Իմ պատասխանը Պուտինի նման է` չեմ պատասխանում
Posted on November 24, 2013, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՙԱլիք՚-ի հարցազրոյցըը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ
-Հասարակական-քաղաքական շրջանակներում մինչ սեպտ. 3-ը` չքննարկւած, բայց այդ թւականից յետոյ, արդէն չարչրկւած թեմա է Հայաստանի Մաքսային միութեանը միանալու հարցը:
Հետաքրքիր է իմանալ, ի վերջոյ, որն է ՀՅԴ-ի դիրքորոշումը` Մաքսային միութեանը միանալ-չմիանալուն եւ առհասարակ հասարակա-քաղաքական հնչեցրած կարծիքների մասին:
-Մենք մեր տեսակէտը մամուլով պարզել ենք. մենք սկզբունքային խնդիր չունենք: Գտնում ենք, որ Հայաստանի անվտանգութեան թելադրանքները եւ էներգետիկ դժւարութիւնները կրկնակիօրէն են կարեւորում Մաքսային միութեանը միանալու անհրաժեշտութիւնը: Թէպէտ մի տեղ նաեւ միաժամանակ շեշտենք, որ եւրոպական արժեչափերին երկիրը համապատասխանեցնելու եւ այդ ուղղութեամբ քայլելու անհրաժեշտութիւն ունենք: Ուղղակի ձգտումը այդ ուղղութեամբ չպէտք է կանգ առնի կամ կանխւի:
Այսօրւայ մտահոգութիւնները, որ ժամանակ առ ժամանակ հրապարակում հնչեցւում են, հէնց բխում են այն փաստից, որ դեռ շատ պարզ ու յստակ չէ, որ դա ինչ պայմանագրերի, ինչ պայմանաւորւածութիւնների հետեւանքով է կայանալու: Այդ պատճառով` ես կարծում եմ, որ բնական են այդ խօսակցութիւնները, բայց չենք շտապում վերջնական դիրքորոշում ունենալու, որովհետեւ ես կարծում եմ, որ ՙջուրը չտեսած` չպէտք է բոբիկանալ՚, պէտք է սպասել մինչեւ որ հարցերը վերջնական ձեւ եւ կերպարանք ստանան, որից յետոյ է, որ, բնականաբար, պէտք է վերջնական խօսք ասել: Սկզբունքային մակարդակով մենք խնդիր չենք տեսնում եւ համաձայն ենք:
-Հանրայայտ գրող-հրապարակախօս Զօրի Բալայեանը այդ առթիւ երկարաշունչ նամակով դիմել էր ՌԴ նախագահ Պուտինին, որը տարակարծիք մտքերի տեղիք տւեց: Ինչ կասէք այդ մասին:
-Ճիշտն ասած` ես չեմ հասկանում այս հարցի նմանօրինակ մեծացման պատճառը: Պուտինը նրա նամակին չի պատասխանել, որին ուղղւած է եղել. մենք ինչո±ւ պէտք է անընդհատ պատասխանենք: Կարծում եմ, որ անշնորհակալ գործ ենք անում` իմ պատասխանը Պուտինի նման է` չեմ պատասխանում:
-Պրն. Մարգարեան, վերջերս նկատելի է ՀՅԴ-ի աշխոյժ բանակցային-երկխօսութեան գործընթաց` քրդական ուժերի եւ կուսակցութիւների հետ: Ինչ նոր նկատառումներ կը ցանկանայիք մատնանշել սոյն երեւոյթի մասին:
-Դժւար է մի քանի այդ հանդիպումները որակել իբրեւ աշխոյժ բանակցութիւններ կամ հանդիպումներ: Տարածաշրջանում այսօր ամենալուսաւոր կէտը քրդական շարժումներն են` որպէս ամենալուսաւոր կէտ, որոնք ինչ-որ առումով կարեւոր առնչութիւն ունեն մեզ հետ` նոյն աշխարհագրական միջավայրում, նոյն հարցերը դիմագրաւող, յաճախ նոյն պետականութեան հետ խնդիր ունեցող շարժումներ ենք, նոյն ճակատագիրը ունեցող ժողովուրդների մասին է խօսքը եւ ես կարծում եմ, որ շատ բնական են այդ հանդիպումները եւ տեսակցութիւնները: Անբնական կը լինէր այն ժամանակ, երբ այդ հանդիպումները չլինէին, բայց դեռ շատ հեռու ենք, որ կարողանանք այս առումով վերջնական խօսք ասել:
-Ինչպէս կը բնութարէիք ընդհանրապէս հայ-իրանական փոխյարաբերութիւնները` մասնաւորապէս ԻԻՀ-ում ձեւաւորւած նոր կառավարութեան առկայութեամբ: Ի±նչ բացեր կամ բացթողումներ կարելի է մատնանշել վերոյիշեալ յարաբերութիւնների ծիրում:
-Ես կարող եմ ասել, որ հայ-իրանական յարաբերութիւնները բնորոշւում են նրանով, որ երկու կողմում էլ առկայ են բարի ցանկութիւններ, երկու կողմում էլ առկայ են լաւ տրամադրութիւններ, բայց այս յարաբերութիւնները հեռու են բաւարար համարւելուց:
Վերջին հաշւով` շատ ճանապարհ ունենք կտրելու, որպէսզի այդ յարաբերութիւնները իրական խորք, արմատ ունենան, Իրանը կարողանայ կարեւոր տեղ ունենալ մեր արտաքին քաղաքականութեան եւ ներքին, վերջին հաշւով, տնտեսութեան ձեւաւորման եւ այլ հարցերի մէջ կարեւոր օրակարգային խնդիր դառնայ եւ նոյնը դառնայ Հայաստանը ինչ-որ իմաստով Իրանի համար, որովհետեւ կարծում եմ, որ Իրանը մեծ կարեւորութիւն ունի Հայաստանի համար, բայց Հայաստանը եւս նւազ կարեւորութիւն չունի Իրանի համար: Մենք բնական դաշնակիցներ ենք, ռազմավարական դաշնակիցներ ենք եւ այդ ամբողջը մինչեւ իրականութիւն դառնայ, իրական ուժ դառնայ` երկար ճանապարհ ունի կտրելու ու ես կարծում եմ` երկու երկրներում էլ անհրաժեշտ է, որ ծրագրւած նպատակային ճիգ ի գործ դրւի, որպէսզի այդ յարաբերութիւնները շատ աւելի խորքային բնոյթ ունենան:
-Եւ վերջապէս hայաշխարհի եւ մասնաւորապէս Սփիւռքի մերօրեայ ցաւոտ հարցի` սիրիահայութեան անմխիթար իրավիճակի մասին, ինչպէս կուրւագծէք ներկայ գործընթացներն ու ենթադրւող հեռանկարը:
-Ճիշտն ասած` այն, ինչ որ պէտք է հրապարակաւ ասեմ, միայն պէտք է լինի բարի ցանկութիւն, որ պատերազմը աւարտւի, որ մեր ժողովուրդը կարողանայ իսկապէս անցեալ համարի այն դժւարութիւները, որ ունեցել է:
Սիրիահայութիւնը մեր ամենավտանւած շրջանն է այսօր, բայց նաեւ սիրիահայութեան դերը` հայկական իրականութեան մէջ, մասնաւորաբար Սփիւռքում անմոռանալի է. հէնց այն փաստը, որ յաճախ սիրիահայութիւնը կոչել են մայր համայնք` դրանով շատ բան է ասւում: Այդ ժողովրդի անվտանգութեան հարցը այսօր գերխնդիր է եւ այդ գերխնդրի յարաբերութեան մէջ մենք, հայ ժողովուրդը իր պետութեամբ, իր զանազան հատւածներով լուրջ եւ ամենօրեայ անելիք ունի: Դա միջազգային հանրային կարծիքի վրայ ազդելու առումով, դա մեծ պետութիւնների, որոնք դերակատար են Սիրիայում, այդ պետութիւնների հետ ճիշտ յարաբերական աշխատանք տանելու առումով, դա` օժանդակութիւնները Սիրիա, սիրիահայութեանը հասցնելու առումներով եւ այսպէս ասած սիրիահայութեան արտագաղթած հատւածներին տէր կանգնելու առումներով: Այս առումով մենք մեծ աշխատանք ունենք անելու: Մենք գործ ունենք անելու, որովհետեւ սիրիահայութիւնը այսօրւայ Սիրիայի պատերազմում, որը յաճախ նաեւ տեղի ուժերի պատերազմ չէ, այլ դրսի ուժերի պատերազմ է, Սիրիան նաեւ այդ պատերազմի զոհ է դառնում, այսօր վտանգւում է նրա հանգիստը, նրա գոյութիւնը: Եւ սա հէնց մատնանշում է, որ շատ-շատ երկրներ, մասնաւորաբար արեւմտեան կողմն աշխարհի, ուղղակի պատասխանատւութիւն են կրում սիրիահայութեան համար, որը չունի հաւանաբար աշխարհագրական այնպիսի դասաւորութիւն եւ այնպիսի թիւ, որը կարողանայ առանձնաբար իր ինքնապաշտպանութիւնը կազմակերպել: Կարծում եմ` սիրիահայութեան անվտանութեան հարցը եւ սիրիահայութեան օգնութեան հարցը նաեւ պէտք է լինի միւս պետութիւնների օրակարգի հարց. վերջապէս, սիրիահայութեան իրավիճակը առաւել ծանրացող խղճի հարց է, եթէ այդ խիղճը կարող են ունենալ այն պետութիւնները, որոնք այսօր դերակատար են Սիրիայում:
Հարցազրոյցը վարեց
ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ
Alikonline.ir