Վաղվա օրը` արդարությանն ու ազատութեանն է
Posted on January 22, 2005, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը
Արտասանուած ՀՅ Դաշնակցութեան 114-ամեակի Հանդիսութեան
(22 Յունուար, 2005, Լոս Անճելես, ԱՄՆ)
Հայաստանի Հանրապետության մեծարգո պրն. հյուպատոս,
Սրբազան եւ հոգեւոր հայրեր,
Սիրելի հայրենակիցներ,
ընկերներ,
Թույլ տվեք նախ շնորհավորել Ձեզ անցած Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ, ցանկալ, որ 2005 թվականը լինի երջանկության եւ հաջողությունների տարի:
Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդես գալու նման հարգարժան լսարանի առջեւ, ՀՅ Դաշնակցության օրվա կապակցությամբ: Ավանդույթի համաձայն, տասնամյակներ շարունակ այս հանդեսը վեր է ածվում կատարվածի եւ անելիքների մասին հաշվետվության եւ խորհրդակցության առիթի: Այն հնարավորություն է տալիս զգալու մեր կուսակցության 114-ամյա շունչն ու չափելու այսօրվա հեւքի համապատասխանությունը մեր սկզբունքներին, անցյալին եւ գաղափարախոսությանը:
Այս խորհուրդը առավել կարեւորվում է ներկա ժամանականերում, երբ աշխարհում սրընթաց արագությամբ տեղի են ունենում ռազմավարական հստակեցումներ, արմատական փոփոխություններ են իրականացվում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային:
Անցնող տարին, այդ առումով, իրադարձություններով հարուստ տարի էր: Մենք կարեւոր զարգացումներ արձանագրեցինք քաղաքական եւ ներազգային կյանքի բնագավառներում, Հայաստանի պարագային` երկրի կառավարման, ընկերային, ներքաղաքական, տնտեսական իրավիճակի, արտաքին քաղաքականության ոլորտներում, իսկ ազգային ճակատի վրա` Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Հայ Դատի, համահայկական ինչպես նաեւ համասփյուռքյան, համայնքային նշանակության հիմնախնդիրների առումով:
Տարին նշանավորվեց նաեւ ՀՅԴ-ի հերթական Ընդհանուր Ժողովի գումարմաբ: 30 երկրներում գործող կազմակերպության Ընդհանուր Ժողովը ընթացավ լուրջ ու խորը քննարկումներով եւ պատասխանատվության մթնոլորտում: Հակառակ Ժողովին նախորդած եւ այլեւս սովորական դարձած անհիմն խոսակցությունների ու ապատեղեկատվությանը, Ժողովը ավարտեցինք, ավելի քան երբեւե, միասնականության մթնոլորտում:
Ուրիշները մեզ դժվար թե հասկանան. մեր կազմակերպության յուրաքանչյուր միավոր աշխատում է ինքնուրույն կերպով, սակայն մեզ բոլորիս միացնող, մէկ դարձնող շաղախը` մեր գաղափարախոսությունն ու բարոյական արժէքներն են: Մենք միեւնույն կազմակերպության մեջ ենք համախմբվել, ոչ թե անհատական, հատվածական շահերից դրդված, այլ միեւնույն նպատակի իրականացման պայքարին զինվորագրվելու համար: Մեզ իրար միացնող շաղախը հունցված է դեռ 19-րդ դարի աւարտին սկսված ազգային ազատագրական պայքարի, Սարդարապատի, Լիբանահայության ինքնապաշտպանության, նորօրյա ազատագրական պայքարի` Արցախի ազատագրության կռիվներում ընկած մեր ընկերների արյունով ու քրտինքով: Այդ շաղախը, հավատացեք, ամենազորավորն է, որ մարդկությունը ճանաչել է իր պատմության ամբողջ ընթացքում: Մեր մէկ ու միասնական բնույթը անխախտելի է:
Դաշնակցության Ընդհանուր Ժողովը ավարտեցինք եւ զինված նոր որոշումներով շարունակեցինք մեր գործունէությունը Հայաստանում եւ Արտերկրում:
Հայաստանում շարունակեցինք մաս կազմել քաղաքական կոալիցիային: Բազմիցս ենք հայտարարել եւ կրկին հայտարարում ենք, որ կոալիցիայի կազմում մեր ներկայությունը ինքնանպատակ չէ: Կոալիցիոն կառավարությանը մեր մասնակցությունը, անշուշտ, չի նշանակում, թե ամբողջությամբ գոհ ենք կառավարության գործունեությունից, նրանում մեր ունեցած դերակատարությունից եւ երկրում տիրող իրավիճակից: Իրոք, յաճախ է մեր օրակարգի վրա գալիս կուալիցիայի կազմում մնալ-չմնալու նպատակահարմարության հարցը ու հաճախ ենք այդ գծով մեր որոշումները վերարժեւորում:
Քաղաքական կոալիցիային համաձայնվել ենք մաս կազմել, պարզապես հավատացած լինելով, որ այդպես ավելի երաշխավորված կտեսնենք երկրում ազգային ուղղվածության, գծի շարունակականությունը, ավելի ազդեցիկ կը դառնայ նաեւ կոռուպցիայի, աղքատության դեմ մղած մեր պայքարը եւ աւելի արդյունաւոր կերպով կը կարողանանք հետապնդել քաղաքացիական հասարակության ձեւավորման, ժողովրդավարության ընդլայնման, ազգային համերաշխության ապահովման հարցերը:
Մեր այդ ճիգերում հաջողե՞լ ենք, թե ոչ, դժվար է վերջնական պատասխանել, ավելի ճիշտ` մի շարք հարցերում հաջողել ենք, իսկ որոշներում էլ` ոչ: Անաչառ դատողը միայն կարող է գնահատել, որ կոալիցիային մեր մասնակցության արդյունքից, գեթ մինչեւ այսօր, շահել են եւ երկիրը եւ ժողովուրդը:
Որպեսզի գնահատումը ավելի իրատեսական եւ ճշգրիտ լինի, իբրեւ օրինակ ցանկանում եմ առանձնացնել կարեւոր մեկ հարց` կոռուպցիայի դեմ պայքարի հարցը:
Երկրում առկա կոռուպցիայի դեմ կազմակերպված պայքարը եղել եւ մնում է Դաշնակցության հիմնական առաջադրանքներից եւ աշխատանքի մարզերից մեկը: Ի՞նչ արդյունքի ենք հասել այդ ուղղությամբ. բացառապես Դաշնակցության պահանջով ու ՀՀ նախագահի համաձայնությամբ է որ Հայաստանի Հանրապետությունը մաս կազմեց Եւրոխորհրդի Գրեկո (GRECO) հակակուռոպցիոն պայքարի կառոյցին: Այդպիսով Հայաստանը ինքնակամ ենթակա դարձավ այդ իմաստով Եւրոպական մոնիթորինգին: Հայաստանի Հանրապետությունը պարտաւորություն ստանձնեց կոռուպցիայի դէմ պայքարի առումով երկրում ստեղծել Եւրոպական չափանիշներին համապատասխան վիճակ:
Հոգ չէ, որ Գրեկո կազմակերպությունում ՀՀ-ի պատվիրակությանը մաս չի կազմում Դաշնակցության ներկայացուցիչը. կարեւոր է սակայն, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ անդամակցում է այդ կազմակերպությանը:
Դարձյալ մեր պահանջով ու պնդումով, կուռուպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ Նախագահի խորհրդական նշանակվեց մեր ընկերը, որ արդէն կուռուպցիայի կանխարգելման գծով մի շարք ուսումնասիրված առաջարկություններ է ներկայացրել նախագահին: Այստեղ եւս չենք կարեւորում այն փաստը, որ մի շարք հիմնական առաջարկությունների իրականացման համար մեր ընկերոջը հաւելյալ իրավասություններ տալու մեր առաջարկը մերժվեց: Փոխարենը սակայն, ՀՀ նախագահին կից ձեւավորված վերահսկողական Ծառայությունը, այսօր, վերծվել է պետական համակարգում կուռոպցիայի դեմ պայքարի ամենարդյունավետ գործունեություն ծավալած օղակի:
Մենք պահանջում էինք ձեւավորել, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Եւ ձեւավորվեց կոռուպցտայի դեմ պայքարի խորհուրդ, բայց ավաղ այն անկախ չէ եւ ղեկավարվում է կառավարության կողմից: Խորհրդին անդամակցում են գլխավորաբար պետական պաշտոնատար անձիք: Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը սահմանափակվում է Խորհրդի մոնիթորինգի խմբում, այն էլ` յատուկ կարգով:
Հակակոռուպցիոն պայքարի ուղղությամբ մեզ հաջողվել է այսքանը: Դա բավարա՞ր է արդյոք. անշուշտ` ոչ. սակայն ձեռք բերվածը եւս հնարավոր չէ անտեսել: Ինչպես տեսնում եք, իբրեւ օրինակ նշված աշխատանքի այս բնագավառում թեեւ չհզորացան Դաշնակցության լծակները, սակայն իրականացաւ կարեւոր առաջընթաց, որից, անշուշտ, համեմատական առումով շահեցին երկիրն ու պետական համակարգը:
Այսքանով կարելի՞ է արդարացված տեսնել կոալիցիային մեր մասնակցության հարցը, երբ, այլապես, մաս կազմելով նրան, ակամայ մեր վրա ենք ընդունում տեղին կամ անտեղի շատ քննադատություններ` երեւույթների եւ հարցերի համար, որոնց ոչ մոտիկից եւ ոչ էլ հեռվից առնչակից չենք: Ելնելով զուտ կուսակցական նկատառումներից, հավանաբար, պետք էր այլ կերպ վարվեինք. սակայն Դաշնակցությունը ինքնանպատակ կազմակերպություն չէ, նրա համար առաջնահերթ խնդիրներ են ազգային անվտանգության հարցերը: Դաշնակցությունը չի կարող շահող լինել, երբ վնասվում է Ժողովուրդն ու Հայրենիքը: Նա չի կարող, ինչ-ինչ հաշիվներից մեկնելով, մնալ դիտողի դերում, վտանգելով Երկրի ու ժողովրդի վաղվա օրը:
Քանի դեռ ունենք հնարավորություն, իշխանության կազմում պայքարելու ենք ժողովրդավարության հաստատման համար, պայքարելու ենք աղքատության ու կուռուպցիայի դեմ, շարունակելու ենք մեր ընթացքը. իսկ երբ բացառվի իշխանության մեջ մեր դերակատարությունը` վստահ եղեք, որ պայքարը շարունակելու ենք կոալիցիայից դուրս` անկաշկանդ պայմաններում:
2004 թվականը հատկապես լուրջ փոփոխությունների սկիզբ դարձավ Կովկասյան տարածաշրջանում, ուր տարբեր մակարդակների շահերի խաչաձեւումը ստեղծեց պայթունավտանգ իրավիճակ, երբ արտաքին քաղաքական ազդեցությունները սկսեցին վճռականորեն ազդել Կովկասյան երկրների ներքաղաքական զարգացումների վրա:
Գերտերությունների մրցակցությունը, հակամարտությունների գոտիներին մոտ գտնվելու հանգամանքը, Հայաստանի Հանրապետության համար եւս ստեղծեցին արտաքին քաղաքական բարդ իրավիճակ, երբ երկրի իշխանությունները ստիպված էին պետական կառավարման նավը վարել անընդհատ մեծացող ներքին լարվածության, ընդդիմության կտրուկ աշխուժացման պայմաններում:
Վստահ հիշում եք 2004 թվականի ձմեռվայ եւ գարնան լարված քաղաքական մթնոլորտը, երբ Հայաստանում ընդդիմությունը որդեգրելով կոշտ եւ առճակատման տանող մարտավարություն, բոյկոտեց Ազգային Ժողովի աշխատանքները եւ փորձեց անընդհատ միտինգների ու ժողովրդային հավաքների միջոցով հասնել իշխանափոխության:
Անշո՛ւշտ կարելի է ձգտել իշխանափոխության: Սակայն, երբ իշխանափոխության են գնում առճակատումի եւ հեղափոխության ճանապարհով, դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթահող եւ առարկայական պայմաններ: Խոստովանենք, այդպիսի պայմաններ եւ ենթահող չկար եւ այսօր էլ չկա Հայաստանում: 2004 թվականին Հայաստանը շատ ավելի բարվոք վիճակում էր գտնվում, քան դրանից մի քանի տարի առաջ: Հարցը այն էր, սակայն, որ մեր ընդդիմությունը իր հույսը չեր դրել սեփական ուժերի եւ ժողովրդի վրա, այլ ոգեվորված էր Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Ընդիմությունը փորձում էր իրականացնել քայլեր, որոնք կարող էին միայն Հայաստանում առաջացնել քաոսային իրավիճակ, դուռ բացել արտաքին միջամտությունների համար, լուրջ հարված հասցնել Արցախի հարցին եւ հարցականի տակ դնել երկրի անկախ ու ազգային հենքով զարգացման հեռանկարը:
ՀՅ Դաշնակցությունը լինելով Հայաստանի անկախ արեւելումի, ազգային պետականության զարգացման, ներքաղաքական կայունության եւ հասարակական համերաշխության հետամուտ կազմակերպված գաղափարական ուժ, ստիպված էր գործելու առավել դժվար եւ աննպաստ պայմաններում: Իբրեւ համահայկական ներուժին հավատացող եւ այդ ներուժը իր մեջ ամփոփող քաղաքական ուժ, ստիպված էր կշռադատված քայլերով հավասարակշռել իրավիճակը:
Հայաստանի ամիսներ շարունակ բեւեռացող քաղաքական դաշտը, անխուսափելի էր դարձնում առճակատումը, որից անկասկած պարտված էին դուրս գալու բոլոր կողմերը անխտիր, բայց հատկապես երկիրն ու ժողովուրդը: Վստահ կհիշեք առճակատման այդ մթնոլորտում ՀՅ Դաշնակցությունը հանդես եկավ երկխոսության կոչով: Երկխոսության մեր առաջարկությունը ձեւական չէր. մեր առաջարկությամբ ապահովում էինք նաեւ ընդդիմության մասնակցությունը մի շարք կարեւոր հարցերի վճռորոշման գործընթացներին` վետոյի իրավունքով: Երկխոսության մեր առաջարկը որդեգրեց կուալիցիոն կառավարությունը, սակայն ցավոք այն մերժվեց ընդիմության կողմից: Կասկած չունեմ, այսօր ընդդիմադիր շատ ու շատ դերակատար ուժեր ափսոսանք են ապրում կորցրած առիթի համար:
Առճակատումը բացառելու համար Դաշնակցությունը մեծ ճիգ ի գործ դրեց, թե՛ իշխանության մակարդկում եւ թե ընդիմության մոտ, ցավոք ակնկալված արդյունքին չհասանք: Տեղի ունեցան Ապրիլի հայտնի իրադարձությունները, որոնք բարեբախտաբար չհանգեցրին արյունահեղության, սակայն հարված հասցրեցին երկրի հեղինակությանը եւ վարկին, ընդիմությունը փորձեց հարցը փոխադրել Եւրոպական կառույցներ: Դաշնակցությունը հնարավորը իրականացրեց ճգնաժամը հաղթահարելու համար, դիմություն-ընդդիմություն բնականոն հարաբերությունների հասնելու առումով:
Դաշնակցությունը իր վարած հետեւողական եւ սկզբունքային քաղաքականության շնորհիվ, այսօր, ունի որոշակի քաղաքական դրամագլուխ եւ հարգանք` թէ՛ դիմադիր եւ թէ ընդդիմադիր դաշտը ներկայացնող կազմակերպությունների ու քաղաքական ուժերի, ինչպէս նաեւ` Հայաստանում գործող միջազգային կառույցների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:
Մենք շարունակում ենք հանդես գալ ոչ միայն իբրեւ ազգային գաղափարախոսության դավանող կազմակերպություն, այլ նաեւ ժողովրդավարությանը հավատարիմ, մեր Հայրենիքն իբրեւ իրական ժողովրդավար երկիր տեսնելուն հետամուտ եւ նախանձախնդիր քաղաքական ուժ: Սրանով է բացատրվում նաեւ ներհասարակական կյանքի մյուս բնագաւառներում` ընտրական օրենսգրքի նոր նախագծի մշակման, սահմանադրական փոփոխությունների, սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ մեր գործունեությունն ու ծրագրերի իրականացման միտված աշխատանքները:
Խոսքս կարող է շատ երկարել, եթե շարունակեմ կենտրոնանալ Հայաստանի Հանրապետությունում գործունեության տարբեր ոլորտներում մեր ունեցած դերակատարության վրայ, սակայն անհրաժեշտ է անդրադառնալ մոտ ապագային` այսօրվա իրողություններից մեկնած:
Հայաստանի քաղաքական կյանքը, այսօր, ձեւավորվում է 2007 եւ 2008 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հեռանակարով: Ձեւավորվում են նոր դաշինքներ` քանդվում են հները, որոշները հուսահատ` ներքին ժողովրդական հենարանից, փնտրում են արտաքին զորակցություններ ու այդ նպատակով իբրեւ թե քաղաքական նոր արեւելում են որդեգրում: Իսկ այլոք նյութական նորանոր միջոցներ են փնտրում ընտրակաշառքի համար:
Դաշնակցությունը բավականին կայուն ուժ է` ներքին հենարանի ապահովման փոխարեն արտաքին ուժերին չտրվելու համար: Մեր ուղին մէկն է` հենվել սեփական ուժի եւ ժողովրդի վրայ: Դաշնակցության ուժը իր կազմակերպվածության, իր ինքնուրույնության, իր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրվելու պատրաստակամության մեջ է: Վստահ եղեք, մենք շարունակելու ենք մեր ճամբան, մեր հույսը միայն ու միայն մեր ժողովրդի, մեր կազմակերպական կուռ կառոյցի վրա դնելով, մենք ինքնավստահ ենք` աշխատանքի կամքով տոգորված եւ վճռական. վաղվա օրը մերն է: Վաղվա օրը` արդարությանն ու ազատութեանն է:
Այսօր թեպետ Հայաստանի քաղաքական կյանքը կայուն է ու ներքին անհանգստություններ չկան, սակայն տարածաշրջանի քաղաքական իրադարձությունները, արտաքին ազդակների հավանական աշխուժացումը հիմք են տալիս մտահոգվելու մեր ապագայի եւ երկրի անվտանգության նկատմամբ:
Պետք է նշել, որ ՀՅ Դաշնակցության համար, համաշխարհային մակարդակով, սկսվում է նոր որակի մարտահրավերների ժամանակաշրջան, երբ ցանկացած ոչ-ճիշտ քայլ, շտապողականություն թե հապաղում, կարող է ճակատագրական լինել կազմակերպության եւ ինչու չէ նաեւ ազգի ու Հայրենիքի համար:
Բոլորիս ծանոթ են Վրաստանի եւ Ուկրաինայի մեջ տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, թեպետ ոչ մէկ նմանություն չկա այդ երկրների եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների միջեւ: Մեր Հայրենիքում առկա է շատ ավելի ինքնավստահ, կայուն պետական համակարգ. մեր երկրում կա զարգացման, ժողովրդավարության գործընթաց, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, սակայն մտահոգությունը շարունակում է մնալ: Մտահոգություն, որ բխում է «Անիի բանալիները թշնամուն հանձնող» ուժերի հավանական դերակատարությունից: Այլապես, եթե խոսքը վերաբերեր շրջանում քաղաքական ազդեցությունների նոր քարտեզի ձեւավորման հավանականությանը, խոստովանենք` այստեղ մեր ցանկությունը վճռական դերակատարություն չէր ունենա, որովհետեւ նախ պետք է լինեն այդ ուժերը, որոնցից կարելի է ընտրություն կատարել: Ապա` հարցը մեզ համար ազգային անվտանգության հարց է, չլիներ Թուրքիան այս ճակատում, հավանաբար չէինք լինի այլ քաղաքական ճամբարում:
Արդարեւ, հարցը ազգային անվտանգության կտրվածքով պետք է խնդրո առարկա լինի բոլորի համար: Մեր ազգային միասնական, պատասխանատու կեցվածքը անհրաժեշտ է` հավանական քաղաքական փոփոխություններից անցնցում, ազգային վճռորոշ հարցերում անկորուստ դուրս գալու համար: Պահի ազդեցությամբ, անպատասխանատու պահվածքները կարող են որեւե ուժի, «բանալիները հանձնողի վիճակում» դնել:
2004 թվականը մեզ համար նշանավորվեց նաեւ Հայ Դատի հետապնդման եւ Հայաստանի ու Արցախի արտաքին քաղաքական ոլորտներում արձանագրված տեղաշարժերի առումներով: Արցախի հարցում, Ձեր եւ բոլորիս զգոն ներկայությունը ամենամեծ երաշխիքն է` ձեռք բերված հաղթանակը մինչեւ վերջ պաշտպանելու եւ ամրագրելու համար: Արցախի հարցով ընթացող բանակցությունների շուրջ թեպետ դեռ վաղ է որեւէ դատողություն անել, սակայն, որոշ շրջանակներ շտապում են բանակցությունների այս հանգրվանի խորհրդապահական բնույթը օգտագործել, քաղաքական շահարկումների նյութ դարձնելով այն: Հստակ է` նրանց մեկնակետը չունի ոչ մի առնչություն Արցախի հարցում անզիջող կեցվածք որդեգրելու հետ: Նրանք փորձում են հավատացնել, որ այսօրվա իշխանությունները եւս, ինչպես իրենք օրին, զիջելու տրամադրություն են ցույց տալիս: Շտապենք հայտնել, որ ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել Արցախի հարցով հայտարարված նպատակներից, մեզ նման բան հայտնի չէ: Իսկ Դաշնակցութիւնը շարունակում է կառչած մնալ Արցախի հարցի լուծման սկզբունքային իր պատկերացումին, համաձայն որի իրաւական առումով եւս Արցախը պէտք է մաս կազմի Հայաստանի Հանրապետության:
Ադրբեջանն ինքը վաղուց է համոզվել, որ Արցախը մաս է կազմում Հայաստանի Հանրապետությանը, իսկ եթե կան խնդիրներ ապա դրանք վերաբերվում են մնացյալ հարցերին եւ ոչ թէ նրա պատկանելիությանը: Միայն քաղաքական շահարկումների մեր սիրահարներն են, որ տակավին չեն համոզվել, թէ այլեւս Արցախը անվերադարձ մերն է:
Այսօր այլեւս կարող ենք արձանագրել, որ Ջավախքը իր զանազան խնդիրներով ու հոգսերով մաս է կազմում համավրացական հարցերին: Ջավախքը այլեւս անտեսված ու անճանաչ շրջան չէ. ո՛վ հետաքրքրված է Վրաստանով, նրա համար օրակարգի նյութ է նաեւ Ջավախքը:
Նոր Վրաստանը պարտավոր է ապացուցել, թե հավատարիմ է իր հայտարարած սկզբունքներին, համաձայն որոնց պետք է վերջ տրվի Ջավախքի անտեսման, խտրական քաղաքականությանը: Ջավախքցին իր պայքարը նորովի է հունավորել` «Ինտեգրում, բայց ոչ ձուլում» նշանաբանով: Վրաստանը պետք է ընդառաջ գնա այդ շարժումին: Ուժեղ, զարգացած Ջավախքը, առաջին հերթին անհրաժեշտ է հենց Վրաստանին, այլապես ոչ ոք չի համակերպվելու ազգային խտրականության ու զրկանքների քաղաքականության:
Հայ ժողովրդի պահանջատիրական հետեւողական եւ համառ պայքարը թեւակոխել է նոր հանգրվան, ներառվելով միջազգային ընդհանուր զարգացումների շրջանակ: Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցը 2004-ին եւ վստահաբար նաեւ առաջիկա տարիներին, դուրս է գալու հայ-թրքական հարաբերությունների շրջագծից, վերածվելով աշխարհաքաղաքական գործոնի: Այս հաստատման վստահությամբ էր, որ ՀՅ Դաշնակցությունը իր բոլոր կառույցներով, ՀՀ-ի իշխանությունների վրա ունեցած ողջ ազդեցությամբ, փորձեց ձեւակերպել հայության նոր ռազմավարության ու մարտավարության ներկապնակը: Առավելագույն ակտիվ աշխատանք միջազգային կազմակերպություններում, քարոզչական նորագույն մեխանիզմներ, Հայ Դատի գրասենյակների ցանցի ստեղծում եւ համահայկական համադրված ջանքեր, Սփյուռքի եւ Հայաստանի պետական կառույցների միջեւ աշխատանքի ճիշտ բաժանում եւ դերաբաշխում, հայ համայնքներում ժողովրդային աջակցության ալիքի ծավալում եւ հայկական ուժի ցուցադրում` ահա մեր առջեւ դրված խնդիրները:
Արդյունքում, Հայկական Ցեղասպանության հարցը երբեւե այսքան արծարծված չի եղել, երբեւե Թուրքիայի նկատմամբ այսչափ ճնշման գործոն չի հանդիսացել, երբեւե միջպետական հարաբերություններում, այս կարեւորությամբ ու հրատապությամբ օրակարգի նյութ չի եղել: Այսօր մենք կարող ենք որոշակի գոհունակությամբ արձանագրել մեր առաջին լուրջ հաջողություններն այս ճակատում: Խոսքը վերաբերում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, մասնավորաբար Եւրոպայում ծավալված հաջողություններին եւ ստեղծված գործուն մեխանիզմներին` Վաշինգտոնի եւ Բրուքսելի գրասենյակների աշխատանքներին: Գործուն մեխանիզմներ որոնք, միաժամանակ, իրենց կարեւոր նպաստն են բերում Հայաստանի արտաքին քաղաքականության, վարկի ապահովման ու տնտեսական զարգացման գործընթացին:
Սփյուռքն իր ներուժը գնահատելու, ինքնակազմակերպման եւ ուժի կուտակման հարց ունի: Հետեւաբար, այս առումով խիստ արդյունավետ էր վերջերս Բեյրութում մեր հրավերով կայացած Դաշնակցության եւ ուղեկից կազմակերպությունների խորհրդաժողովը: Ինքնավստահ Սփյուռքն ինքն իր մեջ եւ մասնավորաբար Հայրենիքի հետ համարկումի պահանջ ունի:
