Լավագույն դիվանագիտությունը երկրի ամրապնդումն ու շենացումն է
Posted on October 10, 2014, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ ներկայացուցիչները այցելել են Արաքսի հովիտ, որտեղ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ:
Այցելության մանրամասների վերաբերյալ Yerkir. am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:
-Պարոն Մարգարյան, նախ ի՞նչ պատվիրակություն է հոկտեմբերի 6-ին մեկնել Արաքսի հովիտ եւ ո՞րն է եղել այցելության նպատակը:
– Այցելության առիթը եղել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրավերը: ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գլխավորությամբ, Արաքսի հովիտ է մեկնել Հայաստանի մեր Մարզային կոմիտեների անդամներից եւ այլ ընկերներից բաղկացած ավելի քան 30 հոգանոց պատվիրակություն: Պատահական չէ, որ նման ներկայացուցչական կազմով ենք մեկնել, քանի որ այս տարածքների վիճակը, այնտեղ տեղի ունեցող աշխատանքների ընթացքը մշտապես եղել են Դաշնակցության ուշադրության առանցքում: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ մեր կուսակցությունը փորձել է նաեւ տարբեր բնույթի նախաձեռնություններով նպաստել այդ աշխատանքների հաջող ծավալմանը: Կասկած չկա, որ մեծ զոհաբերությունների գնով ձեռք բերվածը պահպանելու եւ ամրապնդելու ճանապարհը դրա կայացումն է՝ իր բնակիչներով եւ զարգացած տնտեսությամբ: Ուրեմն եւ այցելության նպատակը տեղում լինելը եւ անմիջականորեն գործերի ընթացքին ծանոթանալն էր:
-Արդարացա՞ն ձեր ակնկալիքները, ինչպիսի՞ տպավորություններ ստացաք:
– Նախ ասեմ, որ այցելությունը լավ էր նախապատրաստված: Մեզ հետ հանդիպման էին եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, նախարարներ եւ այլ պաշտոնյաներ՝ Արցախի նախագահի գլխավորությամբ: Արաքսավան բնակավայրում նշածս պաշտոնյաները բավականին մանրամասնորեն պատմեցին ընթացող աշխատանքների մասին, պատասխանեցին մեզ հետաքրքրող հարցերին: Մասնավորապես ներկայացվեց բուն Արաքսավանի զարգացման ծրագիրը, որի մեջ ներառված էր հարմարավետ բնակարանների կառուցումը՝ հարակից հողամասերով, գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ օժանդակ կառույցներով, անհրաժեշտ ենթակառույցների ստեղծումով եւ այլն: Այն ինչ թղթի վրա էր, եթե իրականության վերածվի, ինչին հավատում եմ, ապա ոչ միայն շատ անհրաժեշտ, այլեւ կարեւոր գործ արված կլինի, եթե նկատի ունենանք, որ ընտրված տարածքը գտնվում է Արաքս գետից ոչ հեռու, հանգուցային ճամփաբաժանի վրա: Ծանոթացանք այս տարածքներում իրականացվող ենթակառուցվածների ձեւավորման ուղղությամբ տարվող, ինչպես եւ այլ աշխատանքների հետ, որոնք լավ հիմք են հետագա ընդհանուր զարգացումն ապահովելու համար: Չնայած եղած դժվարություններին այստեղի բնակիչները, բանջարաբոստանային կուլտուրաների, եգիպտացորենի մշակմամբ են զբաղված, նորաստեղծ ավանում ծանրաբեռնվածությամբ աշխատում էր առաջին վերամշակող գործարանը: Ամենաուրախալին այն էր, որ ինչպես տեսանք, Լեռնային Ղարաբաղի իշխանությունը վճռականությամբ ձեռնամուխ է եղել երկիրը շենացնելու, հզորացնելու գործին: Ամենակարեւորն իհարկե հավատն է, ազատագրված հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ: Այս դիրքորոշումը նաեւ ամենալավ պատասխանն է այն թերահավատությանը, այն հոռետեսական տրամադրություններին, որոնք երբեմն արտահայտվում են կապված՝ բանակցությունների, քաղաքական գործընթացների հեռանկարի հետ: Այսօրվա լավագույն դիվանագիտությունը անկախացած երկրի ամրապնդումն ու շենացումն է:
-Ինչպե՞ս եք գնահատում այցելությունը, արդյո՞ք այն նաեւ գործնական արդյունք ունեցավ:
– Այցելությունը օգտակար էր, քանի որ մեր աչքով տեսանք ու պատկերացում կազմեցինք շատ բաների մասին: Բայց այցը օգտակար էր ոչ միայն ճանաչողության առումով:
Հանդիպումը այո, ունեցավ նաեւ գործնական արդյունք: Մենք այսու հանձնառություն ենք առնում նշված տարածքում, 10 հեկտարի վրա, հիմնելու Նռան այգի: Սա կլինի առաջին փուլի առաջին ներդրումը: Երկրորդ փուլում կկառուցվի գործարան, որտեղ կարտադրվի նռան խտանյութ:
-Պարոն Մարգարյան, օգտվելով առիթից, այլ թեմայով մեկ հարց: Լրատվամիջոցներում կրկին հրապարակումներ են հայտնվել, թե ՀՅԴ-ն պատրաստվում է իշխանության հետ կոալիցիա կազմել: Ճի՞շտ են արդյոք այս լուրերը:
– Բոլորովին վերջերս առիթ եմ ունեցել հերթական անգամ hերքելու նման խոսակցությունները: Չգիտեմ միտում կա խորքում, թե այլ պատճառով է, որ նույն հարցը անընդհատ շահարկվում է: Շատ հստակ պատասխանում եմ՝ մեր օրակարգում նման հարց չի եղել եւ չկա:
yerkir.am
Տարածել.