթ Շահնազարյանն էր նույն Ձեր բառերը ասում, որ պետք է միջազգային ինչ որ մարմին ստեղծվի եւ քննի, որ հավատ ներշնչի եւ Դուք Ձեր խոսքում ասեցիք, որ չպետք է վրեժ լուծես մարտի 1-ով: Ինքը նաեւ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է , որ մարտի 1-ը օգտագործում է իր քաղաքական նպատակների համար: Դուք համամի՞տ եք այդ տեսակետին:

– Ես չեմ լսել Դավիթ Շահնազարյանին:

-Երբ ասում եք՝ վրեժ լուծի մարտի 1-ով, ի՞նչը նկատի ունեք, Նիկոլ Փաշինյանը ումի՞ց է վրեժ լուծում:

– Ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել պարագան: Օգտագործել հանգամանքը քաղաքական հաշվեհարդարների համար: Ես ասում եմ, ժողովուրդը չի հավատում դատական այս համակարգին: Որքան ուզում է Նիկոլ Փաշինյանը երդում–պատառ լինի, որ ինքը դատական համակարգի մեջ խառնված չի, բայց ինձ եւ ինձ նման քաղաքացիների համար պարզից էլ պարզ է, որ եթե մի դատական համակարգի մեջ 11 դատավոր ինչ որ հանցանք գործած մարդկանց հարցը քննում են եւ բոլորին ազատում են, եւ մյուս կողմից նույնանման գործի պարագայում ոչ մեկին չեն ազատում, նշանակում է դատական համակարգը ուղղորդվում է: Ով ինչ ուզում է ասի, բայց սա է իրականությունը. դատական համակարգը ուղղորդվում է, սուտ է այն, որ ասում են մենք չենք միջամտում, եւ քանի դեռ այսպիսին է իրողությունը, ոչ ոք չի հավատալու, ոչնչի չի հավատալու: Իսկ մեզ ճշմարտությունն է պետք: Ես շահագրգռված կողմ չեմ այս հարցում, ես այնքան եմ շահագրգռված, որ ուզում եմ ճշմարտությունը բացահայտվի: Ես չեմ լսել Դավիթ Շահնազարյանն ինչ է ասել, բայց տրամաբանությունն ինձ ասում է, այս պայմանների մեջ միակ բանը, որ կարող է ճշմարտությունը բացահայտի եւ վստահություն ներշնչի եւ մեկ անգամ ընդմիշտ փակի այս էջը, հավանաբար միջազգային անաչառ, անկողմնակալ ատյանը պետք է լինի, որ զբաղվի այս հարցով: Ցավոք, մենք չենք կարողացել ստեղծել վիճակ, որ մարտի 1-ով, ինչպես նախկինում նախորդները դատեցին ներկաներին, այսօր ներկաները չդատեն նախորդներին եւ ճշմարտունը չմնա չբացահայտված:

-Պարոն Մարգարյան, ի՞նչ արտաքին մարտահրավերների առջեւ է այսօր կանգնած մեր երկիրը: Ի՞նչ սպառնալիքներ կան:

-Ամենակարեւոր հարցը կա:

-Ղարաբաղի, Արցախի հա՞րցն է:

-Այո, բայց որը բխում է մեր արտաքին քաղաքականությունից: Այսինքն, մենք արտաքին քաղաքականությամբ ինչ նպատակ ենք հետապնդում: Մի կողմից, թվում է, որ մենք նպատակ ենք հետապնդում կարգավորել եւ տրամաբանական հարթակի վրա բերել մեր եւ Ռուսաստանի հարաբերությունները, մյուս կողմից՝ լռելյայն, բայց ոչ արդեն այդքան լռելյայն մեկ ընթացք է՝ օրիենտացիա փոխելու, կողմնորոշում փոխելու, դեպի գունավոր հեղափոխությամբ ճանապար գնալու. այս երկուսն էլ կա: Ինձ համար հարցը սա է. ուզում եմ հավատալ , որ այն ճիգը, որ իսկապես թափվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու եւ արժանապատիվ փոխհարաբերություններ ստեղծելու, մեր շահերից մեկնած փոխհարաբերություններ ստեղծելու՝ պետք է, որ արդյունավորվի: Դա իր տրամաբանության մեջ պետք է համոզիչ լինի: Ինձ համար մտահոգիչ է, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, ճիշտ է, եթե ասեմ, որ մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել:

-Շատ պատասխանատու հայտարարություն է:

-Դա Ղարաբաղի ապագայով պայմանավորվա՞ծ է, թե՞ ոչ: Պատերազմի մեջ եղած ժողովուրդ ենք մենք, պատերազմի մեջ եղող երկիր ենք մենք, ո՞վ է սրա պատասխանը տալու: Վերջապես արտաքին քաղաքականությունը նշանակում է հաջողություն, հաջողություն մեր շահերը պաշտպանելու, հաջողություն մեր անվտանգությունը ապահովելու իմաստով: Արտաքին քաղաքականությունը հաջո՞ղ է եւ ես կարողանո՞ւմ եմ մեր շահերը պաշտպանված տեսնել:

-Օր ու մեջ Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փայլուն են:

-Ասում է փայլուն են, բայց փայլո՞ւն են: Փայլուն են, բայց զինամթերք չի մտնում Հայաստան: Փայլուն են, բայց մեկ էլ տեսնում ես, որ ինքը մի կադրային քաղաքականություն է գործադրում, որն ամբողջությամբ հակառուսական է: Մինչեւ երեկ հակառուսական տրամադրություններ ունեցող մարդկանց տրվում են բանալի պաշտոններ: Ես չեմ ասում, որ մենք պետք է խեղճանանք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ոչ: Առնվազն իմ կազմակերպությունը ներկայացնող անձը չի կարող նման բան ասել: Մենք նման բանի հավատացած չենք, բայց հավատացած ենք մի բանի՝ մեր շահերը կարողանո՞ւմ ենք ապահովել: Ես Ռուսաստանի շահերի մասին չեմ խոսում, ես խոսում եմ մեր շահերի մասին: Եթե մենք նպատակ ենք դրել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շտկել եւ դրա համար գին ենք վճարում, Սիրիա խաղաղապահ զորք ենք ուղարկում, թույլ ենք տալիս, որ ռուսները գան այստեղ ամերիկյան ընկերություններին քննեն: Բաներ ենք անում, որ ենթակայի կեցվածք է եւ ոչ թե համահավասարի կեցվածք: Մյուս կողմից ՆԱՏՕ 4 բժիշկ ենք ուղարկում մասնակցելու զորավարժությունների, որի շահը որտե՞ղ է մեզ համար: Ես չգիտեմ, կան անտրամաբանական քայլեր: ՀԱՊԿ-ի դեպքը, որքան էլ որ Բելառուսի նախագահը եւ Ղազախստանի նախագահը անարդարացի են, ճիշտ չեն եւ սխալ են: Որքան էլ որ ասենք, բայց մենք պետք է կարողանա՞նք այնտեղ հաջողել: Դիվանագիտությունը դա է, որ մենք կարողանանք մեր շահերը առաջ տանել, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծենք, կոնֆլիկտներ ստեղծելով մենք Հայաստանի շահը չենք ապահովում, մենք դժվարություն ենք ստեղծում մեզ համար: Դիվանագիտությունը, քաղաքականությունը այն միջոցն է, որով մենք պետք է կարողանանք մեր հաջողությունն ապահովել: Ես սկսում եմ նույնիսկ հանկարծ մտածել, կարող է միտումնավոր է կոնֆլիկտը ստեղծվում, որովհետեւ գուցե վերջին նպատակը դեպի արեւմուտք շարժվելն է: Դա էլ ինձ համար արգելված հարց չէ, տաբու չէ, բայց մենք ջրանցումի ժամանակ ձիերը չենք փոխելու: Մենք պատերազմի մեջ ենք: Այդ պատերազմի հարցով մենք պետք է պատասխանն իմանանք: Դեռ ավելին ասեմ, Արեւմուտքը մեզ ձեռք է երկարելու Թուրքիայով:

-Թուրքիայո՞վ:

-Բա ուրիշ ինչպե՞ս պետք է դա անի: Թուրքիայով է ձեռք մեկնելու մեզ: Ես մի անգամ Ամերիկայի դեսպանին եմ ասել, որ մենք հակաամերիկայն ուժ չենք, բայց քանի դեռ ձեր ձեռքը, որ մեզ եք մեկնում՝ թրքական է, մենք չենք կարող դա սեղմել:

-Պարոն Մարգարյան, Բոլթոնը երբ Հայաստան եկավ, ասեց որ այս արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր կնճռոտ հարցերը կլուծվեն: Պատմության կաղապարներից խոսեց, որ շատ լավ ժամանակ է նաեւ Ղարաբաղյան հակամարտության հարցը լուծելու համար էլ: Այսինքն արտահերթ ընտրություններից հետո, ի՞նչ ճակատագիր է մեզ սպասվում, շարունակելով Ձեր հնչեցրած մտահոգությունները: Գանք եզրահանգման:

– Գիտեք դա միայն Բոլթոնի հայտարարությունը չէ: Դեսպանի վերջին հարցազրույցները նախքան մեկնելը…

-Միլզը, այո:

– Պատահական չէր, Բոլթոնի հայտարարությունները պատահական չէին: Ամերիկյան դեսպանատունը դեռ ամիսներ առաջ , երբ դեռ ոչինչ չկար, քաղաքական ուժերի հետ խոսել եւ ասել էր, թե մենք չենք հասկանում, ինչու դուք խորհրդարանական ընտրությունները անմիջապես չեք անում: Դա հասարակական պահանջ չէ՞ր: Նախքան այն, որ քաղաքական ուժերի պահանջն էր եւ կամ հասարակության պահանջը, դա ամերիկայն դեսպանատան կարծիքն էր: Սա շատ-շատ կարեւոր հարց է: Ես չգիտեմ ինչու այսպես հապշտապ, դեկտեմբերի 9-ին տեղի պետք է ունենան այս ընտրությունները: Հուսամ, որ սա այնքանով է արդարացված, որ Նիկոլ Փաշինյանը մտածում էր օր-օրի իր վարկանիշն ընկնում է, ուրեմն որքան շուտ անի այս ընտրությունները, այնքան ավելի մեծ հաջողություն կունենա, որովհետեւ տեսնում էր, որ տնտեսության մեջ ոչ մի դրական փոփոխություն չկա եւ չի կարող տեղի ունենալ առաջիկա ամիսներին եւ մենք դժվար ձմեռ ենք ունենալու, դրա համար արեց դեկտեմբերին, որպեսզի քանի դեռ այդ ալիքը բարձունքի վրա է, ինքը կարող է լավ թվանշաններ արձանագրել: Հուսամ, որ դա լինի միայն: Բայց ունեմ լուրջ պատճառներ մտահոգվելու, որ մեզ դժվար օրեր են սպասվում: Մենք դժվար օրեր ենք ունենալու: Նախորդ հարցազրույցիս մեջ ես խոսեցի Նախիջեւանի սահմանի վիճակից: Ես գիտեմ, որ ինքը ակտիվ է՝ հաճախ Ղարաբաղ է գնում, դիրքեր է այցելում, լավ ելույթներ է ունենում:

-Բայց մոռանում ենք Նախիջեւանի հարցի մասին:

-Այս ամբողջը ինձ համար փափուկ բարձ չի դառնում իմ գլխի տակ, որովհետեւ ես նաեւ տեսնում եմ լուրջ վտանգները: Այդ լուրջ վտանգներից մեկը ասացի, մայիսից այս կողմ զինամթերք չստանալն է: Այդ լուրջ վտանգներից մեկը ՝ Բոլթոնի հայտարարություններն էին, այդ լուրջ վտանգն այն է, որ այսօր Նախիջեւանի սահմանի վրա իրավիճակը լավ չի: Կա լուրջ մտահոգություն: Տա Աստված, որ ես սխալվեմ, բայց ես իրավունք չունեմ միամտանալ, ձեռքերս ծալել ու նստել, որովհետեւ ես կարող եմ ժողովրդի 70 տոկոս համակրանքը վայելող ղեկավարին հարգել, բայց ինձ համար Ղարաբաղը կյանքի իմաստ է:

-Մեր անվտանգության հարցն է:

-Եվ մենք, իբրեւ կազմակերպություն, թույլ չենք տալու, որ Ղարաբաղով գին վճարվի քաղաքական ուղղություն փոխելու համար: Մենք թույլ չենք տա, որ գունավոր հեղափոխության համար , ինչպես Ուկրաինան վճարեց Ղրիմը, Վրաստանը վճարեց Աբխազիան, Հայաստանը վճարի Ղարաբաղի գինը: Մենք դա թույլ չենք տա, որովհետեւ մեզ համար Ղարաբաղը շատ-շատ ավելի կարեւոր է, քան Ուկրաինայի համար Ղրիմն էր, Վրաստանի համար Աբխազիան: Սա մեր լինելիության հարցն է: Նորից եմ ասում, տա Աստված, որ ես սխալվեմ եւ իմ այս բոլոր նախազգացումները իրականություն չդառնան: Տա Աստված: Բայց ես ձեռքերս ծալելու, նստելու իրավունք չունեմ , ես պետք է զգոն լինեմ, հրապարկի վրա լինեմ, ես պետք է զգույշ լինեմ եւ նաեւ փորձեմ իմ ճիշտ խորհուրդներով թույլ չտալ որ ակամա տեղի ունենա այն, ինչ որ պետք է տեղի ունենա: Ես երբ խոսում էի Նիկոլի հետ, նրա բանտում եղած ժամանակ, սա էի ասում, որ այդ գինը մենք չպետք է վճարենք:

– Եվ ինչպիսի՞ն եղավ արձագանքը եթե եղավ:

-Ինքն ինձ հետ համաձայն եղավ: Ես դա չեմ կարող հերքել: Ես հուսով եմ, որ այսօր էլ ինձ հետ համաձայն է: Բայց իր քայլերը պետք է նույն տրամաբանությամբ տեղի ունենան, նույն տրամաբանությամբ ինքը պետք է կադրային քաղաքականություն ունենա, քաղաքական ժեստեր ունենա, քաղաքական փոխհարաբերությունների տակտիկա ունենա եւ դրանք պետք է իրար համապատասխանեն: Ապա թե ոչ շինծու բան կստացվի:

-Պարոն Մարգարյան, մեկ ճշտում՝ սպառազինության չմատակարարարման մասով սա փա՞ստ է, մայիսից այս կողմ սպառազինություն չի՞ մատակարարվել:

-Իմ տեղեկության համաձայն, որքան որ գիտեմ, այո:

– Շնորհակալ եմ, ծանր զրույց ստացվեց, բայց խնդիրների մասին, ինչպես ասում են, պետք է բարձրաձայնել:

-Ծանր է երկրի վիճակը ուրեմն ծանր զրույցն ավելի իրական է:

Leave a Comment