RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Քոչարյանը սխալվում է և ինքն իրեն հակասում

Posted on October 24, 2015, by , under Ելույթներ, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

ապառաժէՍահմանադրական փոփոխություններին կողմնակից ուժերից ՀՅԴ-ն, որը անցած 25 տարիներին խորհրդարանական համակարգի անցնելու հիմնական ջատագովներից մեկն էր, առաջիկա հանրաքվեում պատրաստվում է անհատական քարոզչություն իրականացնել՝ առանձին ՀՀԿ-ից և «այո»-ի դաշտի մնացած ուժերից: Դաշնակցականների պնդմամբ՝ իրենց «այո»-ն ուրիշ «այո» է, և իրենց հիմնավորումներն էլ ունեն առավել խորքային և գաղափարական բնույթ: Դաշնակցության մոտեցումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

– Պարոն Մարգարյան, ինչո՞վ է Դաշնակցության «այո»-ն ուրիշ, ինչո՞ւ չեք ցանկանում միավորվել «այո»-ի դաշտի մյուս ուժերի հետ: Արդյոք մտավախությո՞ւն ունեք, որ ՀՀԿ-ի հետ ժողովրդի առջև հանդես գալով՝ կարող եք որոշակիորեն վարկաբեկվել, հեղինակազրկվել: Առանց այդ էլ դուք միանշանակ չեք ընկալվում հանրության կողմից, քանի որ փաստորեն սատարում եք Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը՝ սահմանադրական փոփոխություններին:

– «Այո»-ն չպետք է անպայման տեսնել ի հակադրություն միացումի, մեր «այո»-ն տարբեր է, բայց մենք չենք ասում, որ հակադրվում ենք կամ Հանրապետականը վատն է, չենք ուզում համագործակցել: Մեր շեշտադրումներն են տարբեր: Մենք 25 տարի ունեցել ենք խորհրդարանական համակարգի անցնելու մեր հիմնավորումը: Մենք ունենք ներկա իրավիճակի մեր ախտաճանաչումը: Այդ ախտաճանաչումից ելնելով է, որ կարծում ենք՝ սահմանադրական փոփոխությունները այս բացասական երևույթներին վերջ դնելու ելք են: Այստեղ է, որ տարբերություն կա: Տարբերությունը մոտեցման և մեկնարկի մեջ է: Այսօրվա իրականությունում մենք տարբեր ենք գնահատում, տարբեր շեշտադրումով ենք հիմնավորում Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությունը: Վարկաբեկիչ է, թե վարկաբեկիչ չէ, կարծեմ՝ ձեր անձնական տպավորությունները պետք չէ, որ հանրության անունով հայտարարեք, որովհետև ժողովուրդը մի քիչ չարաշահված է:

– Դուք այսօր ընդդիմությո՞ւն եք:

– Մենք այն ենք, ինչ որ կանք, Դաշնակցություն ենք: Դաշնակցությունը չի կարելի գրքային բացատրությունների մեջ տեղավորել: Վերջապես ով է ընդդիմությունը, նա որ իշխանության մեջ չէ. մենք իշխանության մեջ չենք: Ո՞վ է ընդդիմությունը, ով ունի այլընտրանքային ծրագիր. մենք ունենք այլընտրանքային ծրագիր: Մենք ենք, որ էապես տարբերվում ենք մեր տնտեսական-սոցիալական քաղաքականությամբ, մյուս բոլորը տնտեսական լիբերալ համակարգի կողմնակից են, միայն մենք ենք, որ սոցիալիստական տնտեսական քաղաքականության ենք հետևում, ուրեմն իրական ընդդիմությունը միայն մենք ենք: Բայց մեր երկիրը և մեր ժողովրդի վիճակն այնպիսին է, որ մենք այդ ընդդիմությունը չենք կարող ձևի վերածել, հայհոյելով ու մերժելով, բացասական էներգիայով չէ, որ մարդ ընդդիմություն է դառնում: Ընդդիմություն են դառնում այլընտրանքային ծրագիր մեջտեղ բերելով և դրա համար պայքարելով: Իսկ երբ երկրի և ժողովրդի շահը պահանջում է, մենք պետք է կարողանանք գիտակցել՝ իշխանության դեմ պայքարն ինչ է, իսկ երկրի և հայրենիքի շահի համար համագործակցությունն ինչ է: Այսինքն՝ այո մենք համագործակցում ենք Ցեղասպանության, Ղարաբաղի հարցով, եթե չհամագործակցենք, մենք հայ կոչվելու իրավունք չունենք: Քաղաքական հաշվարկումներից ելնելով՝ այս երկրին և այս ժողովրդին նույնիսկ ակամա չպետք է հարվածել, դրա համար մենք պետք է լինենք այն, ինչ ասում ենք, ոչ թե ձևի զոհ գնալով՝ ակամա անենք այն բանը, որ կանի թշնամին:

– Այն ժամանակվանից ի վեր, երբ 2009թ. դուք կոալիցիայից դուրս եկաք` հայ-թուրքական արձանագրությունների հարցում իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով, խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՅԴ-ն կարող է նորից կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: Հիմա էլ սահմանադրական փոփոխությունների այս նախագծի հարցում փաստորեն համակարծիք եք ՀՀԿ-ի հետ, և կարծես ձեր սկզբունքային տարաձայնությունները վերացել են` նաև հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված: Հնարավո՞ր է, որ առաջիկայում վերադառնաք կոալիցիա: Այդ մասին պարբերաբար մամուլում լուրեր են շրջանառվում, անգամ նշվում է պորտֆելների քանակը, նաև ժամկետը:

– Ես ձեզ վստահեցնում եմ, Դաշնակցության հետ ոչ ոք ոչ մի պորտֆելի մասին չի խոսել, և ոչ ոք Դաշնակցությունից դեռ ոչ մի համաձայնություն իշխանությունների հետ չունի, սա բացարձակ ճշմարտություն է: Սրանից դուրս ինչ-որ կա, սուտ է: Եվ այդ սուտը նոր չէ: Այդ սուտը ասել են այն օրվանից, երբ մենք կոալիցիայից դուրս ենք եկել:

– Այդ օրվանից երբեք չե՞ք բանակցել իշխանությունների հետ կոալիցիա մտնելու համար:

– Ո՛չ: Երբեք չենք բանակցել կոալիցիա մտնելու շուրջ, բայց բանակցել ենք այսինչ քաղաքականություն փոփոխելու, այնինչ որոշման, մոտեցումի հարցերով, սահմանադրական փոփոխությունների շուրջ: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի, ռուսի, թուրքի հետ բանակցել, իսկ մենք իրար հետ չբանակցե՞նք: Սա ի՞նչ մոտեցում է, որ նույնիսկ բանակցությունը համարվում է տաբու:

– Բազմիցս ասել եք, որ չունեք տաբու` կոալիցիա մտնելու, եթե նպատակահարմար գտնեք: Հիմա կա՞ նպատակահարմարություն` հունվարից հետո կոալիցիա մտնելու, թե՞ ոչ:

– Հենց դա է հարցը: Մենք 25 տարի Հայաստանում ճիգ ենք թափում՝ բացատրելու, որ մեր պետական համակարգը կարող է առողջանալ, բարեփոխվել, ՀՀ-ն իր զարգացման իմաստով նոր ուղի կարող է դուրս գալ, եթե խորհրդարանական համակարգի անցնենք: Թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանն ասել ենք, որ նախապայմանը 7 կետն է: Մեզ համար նպատակը Հայաստանն է ու հայ ժողովուրդը: Եթե Սահմանադրությունն ընդունվի, և իշխանության կողմից լինի առաջարկ, մենք կգնանք մեր առաջարկությունների փաթեթով, եթե կընդունվի, մենք այն կուսակցությունը չենք, որ պատասխանատվությունից փախչենք: Մենք ինչ-որ ասել ենք, հետևողականորեն տեր ենք կանգնել մեր ասածին, հետևողական ենք եղել մեր քաղաքական դիրքորոշման մեջ: Այս ամբողջ ասեկոսեն, բամբասանքը, սուտը, որ լցրել են մամուլը՝ ամեն առիթով ասելով, որ տակից ուրիշ խաղ կա, տակից ուրիշ հաշիվ կա, լավ բա 2009-ից 6 տարի անցել է, այդ ստից չե՞ք ձանձրացել: Ամեն ինչ չափ ունի չէ՞:

– Բայց միգուցե դա նաև Դաշնակցության վարքագծից է գալիս, որովհետև դուք մշտապես «կողմ ըլլալով» դեմ եք , «դեմ ըլլալով՝ կողմ »:

– Մենք ինչ որ ասել ենք, դրան հավատարիմ ենք եղել: Մենք ասել ենք անհատի չենք վիրավորելու, մենք ասել ենք թշնամություն չունենք ոչ ոքի հետ ներազգային կյանքի մեջ, մենք պատրաստ ենք համագործակցել, երբ ազգի շահի հարց գոյություն ունի: Եթե մեզ չեն հասկացել, դա ուրիշ հարց է:

– ՀՅԴ 7-կետանոց պլատֆորմը դեռ 2012թ. հայտնի կոնսուլտացիաների շրջանակներում դրվեց շրջանառության մեջ: Դուք նշել էիք, որ եթե քաղաքական ուժերից որևէ մեկը, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ն, ընդունի ձեր առաջարկած 7 կետերը, դուք պատրաստ եք համագործակցելու: Վերջերս էլ նշեցիք, որ սահմանադրական փոփոխությունների ընդունմամբ ձեր պլատֆորմի երեք կետերը իրականացվում են:Որոնք են այդ կետերը:

– 1. Խորհրդարանական համակարգ, 2. 100 տոկոսով համամասնական ընտրակարգ և 3-րդ կետը… այս պահին չեմ մտաբերում:

– Դուք նշել էիք, որ եթե չի ընդունվում ամբողջ փաթեթը, ապա համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Հույս կամ հեռանկար ունե՞ք, որ առաջիկայում նաև մյուս 4 կետերը կընդունվեն:

– Հույսո՛վ ապրեցեք: Մենք ինչ որ մինչև այսօր ասել ենք, եղել է, հուսով եմ՝ դրանք էլ կլինեն:

– Այսինքն՝ եթե 6 կետն ընդունվի, բայց մեկը չընդունվի, չե՞ք համագործակցելու:

– Մեկ անգամ էլ են այդ հարցը տվել, ասել եմ՝ ոչ:

– Կարծում եք իշխանությունը կգնա՞ բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը, ինչը ձեր պլատֆորմի կարեւոր կետերից է: Դա ռեա՞լ եք համարում գործող իշխանությունների պարագայում:

– Ռեալ է, եթե ռեալ չլիներ, մենք չէինք գրի:

– Սերժ Սարգսյանը կգնա՞ դրան:

– Եթե այս իշխանությունը ուզում է հարատևի, դիմանա, գոյատևի, զարգանա, պետք է ընդունի, չընդունի՝ նշանակում է չի ուզում:

– Եթե նոր սահմանադրությունն ընդունվի, բայց ձեր 7 կետերը չընդունվեն, այդ դեպքում կոալիցիա մտնելու մասին խոսք չի՞ լինի:

– Շատ-շատ պատճառներով մենք կարող ենք կոալիցիա չմտնել, կոալիցիա մտնելը մեզ համար նպատակ չէ, մենք 7 տարի է կոալիցիա չենք, և չենք մեռել: Ցանկացած բանակցություն առաջարկությունների մեկ ամբողջականություն է, որովհետև եթե երկու ուժ իրար հետ պետք է համագործակցեն, երկուսն էլ ինչ-որ բան պետք է զիջեն, որ կարողանան համագործակցել:

– Բայց դուք ասում եք, որ ձեր 7 կետերից ոչ մեկը չեք զիջելու:

– Էնքան զիջելու բան կա, որ կարող է շատ ավելի ցավալի լինել, որ չպետք է զիջել և այդ 7 կետերի մեջ չէ:

– Րաֆֆի Հովհաննիսյանը ձեր 7 կետերն էլ ընդունեց, բայց դուք չպաշտպանեցիք նրա թեկնածությունը նախորդ նախագահական ընտրություններում: Ինչո՞ւ:

– Մեկ ամիս հետո ծրագիր հրապարակեց, և այդ 7 կետից մի նշույլ անգամ չկար դրա մեջ:

– Բայց դուք մինչ այդ մեկ ամիսն էլ չհայտարարեցիք, որ պաշտպանում եք նրան:

– Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ սերտ համագործակցության ժամանակաշրջան ենք ունեցել, բայց ինքը մեզ էլ հուսախաբ արեց, իր կուսակցության անդամներին էլ:

– Անդրադառնանք Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ «Նոր Հայաստան» հանրային ճակատի, «Ոչ»-ի դաշտի գործունեությանը, ինչպե՞ս եք գնահատում հակառակ ճամբարում տեղի ունեցող գործընթացները, որ չեն կարողանում միասնական օրակարգով հակազդել իշխանություններին:

– Ես չեմ ուզում ուրիշների մասին դատողություններ անել, դա լավ բան չէ: Ես բնական եմ համարում ամեն ինչ, բայց նաև գիտեմ՝ ծայրահեղականությունը միշտ երկար չի մնում: Երբ որ ծայրահեղության են գնում, դժվար է լինում թե՛ միանալը, թե՛ համագործակցելը, թե՛ գոյատևելը:

– Դե Դաշնակցությունն, իհարկե, ունեցել է ծայրահեղականության այդ փորձը:

– Մենք եղել ենք վճռական, բայց ոչ թե ծայրահեղ:

– Այսինքն՝ դուք հիմա դե՞մ եք ընդդիմության պահանջներին՝ իշխանանափոխություն իրականացնելուն, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելուն. Դուք՝ որպես ընդդիմադիր ուժի ղեկավար, դե՞մ եք:

– Այո՛:

– Ինչո՞ւ եք դեմ:

– Որովհետև ես չեմ կարծում, որ այսօր ցնցումային բանը մեր երկրին պետք է: Մենք մեկուկես տարի ունենք մինչև ընտրություններ: Աշխատենք բոլորս, ճիգ թափենք, որ ընտրություններին հաջողենք: Պարտադրենք իշխանությանը արդար ընտրություններ անցկացնել: Պետք է իշխանությունը պարտադրված լինի արդար ըտրություններ անցկացնելու:

– Բայց Սահմանադրության փոփոխությամբ, ըստ ընդդիմության, իշխանափոխության հնարավորությունը վերանում է:

– Ո՛չ, սխալ կարծիքի են: Իրենք իրենց շահի գիտակցությունը չունեն: Ես մեկ անգամ բացատրել եմ, որ այս Սահմանադրությունը հաջորդ ընտրության ամենանպաստավոր հնարավորությունն է տալիս:

– Եթե առաջիկա հանրաքվեն տապալվի, այսինքն՝ փոփոխությունները չանցնեն, ո՞ր դաշտում ենք տեսնելու Դաշնակցությանը:

– Այն դաշտում, որ կանք. դրական ուժ ենք լինելու` ընդդիմության դաշտում կամ իշխանության դաշտում: Հիմա մենք ընդդիմության դաշտում ենք, ընդդիմության դաշտում ենք լինելու:

– Դուք տևական ժամանակ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն էիք: Ինչպես գիտեք, 2-րդ նախագահը դեմ է հանդես եկել սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, որ դա մեծագույն սխալը կլինի Հայաստանի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականին և արդյո՞ք կարող ենք ասել, որ այսուհետ ձեր ճանապարհները անվերադարձ բաժանվում են:

– Մենք քաղաքական հենարան չենք եղել, մենք համագործակցել ենք Ռ. Քոչարյանի հետ, և չէի ուզենա հրապարակավ նրա դեմ խոսել: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ մեծ հարգանք ունեմ, բայց իմ սկզբունքների հանդեպ ավելի մեծ հարգանք ունեմ: Ռոբերտ Քոչարյանը սխալվում է և ինքն իրեն հակասում է:

– Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ի՞նչ եք կարծում, որքա՞ն ձայն կունենաք:

– Կյանքում շատ բաներով եմ զբաղվել՝ բացի Նոստրադամուսի զբաղմունքից. կանխատեսումներ անել երկու տարի հետոյի մասին, կարծում եմ, սխալ է:

Հեղինակ՝ Արևիկ Սահակյան

1in.am

Leave a Comment