Գոտեպնդվեք նրանով, որ ձեր թիկունքին մի ամբողջ ազգ է կանգնած
Posted on December 18, 2014, by admin, under Ելույթներ.
>ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Հալեպում՝ ՀՅԴ 124-րդ ամյակի միջոցառմանը:
Ամեն անգամ, երբ Դաշնակցության օրվա առիթով պետք է խոսք ասեմ, երկմտում եմ՝ խոսե՞լ կատարված աշխատանքների մասին թե` ոչ: Մտածում եմ` հնարավո՞ր է արդյոք օրվա խոսքի տրամաբանության սահմաններում, նույնիսկ հպանցիկ անդրադառնալ կատարված բազմերես, ծավալուն աշխատանքների անգամ խորագրերին:
Եվ մի՞թե դրա անհրաժեշտությունը կա: Այդ ե՞րբ ենք խոսել մեր արածների մասին, այդ ե՞րբ ենք պարծեցել մեր գործերով: Մանավանդ, որ այն, ինչ արվել է, արվել է բաց ու թափանցիկ, արվել է ձեր աչքի առջեւ: Լավ, թե վատ, կարող եք որոշել եւ վստահ եմ, արդեն որոշել եք ինքներդ: Ուստի անցնենք առաջ` ավելորդ ժամանակ չվատնելով էժան քարոզչության վրա:
Մեր օրը շատ նման է մեր ժողովրդի օրին. լավ օրի է մեր ժողովուրդը՝ լավ ու հաջող ենք նաև մենք, դժվարություններով լեցուն է մեր ժողովրդի կյանքը՝ նույնն է մեր վիճակը։ Դա թերեւս այդպես է, որովհետեւ մեր գոյության իմաստը, ուժի միակ աղբյուրը մեր ժողովուրդն է։
Իսկ ժողովրդի այսօրվա օրը մեկ բառով կարելի է բնութագրել իբրեւ հակասական: Բարդ, դժվարություններով լեցուն, բայց միաժամանակ հուսալի:
Այս վիճակին ոմանք նայում են հոռետեսորեն, ամեն ինչ տեսնում են սեւ, դառնանում են ու չարանում, ոմանք էլ անիմաստ լավատես են` նայում են գունավոր ակնոցներով ու եղած-չեղածի համար ծափահարություններ շռայլում։ Կան նաեւ երրորդները, ովքեր համակերպվում են եւ դիտորդի դեր ստանձնում:
Բայց մենք՝ Դաշնակցությունը այդ խմբերից և ոչ մեկին չի պատկանում․ մենք երբեք չենք եղել եւ չենք լինելու համակերպվողի եւ դիտորդի կարգավիճակում: Մենք ունենք նպատակ, ծրագիր և պայքարի կամք` այդ նպատակն ու ծրագիրը իրականություն դարձնելու համար: Մեր կյանքում առկա դժվարությունները, բացասական երևույթները, նույնիսկ ժամանակավոր ձախողումները մեզ համար հուսահատություն և նահանջի կամ ծայրահեղական հակազդեցությունների պատճառ չեն դառնում: Նման երեւույթները, հակառակը, մղում են ճիգ ու ջանք թափելու, քրտնաջան աշխատանքի եւ պայքարի: Միեւնույն ժամանակ, մենք հեռու ենք ձեռքբերումներով ու փոքրիկ հաղթանակներով ոգեւորվելուց: Քանզի գիտակցում ենք, որ դրանք ընդամենը մի քայլ են դեպի հայ ժողովրդի այն ապագան, որը մենք կերտում ենք:
Ակներեւ է, որ մենք ապրում ենք մի բարդ ժամանակաշրջանում, ուր աշխարհը այնքան է փոքրացել, որ ամեն ինչ դարձել է մեզ հասանելի, ամեն ինչ ազդում է մեր կյանքի վրա: Բայց միեւնույն ժամանակ աշխարհն այնքան է մեծացել, որ ցանկացած հարց առնչվում է մի շարք համընդհանուր հարցերի և այլեւս անհնար է մեկուսանալով ամեն ինչից, հաշվի չնստելով ոչ մեկի հետ «սեփական գլխիդ ճարը տեսնել»։
Միջազգային քաղաքականության հակադրությունների խորացման ժամանակաշրջան ենք ապրում։ Սառը պատերազմ հիշեցնող ժամանակաշրջան։
