ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ապրիլի 24-ին Ստեփանակերտում էր` արցախցիների հետ ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը
Posted on April 27, 2015, by admin, under Լուրեր, Տեսաերիզներ.
Արցախի մայրաքաղաքում լայնածավալ միջոցառումներ էին կազմակերպվել, այդ պատճառով էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին չի մասնակցել Երեւանում անցկացված սգո արարողություններին:
Հատկանշական է, որ Արցախ էր մեկնել նաեւ հայկական խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ արցախցիների հետ հիշատակելու Ցեղասպանության զոհերին: Անուղղակի նշան, որ ողջ հայությունն այդ օրը եւս Ստեփանակերտում է։
Եռագույնի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներն ու մյուս արցախցիները շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Պահանջը հստակ էր՝ Հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտում:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում բացվեց «Անլռելի Զանգակատուն» հուշակոթողը: 18 մետր բարձրությամբ այս կոթողը պետք է հիշեցնի, որ արդարությունը չի լռելու. աշխարհի լռությունը կկոտրենք մեր ձայնով: «Թեեւ Ցեղասպանությունն ամբողջ աշխարհում ճանաչված չէ, սակայն մեր ժողովրդի միասնականությունը, մարտունակ բանակն ու Հայաստան-Սփյուռք եւ Արցախ անսասան եռամիասնությունն ի վերջո կպարտադրեն արդար հատուցումը»,- ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հուշահամալիրում կատարեց Ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողությունը: «Անլռելի Զանգակատան» կառուցաման վայրը պատահական չի ընտրված: Արցախի պատերազմի եւ Երկրորդ համաշխարհայինի տարիներին զոհված մեր նահատակների կողքին ամփոփվել են Դեր Զորից բերված անմեղ զոհերի մասունքները: «Մենք պետք է պաշտպանենք մեր արդարությունը, քանի որ արդարությունն էլ պաշտպանների կարիքն ունի»,- ասաց թեմի առաջնորդը:
Այսօր Երեւանն իր շուրջն է համախմբել համայն հայությանն ու այլազգիներին, սակայն ՀՅԴ Բյուրոյի ներակայցուցիչ Հրանտ Մարգարյանն իր պարտքն է համարել Արցախում լինելը. «Ցանկացա այս օրն Արցախում լինել մի քանի նպատակով։ Ողջ ուշադրությունն այսօր կենտրոնացված է Երեւանի եւ Ցեղասպանության վրա, ու դա ճիշտ է։ Այդպես էլ պետք է լիներ։ Բայց չպետք է մոռանանք, որ մենք Արցախ ունենք եւ այն մեր գերխնդիրն է։ Վաղվա օրը մենք անելիք ունենք Արցախի համար»,- ասաց Հրանտ Մարգարյանը։