RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Եւ այդ ջահը դեռ կը շարունակի իր երթը՝ հասնելու համար Սուրմալու

Posted on April 28, 2000, by , under Ելույթներ.

(Արտասանուած Մայիսի 28-ին, Ապարանի Յուշահամալիրում Դրոյի աճիւնը հողին յանձնելու հանդիսաւոր արարողութեան պահին)

Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ Դրոյի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։

Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների ուրացումները յաղթահարած գաղափարական մարտիկի վերանորոգ ժառանգ։

Դրոյով մարմնաւորուած ազգային, քաղաքական ու գաղափարական արժէքների այս յաղթանակը մեր ժողովրդին աւետելու բախտաւորութիւնը վիճակուել է ինձ։ Յանուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի, Հ.Յ.Դ. կազմակերպական բոլոր շրջանների կառոյցների եւ շարքերի, բայց մանաւանդ յանուն Դաշնակցութեան տեսլականով շնչող համակիր մեր բազմութիւնների՝ շնորհաւորում եմ մեր ժողովրդին իր հաւաքական կամքով նուաճուած այս յաղթանակի առթիւ։

Հայ ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքում յաճախ է կորցրել ու վերականգնել իր պետականութիւնը, իսկ երբ պետականութեան անկման զուգընթաց հայրենի հողից հեռացաւ նրա մարտական ուժը, հայ ժողովուրդը բռնեց ուծացման ու սպառման ուղին.

9 երկար դարեր պէտք եղաւ, որպէսզի հայ ժողովուրդը, վերջնական բնաջնջումից ու ոչնչացումից ձերբազատուելու համար, իր արգանդից ծնունդ տար մի նոր մարտական ուժի։

Այդ սերնդի ներկայացուցիչն էր Դրոն։

Հայ ժողովրդի մարտունակութեան արգասիքն էր մրրկածին Դրոն՝ ընկեր Դրոն, որ իր ամբողջ կեանքում, երբ պատանի էր ու պարզ զինուոր, երբ համարձակ ահաբեկիչ էր ու խիզախ վրիժառու, երբ պետական այր էր ու գլխաւորում էր նորանկախ պետականութեան բանակը, երբ քաղաքական գործիչ էր ու ղեկավար, վտարանդի էր ու հայկական գորշ ու վտանգուած քաղաքական հորիզօնին դէմ յանդիման պատասխանատու անձ, միշտ եղաւ քաջ ու համարձակ։ Դարձաւ վաւերական խորհրդանիշը խիզախութեան, յանդգնութեան, անվեհերութեան եւ հերոսականութեան։ Հայութեան սպառնացող թշնամիների դէմ մարմնաւորեց պատժող մեր բազուկը՝ անվրէպ հարուածելու իր ուժականութեամբ։

Ռազմիկի իր խրոխտ ոգով ու զինուորականի բնածին տաղանդով՝ Դրոնն իր անունը անջնջելիօրէն կապեց Հայաստանի անկախութիւնը կերտող հերոսամարտների հետ՝ իբրեւ ղեկավարը Բաշ Ապարանի յաղթական ճակատամարտի։ Մեր ժողովրդի կողմից հռչակուեց Զօրավար Դրո եւ իր մեծարժէք ներդրումը ունեցաւ Հայոց Բանակի հիմնադրման ու հայ բանակայինի ռազմունակ աւանդների հարստացման գործում։

Դրոն մեծութիւն է նաեւ իբրեւ քաղաքական գործիչ, որ հայ ժողովրդի ֆիզիքական պաշտպանութիւնն ու Հայաստանի անկախութեան պահպանումը դարձրեց գերագոյն նպատակ, առաջնահերթ խնդիր։ Հայաստանի Հանրապետութեան կարճատեւ շրջանին, Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին, բայց յատկապէս Երկրորդ Աշխարհամարտի օրհասական պահերին, Դրոն անվարան եւ անվեհեր յայտնուեց այնտեղ, ուր ոչ թէ յանուն կամ ընդդէմ ինչ որ այլի իր սեփական կեանքն ու հեղինակութիւնն էր արկածախնդրութեամբ վտանգի մատնում, այլ՝ հայ ժողովրդին ֆիզիքապէս փրկելու պարտականութիւնն էր կանչում նրան։

Եւ ընկեր Դրոն հանգիստ չունեցաւ իր ամբողջ կեանքում։ Տեղափոխուեց եւ ապրեց այնտեղ, որտեղ պարտականութիւնն էր իրեն կանչում։ Գտնուեց այնտեղ, որտեղ դաշնակցական գործ կար եւ ապրեց այնպէս, ինչպէս պէտք է ապրէր հայ ժողովրդին զինուորագրուած ոեւէ դաշնակցական։ Ղեկավարութիւնը ըմբռնեց եւ կիրառեց որպէս յաւելեալ պարտականութիւնների ստանձնում՝ աշխատանքներին մօտիկից հետեւելու, խստապահանջութիւն ներշնչելու, եւ միաժամանակ, հայրական հոգածութիւն ցուցաբերելու առումով։ Իբրեւ այդպիսին՝ Դրոն բարոյական անվիճելի հեղինակութիւն դարձաւ։

Դրոն, որին վիճակուած էր հայկական նոր մարտունակութեան ջահը Դումաններից, Ռոստոմներից, ստանձնելու, այն նորանկախ հայերենիք եւ ապա՝ Սփիւռք բերելու, Սփիւռքեան պայմաններում պահելու-պահպանելու, գործ ու մթնոլորտ ստեղծելու, սերունդ դաստիարակելու եւ ապա՝ մեզ փոխանցելու։ Նոյն այդ ջահն էր, որ եկաւ միացաւ արցախեան ազատագրական պայքարով հրավառուած հարիւր հազարաւոր ջահերին, որոնք, մինչ այդ, բոցկլտում էին հայաստանաբնակ մեր ժողովրդի ոգիներում ու սրտերում։

Եւ այդ ջահը դեռ կը շարունակի իր երթը՝ հասնելու համար Սուրմալու, ուր պէտք է հրավառի հողը թշնամու ոտքերի տակ։

ԴՐՕ-ով պահուած-պահպանուած եւ այսօր մեզ փոխանցուած ջահը մեզ ուղղորդում է, մեզ պարտաւորեցնում է եւ պատգամում է.

– Մենք դեռ հայկական ուժ դառնալու, մեզ յարգել պարտադրելու, ազգերի մեծ ընտանիքում մեր ուրոյն տեղը ունենալու ճանապարհի վրայ ենք, չի աւարտուել մեր երթը։

– Իսկ հայրենիքի պաշտպանութեան, ղարաբաղեան ազատամարի բովում կոփուած, ձեւաւորուած այսօրուայ մեր մարտական ուժին, պետական-զինուորական դիրքերի հասած զինուորներին պատգամում է՝ լինել անմնացորդ նուիրեալը հայրենիքի ու հայ ժողովրդի, սակարկութեան նիւթ չդարձնել զինուորի կոչումն ու առաքելութիւնը, ձեռք բերած վարկով ու յեղինակութեամբ չձգտել առանձնաշնորհեալ կարգավիճակի, լինել բարոյական արժէքներին հաւատարիմ ու ցուցաբերել քաղաքական-գաղափարական արթնութիւն, անհրաժեշտութեան պահին ուղղորդելով մեր քաղաքական ղեկավարութիւնը դէպի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտման գերագոյն նպատակին։

Ահա՛ հայրենիք է վերադառնում այս ամբողջ աւանդը։

Դրոյի վերադարձով Հայրենիքս աւելի ու աւելի բարոյականացաւ, առնականացաւ եւ աւելի ու աւելի հարազատ դարձաւ։

Բարի վերադարձ ընկեր ԴՐՕ։

Leave a Comment