RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Երկրին պետք են համակարգային փոփոխություններ

Posted on September 20, 2014, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համակարգային փոփոխությունների մասինrant

Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում, ինչպես հայտնի է, հրավիրել է համապետական հանրահավաք: ՀՅԴ-ն, որը մինչ այդ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հետ համագործակցում էր, պայմանավորված այն հանգամանքով, որ կողմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, հանրահավաքին չի մասնակցի:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը կիսում է կուսակիցների դիրքորոշումը եւ կարծում է, որ այսօր պատմական առիթ է ստեղծվել երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար:

Նրա խոսքով՝ քառյակի կազմից ՀՅԴ-ն դուրս է եկել փոխադարձ համաձայնության արդյունքում: Իսկ այն քննադատությունները, որոնք, ըստ ՀՅԴ բյուրոյի անդամի, այդ համաձայնությունից դուրս են հնչում, էթիկայի կոպիտ խախտումներ են: «Դա հիշեցնում է մի ոճ, որ ժամանակին, երբ որ իրենք իշխանություն էին, գործադրում էին, եւ ճիշտ համակարգային փոփոխությունը նրա համար է անհրաժեշտ, որ այդ տեսակ ուժը չգա իշխանություն,- ասաց նա՝ հավելելով:- Կարծում եմ, որ ունենք պատմական առիթ երկիրը դնելու ճիշտ ուղու վրա, եւ ափսոս է, որ մենք այս առիթը կորցնում ենք: Նրանք, ովքեր Հայաստանի համար ցավում են, չեն կարող սահմանադրական փոփոխություններին կողմնակից չլինեն»:

Ըստ Հ. Մարգարյանի՝ փոփոխության վերաբերյալ իրենք ունեն իրենց պատկերացումները եւ հենց այդ պատկերացումների համար էլ պայքարելու են:

Հարցին, թե կկարողանա՞ք իշխանությանը պարտադրել ձեր մոտեցումները, ՀՅԴ Բյուրոյի անդամն ասաց, թե հույս ունեն, որ կկարողանան, իսկ եթե ավելի ընդլայնված լիներ խումբը, հավանականությունն ավելի մեծ կլիներ:

ԳԱԼԱ-ի հարցին, թե տեսակետներ են հնչում, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու Սերժ Սարգսյանի նպատակներն ազնիվ չեն, որ նա ցանկանում է վերարտադրվել, արդյո՞ք ՀՅԴ-ն նման մտավախություն չունի, Հ. Մարգարյանն արձագանքեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ այս իշխանությունները վերարտադրվել են գործող Սահմանադրությամբ, այսինքն անընդհատ վերարտադրվել են գործող Սահմանադրությամբ, ինչպես կարելի է ասել, որ Սահմանադրությունը փոխում են, որ վերարտադրվեն: Սահմանադրական փոփոխությունները կանխելու են, որպեսզի որեւէ մեկը կարողանա այս երկրի մեջ ստեղծի անձնական իշխանություն: Անձնական իշխանություն չկարողանա ստեղծել, որովհետեւ կարծում եմ, որ համակարգային փոփոխությունը բերելու է իրական ժողովրդավարական պետություն մեր երկրի համար եւ կոլեգիալ՝ Ազգային ժողովի մակարդակով հարցերը քննարկվելու, լուծում են ստանալու, եւ դա է հիմնական գրավականը երկրի առաջընթացի»:

ՀՅԴ Բյուրոյի անդամը հայտարարում է՝ նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, դեմ են Հայաստանի զարգացմանը :«Անձնական ամբիցաների պատճառով երկրի առաջընթացին դեմ են: Իրենք էլ մի ժամանակ կողմ էին այդ փոփոխություններին, հիմա ի՞նչ է պատահել: Ասեմ՝ ինչ է պատահել, որոշները կարծում են, որ կարող են ստեղծել անձի իշխանություն, բայց այս երկիրը էլ չի կարող շալակել նման բան: Հավանական եմ համարում նախագահի ընտրությունների ժամանակ նախագահ դառնալ, Սերժը փոխարինվի մեկ ուրիշ Սերժով, բայց երկրում ոչինչ չփոխվի: Երկրին պետք են համակարգային փոփոխություններ»,- ասաց նա:

Փայլակ Ֆահրադյան

galatv.am

Leave a Comment