RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն հաշվետու է ողջ հայության առջեւ

Posted on May 3, 2012, by , under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.

ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումն ընտրատարածքային մարմիններում կուսակցության հանձնաժողովի անդամների, վստահված անձանց եւ կուսակցության շտաբի ներկայացուցիչների հետ:

«Երկիր».- ՀՅԴ-ն միայն սոցիալ-տնտեսական հարցերին չէ, որ լուծում է բերում, այն ազգային կուսակցություն է եւ գիտի` ինչ է ուզում. հյատարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մենք էժան քարոզչությամբ չենք զբաղվում, հակառակ դեպքում չէինք ասի, որ Ղարաբաղի հարցում չպետք է զիջենք: Մենք եթե էժան քարոզչությամբ զբաղվեինք, չէինք ասի, որ պետք է հայ-թուրքական արձանագրությունները գցել աղբարկղը, չէինք ասի, որ Ջավախքի հայությանը պետք է թեւ ու թիկունք լինենք: Մենք ասում ենք, որ Ղարաբաղը չպետք է զիջենք, որ Թուրքիային չպետք է զիջենք, որ մեր երկիրը պետք է զարգանա, հզորանա, որ կարողանանք չզիջել»,- ասաց նա:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ եթե ինքը ղարաբաղցի լիներ, իր ձայնը կտար Դաշնակցությանը, այլ ոչ թե այլ ուժերի: «Որովհետեւ Ղարաբաղի շահը դա է պահանջում, որովհետեւ ՀՅԴ-ն ունի համակարգված ու գաղափարական մոտեցում Ղարաբաղի հարցում: Բոլորը կարող են երես թեքել Ղարաբաղից, բայց ոչ Դաշնակցությունը: Նույնը կասեմ Ջավախքի վերաբերյալ»,- բացատրեց նա:

Ըստ Հրանտ Մարգարյանի` ՀՅԴ-ն հաշվետու է Հայաստանի, Ղարաբաղի, Ջավախքի եւ ամբողջ աշխարհի հայության առջեւ:

ՀՅԴ-ն այս ընտրապայքարում դրական, վճռական դեր ունեցավ, քանի որ փորձեց երկրի ծանր, դաժան իրականությունից դուրս գալու ելք ցույց տալ, նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Փորձեցինք ցույց տալ, թե մենք ինչպես ենք տեսնում այս վիճակից ելքը: Չփորձեցինք «ընդդեմ»-ի քաղաքականություն վարել: Մենք ասացինք, թե այս ծանր իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, ինչ պատճառներ ունի, ինչի հետեւանք է, եւ այս վիճակից դուրս գալու համար ինչ պետք է անենք: Մենք ծրագիր ներկայացրինք, ճանապարհ ցույց տվեցինք: Փորձեցինք «հանուն»-ի պայքար ծավալել եւ ժողովրդին համոզել, որ ելք կա այս վիճակից, հնարավորություն կա»,- հայտարարեց նա:

Դաշնակցությունը ցանկանում էր, որ իր նախընտրական ծրագրի քննարկում, բանավեճ լինի: Դա տեղի չունեցավ երկու պատճառով. խուսափեցին պատասխանել, թե ինչո՞ւ մինչեւ հիմա այդպես չի եղել, հնարավորությունները չեն օգտագործվել, նաեւ «հնարավորություն ունեցան երեւակայական այնպիսի թվեր կրակել, որ դրանով արժեզրկեն, ստվերեն նաեւ տրամաբանորեն կազմված ծրագրերը»:

Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարելի է ձգտել իշխանության` իշխանություն ունենալու համար, նաեւ ձգտել իշխանության` այս երկրին ու այս ժողովրդին ծառայելու համար. «Մենք երկրորդ դասին ենք պատկանում: Այս երկիրն ու այս ժողովուրդը մեր կյանքի իմաստն են»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը փաստեց, որ ՀՅԴ-ի համար ընդունելի չեն այսօրվա իշխանությունները, եւ ՀՅԴ-ն վճռական է` փոխել դրանք` հենվելով ժողովրդի վրա:

«Մենք ուրիշ պետություններից չենք կառչելու, մենք սատանայի հետ չենք համագործակցելու, մենք անբարոյական միջոցների չենք դիմելու: Մենք մեր երկրի ազգային անվտանգության սկզբունքները չենք վտանգելու, այլ մեր ժողովրդի վրա հենված, մեր ժողովրդի քվեին հավատալով, մեր ժողովրդին հավատալով գնալու ենք իշխանափոխության: Մենք պետք է կարողանանք մեր երկիրը դուրս բերել այս վիճակից: Այս վիճակից մեկ ելք կա` ընտրությունը: Մեր ժողովուրդը պետք է գնա ընտրության եւ ճիշտ քվեարկի` ընտրելով Դաշնակցությանը: Այլ ելք չկա»,- հայտարարեց Հրանտ Մարգարյանը:

Leave a Comment