Այսօր Սփյուռքը նոր իրողութեամբ է ներկայանում. մենք մինչ այս նոր իրողութեան ձեւաւորումը ձեւաւորուած կազմակերպուած ուժ էինք Սփիւռքում եւ բնականաբար առաջին հերթին հենց մենք պէտք է ծրագրուած եւ յստակ քայլերով սկսենք ներքին համարկումի գործընթացը: Դէպի ժողովուրդ, դէպի Սփիւռքեան նոր հատուածներին բացուելու, բոլոր ուժերին ասպարէզ ու դերակատարութիւն տալու, առանձին շերտերին ու շրջանակներին ինքնակազմակերպման եւ ինքնաղեկավարման մղելու:
Որպեսզի կարողանանք օգտագործել մեր ժողովրդի ամբողջական ներուժը, պետք է կարողանանք արդիականացնել, ընդգրկուն դարձնել նաեւ մեր կազմակերպվածության բնոյթն ու ձեւը: Պետք է խուսափել կղզիացած վիճակի մեջ հայտնվելուց« գաղութի մեջ` մեր փոքր գաղութը ստեղծելու եւ նրանով ապրելու վտանգավոր կացությունից: Մեզ անհրաժեշտ է ամենօրյա մրցակցության պայմաններում նվաճել ղեկավարելու մեր իրավունքը:
Սփյուռքի էության ու առաքելության վերաբերյալ մեր նախկինի պատկերացումները եւ մոտեցումները, ընդունենք, լրջօրեն վերանայման կարիքը ունեն: Հայաստանի անկախացումից առաջ գոյություն ունեցող Սփյուռքը« յետևանկախության ժամանակաշրջանի Սփյուռքից տարբերվում է իր իսկ առաքելությամբ: Տեղական պետականևքաղաքական իրողություններին համարկված, կազմակերպ Սփյուռքն է միայն ի վիճակի իր քաղաքական եւ բազմատեսակ այլ կարելիությունները համահայկական նատակներին ծառայեցնելու, նպաստելու Հայաստանի Հանրապետության հզորացման, տարածաշրջանում ազդեցիկ քաղաքական ուժ դառնալու գործին:
Ասել ենք եւ դարձեալ ենք կրկնում. Սփյուռքը, իր կառույցներով իրեն պատասխանատու պետք է զգա եւ մասնակցություն ունենա արդար եւ հզոր հայրենիքի ձեւավորման, իսկ հայրենիքը, իր պետականությամբ ու կառույցներով պատասխանատու ու մասնակից` Սփյուռքի առավել կազմակերպման ու հզորացման համար:
Առջեւում Հայոց Ցեղասպանության 90-ամյակն է: Հայ ժողովուրդը մեկ անգամ եւս պետք է շեշտի այդ մեծ ողբերգության դատապարտման համամարդկային նշանակությունը, հիշեցնելով աշխարհին, որ չկա ներում առանց ապաշխարանքի եւ իրավունքների հատուցման:
Հայկական Ցեղասպանության Ճանաչում եւ իրավունքների վերականգնում, միայն այս ճանապարհով կարելի է հասնել հայ-թրքական հարաբերությունների բնականոնացման եւ արձանագրել դրակա տեղաշարժեր: Ցեղասպանության իրողության ժխտումը թուրքական իշխանությունների կողմից, Հայաստանի փաստացի շրջափակումը, Արցախյան հարցում կողմնակալ եւ անարդարացի դիրքորոշումը մեկ անգամ եւս հիշեցնում են մեզ, որ հայրենի պետությունը ունի անվտանգության երաշխիքների հարց, Հայկական Ցեղասպանության ճանաչման եւ մեր իրավունքների վերականգման պայքարը այժմեական պայքար է:
Հայաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքը մենք ենք, մեր պայքարն է` Հայրենիքի եւ Սփյուքի ժողովրդային ներուժն ու համահայկական խնդիրներին սատար կանգնելու մեր կամքը:
Առջեւում Մեծ Եղեռնի 90-ամյակն է, հայ ժողովուրդը իրեն եւ աշխարհին պետք է կարողանա ապացուցել, որ մեկ նպատակի եւ թիրախի հարվածող հավաքական ուժ է: