Արցախը մեր գերխնդիրն է
Posted on February 27, 2015, by admin, under Ելույթներ, Լուրեր.
ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ:
Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ:
Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր խոսքում ասաց, որ Արցախում անելիքներ շատ ունեն եւ պատվախնդրությամբ պիտի իրականացնեն ուխտագնացությունը: Արցախում եղել ենք պատերազմի տարիներին, եղել ենք հազարներով, ազատագրել ենք մեր հայրենիքը, շատ զոհեր ենք ունեցել, և Ղարաբաղը սրբություն է մեզ համար: Արցախը մեր գերխնդիրն է. հայկական իրականության մեջ կան կարմիր գծեր, որոնք ոչ մեկը խախտելու իրավունք չունի, այդ գծերից է նաև Արցախը:
Միջոցառման կազմակերպիչներից Իգոր Սարգսյանը տեղեկացրեց, որ երթին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերի, Երևանի և Ջավախքի ՀՅԴ կազմակերպությունների անդամներ:
Նախատեսված է Ստեփանակերտում հանդիպում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև այցելություններ զորամասեր:
Առաջին օրը Ստեփանակերտում կկայանա մոմավառություն: Հաջորդ օրը լինելու է հագեցված, որի շրջանակներում ուխտագնացները կայցելեն Շուշի և կիրականացնեն մի շարք միջոցառումներ:
Գեղարքունիքի մարզի ԿԿ անդամ Էդուարդ Ասլանյանը կարևորեց նման միջոցառումը՝ նշելով, որ երթի շատ մասնակիցներ Արցախյան պատերազմի առաջամարտիկներ են:
Մոտ մեկ ժամ տևած միջոցառումից հետո ուխտագնացները շարժվեցին դեպի Ստեփանակերտ: