Հրանտ Մարգարյան. Հայաստանի համար վտանգավոր է
Posted on April 21, 2006, by admin, under Լուրեր.
ԵՐԵՎԱՆ- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» – «Իմ մտահոգությունը ոչ այնքան ԱՄՆ-Ադրբեջան փոխհարաբերությունների, որքան ԱՄՆ-Իրան առճակատման փաստի հետ է կապված: Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են անուղղակիորեն մեծ վնասներ պատճառել մեզ: Մենք պետք է շահագրգռված լինենք, որ բարեկամ երկու երկրները, որոնք անկախության հռչակումից հետո մեր կողքին են եղել` Միացյալ Նահանգները եւ Իրանը, խնդրահարույց հարցերը կարողանան լուծել դիվանագիտական ճանապարհով: Նրանց միջեւ ցանկացած ռազմական առճակատում լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ խիստ վտանգավոր` տարածաշրջանի բոլոր երկրների համար»:
ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՍԵԼՈՒ
Ինչպե՞ս է վերաբերվում Դաշնակցությունը միջազգային հանրության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Միացյալ Նահանգների եւ եվրոպական կառույցների` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը արհեստականորեն ակտիվացնելու ջանադիր կեցվածքին: «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
– Եթե Ադրբեջանը տարածքային ամբողջականության թեզը պնդելու փոխարեն սկսել է խոսել ազգային ինքնորոշման սկզբունքը կիրառելու մասին, կարծում եմ, սա արդեն իսկ հսկայական նվաճում է: Մյուս կողմից` որեւէ մեկը իրավասու չէ ազգի անունից գնալու չարդարացված զիջումների: Չգիտեմ` իշխանության վերին էշելոններում դրա տրամադրությունը կա՞, թե՞ ոչ: Ես կարող եմ խոսել մեր, այսինքն` Դաշնակցության անունից: Մենք փոխզիջման կողմնակից ենք, բայց հայրենի հողը զիջումների կամ սակարկության առարկա չենք համարում: Կարծում եմ` փոխզիջման դաշտը ավելի լայն է, զիջելու այլ բաներ կան, որոնց մասին կողմերը պետք է պայմանավորվեն բանակցությունների սեղանի շուրջ: Ամեն դեպքում, չի կարելի ջուրը չտեսած` բոբիկանալ: Բանակցային գործընթացի տրամաբանության տեսանկյունից սա վտանգավոր է: Եթե նույնիսկ բանակցությունները փակուղի մտնեն, եւ անհրաժեշտ լինի ամեն ինչ նորից սկսել, միեւնույն է, մենք պետք է ներկայանանք հարցի կարգավորման ամբողջական փաթեթով, որովհետեւ մենք այսօր կորցնելու բան չունենք: Ադրբեջանցինե՛րը թող մտածեն, իրե՛նք պետք է շահագրգիռ լինեն, որ հակամարտությունը օր առաջ լուծվի: Ես, իհարկե, հասկանում եմ ձեր մտահոգությունը, ես էլ իմ հերթին մտահոգություններ ունեմ, բայց «գերմտահոգության» պատճառ չեմ տեսնում: Վերջին հաշվով` վերջին խոսքը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը պետք է հաստատի կամ մերժի որեւէ համաձայնություն, որի շուրջ բանակցող կողմերը ընդհանուր հայտարարի կգան: Նաեւ իշխանությունները սա գիտակցում են` լավ գիտեն, որ չեն կարող ժողովրդի անունից այնպիսի զիջումների գնալ, որոնց հետագայում ի վիճակի չեն լինելու տեր կանգնել:
Լ.ՊՈՂՈՍՅԱՆ