RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հայոց ուժն այսօր հայոց պետականութիւնն է:

Posted on May 30, 2004, by , under Ելույթներ.

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը

Հայաստանի անկախութեան տարեդարձին առիթով, արտասանուած Մայիս 30-ին Մոնթրէալի մէջ

«Այսօր մենք ունենք մէկ գերխնդիր. Դա հայոց պետականութեան, Արցախով վերամիաւորուած հայոց պետականութեան ամրապնդումն է»

Ամէն անգամ ոը մենք Մայիս 28-ի անկախութեան մասին ենք խօսում, ես ակամայ յիշում եմ մեր ազատագրական պայքարի ամենապայծառ դէմքերից մէկին` Գէորգ Չաւուշի մէկ արտայայտութիւնը, որ ասում էր. «թող մարեն աչերս, միայն թէ ծագէր Հայաստանի անկախութեան արեւը»: Այս արտայայտութիւնը Գէորգ Չաւուշինն է, որ իր կեանքն է տուել այդ ճանապարհին: Գէորգ Չաւուշը այս պարզ, անպաճոյճ խօսքերով արտայայտում էր մի ամբողջ սերնդի, սերունդների վճռականութիւնը անկախութիւն ձեռք բերելու հարցում:

Հայկական պետականութեան անկումից յետոյ, մենք ազգովին գտնւում էինք ոչնչացման եզրին: Այդ ընթացքը շարունակուեց եւ գալիս էր իր աւարտին հասնելու Հայկական Ցեղասպանութեամբ: Մենք գուցէ այդ պահին զգացինք վտանգը եւ աւերակների ու դիակների միջից ծնունդ տուեցինք Հայաստանի անկախութեան, որովհետեւ հաւանաբար, ազգովին գիտակցեցինք, որ չկայ այլ ելք ազգովին յարատեւելու` քան ազգովին ծառանալ եւ պայքարել թշնամու դէմ:

Այն ինչ որ կատարուեց 1918 թուականին, իսկապէս հրաշքի էր նմանում: 1918-ի անկախութիւնըերկու տարուայ կեանք ունեցաւ: Գուցէ որոշները լսեն եւ մտածեն, այդ երկու տարուայ անկախութիւնը այդքա՞ն կարժէր, որ մենք 80 տարի եւ աւելի է փորձում ենք նշել եւ անկախութիւն ունենալուց յետոյ էլ դարձեալ շարունակում ենք նշել: Այո, մենք մեր ազգի ոչնչացումը կասեցրել ենք Սարդարապատում: Մենք մեր ազգի ոչնչացումը կասեցրել են անկախութեան հռչակումով, եւ եթէ այսօր Հայաստան կայ, եթէ երէկ ունէինք Սովետական Հայաստան եւ այսօր ունենք անկախ Հայաստան, դա առաջին անկախութեան հետեւանքն է: Եթէ չունենայինք առաջին Հանրապետութիւնը, մենք Հայաստան չէինք ունենար: Կունենայինք նահանգ, կամ Վրաստանի կազմի մէջ, կամ Ատրպէյճանի, դա էլ` լաւագոյն պարագայում:

Բայց ես այսօր, այդ օրուայ մասին որոշել եմ չխօսել: Գուցէ Մայիս 28-ի կարեւորութիւնն ու արժէքն էլ այլեւս նոյնը չէ, ինչ որ նախապէս էր: Նախապէս, մենք Մայիս 28-ը տօնում էինք անկախութեան գաղափարը վառ պահելու համար: Մայիս 28-ի տօնակատարութիւնը ժամանակին ինչ որ այդ իմաստով պահանջատիրական ակտ էր: Այսօր այդպէս չէ: Այսօր, մենք ունենք անկախութիւն: Այսօր, մենք ունենք պետութիւն: Եւ գուցէ մտածենք, որ ունենք նաեւ այն շռայլութիւնը, որ տօնական խօսքեր ասենք, լաւ խօսքեր ասենք, իրար ոգեւորենք եւ սրահից դուրս գնանք տօնական տրամադրութիւններով:

Ես այսօր պէտք է խօսեմ մեր հոգսերի մասին, մեր ցաւերի մասին, որովհետեւ արհեստական կը լինի եթէ ես փորձեմ դրանից այսօր ձերբազատուել:
Այսօր, ունենք անկախութիւն, սակայն շատ կարեւոր է, որ մենք յստակացնենք, որ մենք մեր անկախ պետականութիւնը ինչպիսին ենք պատկերացնում: Ես ուզում եմ մատնանշել երեք յատկանիշ, որոնց մասին ուզում եմ խօսել:

Առաջին` մեր պետականութիւնը պէտք է լինի ազգային պետականութիւն:
Երկրորդ` մեր պետականութիւնը պէտք է լինի արդար պետականութիւն:
Երրորդ` մեր պետականութիւնը պէտք է լինի զարգացող պետականութիւն:

Փորձենք բնորոշել, թէ ազգային պետականութեան ասելով ի՞նչ ենք հասկանում: Հայաստանի պետութիւնը, անկախ պետականութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը միայն Հայաստանի Հանրապետութեան մէջ ապրող ժողովրդի պետութիւնը չէ: Հայաստանի անկախ հանրապետութիւնը համայն հայ ժողովրդի պետականութիւնն է: Դա հայոց պետականութիւնն է: Անկախ նրանից, որ Հայրենիքի ո՞ր մասում այդ պետականութիւնը կառուցուել է, անկախ այն բանից, որ մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ո՞ւր է յայտնուել: Մի խօսքով` մեր պետութիւնը պէտք է լինի բովանդակ ժողովրդի, բովանդակ ազգի պետութիւն: Դա նշանակում է, որ նա տէրը պէտք է լինի հայ ժողովրդին եւ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանը պէտք է լինի: Հայ ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը պէտք է լինի: Այդ պետականութիւնը պէտք է մասնատուած մեր Հայրենիքի վերամիաւորման առաջնորդը լինի: Մենք ա՛յդ պետականութիւնն ենք ստեղծել:

Մենք ազգային պետականութիւն ենք ստեղծել: Եւ այդ ազգային պետականութեան է որ նուիրուել ենք: Հայոց ո՛ւժը այսօր` հայոց պետականութիւնն է:
Մենք պէտք է կարողանանք այս հարցը պատկերացնել իբրեւ ժողովուրդ, որպէսզի կարենանք ճշդել նաեւ մեր վերաբերումը հայրենիքի եւ Հայաստանի անկախ հանրապետութեան նկատմամբ:

Հայաստանի մէջ երբ ասում ենք պետականութիւն, ես հասկանում եմ իշխանութիւնը, պետական համակարգը, քաղաքական վերնախաւը, քաղաքական կուսակցութիւնները, քաղաքական դէմքերն ու անձնաւորութիւնները իշխանութեան դիրքերի մէջ, թէ` ընդդիմութեան: Ես պետականութիւն ասելով այդ բոլորն եմ հասկանում:

Ուրիշ պետութիւն մեր խնդիրները չունի, մենք ունենք Ղարաբաղ, Ջաւախք, մենք ունենք վիրաւոր մէկ յիշողութիւն, վտանգուած մէկ յիշողութիւն, Ցեղասպանութեան ենթարկուած մէկ ժողովրդի ապրող յիշողութիւն: Մենք ունենք Սփիւռք, մեր Սփիւռքը միւս պետութիւնների սփիւռքների նման չի, մեր Սփիւռքը քաղաքական երեւոյթ է, մեր Սփիւռքը հայրենիքի շարունակականութիւնն է: Մեր Սփիւռքը հայրենիքի հզօրութիւնն է: Մեր պետականութիւնը պէտք է հաշուի նստի այս իրականութեան հետ: Անշուշտ կարող են լինել մարդիկ, որ միանգամից պատասխանեն, որ նորից Դաշնակցութիւնը ծայրայեղական դիրքորոշումներով է առաջնորդւում: Բայց« մենք չենք ասում, որ այսօր Հայաստանի պետականութիւնը պէտք է միաժամանակ հետապնդի այս բոլոր հարցերը: Ո՛չ եւ հազար անգամ ոչ: Այսօր մենք ունենք մէկ գերխնդիր: Դա հայոց պետականութեան, Արցախով վերամիաւորուած հայոց պետականութեան ամրապնդումն է: Սակայն պետութիւնը այդ բոլոր հարցերի հաշուարկումներով պէտք է իր այսօրուայ անելիքները հիմնաւորի եւ ճշդի, որպէսզի չանի այնպիսի բան, որ մեր ազգային հեռանկարը վտանգուի վաղը: Մենք խօսում ենք ծրագրուած ապագայի նկատմամբ կազմակերպուած ազգային հեռանկար ունեցող պետութեան մասին:

1998 թուականին տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, մի քանի կարեւոր հաստատում կարող ենք անել: Մենք ունենք մի պետականութիւն, որ տէրն է Ղարաբաղի հարցի, այլեւս չի առաջնորդւում այն նշանախօսքով, որ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարց է: Մենք ունենք մի պետականութիւն, որ ջատագովն է Սփիւռքի հետ կապերի խորացման, մտերմացման: Անցեալի նման սփիւռքահայերին չի տեսնում իբր «նարինջ ուտողներ»: Ծրագրում է կազմակերպուած աշխատանքներ, դա լինի Սփիւռք-Հայրենիք խորհրդաժողով, համահայկական խաղեր, տարբեր խորհրդաժողովներ, որոնք բոլորը նպատակ ունեն Սփիւռք-Հայրենիք միասնականութիւնը, փոխադարձ ճանաչողութիւնը մեծացնելու եւ մեր ժողովուրդը մէկ ազգ դարձնելու:

Մենք ունենք մի պետականութիւն, որ առաջին անգամ լինելով իր արտաքին քաղաքականութեան օրակարգի վրայ է առել Հայկական Ցեղասպանութեան հարցը, եւ հետամուտ է Հայկական Ցեղասպանութեան միջազգային ճանաչման: Մենք ունենք մի պետականութիւն, որ Թուրքիոյ հետ յարաբերութիւններում խուսափում է այն բոլոր վտանգաւոր քայլերից, որ կարող է վաղուայ մեր օրը, մեր ազգային հեռանկարը վտանգի: Գիտէք որ Թուրքիան պայմանաւորել է իր յարաբերութիւնները Հայաստանի հետ, մի շարք նախապայմաններով:

Վերջապէս, մեր պետականութիւնը այսքանով ազգային է, այսքանով տարբեր է նախորդից, այսքանով յառաջընթաց կայ: Սակայն մեր երկրում դեռ պակսում են արտաքին քաղաքականութեան, ազգային անվտանգութեան, պետական ծրագրաւորման ընդհանրապէս ծրագիր եւ հայեցակարգ, եւ այդ առումով մենք ունենք լուրջ մտահոգութիւններ եւ յաճախ ներկայանում ենք պահանջներով, որ այս մտահոգութիւններից է բխում: Երբ մենք դնում ենք պահանջ ազգային անվտանգութեան խորհրդի ստեղծման, որ պէտք է ունենայ համապատասխան ինստիտուտներ, համակարգ, դա յստակ նպատակ է հետապնդում, որ մենք կարողանանք մեր երկրի համար հեռահար ծրագիր մշակել, անվտանգութեան ծրագիր մշակել, եւ արտաքին քաղաքականութեան համար ուղի ճշդել:

Երկրորդ մեր պահանջը արդարութիւնն է: Մեր ժողովուրդը 6 դար ապրել է ստրկութեամբ, 6 դար ապրել է օտարի լուծը: Օտարի իշխանութիւն է եղել մեր երկրում: Եւ դարերով մեր ժողովուրդը կրել է անարդարութիւններ, որոնք հետեւանք են եղել օտարի իշխանութեան կիրառած քաղաքականութեան եւ կեցուածքներին: Մեր ժողովուրդը անկախութեան գաղափարին հետ նոյնացրել է նաեւ արդարութեան գաղափարը:

Մեր ժողովուրդը հասկանում է, ընկալում է, երբ օտարն է անարդար, երբ օտարն է իր իրաւունքը խլում, բայց չի կարողանում ընդունել, երբ սեփական իշխանութիւնը, անկախ պետականութիւնը կարող է իր ժողովրդի նկատմամբ այդպիսի քայլի դիմել: Այո, մենք պետականութիւն ենք ուզում, որ իր ժողովրդի նկատմամբ լինի հոգատար, ժողովրդի մէջ ստեղծի, հաստատի արդարութիւն: Որովհետեւ մենք դեռ ազգային հեռանկարներ ունենք, ծրագիր ունենք, իտէալ ունենք, այդ իսկ պատճառով, մեր պետականութիւնը պէտք ունի իր ժողովրդի զօրակցութեան, որովհետեւ մենք մեր ազգային նպատակները չենք կարող իրականացնել ժողովրդից անկախ, առանց ժողովրդի:

Չես կարող ժողովրդին առաջնորդել, կռիւ մղել, եթէ այդ ժողովրդի նկատմամբ անարդար ես: Մեր ժողովուրդը շատ հանգիստ կը կրի երկրի առարկայական պայմաններից ստեղծուած դժուարութիւնները. շրջափակումի, պատերազմի, խորհրդային տնտեսական համակարգից դէպի շուկայական համակարգ գնալու այդ փոփոխութեան բերած դժուարութիւնները շատ աւելի ըմբռնումով կը կրի, եթէ դրա հետ խառնուած չլինի անարդարութիւնը: Նա իր աչքերի առջեւ տեսնում է, որ հասարակութեան մէջ տեղի է ունենում ծայրայեղ բեւեռացում եւ այդ ծայրայեղ բեւեռացումը բնականաբար իրեն խանգարում է: Այս առումով ինչպէ՞ս պէտք է գնահատենք Հայաստանը: Հայաստանը այդ առումով վիրաւոր է: Արդարութիւնը այդ առումով վիրաւոր է: Սա մե՛նք ենք ասում ձեզ. մենք` որ կուսակցութիւն ենք ներկայացնում, մենք` որ Հայաստանի մէջ մաս ենք կազմում իշխանութեան: Ասում եմ նաեւ այն յանդգնութեամբ, որ մենք իշխանութեան փորձել ենք մաս կազմել անարդարութեան դէմ պայքարի համար: Մենք իշխանութեան մաս ենք կազմել, որպէսզի կարողանանք պայքարել աղքատութեան դէմ, փտախտի, կոռուպցիայի դէմ, տնտեսական բնագաւառում որդեգրուող որոշ անօրինական մենաշնորհների մոնոփոլների դէմ: Դրա համար հանգիստ կարող եմ ասել, որ արդարութիւնը վիրաւոր է Հայաստանում:

Երրորդ յատկանիշը որ շեշտում էի, դա այն էր, որ Հայաստանը պէտք է լինի զարգացող պետութիւն: Մենք այս ամէն ինչը անում ենք, որ ժողովուրդը ունենայ պայմաններ, հնարաւորութիւններ, զարգանալու, յառաջդիմելու, մարդկութեան հետ քայլ պահելու, իր ազգային ընդունակութիւնները յայտնաբերելու եւ իրականութիւն դարձնելու, զարգացնելու: Այս առումով շատ մտահոգիչ բան չկայ, որովհետեւ մեր ժողովուրդը ընդունակ ժողովուրդ է: Մեր ժողովուրդը արդիականացող ժողովուրդ է: Մենք որպէս ժողովուրդ շատ արագ ենք կարողանում գտնել մարդկութեան զարգացման բազկերակը եւ այդ զարկերակին համապատասխան սկսում ենք տրոփել: Այս առումով մենք չունենք մեծ մտահոգութիւններ, որովհետեւ երկիրը, Հայաստանը որդեգրել է, ընդունել է, նպատակ է դրել, որ պէտք է լրացնի այդ բոլոր պայմանները, որ կարողանայ անդամագրուիլ Եւրոմիութեան: Այս ընթացքը դէպի զարգացում տանող ընթացք է, ժողովրդավարութեան, մարդկային իրւունքների եւ ինքնակառավարման եւ ինքնակազմակերպման հիմնական օրէնքների իմաստով:
Այն ինչ որ մեզ մտահոգում է, այն է, որ մեր երկրում կայ փտախտ, կոռուպցիա կայ աղքատութիւն, կայ անարդարութիւն: Բնականաբար դա նշանակում է, որ բոլորը չունեն նոյնանման պայմաններ, զարգացման համար: Եւ մեր պահանջն այն է, որ մենք մեր ժողովրդի համար պէտք է ստեղծենք համահաւասար կարելիութիւններ, հնարաւորութիւններ, իրաւունքներ զարգացման եւ բարգաւաճման համար: Բայց ըստ ամենայնի, մեր երկիրը զարգացող ու յառաջդիմող երկիր է: Երկիր է կառուցւում, այնտեղ կայ ճիգ, կայ աշխատանք, կայ նուիրում, կայ յոյս, կայ յառաջընթաց, կայ զարգացում, բայց սա չի նշանակում, որ չկան թերութիւններ: Կան թերութիւններ, բազում թերութիւններ եւ այսօր, մեր երկիրը ապրում է որոշ յուզում եւ լարուածութիւն:

Այզօր, Հայաստանում կայ առճակատում: Ընդդիմութեան կամ ընդդիմութեան մի որոշ մասի, եւ իշխանութեան միջեւ: Երեք կողմ գոյութիւն ունի այս առճակատման մէջ: Իշխանութիւն, ընդդիմութիւն, ժողովուրդ: Ես պիտի փորձեմ ներկայացնել որ ամէն մէկը ի՞նչ է ուզում, ինչպէ՞ս է ուզում եւ ինչի՞ համար է ուզում, եւ ի՞նչ է մեր վերաբերումը:

Իշխանութիւնը ուզում է շարունակել մնալ իշխանութիւն: Ցանկանում է կառչել օրէնքի վրայ եւ փորձել չոր օրէնքի գործադրումով առաջ գնալ: Նա անտեսում է երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, անտեսում է փոքր ժողովուրդ լինելու, փոքր ժողովրդի զգայնութիւններն ապրող մեր քաղաքական հասարակութիւնը եւ փոքրամասնութեան անուշադրութեան համար` լուսանցք է մղել. սա իշխանութիւնն է:

Ընդդիմութիւնը անհամբեր է, չի ուզում սպասել յաջորդ ընտրութիւններին: Ուզում է օր առաջ կործանի այս իշխանութիւնը, ինք դառնայ իշխանութիւն: Պատճառաբանում է այսպէս. նախորդ ընտրութիւնները տեղի են ունեցել կեղծիքներով, ուրեմն պէտք է հրաժարական ներկայացնի Ռոպերթ Քոչարեանը, տեղի ունենան նոր ընտրութիւններ:

Երրորդ` ժողովուրդը: Ասացի, թէպէտ մեր երկրում զարգացում կայ, բարելաւում կայ, սակայն մեր երկրում նաեւ կայ աղքատութիւն, նաեւ կայ անգործութիւն, կայ փտախտ,կոռուպցիա, եւ կայ դժգոհ ժողովուրդ, որ շատ բնական է որ լինի: Այդ դժգոհ ժողովուրդը, աւելի մեծ դժգոհութիւն ապրեց, երբ 6 ամիս առաջ, Հայաստանի մէջ կտրուկ բարձրացան ցորենի եւ վառելանիւթի գները, որը պայմանաւորուած էր միջազգային գների բարձրացմամբ: Եւ դա առաւել յուզեց, խռովեց աղքատ ժողովրդի իրավիճակը: Եւ բարձրացաւ մի նոր դժգոհութեան ալիք: Այս վիճակը փորձեց օգտագործել ընդդիմութիւնը, բարձրացաւ այդ ալիքի վրայ, եւ փորձեց ներկայացնել ժողովրդի այդ դժգոհութիւնը իբրեւ պահանջ իշխանափոխութեան եւ իբրեւ զօրակցութիւն իրենց:

Ընդդիմութիւնը նաեւ ոգեւորուած է Վրաստանի դէպքերով, որտեղ Սահակաշւիլին ունենալով Արեւմուտքի ամբողջական զօրակցութիւնն ու թիկունքը, կարողացաւ յեղաշրջում յառաջացնել Վրաստանում: Իրենք այդ վիճակից ոգեւորուած մտածում են, որ եթէ առճակատման մթնոլորտ ստեղծեն, սրեն վիճակը, պիտի կարողանան իրենք եւս ձեռք բերել Արեւմուտքի այն զօրակցութիւնը, որ ունեցան Վրաստանի թաւշեայ յեղափոխութեան պարագլուխները: Եւ ճիշդ այդ պատճառով, արտասահմանեան պետութիւնների, միջազգային կազմակերպութիւնների մօտ փորձում են ներկայացնել մեր երկիրը որպէս մի վայր, որտեղ օրէնքը չի յարգւում, խախտուած օրէնքներով նախագահական ընտրութիւններ են տեղի ունենոում եւ ապօրինի նախագահ է իշխում երկրին: Իրենք իրենց այս մէկ նախաձեռնութեան մէջ ձախողեցին:

Ովքե՞ր են ընդդիմութիւնը: Ի՞նչ է ընդդիմութիւնը:
Ընդդիմութիւնը բաղկացած է 8-15 կուսակցութիւններից, որոնք իրենց էութեամբ, իրենց գաղափարախօսութեամբ, ամբողջութեամբ իրար չեն համապատասխանում, ամբողջութեամբ իրարից զանազանւում են իրենց հետապնդած նպատակներով: Հակոտնեայ կազմակերպութիւններ կան այնտեղ. ընդդիմութիւն կոչուածը մէկ ընդհանրութիւն ունի. մէկ պահանջի շուրջ է միացած` Ռոպերթ Քոչարեանի հրաժարականի պահանջը: Այս ընդդիմութիւնը ներկայացնող բոլոր ուժերը անցած ժամանակաշրջանում եղել են Հայաստանում իշխանութիւն. բոլորն էլ անցել են իշխանութեան դիրքերից: Այսինքն, Հայաստանի մէջ առկայ խնդիրների, հարցերի մէջ, եթէ ոչ կարեւոր չափով, բայց մասնակից են եղել, դերակատար են եղել, այդ քաղաքական ուժերը: Ուրեմն, ժողովուրդը նրանց տեսել է իշխանութեան վրայ: Այս ուժերը նախապէս անց են կացրել ընտրութիւնները Հայաստանում« 95, 96, 98 թուականների ընտրութիւնները եւ ասեմ, այդ ընտրութիւնները ոչ մի ձեւով աւելի լաւ չեն եղել, քան այս վերջին ընտրութիւնները:

Սիրելի, հայրենակիցներ, ես այս կարճ ժամանակահատուածում, փորձեցի ներկայացնել մեր հայրենիքի ներկայ իրավիճակը իրապաշտ գոյներով: Իբր վերջաբան, ուզում եմ շնորհաւորել Գանատայի հայութեան յաղթանակը Գանատայի խորհրդարանում` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով: Շնորհակալութիւն Գանատայի պետութեան, պետութեան կառուցուածքին, որ թոյլ տուեց, որ արդարութիւնը յաղթի այս երկրում: Ես ձեզ ցանկանում եմ նորանոր յաջողութիւններ մեր ընդհանուր ճակատագրի կառուցման գործում: Իմացէք, որ մենք եւ մեր ժողովուրդը ձեզանով շատ աւելի հզօր ենք:

Leave a Comment