Արցախի հարցով մեզ համար նահանջն անթույլատրելի է
Posted on March 26, 2014, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.
Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
– Արցախում առաջին անգամ էր, որ գումարվեց ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողով: Արդյոք դա պատահականություն էր:
– Բնականաբար, դա պատահականություն չէ: Դա քաղաքական որոշման արդյունք է: Ես մի առիթով օրերս ասել եմ, որ մենք Արցախ չենք այցելել, մենք ապրում ենք Արցախով: Ժամանակին մենք եղել ենք Արցախյան ազատամարտի առաջին գծում, զենքը ձեռքներիս ենք պաշտպանել այս երկիրը եւ ապահովել նրա ազատությունը: Այսօր կյանքը մեզ ստիպել է, որ տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջազգային բեմերի վրա Ղարաբաղի համար մարտը շարունակենք: Այդ մարտը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ՝ առաջին գծում զենքը ձեռքիդ կռվելուց մինչեւ ամբողջ կյանքիդ ընթացքում մաքառելով եւ աշխատելով: Աշխատանք դիվանագիտական մարզում, աշխատանք քաղաքական մարզում, աշխատանք տնտեսական մարզում, բայց նույն նպատակի համար` Արցախի համար: Այդ առումով՝ մենք խորթ չենք Արցախին, մենք նոր չենք այստեղ: Մեր կազմակերպությունը ներկայություն ունի Արցախում, մեր շարունակությունն է Արցախում, որովհետեւ Արցախում ունենք կառույց եւ գուցե այդ առումով մենք զանազանվում ենք բոլոր մյուս հայկական կազմակերպություններից: Միայն մենք ենք, իբրեւ համահայկական կուսակցություն, որ Արցախում ներկայություն ունենք: Միայն մենք ենք, իբրեւ Հայաստանի Հանրապետության մեջ աշխատող կուսակցություն, որ նաեւ աշխատում ենք այստեղ, իսկ սա բավական բան է ասում: Սակայն չպետք է մոռանանք, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեր կազմակերպությունը, Արցախից դուրս աշխատող բոլոր կառույցները Արցախը համարել են իրենց գերխնդիրը: Այդ առումով՝ Արցախը դարձել է մեր ամբողջական կուսակցության գերխնդիրը, եւ դրա համար մենք մեր հնարավորությունների եւ կարելիությունների առյուծի բաժինը տրամադրել ենք Արցախին: Այսօր ավելի ու ավելի ենք համոզվում, որ այդ գործելաոճը արդարացված է, որովհետեւ պայքարը չի ավարտվել: Մենք համոզված ենք, որ մինչեւ վերջնական արդյունք մենք պետք է լինենք պատրաստ, պետք է լինենք ամուր, վճռական, որպեսզի գրանցենք մեր ցանկալի արդյունքը եւ առաջ անցնենք: Իսկ վերջնական արդյունքը Արցախի միացումն է Հայաստանին:
– Դաշնակցության օրակարգում Արցախի հետ կապված ինչ հարցեր գոյություն ունեն:
_ Նախ եւ առաջ՝ գոյություն ունի Արցախի դե ֆակտո անկախության փաստն արձանագրելու խնդիր: Այդ առումով՝ երեւի թե դե ֆակտո անկախությունն ավելի կարեւոր է, քան իրավաբանորեն ինչ-որ ձեւակերպումները, սակայն այնուամենայնիվ դա եւս գոյություն ունեցող խնդիր է: Այսօրվա դրությամբ միջազգային քաղաքական կյանքը լարված է ու ալեկոծված: Ստեղծվում է նոր աշխարհակարգ, լարվում եւ կարծրանում են Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունը եւ մենք՝ իբրեւ հայ ժողովուրդ, հայտնվել ենք ինչ-որ ճակատում: Սակայն մենք իրավունք չունենք թույլ տալ, որ Արցախի հարցը Ռուսաստան-Արեւմուտք լարվածության ստվերի մեջ հայտնվի: Մենք նաեւ չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետություն-Արեւմուտք հարաբերության մեջ սպասվող լարվածությունը ստվերի տակ թողնի Արցախը: Հայաստանի ներքաղաքական կյանքը եւս հանդարտ չէ եւ առկա իրավիճակը հղի է նորանոր անակնկալներով: Այստեղ եւս իշխանություն-ընդդիմություն պայքարի մեջ պետք է զգուշանանք, որ Ղարաբաղի հարցը չմնա այդ հարաբերությունների ստվերի մեջ: Կարեւորն այն է, որ ինչպես մեզ համար, հայ ժողովրդի քաղաքական այլ ուժերի համար եւս Արցախը մնա հստակ, պայծառ, առանձին եւ մեծ կարեւորությամբ խնդիր: Մենք պետք է կարողանանք Արցախի հարցը՝ որպես հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի արդար հարց, ներկայացնել աշխարհին, որտեղ պետք է ցույց տանք մեր վճռականությունը եւ միասնականությունը՝ Արցախին եւ Արցախի հարցին սատարելու առումով: Ես համոզված եմ, որ սա շատ կարեւոր հանգամանք է: Մենք չպետք է թույլ տանք, որ որեւէ երեւույթ իր ստվերը գցի Արցախի հարցի վրա: Եւ այդ հարցի հիմնական երաշխավորը մենք ենք, մենք` իբրեւ հայ ժողովուրդ: Ես մեր կուսակցությանը համարում եմ այդ հարցի երաշխավորը: Ես կուզեի, որ բոլորը մեզ հետ միասին ճիգ թափեն, որ ներքին խնդիրները պատճառ չդառնան, որպեսզի Ղարաբաղի հարցի հետապնդումը վիրավորվի: Միայն այդպիսով կկարողանանք համայն աշխարհին ապացուցել, որ Արցախը ամբողջությամբ վայելում է հայ ժողովրդի համակրանքը եւ ապացուցենք, որ Արցախի հարցով մեզ համար նահանջն անթույլատրելի է: Այս վճռականությունը եւ միասնականությունը գլխավոր նախապայմանն է, որպեսզի կարողանանք հաղթահարել միջազգային քաղաքական ալեկոծված այս փուլը: Աստված մի արասցե՝ որեւէ կորուստ ունենանք:
– Ժողովին ներկա էին նաեւ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատուներ ու աշխատակիցներ: Առաջիկայում շարունակվելո՞ւ են արդյոք ակտիվ աշխատանքները Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:
– Բնականաբար, այդ աշխատանքները շարունակվելու են, եւ այդ աշխատանքների արդյունքում ակնկալվում են նորանոր նվաճումներ: Ես դրանում չեմ կասկածում: Դա մեր պայքարի մի մասն է եւ մեր էության անբաժան մասը: Արդեն կան հաջողություններ, եւ ես վստահ եմ, որ նորանոր հաջողություններ են լինելու: Մեզ այդ հարցում չպետք է մտահոգի շուտափույթ արդյունքներ ունենալու խնդիրը: Մեզ պետք է ոգեւորի, պետք է ամրացնի այն փաստը, որ արդեն անկախ Արցախը երկու տասնամյակ բոլորած պետություն է: Սա շատ ավելի մեծ արժեք ունի: Արցախի դե յուրե ճանաչումը պետք է գա համալրելու եւ ամբողջացնելու ձեռք բերված նվաճումները:
– Վերջերս փորձեր արվեց նմանություններ գտնել Ղրիմի եւ Արցախի ինքնորոշման իրավունքների միջեւ: Ձեր տեսակետն այդ հարցի շուրջ ինչպիսին է:
-Պատմական երեւույթները կարող են ինչ-որ տեղ իրար նմանվել եւ ինչ-որ տեղ ունենալ ընդհանուր գծեր, բայց ամեն մի հարց ունի իր յուրահատկությունները: Եթե ասեմ, որ Արցախի հարցն ունի իր յուրահատկությունը, դա չի նշանակում, որ ուզում եմ հակադրվել Ղրիմի ինքնորոշման ճիգ ու ջանքին: Եւ եթե ասեմ, որ ունի նմանություններ, դա չի նշանակի, որ ուզում եմ ինչ-որ բան ընդհանրացնել: Արցախի հարցը իր պատմական հոլովույթով, իր ընթացքով յուրահատուկ հարց է, եւ մենք չենք շահի, որ Արցախի հարցը որեւէ հարցի հետ նմանեցնենք: Բայց մի բան գոյություն ունի, որ ժողովուրդների ինքնորոշման խնդիրը սկսվել է գնահատվել բոլորի կողմից: Հենց դա է այն կարեւոր զուգակցումը, որից պետք է կարողանանք հնարավորինս լավագույն արդյունքներ քաղել:
– 2015 թվականին նշելու ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այսօր Դաշնակցությունը Հայոց ցեղասպանության հարցում ինչ ծրագրեր է առաջնային համարում:
-Ցեղասպանության 100-ամյակը ուղղակի առիթ է, որ մենք կարողանանք մեր պայքարի մեջ մի նոր հանգրվան սկսել: Ես այդ հանգրվանը կանվանեի պահանջատիրական հանգրվան: Մեզ համար 100-ամյակի ոգեկոչումը առավելաբար քաղաքական կարեւորություն ունի: 100-ամյակի ոգեկոչումը ինչ-որ պատմական թվականի նշում չէ, ծիսակատարություն չէ: Մենք համոզված ենք, որ 100-անյակը առիթ է, որը մենք պետք է օգտագործենք քաղաքականորեն նոր նվաճում արձանագրելու համար: Համոզված եմ, որ այս նպատակն իրականացնելու համար արդեն իսկ առկա են նախապայմաններ: Առաջին քայլն արդեն իսկ արձանագրվեց, երբ մեր զույգ կաթողիկոսները, մեր կրոնական, եկեղեցական ժառանգությանը տեր կանգնեցին եւ, այսպիսով, հայ ժողովուրդը փաստորեն անցում կատարեց դեպի նոր հանգրվան: Ես հենց դրանով եմ կարեւորում 100-ամյակը՝ համարելով այն պայքարի որակի եւ ուղղվածության առումով անկյունադարձային:
Հարցազրույցը՝ Անի ԱԶԱՏՅԱՆԻ
aparaj.am