Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից
Posted on May 7, 2012, by admin, under Լուրեր.
«Ազատություն».- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր դժգոհությունն արտահայտեց երեկ կայացած ընտրությունների արդյունքներից:
Նրա խոսքով` ընտրություններում «հաղթեց փողը», եւ «ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»:
«Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով», – ասաց Մարգարյանը:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների, Դաշնակցությունը ստացել է ընտրողների 5.72 տոկոսի քվեն` 86 հազարից ավելի ձայն:
«Արձանագրված արդյունքներից գոհ չեմ, որովհետեւ մեկ անգամ եւս կամ այս անգամ պատճառաբար ավելի մեծ տոկոսով դրսեւորվեց, որ փողն է հաղթում քաղաքական ուժերին: Ես դրա համար ցավում եմ, ցավում եմ մեր ժողովրդի համար: Որովհետեւ այդ նույն իշխանությունները, որոնք այս ժողովրդի թշվառության պատճառն են, նույն այդ ժողովրդի թշվառությունից օգտվեցին իրենց իշխանությունը երկարաձգելու համար», – հայտարարեց նա:
Հրանտ Մարգարյանը չանդրադարձավ ընտրախախտումներին` նշելով. – «Այդ հարցը մեզ մոտ քննարկվում է: Եվ շուտով մենք պաշտոնական հայտարարությամբ հրապարակ կգանք»:
Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը բացառեց 44 տոկոսից ավելի քվե ստացած իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը. – «Այդ մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է»:
Ռուզաննա Ստեփանյան