RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Արժանի լինենք մեզ բաժին ընկած պատասխանատվությանը

Posted on May 27, 2002, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խոսքը
Հայաստան-Սփիւռք երկրորդ խորհրդաժողովի բացման նիստին

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստան- Սփիւռք երկրորդ խորհրդաժողովի բացման նիստին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի արտասանած խօսքը:

Սիրելի Ժողովուրդ,

Պատիվ ունեմ, Հայ Հեղափոխական Դաշնակցության միաձույլ ընտանիքի անունից, ողջունել համահայկական այս երկրորդ համախմբումը:

Մենք այստեղ ենք գործնական աշխատանքի ակնկալիքով:

Մեզ ամենքիս այստեղ է բերել այլևս պարզ այն գիտակցութունը, որ պետությունների, ժողովուրդների նորօրյա մրցակցութան մեջ ինքնուրույն մեր տեղը կարող ենք ապահովել, եթե միասին ենք: Եթե հայոց անկախ պետականությունը եւ հայկական կազմակերպ Սփյուռքը գործում են մեկ եւ նույն ռազմավարական ուղղությամբ, գործում են համակարգված, փոխլրացնելով միմյանց:

Եթե անգամ Հայաստանը մոտ ապագայում դառնա ուժեղ, տնտեսապես զարգացող, իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը երաշխավորող, առավելագույնս ինքնուրույն երկիր (ինչն ամենքիս գործն ու երազանքն է), դարձյալ մեր պետության ուժը անբավարար է աշխարհաքաղաքական զարգացումներում ծանրակշիռ դերակատարություն ստանձնելու: Բայց եթե կարողանանք կազմակերպել եւ այդպիսի պետության ուժին գումարել Սփյուռքի կարողականությունը, Հայաստանն ու հայությունը աշխարհում իրոք հաշվառելի գործոն կդառնան:

Այո, անկախ պետականությունը բարձրագույն արժեք է, բայց այն նաեւ միջոց է աշխարհում ազգի լավագույն ինքնադրսեւորման նպատակի համար:
Այո, Սփյուռքը մեր պատմական դժվար ճակատագրի արդյունքն է, որ թուլության նշան է եղել երկար ժամանակ: Բայց ներկա աշխարհում, երբ ժամանակն ու տարածությունը նահանջել են մտքի եւ կազմակերպվածության առաջ, մենք կարող ենք ու պարտավոր ենք մեր թուլությունը հսկայական առավելության վերածել: Եվ սա ամենուրեք. եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ հոգեւոր-մշակութային ոլորտներում:

Մեր ընդհանուր նպատակի իրագործման ճանապարհին հիմնական խնդիր է Հայաստանում եւ Սփյուռքում ազգային արժեքներով, պետական շահերով առաջնորդվող, պարկեշտ, բանիմաց, նոր ժամանակներում գործելու ընդունակ, միասնական ընտրանիի ձևեւվորումը. քաղաքակա՛ն, տնտեսակա՛ն, հոգեւոր-մշակութայի՛ն ընտրանիի:

Հայաստանին ու հայությանը անհրաժեշտ է երեք բան.
Առաջինը, կազմակերպված միտք: Այսօրուայ աշխարհում ամենահզոր ուժը միտքն է, կազմակերպված միտքը:

Երկրորդը, վերը նշված ընտրանիի գոյությունն է:

Երրորդը, կազմակերպված աշխատանքը եւ՛ Հայաստանում, եւ՛ հայության մեջ ընդհանրապես: Միայն այս ապահովելով կկարողանանք համընթաց քայլել քաղաքակիրթ աշխարհի հետ:

Դանդաղ կշռույթով զարգանալը, դանդաղ կշռույթով կազմակերպվելը մեզ համար հեռանկար չէ: Մենք պարտավոր ենք կտրուկ, համարձակ նպատակներ դնել եւ իրագործել դրանք, որ ինչ-որ պահի հավասարվենք զարգացած ժողովուրդներին ու դիմանանք այլ չափումներով ընթացող ազգերի մրցակցությանը:

Ես համոզված եմ, մենք ունենք այդ ներուժը եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփյուռքում: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք այդ անել:

Ցավոք, մենք շատ ժամանակ ենք կորցրել: Շարունակում ենք կորցնել:

Որքան էլ, պատճառներն օբյեկտիվ, աններելի է, որ Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը անառողջ է, քաղաքական համակարգը, լիարժեք չկայացած, կոռուպցիան ու հովանավորչությունը, համատարած, սոցիալական արդարության, համերաշխության գաղափարները, ոտնահարված:

Ոչինչ այնքան ու այնպես չի հուսալքում, նպատակազուրկ չի դարձնում հայ մարդուն, որքան անարդարության, անօրինականության աղաղակող, անպատիժ դրսեւորումը:

Պետք է սթափվել այլեւս: Իրավիճակը կտրուկ բարեփոխելու քաղաքական կամք ու վճռականություն է անհրաժեշտ: Եվ երկրի բարձրագույն ղեկավարությունից մենք պահանջում ենք այդ կամքն ու վճռականությունը:

Իբրեւ սեփական հայրենիքում գործող լիարժեք քաղաքական կուսակցություն, Դաշնակցությունը պատրաստ է գործուն մասնակցություն բերել երկրում պատասխանատվության, բարոյականության, արդարության սկզբունքների հաստատմանը:

Միայն ժողովրդավարության հետագա խորացմամբ, իրապես քաղաքացիական հասարակության ստեղծմամբ, օրենքի գերիշխանությամբ, յուրաքանչյուր անհատի եւ հայ հավաքականության շահերի պաշտպանությամբ մենք կարող ենք մի քայլ առաջ, մի գուլխ բարձր լինել Հարավային Կովկասի այս բարդ, հակասական տարածաշրջանում: Մենք այլ ելք չունենք:

Խնդիրները շատ են նաեւ Սփյուռքում: Հատվածական շահեր, անհանդուրժողություն, հարմարվող տկարություն, օտարում Հայրենիքից ու հայկականությունից:

Ու դարձյալ ելքը կազմակերպվելն է, իբրեւ հայ ապրելը եւ՛ պատիվ, եւ՛ ձեռնտու դարձնելը:

Այստեղ եւս Դաշնակցությունը պատրաստ է ընդառաջ գնալ, մասնակցել մեր ընդհանուր ուժի կուտակման համակարգված գործողություններին:

Հայրենակիցներ,

Մեր առջեւ ծառացած են բազմազան ու բարդագույն մարտահրավերներ, որոնց քայլ առ քայլ հանգուցալուծումը մեր պատվի ու արժանապատվության խնդիրն է. Հայոց պետականության, հայկական Սփյուռքի հզորացում, Արցախ, Հայաստանի տնտեսության զարգացում, սոցիալական արդարության հաստատում, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում եւ, վերջապես, մեր ապագայի հանդեպ հայ մարդու հավատի վերականգնում: Նաեւ օրախնդիր ու բառացիկ կարեւոր մի հարց եմ բարձրացնում այստեղ, Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների վերաբնակեցումը:

Այս ամենը ջանք ու նվիրվածություն է պահանջում: Եվ ինքնազսպում:
Արժանի լինենք մեր ժամանակին: Արժանի լինենք մեզ բաժին ընկած պատասխանատվությանը:

Leave a Comment