RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Կեղծված ընտրությունների պատճառով պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել

Posted on May 15, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, ինչի հետեւանքով երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ:

– Եթե ժողովրդի կամքը չի դրսեւորվել, եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, ուրեմն կեղծվել են: Կեղծիքները զանազան են լինում, ուղղակի այս անգամվա կեղծիքը շատ ավելի պրոֆեսիոնալ ձեւով է ծրագրվել եւ կազմակերպվել: Բայց եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, դա ի՞նչ է նշանակում… եթե քաղաքական ուժերի ճշգրիտ պատկերը, համամասնությունը չի ներկայանում Ազգային ժողով, այդ ընտրություններն ո՞ւմ են պետք: Այս անգամ, կարծում եմ, ընտրատեղամասերում տեղի ունեցած խախտումները, ի հարաբերություն նախորդ ընտրությունների, նվազ էին, բայց այն, ինչ տեղի ունեցավ ընտրատեղամասերից դուրս` ընտրակաշառքի պատկերով, սարսափելի էր, աննախադեպ էր: Այդ տեսակ երեւույթ դեռ չէր եղել առհասարակ: Այդ դեպքում ժողովրդի 90 տոկոսը դժգոհ է վիճակից, բայց 85 տոկոսը քվեարկել է իշխանության օգտին: Դա նշանակում է, որ կեղծ իրավիճակ գոյություն ունի: Սա պայթյունավտանգ իրավիճակ է:

– Դուք կանխատեսո՞ւմ եք սոցիալական կամ քաղաքական պայթյուն:

– Ցանկացած պայթյուն չեմ էլ ուզում, որ լինի, դրա մասին չէ խոսքը, դա ցանկության հետ կապ չունի: Բայց որ այս կեղծ իրավիճակը գոյություն ունի, եւ որ այս վիճակը չի կարող երկար տեւել, ես դրանում վստահ եմ:

– Ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը:

– Ամենասարսափելին արտագաղթի շարունակությունն է: Մարդիկ, որ հուսախաբ են լինում, մարդիկ, որ այլեւս թունելի վերջում լույս չեն տեսնում, եւ իրենց ճակատագիրը փորձում են այլ ափերում փնտրել: Դա ամենասարսափելին է, բայց ես նաեւ չէի ուզենա, որ մենք քաղաքական անկայունության օրեր ապրեինք: Բայց վստահ եմ, որ ինչ-որ կերպ այս կուտակված էներգիան դրսեւորվելու է:

– Դաշնակցությունը ի՞նչ է պատրաստվում անել` հաշվի առնելով, որ ասում եք` ընտրությունները կեղծվել են, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել…

– Մենք պայքարը շարունակելու ենք. ամեն օր, ամեն տեղ անարդարության դեմ պայքարելու ենք: Մենք շղթայազերծելու ենք մի պայքար բոլոր բնագավառներում, բոլոր աստիճաններում, մինչեւ կարողանանք հասնել այն արդյունքին, որ թե ժողովուրդը իմաստ գտնի իր քվեն ճշգրիտ ձեւով արձանագրելու, թե իշխանություններին հնարավոր չլինի այս մեթոդով առաջ գալու, որովհետեւ ընտրատեղամասերում տարվող ընտրակեղծիքները ընտրական հանձնախմբերի ճշգրիտ պարտականությունները կատարելով են պայմանավորված: Ընտրակաշառքի դեմն առնելու գործը իրավապահ մարմիններինն է, նշանակում է` մեր երկրում իրավապահ մարմիններ չունենք:

– Դաշնակցությունը դաշնակիցներ փնտրելո՞ւ է իր այդ պայքարում, եւ եթե` այո, ապա ովքե՞ր կարող են լինել այդ դաշնակիցները:

– Մենք նույնիսկ այս պահին զերծ ենք մնալու ինքնանպատակ գործողություններից. մեր դաշնակիցը համարում ենք ժողովրդին: Կոնկրետ հարցեր հաղթահարելու համար կարելի է ցանկացած ուժի հետ համագործակցել, բայց ընդհանրապես համագործակցությունը ինքնանպատակ չէ: Վերջապես մենք մի ծրագիր ունենք, որն ուզում ենք իրագործել այս երկրում:

– Միասնական շտաբը այեւս գոյություն չունի՞:

– Կարծում եմ` միասնական շտաբը ընտրությունների ընթացքը վերահսկելու համար էր եւ իր ֆունկցիան ավարտել է:

– Առջեւում նախագահական ընտրություններ են, Դաշնակցությունը ի՞նչ է անելու` ո՞ւմ թեկնածությունն է սատարելու կամ իր թեկնածուին առաջադրելո՞ւ է:

– Այդ հարցերի պատասխանը մենք ճշտելու ենք մեր գալիք Հայաստանի գերագույն ժողովի ընթացքում: Ոչ ոք չի կարող ի սկզբանե այդ հարցերին պատասխանել, բայց մեր կազմակերպության մեջ եղած տրամադրությունը փաստում է, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք սեփական թեկնածուով, որովհետեւ ընտրությունները վերջ ի վերջո պայքարի հնարավորություն են, ժողովրդին քաղաքականացնելու միջոց են, եւ այս իշխանությունները, այսպիսի ընտրություն կազմակերպելով, շատ մեծ դժվարություն են ունենալու նախագահական ընտրություններին:

Սարգիս Հարությունյան

 

Leave a Comment