ՀՅԴ Բյուրոյում ընդունեցին Հունաստանի խորհրդարանի խոսնակին
Posted on April 26, 2015, by admin, under Լուրեր.
Ապրիլի 25 -ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում հյուրընկալվեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոի Կոնստանդոպուլուի գլխավորած պատվիրակությունը, որ Հայաստան է ժամանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:
Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց փաստը, որ հայ ժողովրդի համար այս կարեւորագույն օրերին հույն ժողովուրդը՝ հանձին խորհրադարանի նախագահի, մեր ժողովրդի կողքին է եւ մասնակցում է 100-ամյա տարելիցի միջոցառումներին:
Ներկայացվեցին ՀՅԴ պատմությունն ու անցած ճանապարհը, այժմյան քաղաքական օրակարգը, դիրքորոշումները ներքին եւ արտաքին կարեւորագույն հարցերի՝ այդ թվում Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, Սիրիայում քրիստոնյաների եւ մասնավորապես՝ հայերին սպառնացող վտանգի շուրջ:
Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին ընդգծեց, որ հայ եւ հույն ժողովուրդները դարավոր բարեկամներ են եւ ունեն նույնական ճակատագրեր, ուստի եւ բնական է, որ իրենք այս օրերին Երեւանում են: Զոի Կոնստանդոպուլուն խոսեց նաեւ Հունաստանի առջեւ ծառացած տնտեսական դժվարություններից, ինչպես նաեւ կառավարության ձեռնարկած այն քայլերից, որոնք ուղղված են այդ իրավիճակից դուրս գալուն:
Քննարկվեցին երկու կուսակցությունների միջեւ սերտ փոխգործակցության, միջազգային ասպարեզում հույն եւ հայ պատգամավորների համագործակցության հնարավորությունները, պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել:
yerkir.am