ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է
Posted on November 25, 2015, by admin, under Լուրեր, Տեսաերիզներ.
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է: 1990-ականների դժվարին տարիներին ստեղծված, այդ դժվարությունների միջով անցած եւ դրանք պատվով հաղթահարած միությունը շարունակում է ուսանողների նորանոր սերունդների ընդունել, համախմբել, դաստիարակել ու ճանապարհել: Անցող ողջ տարվա ընթացքում հոբեյանի առիթով տարատեսակ միջոցառումներ են անցկացվել:
Հոկտեմբերի 24-ին Երեւանում ամփոփիչ միջոցառումն էր։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ուսանողությունը հատուկ կարգավիճակ եւ արտոնություններ ունի: «Մենք կարեւորում ենք մեր ուսանողության դերը մեր ժողովրդի պատմության մեջ, մասնավորապես՝ Դաշնակցության: Գիտակցաբար ենք այդ արտոնությունը տվել երիտասարդությանը, որովհետեւ մեր հենց կազմավորման առաջին օրվանից եղել է առաջադիմական ուժ, իսկ հասարակության մեջ ամենաառաջադիմական ուժը եղել է ուսանողությունը»,- նշում է նա:
Կառույցի անդամ շատ ուսանողներ սեփական կյանքը զոհաբերեցին հանուն մեր այսօրվա անկախության, շատ երիտասարդներ դարձան հայ դատի ջահակիրները, պայքարեցին հավասարության, իրենց իրավունքների համար։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հորդորում է չսահմանափակվել այսքանով: «Եղել է ժամանակարշրջան, որը շատ սուր է եղել ուսանողական միության համար, պայմաններն են եղել այդպիսին, բայց ուզում եմ, որ շարունակեք պայմաններ փոխել, իրողությունների վրա ազդել»,- կոչ արեց Հրանտ Մարգարյանը: