RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Այս Հայրենիքը եւ այս Ժողովուրդը պետք է սիրել

Posted on August 13, 2001, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանի խոսքը
ՀՅԴ Ուսանողական-Երիտասարդական Միութիւնների 7-րդ Համահայկական Բանակումի Բացման

Սիրելի ընկերներ եւ ընկերուհիներ,
Բարի եք եկել ձեր ընկերների մոտ, ձեր իրական եւ միակ օրրանը՝ Հայաստան:

Երիտասարդությունը մեր ապագան է: Երիտասարդությունը նաեւ մեր ներկան է. այն առումով, որ դուք ի համեմատություն ձեզ նախորդող սերունդների՝ պետք է կարողանաք լինել շատ ավելի համարձակ, պետք է կարողանաք լինել շատ ավելի նախաձեռնող, պետք է կարողանաք լինել շատ ավելի նվիրված, պետք է կարողանաք լինել շատ ավելի սկզբունքային, որովհետեւ եթե ձեր նախորդող սերունդները կյանքի փորձի բերումով հաճախ ունենում են կաշկանդումներ, կյանքի փորձի բերումով հաճախ ունենում են քարացած հարաբերություններ, քարացած սովորություններ, սովորամոլություններ, շահախնդրություններ, այս ամբողջից զերծ պետք է լինեք դուք: Եվ ճիշտ այդ առումով ձեր սկզբունքայնությամբ, ձեր համարձակությամբ, ձեր նախաձեռնության ոգով պետք է կարողանաք այսօր մեր ուղեցույցը լինել, մեզ հիշեցնողի, ազդարարողի, մեզ զգաստ պահողի դերի մեջ լինել: Դուք ձեր բանակումը անցկացնում եք Հայրենիքում եւ դա մեծ իմաստ ունի: Մեր անկախ պետականության վերաստեղծումով, Հայաստանի անկախացումով, մեր իրականությունը, Դաշնակցության իրականությունը, Հայ Դատի պայքարի իրականությունը նոր լիցք ու բովանդակություն է ձեռք բերում: Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, հայկական պետականությունը այն հիմնական կռվանն է, այն առանցքն է, որի վրա հիմնված մենք պետք է կարողանանք Հայ Դատի պայքարը վերջնակետին հասցնել. Հայաստանի Հանրապետութեան գոյությունը, պետականության գոյությունը այս մեծ իմաստն ու խորհուրդն ունի փոխանցելու ձեզ, որ հետայսու մեր ամբողջական պայքարի մեջ պետք է նկատի ունենանք, որ առանց այս Հայրենիքի, առանց այս պետականության հայություն չկա: Առանց այս Հայրենիքի, առանց այս պետականության՝ կարելի է լավագույն դեպքում մտածել, որ հայությունից կմնա ինչ-որ մի հավաքականություն: Դա այլեվս ժողովուդ չի լինելու, դա այլեւս ազգ չի լինելու: Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը հիմնական կռվանն է մեր պայքարի, հիմնական մասն է: Այս գիտակցությամբ պետք է մոտենալ: Հայրենիքը մեր պայքարի իմաստն է, ելակետն է եւ նպատակակետն է: Այս Հայրենիքը եւ այս Ժողովուրդը պետք է սիրել:

Դուք այսօր տարբեր երկրներից մեկտեղվել եք այստեղ, տարբեր կենցաղի եւ տարբեր սովորություններով ապրած երիտասարդություն, որ համատեղվել է այստեղ եւ պետք է փորձի առաջիկա տաս օրում ապրել միասին: Դա միայն մի կերպ է հնարավոր, որ ամեն մեկս գիտակցենք, որ կենցաղային հարցերում սխալ եւ ճիշտ գոյություն չունի եւ ճիշտ այդ առումով պետք է հարգենք մեկս մյուսի սովորությունները, պետք է հարգենք ամեն մեկս մյուսին եւ ոչ մի բան չպետք է ծաղրի առարկա դառնա: Միայն այդ ձեւով է որ առաջիկա տաս օրը կկարողանանք արդյունավետ անցկացնել:

Հույս ունեմ, որ այս բանակումը մի նոր խթան կդառնա, մի նոր առիթ կդառնա, որ դուք վերանորոգեք ձեր ուխտը կապված Դաշնակցության, Հայաստանի եւ հայ ժողովրդին, կապված այս ժողովրդին եւ Հայրենիքի ապագային: Սա պետք է նոր խթան դառնա որ դուք իսկապես կարողանաք ձեր կյանքի միակ նպատակը, գլխավոր նպատակը դարձնեք Հայաստանը եւ Հայ ժողովուրդը: Սա պետք է նոր խթան դառնա որ դուք ձեր կյանքը այնպես ծրագրեք, որ անկախ նրանից թե դուք ուր եք, ինչ գործով եք զբաղվում, համակարգչի առջեւ եք, թե պետական պաշտոն եք վարում, թե պարզ քաղաքացի եք, պետք է ապրեք այնպես, որ Ձեր ապրելուց շահի Հայրենիքն ու հայ ժողովուրդը:

Ձեր ամեն օրը պետք է նպաստի Հայաստանի եւ հայ ժողովրդի հզորացման: Միայն այդպես է որ մենք կկարողանանք մեր առջեւ դրված նպատակները իրականության վերածել: Այս պայքարի մեջ, այս կյանքի մեջ եթե չլինի այդ անկաշկանդ եւ անմնացորդ նվիրվածությունը դեպի Հայաստանը եւ Հայ ժողովուրդը, մենք բնականաբար չենք հաջողելու, իսկ եթե լինի այդ նվիրվածությունը, անկախ նրանից, թե մենք որտեղ ենք եւ ինչով ենք զբաղվում, մենք կկարողանանք մեր բոլորի նպատակը իրականության վերածել:

Ձեզ կրկին բարի գալուստ եմ հայտնում եւ հաջողություն:

Leave a Comment