Այն հասկանալիորեն չի կարող չազդել մեր տարածաշրջանի վրա, ուր առկա են չլուծված խնդիրներ, եւ ուր կա շահերի բախում: Ուստի մենք պարտավոր ենք հաշվի առնել մեծ հակադրությունների մեջ ներքաշվելու և օգտագործվելու հավանականությունն ու վտանգը։
Սակայն զուգահեռաբար, երբ խնդրո առարկա է ՀՀ եւ ԼՂՀ համապարփակ եւ հավասարակշռված անվտանգության համակարգի պահպանման հրամայականը, Հայաստանը չի կարող հաշվի չնստել գերտերությունների շահերի հետ, եթե անգամ դրանով ընկնում է արտաքին որոշակի ճնշումների տակ:
Այստեղ է, որ մեծապես կարեւորվում է ճիշտ մանեւրելու, ճկուն եւ իրատեսական քաղաքականություն վարելու կարողականությունը: Այդ հնարավորությունը Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են ձեռք բերել միայն երկրի ներսում կայուն քաղաքական, ընկերային, տնտեսական վիճակ ապահովելու ճանապարհով: Այլընտրանք պարզապես չկա:
Դժբախտաբար այստեղ ամեն ինչ չէ, որ լավ է: Հայաստանի ներքաղաքական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ Գիտակցաբար չեմ ուզում ավելորդ անգամ ևս անդրադառնալ երկրի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին, մեզանում առկա բացասական երևույթներին:
Վստահ եմ այնքան շատ եք լսել այդ մասին, որ ասածս ոչ մի բան չի ավելացնելու: Իսկ եթե փորձեմ արդարացումներ փնտրել բացարձակ մռայլ տպավորությունների համար, կեղծավորություն արած կլինեմ, ուստի կխուսափեմ դրանից եւս: Միայն պիտի բավարարվեմ փաստելով՝ երկրում առկա այդ մտահոգիչ պայմանները նպաստավոր հող են ստեղծում հասարակական արդարացի դժգոհության, քաղաքական անկայունության և առճակատման համար։ Եվ սրանից լավագույնս փորձում են օգտվել այնպիսի ուժեր, որոնց համար մեր ժողովրդի ծանր վիճակը լոկ միջոց է իրենց անձնական, խմբակային շահերի ապահովման համար։
Հայաստանի ներքաղաքական նման իրավիճակի հիմնական պատճառը քաղաքական դաշտի անկատարությունն է եւ գաղափարազրկությունը:
Սա, ինչ խոսք, ձեռնտու է որոշ օտար ուժերին: Եվ զարմանալի չէ, որ այս պայմաններում նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ամրապնդել սեփական դերակատարությունը: Դա անում է` ներքին կացությունը սրելով, նորանոր ինտրիգներ հրահրելով, մի կողմից թույլ տալով, որ Հայաստանը վարի արտաքին փոխլրացնող և հավասարակշռող քաղաքականություն, իսկ մյուս կողմից մխրճելով պետությունը ներքին առճակատման մեջ, կամ հավելյալ կախման վիճակի մեջ դնելով մի բևեռից, եւ կամ հասունացնելով մի նոր «գունավոր հեղափոխություն»։
Բացի վերոնշյալ բացասական զարգացումներից, հարկ է նկատի առնել ադրբեջանաթուրքական տանդեմի ակնհայտ քաղաքական հաջողությունները մեզ համար կենսական երեք ուղղություններում. ԵՄ խորհրդարանական կառույցներ, ՆԱՏՕ եւ Ադրբեջան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններ:
Այս բարդ միջազգային, տարածաշրջանային եւ ներքին քաղաքական իրավիճակում և ձեզ ծանոթ ազգային ժառանգությամբ, մենք փորձ ենք անում որակական մի վիճակից անցում կատարել դեպի որակական մի այլ վիճակ` ազգովի ունենալով հարցեր, որոնք պետք է լուծենք միմյանց օգնելով, ամբողջացնելով, ինչու չէ` իրար հետ մրցելով, եղած սխալները քննադատելով, այդ սխալները սրբագրելու ելքեր գտնելով: Սակայն այդ ամենը պետք է անենք այնպես, որ «ունքը շտկելու տեղ աչքը չհանենք»։
Մենք անցման շրջանում ենք, մեզ պետք է ներազգային ակտիվ մթնոլորտ, սակայն այն հեռու պետք է լինի անհանդուրժողականությունից, բացասական էներգիայից, թույնից ու թշնամանքից։ Աշխատանքով, պայքարով պետք է հարթենք մեր զարգացման ուղին։ Մեզ օդի պես անհրաժեշտ է ակտիվ, բայց դրական մթնոլորտ։
Անցման այդ փուլը կայանալու է նոր Սահմանադրության ընդունումով: Եկեք արձանագրենք, որ մեզ պատմական հնարավորություն է ընձեռված: Նոր Սահմանադրության ընդունումով է, որ երկրում մենատիրությունը, անձի իշխանությունը պետք է փոխարինվի հավաքական իշխանությամբ, իսկ թե որքանով այդ իշխանությունը կարտահայտի ժողովրդի կամքը, արդեն հաջորդ քայլն է, որի մասին մենք պետք է մտածենք: Իսկ առայժմ եկեք ընդունենք, որ ներքաղաքական եւ հասարակական հակադրությունների ներդաշնակման եւ ժողովրդի ներուժի ճիշտ կազմակերպման համար նախեւառաջ անհրաժեշտ է կառավարման խորհրդարանական համակարգի որդեգրումը:
Նոր Սահմանադրությունն է, որ պետք է երաշխավորի երկրում ստվերային իշխանության բացառումը` տնտեսական լինի այն թե քաղաքական, առճակատման մթնոլորտի ու «գունավոր հեղափոխոթյունների» բացառումը։ Նոր Սահմանադրությունն է, որ երկիրը պետք է դնի զարգացման, ժողովրդավարության ու սոցիալական արդարության ուղու վրա։
Չէի կամենա, բայց ստիպված եմ անդրադառնալ նրանց, ովքեր դեմ են նոր Սահմանադրությանը: Ես ցավով եմ նշում, որ նրանք ոչ միայն խաբում են իրենք իրենց, այլեւ փորձ են անում ապակողմնորոշել ժողովրդին` իրենց «վերարտադրման» եւ այլ հեքիաթներով: Նրանք ինքներն իսկ լուրջ չեն վերաբերվում իրենց փաստարկներին ու հենց այդ պատճառով խուսափում են ցանկացած քննարկումից ու բանավեճից:
Բայց միով բանիվ նրանք մեր քաղաքական դաշտի մի բաղկացուցիչ մասն են, եւ մեր պարտքն է հարգանքով վերաբերվել նրանց ու հարգանքով էլ թույլ չտալ, որ ոչ իրենք շեղվեն ճիշտ ուղուց, ոչ էլ, առավել եւս, ժողովրդին շեղեն: Եվ մենք դա անպայմանորեն կանենք:
Ինչպես առիթ ունեցա վերը նշելու, Հայաստանի ներքաղաքական խնդիրների հիմնական պատճառը քաղաքական ուժերի անկատարությունն է ու գաղափարազրկությունը:
Մենք հիմնականում գործ ունենք ոչ թե քաղաքական ուժերի այլ սոսկ անհատների ու անձերի ստեղծած կազմակերպությունների ու նրանց շուրջ համախմբված մարդկանց հետ։
Քաղաքական դաշտի գաղափարականացումը լուրջ անհրաժեշտություն է։ Եվ Դաշնակցությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է օրինակ ծառայել:
Քաղաքական կյանքի գաղափարականացման, ներհասարակական զարգացումներն արյունալի ցնցումներից զերծ պահելու հրամայականով, ՀՅԴ-ն պետք է իր ընթացիկ քաղաքական ուղեգծի հենք շարունակի համարել երկրի քաղաքական կառուցվածքի արմատական եւ հիմնարար փոփոխության պահանջը: Մեր գործընկեր քաղաքական կուսակցությունների հետ մեր հարաբերությունները կառուցելիս առաջնային պիտի համարենք հենց վերոնշյալը:
Անցման այս շրջանում եւ տարածաշրջանային ներկա պայմաններում, որեւէ արկածախնդիր քայլ հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ուստի թե իշխանությունները եւ թե ընդդիմությունը պետք է առավել քան զգոն լինեն, իսկ հակառակ պարագայում պարագլուխները անձամբ ժողովրդի, հայրենիքի, պատմության եւ մեր առաջ պատասխանատու են համարվելու:
Այդուամենայնիվ, այսօր այսպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք աշխարհին ներկայանում ենք հետևյալ իրավիճակով. Հայոց զույգ պետականությամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Արցախ-ՀՀ-Սփյուռք համախմբվածությամբ: Համոզված եղեք, սա բավարար նախապայման է առաջ գնալու եւ հաջողելու: Եվ եթե Հայաստանում անցման շրջանը կարելի է բնորոշել՝ անցում դեպի զարգացման ժամանակաշրջան, ապա Հայոց ցեղասպանության պայքարում՝ անցում դեպի պահանջատիրություն։
Բոլորս միասին մեծ անելիք ունենք։ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ամենուր ակտիվացել է, այլևս միջազգային ասպարեզում մենք մենակ չենք, այլ ամենուր բախվում ենք այդ հզոր տանդեմի հակազդեցությունը: Անհրաժեշտ է վերակազմակերպել սփյուռքյան մեր հնարավորությունները և մեր պետության համագործակցությամբ ծավալել նոր որակի աշխատանք։
Հայկական Սփյուռքը ունի քաղաքական, բարոյական մեծ նշանակություն և դերակատարություն հայկական ռազմավարության մեջ։ Կազմակերպված Սփյուռքը, նոր սերնդի հայեցի դաստիրակությունը ու համախմբումը համահայկական հարցերի շուրջ մեր ուժի բաղկացուցիչ մաս է․ ուստի նոր շունչ, նոր թափ պետք է հաղորդել Սփյուռքի նպատակային վերակազմակերպման գործին։
Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ սիրիահայ իրականությանը: Հավատացեք, չափազանց դժվար է խոսք ասել սիրահայերին, մանավանդ այստեղ, Սիրիայում: Ես շատ լավ հասկանում եմ, որ այն, ինչի կարիք հիմա ունեք, խոսքը չէ:
Բայց եւ այնպես…
Երբեմն պատահում է այնպես, որ դու հայտնվում ես իրադարձությունների հորձանուտում, պայքարի կիզակետում, որոնք քոնը չեն: Դու այստեղ ոչ մի առնչություն ու շահ չունես, բայց հետեւանքները ցավալիորեն ես կրում:
Սիրիային պատերազմ է պարտադրվել, Սիրիան ու սիրիացին այս պարտադրված պատերազմում շահ չունեն: Իրենց Աշխարհի «տեր» համարողները փորձում են տարածաշրջանային խամաճիկ «տեր»եր սնանել. Գինը վճարում են ժողովուրդները, ու այս ամենի շարքում նաեւ մենք` հայրես:
Դուք միշտ կանգնած եք եղել եւ շարունակում եք կանգնած մնալ այս երկրի անկախության, հողային ամբողջականության ու օրինականության կողքին: Կանգնած եք եղել հավատարմությամբ ու քաղաքացիական պատասխանատվությամբ: Դուք եղել եք Սիրիայի պարտաճանաչ քաղաքացիներ ու Սիրիայի ժողովրդի բարօրության, զարգացման, ազատության ու միասնականության ջատագովը: Փառք ու պատիվ Ձեզ:
Այս փորձությունից, պարտադրված այս պատերազմից, անկասկած, դուրս եք գալու պատվով ու համեմատության մեջ նվազագոյն կորստով:
Հայկական դիմադրության ճակատի մեկ ուղղությունը անցնում է հայկական Հալեպի միջով: Սա դիմադրության այն ճակատն է, որտեղ յուրաքանչյուր հայ, հայկական յուրաքանչյուր հատված ու կազմակերպություն հանձնառություն պետք է ունենա, եւ բացակայությունը այս պայքարից համազոր է դասալքության:
Մեզ համար ամեն ինչից վերն ու ամեն ինչից կարեւորը սիրիահայության ֆիզիկական անվտանգությունն ու պատվով այս դժվարությունների հաղթահարումն է: Եւ դա բոլորի հոգսն ու նպատակն է: Հայ ժողովուրդը մեկ բռունցք պիտի լինի, իբրեւ կազմակերպական միասնական մեկ մարմին աշխատի, որպեսզի հնարավոր դառնա, սիրիահայը հաղթահարի իր գոյապահպանման մարտահրավերները, որպեսզի բոլոր-բոլորը` աշխարհը հասկանայ մեր` սիրիահայության իրավիճակը, մեր կաշկանդումները, սահմանափակումներն ու յուրահատկությունները:
Այո մենք ազգովի ամեն ինչ պետք է անենք, կարելիություններ, հնարավորություններ գոյացնելով, քաղաքական-հարաբերական ընդհանուր աշխատանք ծավալելով, որպեսզի պարտադրված կռվում, ուրիշի կռվում ոչ միայն չվտանգվի մեր ֆիզիկական գոյությունը, այլեւ մեր պատիվը: Եւ դրա միակ գրավականը մեր համախմբվածությունն է, մեր խիզախությունը եւ մեր արմատների ամրության գիտակցումը:
Մեր ժողովուրդը անընդհատ փորձություններ է հաղաթահարում. Հայրենիքում եւ Հայրենիքից դուրս: Ես հասկանում եմ, որ հեշտ է ասել` դժվար է դիմանալ, բայց միեւնույն է պետք է ասեմ` դիմացեք: Այս փորձությունն էլ կհաղթահարվի:
Գոտեպնդվեք նրանով, որ ձեր թիկունքում մի ամբողջ ազգ է կանգնած աշխարհի ամենաազդեցիկ վայրերում, գոտեպնդվեք, որ ձեզանից ոչ շատ հեռու ձեր անկախ հայրենիքն է, որը հատու քայլեր է վերցնում համահայկական օրակարգերի լուծման ի խնդիր:
Գոտեպնվեք, այս ժամանակահատվածի՝ մեր ազգային ձեռքբերումներով ու հզորությամբ:
Մեր ազգային այս ժամանակահատվածը բնորոշվելու է, հիշվելու է 42 հազար քառակուսի կիլոմետր, ազատ ու անկախ Արցախով ու Հայաստանի Հանրապետությամբ:
Հիշվելու է Հայոց Ցեղասպանությունից փրկված արեւմտահայության սերունդների հերոսական աշխատանքով, հզորացած եւ իր ուժը գիտակցող, համախմբված հայկական Սփյուռքի մեծ ներուժով: Հիշվելու է Հայաստանի Հանրապետություն – Արցախ – Սփյուռք անքակտելի միասնությամբ:
Սիրելիներ,
Այսօր մեք հավաքվել ենք նշելու մեր կազմակերպության` ՀՅԴ 124-րդ տարեդարձը:
124 տարի մեր կուսակցությունը վերը նշված տեսլականով է գործել: Հավատացել ու հավատում ենք, որ քայլ առ քայլ հասնելու ենք մեր Հայրենիքի ամբողջական անկախացմանը, մենք մեր սերունդների իրավունքի հաշվին ոչինչ չենք զիջելու, պայքարել ու պայքարելու ենք հանուն արդար, ազատ Հայաստանի կառուցման, ուր ժողովրդավարությունը, մարդկային իրավունքների հարգումն ու քաղաքակրթական մյուս արժեքները բնականորեն ընդունված են լինելու եւ հիմք են հանդիսանալու մեծ ազգային նպատակի շուրջ համայն հայության համախմբման եւ զորակցության համար:
Դրա երաշխիքը մեր անկախացած եւ ուժեղացող պատականության գոյությունն է:
Ոչ ոք թող ոչինչ չխնայի ապահովելու համար Հայրենիքի անվտանգությունը, զարգացումն ու ամրապնդումը:
Հալեպ, 17-ը դեկտեմբերի 2014թ